Նոր հանցագործության տեսակ. Երեւանում կեղծում են փաստաթղթեր ու վաճառում են արտագաղթածների բնակարաններ. Հետք

«Հետք»-ը գրում է.

Մի պահ պատկերացրեք, որ մի քանի ամսով երկրից բացակայել եք կամ ապրում եք արտերկրում և Հայաստանում բնակարան ունեք։ Մի օր վերադառնում եք, փորձում ձեր տան դուռը բացել և տեսնում եք, որ փականը փոխված է, իսկ տանն այլ մարդիկ են ապրում։ Հետո պարզում եք, որ այդ մարդիկ ձեր բնակարանը գնել են լրիվ անծանոթ մարդկանցից։ Պարզվում է, որ նման դեպքեր պատահել են բազմաթիվ քաղաքացիների հետ, իսկ իրավապահ մարմինները տարիներ շարունակ չեն կարողանում բացահայտել խարդախության այս թնջուկը։

Լիաննա Վասակյանը 20 տարուց ավել է՝ Հայաստանում մշտապես չի բնակվում, տարվա ընթացքում մի քանի անգամ է գալիս։ Լիաննան Երևան քաղաքի Նալբանդյան 116 հասցեի շենքում կողք կողքի երկու բնակարան ունի: Մեկում իրենք են ապրում, երբ Հայաստան են գալիս, մյուսը՝ հանձնում են վարձակալության։ 2023թ. հունիսի 1-ին Լիաննային տեղեկացրել են, որ իր երկու բնակարանների կողպեքները փոխված են, դռները՝ վնասված։

2023թ. մայիսի 28-ին Արաքսյա Գրիգորյանը փակել է Վասակյանից վարձակալած բնակարանի դուռն ու հեռացել (բնակարանը վարձակալել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը): Օրեր անց՝ հունիսի 1-ի երեկոյան, վերադառնալով վարձակալած բնակարան՝ Արաքսյան նկատել է, որ դռան փականը փոխված է, իսկ հարևանությամբ գտնվող Վասակյանի մյուս բնակարանի դուռ՝ վնասված: Անմիջապես զանգահարել է Լիաննային, տեղեկանալու՝ արդյոք նա՞ է փոխել դռան փականը։ Տեսազանգի ընթացքում, երբ տեսախցիկով ցույց է տվել դռները, Լիաննան նկատել է, որ փոխված է նաև մյուս տան դռան փականը։ Լ. Վասակյանը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, Ա. Գրիգորյանին ասել է, որ շտապ Ոստիկանություն կանչի։

Ոստիկանությունից տեղում արձանագրություն են կազմել, փրկարար ծառայության աշխատակիցները կոտրել են փոխված փականները, փականագործը նորն է տեղադրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի ժամանակ հայտնի է դարձել, որ Երևանում նմանատիպ մի շարք դեպքեր են եղել, որոնցով նույնպես նախաձեռնված քրեական վարույթներ կան: Քննչական կոմիտեի քննիչը որոշում է կայացրել Լիաննա Վասակյանի բնակարանի դեպքով նախաձեռնված վարույթը միացնել մյուս վարույթներին և քննել մեկ վարույթի շրջանակներում:

Երբ Լ. Վասակյանը ժամանել է Հայաստան, Քննչական կոմիտեի քննիչ Արտյոմ Փիլոյանը 2023թ. օգոստոսի 29-ին Լիանա Վասակյանին տուժող է ճանաչել:

«Մեր երկու դռների կողպեքներն էլ շատ թանկարժեք, ոչ սովորական կողպեքներ էին և դրանք առանց էլեկտրական սղոցի բացել հնարավոր չէր, դուռը բացողները էլեկտրականություն բերել են դիմացի տնից, այնտեղ վարձով բնակվում էին ռուս ռելոկանտներ»,- պատմում է Լիաննա Վասակյանը և հավելում, որ շենքի բնակիչները ևս տեսել են՝ բնակարանների դռների փականները փոխվում են, սակայն չեն մտածել, որ սեփականատերերի հետ կապ չունեցող անձինք են:

Նրա խոսքով՝ դեպքի մասին իմանալուց հետո, վարձակալությամբ ապրող ռուս հարևանները, ոստիկաններին պատմել են, որ տանը միայն երեխան է եղել, չի հասկացել, թե ինչ է կատարվում: Անծանոթ մարդիկ խնդրել են գործիքի մալուխը տան վարդակից միացնել, ասել են, որ իրենց տունն է, բանալին կորցրել են, նա էլ չի մերժել։ Լիաննան խոսել է նաև տանտիրոջ հետ, վերջինս ասել է, թե դեպքից մեկ ամիս անց ռուս վարձակալները գնացել են Եվրոպա, իսկ տանտերը մանրամասներից տեղյակ չէ, այդ օրն այդտեղ չի եղել։

Լիաննա Վասակյանը դժգոհ է գործի քննությունից, ասում է, որ սկզբնական շրջանում քննիչը պատշաճ պատասխանել է իր զանգերին, նամակներին: Սակայն հիմա ո՛չ զանգերին է պատասխանում, ո՛չ հաղորդագրություններին, որոնք վերաբերում են գործի քննությանը: Ասում է, որ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացնում:

Ավելին՝ նույնիսկ փորձ չեն արել պարզելու՝ տարածքում կա՞ն տեսանկարահանող սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել, թե ովքեր են մտել շենք: Քրոջ դուստրն է գտել տարածքի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի սեփականատիրոջը և վերցրել տեսաձայնագրությունը, որը հետագայում փոխանցվել է քննիչին: Տեսագրության մեջ հստակ երևում են մարդկանց դեմքերը, գործիքները, որոնցով կտրել են փականները: Նույնիսկ հստակ երևում է, որ տներից մեկի փականը կտրելու համար գնացել և նոր գործիք են բերել: Իսկ այդ ընթացքում մի մարդ, թուղթը ձեռքին, պարբերաբար գնացել ու եկել է: Լ. Վասակյանը կարծում է, որ այդ մարդն է համակարգել փականների փոխման աշխատանքները:

Լիաննա Վասակյանի ասելով՝ հենց այդ տեսագրության մեջ պատկերված անձանց իրավապահները նույնականացնելով՝ պարզել են, որ նույն անձինք այլ հասցեներում ևս նմանատիպ գործողություններ են իրականացրել: Գտել են գործիքներն օգտագործող անձին, վերջինս ասել է, թե ընդամենը նմանատիպ աշխատանքներ կատարող է, որի մասին հայտարարություն է տարածել: Որևէ մեկին չի ճանաչել, իրեն զանգել, հրավիրել են, որ փականները փոխի: Աշխատանքը կատարել ու հեռացել է։

Հանցավոր խմբի նպատակը բնակարանային գողությունը չէ

Հանցավոր խմբի թիրախը եղել են հիմնականում չբնակեցված տները կամ հողատարածքները: Վերջիններս գողություն կատարելու նպատակով չեն փոխել դռների փականները, այլ կեղծ լիազորագրերով փորձել են վաճառել: Հայաստանում այդ ճանապարհով արդեն մի քանի անշարժ գույք վաճառվել է:

Մասնավորապես՝ Լ. Վասակյանին տուժող ճանաչելու մասին քննիչի որոշման մեջ նշված է, որ 2022թ. Ս. Աբրահամյանի անունից կեղծ լիազորագրեր են կազմվել, ապա դրա հիման վրա տիրացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զարուբյան փողոցի X հասցեում գտնվող 134 մլն 400 հազ. դրամ արժողությամբ հողատարածքին: Փորձ է արվել կեղծ եղանակով ձեռք բերել նաև Ս. Աբրահամյանին պատկանող Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքը:

Իրավապահները տվյալներ ունեն, որ ՌԴ քաղաքացի Ա. Շևցովան ու ազգությամբ հայ մի տղամարդ, նախնական համաձայնություն են ձեռք բերել՝ տիրանալու Բաբայան փողոցի հարևանությամբ գտնվող գույքին: Ա. Շևցովան 2022թ. դեկտեմբերի 15-ին կեղծ լիազորագիրն օգտագործել է Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում, որպեսզի ստանա անշարժ գույքի հատակագիծը, իսկ մոտակա օրերին վաճառի գույքը, սակայն խումբը նպատակին չի հասել, նախաձեռնվել է քրեական վարույթ, և ձերբակալվել են։

Պարզվել է, որ Ս. Աբրահամյանը լիազորագիրը տալու ժամանակ գտնվել է Հայաստանում, հետևաբար չէր կարող Մոսկվա քաղաքի նոտարի մոտ այլ անձի լիազորագիր տալ:

Մեկ այլ դեպքում, հայրը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, որ 2023թ. հունիսի 6-ին այցելել է Երևան քաղաքի Աբովյան 26Ա շենքում գտնվող դստեր՝ Մ. Պետրոսյանի բնակարան, սակայն իր մոտ եղած բանալիով չի կարողացել դուռը բացել: Տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզել է, որ նույն տարվա հունիսի 2-ին Ռուսաստանում բնակվող դստեր բնակարան ապօրինի մուտք է գործել երկու անձ, ովքեր փոխել են բնակարանի մուտքի և ննջարանի դռների փականները ու մի քանի օր բնակվել են այդ տանը, որից հետո այն վաճառել են:

Ոստիկանության բաժին օրեր անց հաղորդում է ներկայացրել նաև բնակարանի գնորդը: Նա հայտնել է, որ Մ. Պետրոսյանի լիազորված անձ Մահմուջան Մահամաջանի Տուլանովից գնել է Աբովյան 26Ա շենքի բնակարանը, սակայն բնակարանն իրեն չեն հանձնել և այն բնակեցված է այլ անձով:

Նշված դեպքերով բոլոր լիազորագրերը վավերացվել են ՌԴ-ում գործող նոտարական գրասենյակներում, այդ թվում՝ Մոսկվա քաղաքի նոտար, ազգությամբ հայ Մ. Աթոյանի կողմից, սակայն նման գործարքներ վերջինս չի կատարել՝ գրանցամատյաններում բացակայել են այդ լիազորագրերի վերաբերյալ տեղեկությունները:

Լիաննա Վարոսյանն անհանգստացած է, որ իր անձնական տվյալները հայտնվել են այլ անձանց ձեռքում: Վստահ է, որ իր անվամբ ևս կեղծ լիազորագիր է կազմվել, պարզապես հանցագործությունն ավարտին չի հասել, քանի որ ժամանակին են նկատել, որ դռների փականները փոխվել են օտար մարդկանց կողմից:

«Ստացվում է, որ հանցավոր խումբը, իր ձեռքի տակ ունենալով մի քանի տվյալ, օրինակ՝ տան սեփականատիրոջ անձնագրային տվյալները, տեղեկություն այն մասին, որ տանը ոչ ոք չի բնակվում, արագ փոխում է տան կողպեքը, գնորդ գտնում, շուկայականից մատչելի արժեքով տունը վաճառում և անհետանում է, իսկ տանտերերը հաճախ գործարքից հետո էլ տեղյակ չեն լինում, որ խարդախության զոհ են դարձել»,- ասում է Լ. Վասակյանը։

Մարդկանց անձնական տվյալները ինչ֊որ ճանապարհով հասանելի են դառնում զեղծարարներին

Լիաննայի անձնագրային տվյալները, որի միջոցով հնարավոր կլիներ կեղծ լիազորագիր պատրաստել ու տունը վաճառքի հանել, ուներ միայն տների վարձակալությամբ զբաղվող անշարժ գույքի գործակալությունը։

