Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞

Սովորական դեպք. ՀՀ քաղաքացին ուզում է գնալ եվրոպական (շենգեն գոտու) մի երկիր և սկսում է վիզայի ձևակերպման գործընթացը։ Փաստենք, որ ՀՀ-ից Եվրոպայի շենգեն գոտի կարող են ազատորեն գնալ միայն դիվանագիտական անձնագիր ունեցողները, ինչի դիմաց ՀՀ-ում ազատականացրել են ամբողջ շենգեն գոտին, և շենգեն գոտու շուրջ 400 մլն ազգաբնակչությունը ՀՀ կարող է գալ առանց վիզայի։

Հասարակությունը երևի թե կհիշի, թե Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ ինչպիսի ջանասիրությամբ էր քննադատում իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս չարաշահում էին դիվանագիտական անձնագրերը։ 2018 թ. եկավ Նիկոլ Փաշինյանը, իբր «շտկեց» այդ խնդիրը՝ հավաքելով բոլորից դիվանագիտական անձնագրերը, բայց նրա իսկ իշխանության ձեռամբ մի քանի ամիս անց աջուձախ բաժանվեց ավելի մեծ թվով դիվանագիտական անձնագիր։ Ինչևէ։

ՀՀ-ում շենգեն գոտու վիզա ստանալու համար գործում են եվրոպական երկրների դեսպանատների հետ համագործակցող վիզա կենտրոնները, և քաղաքացին ոչ թե գնում է հյուպատոսարաններ՝ օրինավոր կերպով վճարելու և վիզա ստանալու համար, այլ գործ ունի վիզա կենտրոնների և մի այլ՝ 3-րդ օղակի, կամ, ավելի ճիշտ կլինի ասելը, մի իսկական տրագիկոմեդիայի հետ։

Բացատրենք՝ բանն ինչն է։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ, օրինակ, անձնագիր ստանալու համար քաղաքացին դիմում է ոչ թե ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայությանը, այլ վարձված ինչ-որ մի միջնորդ ՍՊԸ-ի, ով խորհրդատվության և այլնի անվան տակ լրացուցիչ միջնորդավճարներ է գանձում, հերթագրում, որ քաղաքացին ստանա անձնագիր։ Աբսուրդ է, քանի որ դրա համար կան անձնագրային բաժիններ, ներդրված տեխնիկա, աշխատակիցներ, ովքեր այդ գործը կազմակերպում են։

Բայց նշված տրագիկոմեդիան դեռ առջևում է։ Նախկինում, երբ քաղաքացին մտնում էր վիզա կենտրոն, կատարում էր վճարումներ, իրենք ժամ էին նշանակում, և քաղաքացին ստանում էր ծառայություններ։ Այժմ հերթագրումը դարձել է էլեկտրոնային թե՛ վիզա կենտրոնների համար, թե՛ ոչ վիզա կենտրոնների համար (օրինակ, Ֆրանսիայի կամ Գերմանիայի հյուպատոսարանների դեպքում)։ Բայց հարցն այն է, որ էլեկտրոնային հերթագրում կատարել բացարձակապես հնարավոր չէ՝ համակարգը դրված է, բայց երկու դեպքում էլ այն չի աշխատում, կա՛մ էջը չի բացում, կա՛մ առաջանում են տեխնիկական խնդիրներ, նամակ գրելու դեպքում էլ ամիսներով կարող է չպատասխանեն, և քաղաքացին կարող է չկարողանալ հերթագրվել։

Խնդիրը բացատրում են՝ մեղքը գցելով ուրիշի գրպանը. իբր թե տուրիստական կազմակերպություններն են մտել ոլորտ և վերցրել ազատ ժամերը։ Պատճառաբանությունն աբսուրդ է, քանի որ հազիվ թե տուրիստական գրասենյակները կարողանան գիշերը մտնել, գրանցվել, ու հետո անունները փոխարինել ցերեկն իրենց դիմած հաճախորդների անուններով։ Իսկ եթե նման բան կա՝ ի՞նչ դժվար բան է շտկել ծրագրային համակարգն ու դա արգելելը։ Ակնհայտ է՝ որ չկա նման բան, և պատճառաբանությունն արհեստական է։

Շղթայում գործող սխեմայի միջոցով քաղաքացիներից փող գռփելու մոլուցքը հասել է այնտեղ, որ այժմ էլ ոչ թե միանգամից վճարում ես վիզա կենտրոններին, այլ մի բոլորովին ուրիշ միջնորդ օղակի, մեկ այլ ինչ-որ ՍՊԸ-ի, որը, ուշադրություն, քեզ հերթագրում է, որ մտնես վիզա կենտրոններ։ Գնանք առաջ։ Վճարեցիր, օրինակ պայմանական «Հեփի վիզա» ՍՊԸ-ին, որ քեզ հերթագրեն վիզա կենտրոններում։ «Հեփի վիզա» ՍՊԸ-ում քեզանից ինչ-որ խորհրդատվությունների անվան տակ սկսում են փող կորզելը։ Գումարի չափը տարբեր է, սկսվում է 20,000 դրամից մինչև պլյուս անվերջություն, որտեղ և մոգական ուժով ու չափազանց հեշտությամբ հերթագրվում ես ու մտնում վիզա կենտրոն։ Հյուպատոսարաններին կցված վիզա կենտրոններում արդեն ամեն ինչ «օրինավոր» ու «թափանցիկ» է՝ ֆիքսված են գները, և այդ միջնորդ ծառայությունների միջոցով դու վճարում ես հյուպաատոսարանի, օրինակ, 35 եվրո օրինական պետական տուրքը, պատրաստես փաստաթղթերդ, ինչն էլ հիմք է հյուպատոսարանների համար։ Հավելենք, որ ոչ վիզա կենտրոններով աշխատող հյուպատոսարանների պարագայում աշխատում է մի օղակ՝ պայմանական «Հեփի վիզա» ՍՊԸ-ի օղակը, որտեղ գումարներ գռփելով ձեզ «գործուղում են» միանգամից հյուպատոսարաններ։

Բայց դեռ վաղ է ուրախանալ։ Հյուպատոսարանի համար պահանջվում են բազմաթիվ անիմաստ թղթեր անգամ մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ գնում գալիս են։ Միևնույն է՝ քեզանից պահանջում են քաղվածքներ աշխատավայրից, բանկերից, ամուսնության վկայականներ, կնոջդ աշխատավայրից, բանկային հաշիվներից տեղեկանքներ։ Ավելին, բոլորը գիտեն, որ տոմսը ամրագրել ու երկար սպասել չես կարող, բայց հյուպատոսարանում անհրաժեշտ է նաև տոմսի ամրագրման կտրոնը։ Եվ ահա կրկին «օգնության են հասնում» միջնորդ կազմակերպությունները, ովքեր ասում են՝ վճարիր, քեզ տանք տոմսի ամրագրման կտրոն։ Պարզ է՝ հյուպատոսարանում գիտեն, որ այդ կտրոնն իրենից ինչ է ներկայացնում, բայց միևնույն է՝ պահանջում են։

Եվ այս ամենի արդյունքում մարդուն տալիս են ոչ թե 1-2 տարվա մուլտի վիզա, այլ այնքան օր, որքան անհրաժեշտ է, օրինակ՝ 6 օր։ Ու սա այն դեպքում, երբ գիտեն, որ կարող է տվյալ քաղաքացին 3 ամիս հետո նորից գա ու նորից ստիպված լինի անցնել այդ բյուրոկրատիայի, անիմաստ թղթաբանությունների ու ստորացումների միջով։ Այստեղից՝ հետևություն. շենգեն գոտու դեսպանատները բնավ չեն ուզում, որ վերանան հերթերը, հենց դրա համար էլ ոչ թե կարգավորում են ծրագրային և մի շարք այլ հարցեր, ոչ թե ցուցաբերում առողջ տրամաբանական մոտեցում, այլ փոխարենն է՛լ ավելի են բարդացնում վերոնկարագրյալ խայտառակ գործընթացը։ Ավելին, որևէ հիմք չունի նաև դեսպանատների այն փաստարկը, թե գործընթացն այսքան բարդացված է, որպեսզի պատահական մարդիկ չհայտնվեն Երոպայում։ Սուտ է։ ՀՀ-ում անգամ սերիալ նայող տատիկները գիտեն, որ ում մտքին տեղ լինի՝ Եվրոպա գնալ, միևնույն է՝ գնալու է, և ՀՀ-ում չկա՛ որևէ մեկը, ով ուզեցել է գնալ, և ինչ-որ կերպ ու ինչ-որ ժամանակում չի հասել այնտեղ։ Այսինքն՝ թե՛ գնալու ենթակա, թե՛ պատահական մարդիկ, միևնույն է, գնում են, և դեսպանատներն ու վերջիններիս արբանյակներն ուղղակի հեքիաթ են պատմում։

