Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան
171 քաղաքացի է բերման ենթարկվել այսօր հանրապետության տարբեր բնակավայրերում խաղաղ անհնազանդության ակցիաների իրականացման ժամանակ, Սուրբ Աննա եկեղեցու մոտ օրվա ամփոփման ժամանակ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Բռնաճնշումները ոչ մեկի վրա չի ազդում, ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը:
Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթերցեց այն բոլոր փողոցների անունները, որոնք փակվել էին այս օրվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թեև անձրևը դեռ չի դադարել, սակայն Բագրատ Սրբազանը համախոհների հետ դուրս է եկել եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել էին ինչպես մայրաքաղաքի, այնպես մարզերի մի շարք ավտոճանապարհներ։
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում բերման էր ենթարկվել 156 անձ, նրանցից շատերի նկատմամբ կիրառվել էր բիրտ ուժ։ Բերման ենթարկվածները ժամեր անց ազատ էին արձակվել: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից սկսել էին նաև շրջայց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ և վերադարձել Հանրապետության հրապարակ:
Նկարիչների և Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորել էին միությունների ղեկավարները, իսկ ԳԱԱ-ում դռները փակ էին, արդյունքում Բագրատ Սրբազանը չկարողացավ ներս մտնել: Փոխարենը նրան սպասում էին ԳԱԱ պատմության ինստիտուտում: Նշենք, որ Բագրատ Սրբազանը փորձել էր մտնել ԱԺ եւ սուրճ խմել, սակայն չէր կարողացել շենք մտնել՝ անձնագիրն իր մոտ չունենալու պատճառով:
NEWS.am