Լիաննա Վասակյանը պատմեց, որ List.am հայտարարությունների օնլայն հարթակում բնակարանը վարձով տալու մասին հայտարարություն էր տեղադրել։ Անշարժ գույքի գործակալություններից մեկի աշխատակիցը կապ է հաստատել իր հետ և առաջարկել գործակալության ծառայությունները՝ տունը վարձով տրամադրելու համար։ Լիաննան համաձայնել է ու անձնագրային տվյալները փոխանցել գործակալության աշխատակցին, որ պայմանագիր կնքեն։ Հետագայում պարզել է, որ այդ գործակալության գրասենյակներից մեկը գտնվում է այն շենքում, որտեղ խարդախներն այլ քաղաքացու բնակարան են վաճառել:

Լ. Վասակյանը կասկածներ ունի, որ գործակալությունն է բնակարանների վերաբերյալ տեղեկություններ փոխանցել հանցավոր խմբին, հայտնել, թե որ սեփականատերերը Հայաստանում չեն, վերջիններս էլ, ունենալով հստակ տեղեկություններ, շատ հանգիստ, օրը ցերեկով փականները փոխում են, նույնիսկ օրերով ապրում այլ անձանց բնակարաններում:

Լիաննան նշեց, որ իր կասկածների վերաբերյալ քննիչին ևս հայտնել է, սակայն վերջինս ասել է, թե գործակալությունը դրա հետ կապ չունի։

Լիազորագրերի իսկության ստուգում՝ շրջաբերականով

2021-2024թթ. (հունիսի 12-ի դրությամբ) կեղծ լիազորագրերի հիման վրա Հայաստանի տարածքում քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքի վաճառքի դեպքերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ, իսկ 3 վարույթ նախաձեռնվել է կեղծ լիազորագրերի հիման վրա անշարժ գույքի վաճառքի փորձի դեպքերով:

Նշված 16 քրեական վարույթից 2-ը նախաձեռնվել է Լոռու, 1-ը՝ Կոտայքի մարզերում, իսկ 13-ը՝ Երևան քաղաքում:

Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին հայտնում են, որ կեղծ լիազորագրեր տալու մեկական դեպք ձևակերպվել է Լոռու մարզի և Երևան քաղաքի տարածքում գործող նոտարների կողմից: Մնացած բոլոր 14 լիազորագրերում, որպես դրանք վավերացնողներ, նշված են Ռուսաստանի Դաշնության նոտարները:

Կեղծ լիազորագրերի հիման վրա Հայաստանի տարածքում քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի վաճառքի դեպքերով 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 8-ը՝ ՀՀ քաղաքացի է, իսկ 2-ը՝ ՌԴ-ի: Երկուսը կալանավորված են, իսկ մեկի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում և հայտարարվել է հետախուզում:

Դատախազությունից հայտնում են, որ Լիաննա Վասակյանին պատկանող բնակարանների դռների փականները կոտրելու և փոխելու վարույթը գտնվում է նախաքննության փուլում: Քանի որ մի քանի վարույթ միացվել է իրար, ապա քննության տևողությունը, ըստ Դատախազության, պայմանավորված է վարույթի բազմադրվագությամբ, կատարված և նախատեսվող ապացուցողական, վարույթային այլ գործողությունների բազմազանությամբ ու մեծ ծավալով, ինչպես նաև արարքները հանցավոր կազմակերպության կողմից կատարված լինելու և քողարկվածության բարձր աստիճան ունենալու հանգամանքներով:

«Քրեական վարույթներով կատարվել են քննչական և վարույթային այլ գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց արդյունքների ստացման համար անհրաժեշտ է տևական ժամանակ: Քրեական վարույթների ընթացքների լուծման հապաղումը կապված է նաև վարույթներով անցնող անձանց ՀՀ սահմաններից դուրս գտնվելով և իրավական օգնության համար միջազգային հարցումների ուշ ստացմամբ»,- հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Դիմել էինք նաև Արդարադատության նախարարություն՝ հասկանալու, թե ինչ մեխանիզմ է գործադրվում նոտարների անվամբ տրված կեղծ լիազորագրերը բացահայտելու և դրանցով գործարքները կանխելու համար:

Նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը հայտնել է, որ 2017թ. հունվարի 1-ից, ի թիվս ժառանգական գործերի և կտակների առցանց շտեմարանների, նաև պարտադիր կիրառության մեջ է դրվել լիազորագրերի առցանց շտեմարանը, որտեղ ՀՀ նոտարները կարող են ստուգել Հայաստանի նոտարների կողմից վավերացված լիազորագրերը:

