«Անտարակույս պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած ներկա բարդ ժամանակների խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները…». Գարեգին Բ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:


Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո հնչել են ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունել էԳևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած նշանակությանը, ուրախությամբ արձանագրել է, որ 2023-2024 և գալիք 2024-2025 ուսումնական տարիները նշանավորում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության մեկուկեսդարյա հոբելյանը։

«Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնադրված ու այդ կենսավետ ավիշից սնվող այս հաստատության պատմությունն այլևս չափվելու է դարերով․․․։ Գևորգյան ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Մեծագործից մինչև ազգիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Շինարար հայրապետների խնամող շնչով ու հեռահայաց տեսիլքով է կերտվել և կերտվում դարավոր այս ավանդույթը, նրանց հայրական շունչն է, որ հաստատուն է պահում մեր բոլորիս սիրելի Գևորգյան ճեմարանը։ Նրա սրբազան կամարների տակ հասակ առած մեծերն են հյուսել ճեմարանական կրթության պսակը, որն այսօր մեր վտիտ ճակատներին ենք կրում՝ որպես ճեմարանավարտ հոգևորականներ»,- ասել է Հայր Շահեն։

Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք է ուղղել պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Տոնո սարկավագ Ղազարյանը։

Հանդիսության ընթացքում Հայոց Հայրապետը պարգևներ է հանձնել ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Ցերեկույթն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ Մայր Աթոռի տարեգրության մեջ արձանագրվել է արդյունավոր ուսումնառության, գիտելիքների ամբարման ու հոգևոր զարգացման ևս մեկ տարի։

Անդրադառնալով ճեմարանի 150-րդ տարեդարձին՝ Վեհափառ Հայրապետն արձանագրել է․ «Մեծ հոբելյանը մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է հոգևոր-կրթական հաստատությունների կոչման ու առաքելության և դարավոր ավանդների պահպանության կարևորությունը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Հայրապետը, ինչպես մշտապես մեր Եկեղեցին, կրթության մեծ ջատագովն ու խրախուսողն էր, առավել ևս՝ հոգևոր կրթության, որը պայմանն է բարոյական արժեքներով առողջ հասարակության կազմավորման, մարդկային կյանքի աստվածօրհնյալ ընթացքի»։

Նորին Սրբությունը հավելել է, որ մեկ և կես դար շարունակ Գևորգյան ճեմարանը՝ հակառակ հայ ժողովրդի ապրած ծանր տարիների և կրած մեծ դժվարությունների, կրթել է արժանավոր եկեղեցականների և մտավորականների սերունդներ, ովքեր ազգային կյանքում վառ են պահել հոգևոր լույսի ջահը, առաջնորդել ազգի զավակներին և զարկ տվել նրանց առաջադիմությանը։

Հայոց Հովվապետը ընդգծել է նաև հոգևորականների առաքելության կարևորությունը ներկա ժամանակներում․ «Հայրենի մեր երկրի առջև այսօր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, հայրենիքում և սփյուռքի համայնքներում տիրող անհանդուրժողության ու թշնամանքի մերժելի դրսևորումները, ազգային արժանապատվության շարունակ ոտնահարման և խորացող հուսալքության մտահոգիչ երևույթները, ապագայի շուրջ համընդհանուր հեռանկարի բացակայությունը վկայում են, թե որքա՛ն բարդ և խորն են հիմնախնդիրները, որով և՝ մեծ ու բազմազան սպասումները Հայ Եկեղեցուց և եկեղեցականությունից։ ․․․Անտարակույս, մեր կյանքի հավատավոր ու հայրենասեր ընթացքով, անձնդիր, բոլորանվեր ծառայությամբ ու սկզբունքային կեցվածքով պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած ներկա բարդ ժամանակների խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները և հաղթահարվեն աստվածամերժ ու կորստաբեր ընթացքները հայրենական մեր կյանքում։

Հավատում ենք, որ իբրև Եկեղեցի՝ մեր Տիրոջ առաջնորդությամբ և մեր ժողովրդի միասնական ջանքերով, անպարտ ու զորավոր ոգով պիտի կարողանանք գտնել դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ առաջնորդող ուղիները»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շեշտել է, որ մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ, ամուր պահելով հավատը, քրիստոնեական արժեքներով զորացնելով ու վեր բարձրացնելով մեր կյանքը և հաստատելով այն արդարության շավիղներում՝ զերծ պառակտումներից ու փլուզումներից, անտարբերությունից, անհոգի ու մակերեսային մտայնությունից։

Այս առնչությամբ Հայրապետը հորդորել է ապագա եկեղեցականներին իրենց ծառայությամբ հայորդիների սրտերում հաստատել սիրո, հույսի, հավատի տերունապարգև շնորհները և սեփական օրինակով առատացնել հավատարմությունն ու նվիրումը հայրենիքի, հայի ինքնության ու ազգային սրբությունների նկատմամբ։

Ամավերջյան փակման հանդիսության առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքն է հայտնել տեսչական անձնակազմին և դասախոսներին՝ թելադրելով վերջիններիս հոգևոր կրթօջախի դերի ու կարևորության բարձր գիտակցությամբ շարունակելու կրթել հավատավոր, եկեղեցասեր ու հայրենասեր հոգևորականներ և Աստծո Խոսքի անհոգնաբեկ ավետարանողներ։

Նորին Սրբությունը նաև մաղթել է, որ Բարձրյալն առավել պայծառացնի ճեմարանականների միտքն ու հոգին, ամուր պահի հավատի և աննահանջ՝ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու սրբազան կոչման մեջ։

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված, որ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղություն և անվտանգություն պարգևի հայրենի մեր երկրին, բարօր կյանք՝ աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան. Բագրատ Սրբազան Շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է Ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում Մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինել Նիկոլը քսենոֆի՞լ է Այս դրոշի մասին էին երազում Նիկոլին շնորհակալություն հայտնող որոշ տգետ շուռնուխցիներ. Գագիկ Համբարյան Բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞ Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին. Դավիթ Հակոբյան Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է Տավուշի մարզում՝ «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր. Hraparak.am Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am