Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներ՝ Երևանում․ սպանվել է քրեական հեղինակություն համարվող «Ֆազը»
Հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը վայր են ժամանել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները, դատախազներ, տարածքը պարեկները սահմանազատել են, երթևեկությունը դադարեցվել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, «Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կան վիրավորներ։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Տեղում է նաև փորձաքրեագետը։
Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է, Սերգեյ Գրիգորյանը։