Նոտարական ակտը պետք է բովանդակի փաստաթղթի նույնականացումը հաստատող անհատական գաղտնագիրը, որի միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի իսկությունը Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պաշտոնական կայքում (www.e-notary.am):

Գլխավոր քարտուղարը, անդրադառնալով արտերկրում տրված լիազորագրերի իսկության ստուգմանը, նշել է, որ օրենքով նոտարը պարտավոր չէ ստուգել իրեն ներկայացված փաստաթղթերի իսկությունը և որևէ պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այնուամենայնիվ հաշվի առնելով, որ նոտարներն այն առաջնային օղակն են, որոնց գործողությունների միջոցով հնարավոր կլինի ավելի վաղ արձագանքել առերևույթ հանցագործությունների դեպքերին, Արդարադատության նախարարության կողմից տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ նոտարական պալատը 2023թ. օգոստոսի 24-ին շրջաբերական է ուղարկել նոտարներին, որ Ռուսաստանի Դաշնության նոտարների տված լիազորագրերով նոտարական գործողություններ, մասնավորապես՝ գույքի օտարում կարող են կատարել միայն ներկայացված լիազորագրի իսկությունն անձամբ լիազորագիրը վավերացրած նոտարի հետ պարզելուց հետո: Նույն շրջաբերականը հետագայում ևս պարբերաբար հիշեցման կարգով ուղարկվել է նոտարներին:

Արդարադատության նախարարության պաշտոնյան հայտնում է նաև, որ ՌԴ նոտարների կողմից վավերացված լիազորագրերի իսկությունը հնարավոր է ստուգել նաև լիազորագրերում առկա QR կոդի միջոցով, սակայն պարզվել է, որ կեղծված լիազորագրերի իսկությունը ստուգելիս բացվում է «фнпрф.рф» կայքէջը, մինչդեռ ՌԴ նոտարական պալատի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ պետք է բացվի «фнп.рф» կայքէջը, ուստի նոտարների շրջանում շրջանառվել է նաև լիազորագրերի ստուգման ճշգրիտ կայքը, սակայն նոտարները հնարավորինս առաջնորդվում են լիազորագրի իսկության վերաբերյալ տեղեկատվությունը այն վավերացրած նոտարից անձամբ ճշտելու ցուցումով:

Դատախազությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաև իրավապահ այլ մարմիններ նոտարի նկատմամբ իրականացվող քրեադատավարական գործողությունների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտնում են արդարադատության նախարարին և նոտարական պալատի նախագահին: Իսկ դատարանն իր վարույթում գտնվող կատարված կամ կատարվելիք նոտարի գործողությունների մասին անմիջապես տեղեկություն է ուղարկում Արդարադատության նախարարություն:

Սիրվարդ Գևորգյանի փոխանցմամբ՝ վերոնշյալ մարմիններից 2020-2024 թվականների ընթացքում նոտարների կողմից կեղծ գործարք վավերացնելու վերաբերյալ տեղեկատվություն Արդարադատության նախարարությունը չի ստացել:

Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղի բնակիչներին․ Ոսկան Սարգսյան ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել․ Թևանյան Մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում. Թադևոս Ավետիսյան Բելգրադում սպանել են մի տղամարդու, որը արբալետով վիրավորել էր Իսրայելի դեսպանությունը պահպանող ոստիկանին Բագրատ Սրբազանը Կապանում ջերմ ընդունելության է արժանացել Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին Գերեզման և ջրագիծ չունեցող ներքինհանդեցի ծերուկը դրա համա՞ր էր պաչում Նիկոլի ճակատը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Սրբազան, Նիկոլը դավաճան է, եր՞բ վեր կկենա աթոռից․ արցախցի կին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն» Երևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարը և ուղևորը մի քանի մետր այն կողմ են ընկել Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները Ցինիկ և անբարո է․ Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am