Խոշոր ավտովթար՝ Ազատության պողոտայում․ կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Ազատության պողոտայում թիվ 10 շենքի դիմաց բախվել են «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկենրը՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Հակոբյանն ու Գևորգ Աբրահամյանը:Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից մեկը կին է, իսկ «Mitsubishi»-ն դեռևս անհայտ հանգամանքներում բախումից հետո հանդիպակաց է երթևեկել, բարեբախտաբար ուրիշ ավտոմեքենաների հետ բախում չի եղել, իսկ վարորդը 85-ամյա Հերբերտ Թ.-ն է: