«Մարդկանց փորձադաշտի են ուզում վերածել». Կարինե Թուխիկյան
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ զրկվել են պետության կողմից անվճար ստացվող Զիպրեքսիա դեղամիջոցից: Զիպրեքսիայի փոխարեն պետությունը այս պահին տրամադրում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց տեղական արտադրության Օլանզապին դեղամիջոցը: Սակայն այս դեղից օգտվողները բողոքում են, որ այն չի օգնում, այլ ընդհակառակը՝ վնասում է: Այս մասին այսօր Հայելի ակումբում պնդեց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ շահառուի կին Թամարա Վարդանյանը: Ինչպես ասաց՝ Զիպրեքսիա դեղամիջոցի տրամադրման կասեցումը դարձել է բազմաթիվ խնդիրների պատճառ: Այս դեղամիջոցը բավական թանկ է, եւ այս մարդիկ չեն կարողանում ձեռք բերել: «Իմ ամուսինը այս դեղամիջոցի օգտագործումից հետո դարձել է ագրեսիվ, այլեւս չի լսում, չի ենթարկվում, իսկ երբ ընդունում էր Զիպրեքսիան, ամեն ինչ կարգին էր, նա դեպի լավն էր գնում»,- նշեց Թամարա Վարդանյանը: «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանն էլ փաստում է. «Պետությունը աչքաթող է արել հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց: Էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի են ուզում վերածել, մենք պահանջում ենք ապահովել հոգեկան խնդիրներ ունեցողներին որակյալ, արդյունավետ դեղով»:
