Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է․ Ձյունիկ Աղաջանյան

Հունիսի 6-8-ը Եվրախորհրդարանի ընտրություններն անամպ երկնքում ճայթած կայծակի ու մրրկահողմի ազդեցություն է ունեցել, որը սպառնում է լիովին ձևափոխել եվրոպական քաղաքական լանդշաֆտը՝ սրբել-տանելով հանրային գիտակցության մթագնման միջոցով գլոբալիստական քաղաքականության կրողներին: Չնայած որոշ վերլուծաբանների գնահատականներին՝ հանրության դեպի առավել ազգայնական ու եվրոպախույս գաղափարախոսություն սահքը տեսանելի էր, սակայն դրա ծավալներն ու խորությունը թերագնահատված էին: Առաջին ծաղիկներն ի հայտ եկան դեռևս 2023թ. տարեվերջին, երբ Նիդերլանդներում գործող իշխանական կոալիցիայի բոլոր չորս կուսակցությունները կորցրեցին իրենց ձայների զգալի մասը՝ զիջելով ծայրահեղ ազգայնական Խերտ Վիլդերսի «Ազատության կուսակցությանը»:

Նույն պատկերն արձանագրվեց Սլովակիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2023թ. հոկտեմբերին, երբ իշխանության ղեկն անցավ ազգայնական «Սմեր» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ֆիցոյին: Վերջինիս հակառուսական քաղաքականությունից հրաժարման դիրքորոշումն արժեցավ մահափորձ, որի ծանր հետևանքները դեռևս հաղթահարված չեն:

Հակառակ այն եվրավերլուծաբանների կարծիքին, որ այդ միտումը չի պահպանվում և արևմտյան գլոբալիստական օրակարգով առաջնորդվող հանրային տրամադրությունները գերիշխում են, հունիսի 9-ին Բուլղարիայում, երեք տարվա մեջ վեցերորդ անգամ անցկացվող ընտրությունները, Եվրախորհրդարանի ընտրությունների հետ մեկտեղ, ջախջախիչ հարված հասցրեցին կուրորեն ամերիկյան թելադրանքով շարժվող եվրաչինովնիկներին: Բուլղարիայում իր առաջատար դիրքերը պահպանեց աջակենտրոնական «ԳԵՐԲ» կուսակցությունը՝ 24,7%-ով, իսկ աջ ծայրահեղական ռուսամետ «Վելիչիյեն» էապես բարելավեց իր դիրքերը՝ ստանալով 4,65%: Էթնիկ թուրքական «Հանուն իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը 17,01%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ անցնելով արևմտամետ «Մենք շարունակում ենք փոփոխությունը» կուսակցությանը (14,3%), իսկ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ գործողությունների իրականացման դեմ հանդես եկող ուլտրաազգայնական «Վերածնունդ» կուսակցությունը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 13,8%-ով, և առաջին անգամ ներկայացված կլինի եվրախորհրդարանում:

Ըստ էության՝ համանման պատկեր արձանագրեցին նաև Եվրախորհրդարանի ընտրությունները: Ծայրահեղ աջակողմյան կուսակցություններն զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը, իսկ գլոբալիստական օրակարգը սպասարկող «Կանաչների» կուսակցություններն ամենամեծ կորուստներն են գրանցել:

Առավել ցցուն համաեվրոպական միտումների դրսևորումներն արձանագրվեցին Ֆրանսիայում և Գերմանիայում՝ ԵՄ-ի քաղաքական ու տնտեսական շոգեքարշ հանդիսացող երկրներում: Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյան, Մարին Լը Պենի առաջնորդած «Ազգային ռալի» կուսակցությունը կրկնակի գերազանցեց նախագահ Մակրոնի «Շարժվող հանրապետություն» կուսակցությանը (LREM- La République En Marche), ինչը դրդեց նախագահին ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել: Բելգիայի վարչապետն էլ հրաժարական տվեց: Իր դիրքերն ամրապնդեց Հունգարի վարչապետ Օրբանը, ով արդեն տարիներ շարունակ առանորդվում է բացառապես ազգային օրակարգով՝ տեղի չտալով եվրակառույցների ղեկավարների ճնշումներին:

Եվրոպական հանրության տրամադրությունների ձևավորման վրա արդեն մեկ տասնամյակից ավելի երկու խնդիր է վճռական ազդեցություն ունենում՝ միգրացիոն հարցերը և ուկրաինական զարգացումները: 2014թ. հետո ուկրաինական թեմատիկան երանգավորվեց հակառուսական շեշտադրումներով և Ռուսաստանին խեղճացնելուն միտված պատժամիջոցների ներդրմամբ: Այս քայլերն իրենց պիկին հասան 2022թ.՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ Հատուկ ռազմական գործողությունները սկսելուց հետո: Այդ ժամանակ այն ստացավ «չեղարկման քաղաքականություն» անունը:

Շինծու, կեղծված և խեղված թեզերի ու երևույթների, սադրանքների կիրառմամբ հակառուսական տրամադրությունների գեներացմամբ հանրային գիտակցության մշակման գործընթացն ակտիվորեն իրականացվել է ավելի քան երկու տասնամյակ՝ զուգորդելով Արևմուտքի կողմից Ռուսաստանի զսպմանը, ճնշմանը, իսկ վերջին շրջանում ՝ կազմաքանդմանն ուղղված քայլերով: Այդ ջանքերի արգասիքը լիուլի դրսևորվեց ամբողջ արևմտյան ճամբարում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, միջազգային իրավունքի կոպտագույն ու աղաղակող խախտումների շքերթով, որը որևէ դիմադրության, ըստ էության, չարժանացավ իբրև-թե ժողովրդավարության սկզբունքներով ապրող ու առաջնորդվող հանրությունների կողմից: Հակառակը, դիմադրելու ցանկություն արտահայտող վախվորած ձայներն արագ ճնշվում էին, ու այդ անձինք ևս ենթարկվում «չեղարկման»՝ անկախ այդ անձանց հանրային, քաղաքական դիրքի կամ վաստակի: Արևմտյան հասարակությունը դարձել էր լիովին կառավարելի, իսկ արևմտյան, իրականում՝ ամերիկյան հեգեմոնիայի անկասելիության ու միաբևեռ աշխարհի թելադրանքով դաստիարակված քաղաքական գործիչների կողմից հրահանգների անվարան կատարումը դարձել էր վարքագծային նորմ:

Գլոբալիստական ճամբարի կողմից ձևավորված «իդիլիկ» պատկերն իր առաջին ճաքերը գրանցեց 2022թ. վերջին, երբ ռուսական կողմին հաջողվեց հետ մղել համա-ՆԱՏՕ-ական ջանքերով զինված ու իրականացված ուկրաինական հարձակումը, իսկ հաջորդող տարվա ընթացքում, փաստացիորեն, տապալել Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման, տնտեսական պատժամիջոցների, հանրային ընդվզման, ներքին էթնիկ ու կրոնական տարբերությունների շահարկմամբ բաժանարար գծերի ու ճեղքերի խորացմանն ուղղված ԱՄՆ առաջնորդությամբ իրականացվող քաղաքականությունը:

Ճաքերը վերածվեցին ճեղքերի ուկրաինական ճակատում հերթական տապալումների ֆոնին ներեվրոպական տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, իսկ արդեն ամիսների շարունակվող ամենատարբեր տնտեսվարողների ցույցերը Եվրոպայով մեկ, գործող խոշոր բիզնեսների հեռանալը և տեղափոխումը Միացյալ Նահանգներ, հանրության համար ակնհայտ դարձրեցին, թե ում հաշվին է իրականում ապահովվում արևմտյան, իրականում՝ ամերիկյան հեգեմոնիան:

Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին, որ ազգայնական ուժերը, անկախ նրանց աջակողմյան կամ ձախակողմյան կեցվածքից, սկսում են գերիշխել քաղաքական խճանկարում, ինչը նշանակում է, որ հանրության մի ստվար զանգված այլևս ցանկություն չունի արևմտյան գլոբալիստական կենտրոնների ստեղծած քաոսի համար «վճարողը» լինել: Այս ուժերը հանդես են գալիս «չեղարկման քաղաքականության» վերացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման և տնտեսական կապերի հաստատման ու Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական առճակատման բացառման օգտին:

Եվրոպական հանրության շրջանում ավելի ու ավելի գերիշխող դարձող բողոքի ու դժգոհության տրամադրությունները, որոնք արտացոլվում են գործող իշխանությունների հանդեպ շատ ցածր ու նվազող վստահության ցուցանիշներով, հաջորդող մեկ տարվա ընթացքում եվրոպական երկրներում սպասվող ընտրություններում իրենց բնական արտացոլումն են ստանալու, որը հանգեցնելու է այդ երկրների ավելի ազգային քաղաքականության իրականացման, ինչն էլ կվերածվի կենտրոնախույս ուժերի ամրապնդման ու համաեվրոպական կառույցների թելադրած օրակարգից հեռացման: Այս միտումների պահպանման պարագայում՝ ոչ հեռավոր ապագայում կտեսնենք Եվրամիության թուլացում ու նրա նշանակության էական նվազում, որոշումների կայացման մեխանիզմների վերանայում և պաշտոնյաների գործառույթների վերաորակավորում՝ թելադրողի դերը վերադարձնելով ազգային պետություններին:

ՆԱՏՕ-ն ևս անմասն չի մնա ուկրաինական արկածախնդրության հետևանքներից: Պահանջ կդրվի էական վերանայման ենթարկել այդ կառույցի դերն ու նշանակությունն անդամ երկրների համար, չի բացառվում առավել երկարատև ժամանակահատվածում առանձին երկրների այդ կառույցից դուրս գալը: Զարմանալի չի լինի, եթե առաջին ծիծեռնակը լինի Թուրքիան, որը հավակնություն ունի պանթուրանական ծրագրի շնորհիվ աշխարհաքաղաքական կենտրոնի վերածվելու:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից հռչակված «եդեմական այգու» անդորրն այլևս խաթարված է, արևմտյան քաղաքականության փարիսեցիությունն ու ժողովրդավարության տարածման ներքո գերիշխանության հաստատման քաղաքականության իրականացումը դառնում է ավելի ու ավելի բացահայտ:

Ի՞նչ նշանակություն ունեն այս զարգացումները գոյաբանական խնդիրների առջև կանգնած Հայաստանի համար: Վեցը տարի առաջ, երկու հայկական հանրապետության անվտանգ գոյությունը վայելող հայության համար այս ամենը հիմնականում վերլուծական հետաքրքրություն կներկայացներ, ինչը կպահանջեր հընթացս և արդյունքների արձանագրմամբ քաղաքական որոշումների ճշգրտումներ իրականացնել: Սակայն, գործող իշխանությունների պարագայում, որոնք անթաքույց շրջադարձ են կատարել դեպի Արևմուտք, այդ նպատակով զոհաբերել են Արցախը և շարունակում են թշնամուն նվիրել հայկական տարածքներ, Հայաստանի պաշտպանական ու անվտանգային համակարգը ամբողջովին դրել են ՆԱՏՕ-ական ուժերի վերահսկողության տակ, ամեն ջանք գործադրում են Հայաստանը ռուսական գերակայության համակարգերից դուրս բերելու և կտրելու համար, ինչը ֆինանսատնտեսական կոլապսով է սպառնում՝ ջնջելով երեսնամյա ձեռքբերումները և վերադարձնելով մեզ 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, երկրի սահմանների ռազմավարական վերահսկողությունը հանձնել են թշնամի Ադրբեջանին ու հանրային հնազանդեցման քաղաքականություն են իրականացնում՝ հուսալով բավարարել թուրք-ադրբեջանական անսպառ պահանջները՝ սպասարկելով Հարավային Կովկասում արևմտյան գերակայության հաստատման օրակարգը, սա ավելի անդունդը գլորվող գնացքի հետևից վազող ու բարձրանալ ցանկացող մարդու տպավորություն է ստեղծում:

Հայաստանյան հանրությունը, մեծամասամբ, հասկանում է ընթացող գործընթացների ու իր իսկ իշխանությունների վարած քաղաքականության կործանարար բնույթը և ամեն կերպ դիմադրում է սեփական պետությունն ու ազգը նսեմացնելուն ու վերացնելուն ուղղված գործողություններին: Այսօր հանրային ընդվզումը փորձում է պահպանել ազգայինը՝ իր բոլոր դրսևորումներում, հռչակել է ստի ու կեղծիքի դեմ պայքար՝ հանուն հայրենիքի ու ինքնության պահպանման: Նույն միտումներն են ավելի ու ավելի ակնհայտ դառնում աստիճանաբար արթնացող եվրոպական հանրության շրջանում, որը շատ ցավալի գործընթաց է, ինչը, դժբախտաբար, անցնցում չի ընթանալու, քանի որ գլոբալիստական կենտրոնները հեգեմոն դիրքերը զիջելու ցանկություն չունեն և պատրասստ են զոհաբերել ամեն ինչ: ՀՀ գործող իշխանությունների ձեռամբ՝ Հայաստանն այսօր դրվել է նրանց զոհասեղանին:

Ձյունիկ Աղաջանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Նիկոլը «խեղդվելու է» ոստիկանների ձեռքով․ Արամ Հարությունյան (video) Շուռնուխում Փաշինյանը փող է «ֆռացրել»․ քաղաքացի (video) Այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել ոչնչից․ Սևակ Նազարյան Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից. Բենիամին Մաթևոսյան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է ՌԴ-ն Ադրբեջանի հետ բանակցություններում միշտ պաշտպանել է Հայաստանին. Արշակ Կարապետյան Բացի Ռուբեն Վարդանյանից, Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ են նաև Հռոմի պապը, Դոնալդ Թրամփը Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում. Լևոն Զուրաբյան Նշվում է՝ հայտնի ընտանիքի անունով 17-23 մլրդ․ դոլարի գումար է փոխանցվել արտասահման․ Զաքարյան (video) Վաղը՝ հունիսի 19-ին, Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Այդ «հարբած չմոն» եկավ, որ մեր երեխեքին սպանի․ քաղաքացի (video) Հունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը ո՞նց է նման կերպ վարվել․․․ (video) Եվս մեկ սուտ՝ 2018թ․ «հեղափոխական» բեմից Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանն ասաց՝ իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք․ Վահե Եփրիկյան (video) Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ «Միասին» շարժումը պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Փաշինյանը փախուստի մեջ է․ Արամ Հարությունյան (video) Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, Դըփ դըմփիկ. Մարգարիտ Եսայան Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. Mediahub Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Անընդհատ ճնշում ենք մարդկանց․ Նիկոլ Փաշինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am