Եզրակացությունը մեկն է՝ եվրոպական դեսպանատներին ամենևին էլ ձեռնտու չէ լուծել գործընթացը կարգավորող ծրագրային և համակարգային խնդիրները, փոխարենը հարկավոր է դրանց անկատար և անհասանելի լինելու պայմաններում անդադար ստորացնել ՀՀ քաղաքացուն և անվերջ փող աշխատել։

Վիճակն այն աստիճան է վատացել, որ այս ամենն արդեն գնալով տարածվում է պետական մարմինների վրա. շատ դեպքերում ուղղակի թքած ունեն պետական օղակների նամակների վրա, չկա հարգանք, հաճախ մեծ դժվարությունների առաջ են կանգնում նաև բարեխիղճ տուրօպերատորները, և այլն։ Այսինքն՝ Փաշինյանի իշխանությունը որքան հայտարարում է, թե իբր մոտենում ենք Եվրոպային, այնքան այս օղակների միջոցով Եվրոպան ավելի է կզացնում ՀՀ քաղաքացիներին ու, ի դեմս պետական օղակների, հենց պետությանը։ Կարճ ասած՝ որքան մոտիկ Եվրոպային, այնքան ստորացուցիչ վերաբերմունք քաղաքացիների հանդեպ եվրոպական դեսպանատների կողմից։

Ստացվում է՝ իշխանությունը բաժանել է դիվանագիտական անձնագրերը և, ինչպես միշտ, լուծել է իր հարցերը, իսկ ժողովրդին համատարած ստորացումների ու նվաստացումների մեջ թողել անտեր։

Թվում է՝ թեման ծանրաբեռնում ենք, բայց պետք է խոսենք նաև մի երևույթի մասին, ինչից էլ հենց ծնվել են վերոնշյալ երևույթները։ Արդեն նշեցինք, որ շենգենյան գոտու քաղաքացիները ՀՀ են գալիս առանց վիզայի և որևէ խոչընդոտի։ Բայց աշխարհում, առավել ևս՝ պետությունների փոխհարաբերություններում, գոյություն ունի փոխադարձության սկզբունքը։ Ինչու՞ ենք մեզ համոզել, կամ ո՞վ է մեզ համոզել, որ մենք խեղճ ենք, ժողովրդական լեզվով ասված՝ հայ ժողովուրդը «չմո» է, և հենց դրա համար էլ պետք է մենք կզենք, իսկ հակառակ կողմն առաջնորդվի վասալի դիրքերից։ Ո՞վ է մեզ համոզել, որ Եվրոպան մեզ օդ ու ջրի նման պետք է, բայց մենք Եվրոպային՝ ոչ։

Իրականում՝ Եվրոպան մեզ նայում է այդպես ոչ թե որ մենք «չմո» ենք, այլ որ մենք մեզ պահում ու ներկայացնում ենք այդպիսին։ Արժանապատիվ պետություն լինելու և այդպիսի իշխանություն ունենալու դեպքում շատ արագ կերպով կմաքրվեն այդ վիզա կենտրոնները, իսկ եթե դրանք այդքան անհրաժեշտ են դեսպանատներին, ապա վերջիններս հենց իրենք կվճարեն դրանց գործունեության համար։ Այո՛, այդ կենտրոնների գործունեությունը հենց իրենց համար է, և դրանք պարտավոր են ֆինանսավորել հենց իրե՛նք՝ Եվրոպայի երկրների դեսպանատները, ոչ թե ՀՀ քաղաքացիները, ովքեր օրինավոր վճարում են պետտուրքերը, ներկայացնում փաստաթղթերն ու ցանկանում գնալ Եվրոպա։

ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել և ուղղակի թույլ չտալ, որ ՀՀ քաղաքացուն որևէ մեկը ստորացնի կամ կեղեքի։ Դա կարելի է անել հեշտ ու հանգիստ, եթե կա չստրկանալու կամք ու արժանապատիվ ապրելու վճռականություն։ Եվ որ օրվանից խեղճությունը հանեցինք մեր միջից, այդ օրվանից կհարգեն մեզ, իսկ Եվրոպան մեր աչքի առաջ կդառնա հավասարազոր աշխարհամաս։ Աշխարհում օրինակները բազմաթիվ են։

Հ.Գ․ Հույս ունենք, որ թե՛ դեսպանատները, թե՛ Փաշինյանի իշխանությունն այնքան խելք կունենան, որ չեն փորձի հերքել մի բան, որի մասին գիտեն ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Դրա փոխարեն կարելի էր և է այդ ջանքերն ուղղել ՀՀ հպարտ քաղաքացու արժանապատվությունը բարձր պահելու համար։

Վահե Սարգսյան

yerkir.am

դիտվել է 970 անգամ
Լրահոս
Փաշինյանն իր համար փող է ուզում բերել՝ մի նպատակով․ Բագրատ Սրբազան (video) ԱՄՆ դեսպանն ու Նիկոլը «կերակրում են» իրենց «հեծանվային ժողովրդավարությամբ»․ Սերգեյ Հարությունյան (video) Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է ծառերին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել Մարդիկ մեր առաջ կոնկրետ պահանջներ են դրել․ Բագրատ Սրբազան (video) Բռնցքամարտի չեմպիոններին «Զվարթնոցում» դիմավորում են զուռնա-դհոլով (video) Աննա Վարդապետյանի անհետացած պիլոտկայի հետքերով Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լոռու մարզ Ջարդեր և անկարգություններ. սիրիացիների և թուրքերի միջև լարվածությունը սրվում է Փաշինյանը կանգնած է իր համար բարդ ընտրության առջև Ես էս աստիճանի «շուն» ոչ մի տեղ չեմ տեսել․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալը՝ Գրիգորյանին (video) ԵԽԽՎ-ը մտահոգություն է հայտնել Չալաբյանի գործի առնչությամբ Ալիևը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը. Քաղաքագետ Քաղաքացու հուզիչ խոսքերն՝ ուղղված Բագրատ Սրբազանին (video) Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար ադրբեջանցիներ. Գարիկ Քեռյան Դիլիջանում «Ապրելու երկիրը» ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է. Ոսկան Սարգսյան Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում Նիկոլիստական իշխանությունը փչացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ջերմացնում կապերը Թուրքիայի հետ. Շարմազանով Ինչպես են կանայք ճգնում տղամարդկանց վարկերի տակ (video) «Անբարոյականի վաստակ», «քաղաքական տրյապկա»․ Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց Էդմոն Մարուքյանի ով լինելը (video) 2020-ին Ադրբեջանը որևէ իրավական հիմք չուներ պատերազմ սկսելու, եթե չլինեին Փաշինյանի սխալները. Վարդան Օսկանյան Կաշառակերության մեղադրանքով հետախուզվող է ձերբակալվել Ի՞նչ է զգուշացնում Իրանը․ Էրդողանը Փաշինյանին ուղարկեց համապատասխան տեղը․ թուրքագետ Լոքմագյոզյան (video) Շիրակի օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգի հետքերով Նախագծերից մեկի ղեկավարը ինտիմ բնույթի տեսազանգ է ունեցել անծանոթ կնոջ հետ, որն էլ պահանջել է գումար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am