Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով։ Այս մասին գրառմամբ հանդես է եկել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի հրապարակային հրավերին։ Եսայի քահանա Արթենյանը, մասնավորապես, գրել է․
«Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի պատասխան ինձ հրավիրել է իր հաղորդմանը հյուր:
Որոշ թյուրընկալումներ բացառելու համար ցանկանում եմ վերստին շեշտել, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է ոչ թե անձամբ ինձ, այլ առհասարակ եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցելու խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին:
Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները, և այս առումով Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է, և վաղը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները:
Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով»: