Արտակարգ դեպք՝ Երևանում
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցում գործող «Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացին ընկել է վերելակի հորանը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Մինչ փրկարարների ժամանումը տուժածը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել հորանից ապա օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները նրան պատգարակով տեղափոխել են անվտանգ վայր, որտեղ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա փրկարարները պատգարակով վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Արման Խալաթյանն ու Մհեր Կարապետյանը։Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։Պարզվել է, որ տուժածը, ում ինքնությունը ճշտվում է, նշված ինստիտուտի աշխատակից է, ով 3-րդ հարկում աշխատանքներ իրականացնելիս անզգուշությամբ ընկել է վերելակի հորանը և հայտնվել 1-ին հարկում գտնվող խցիկի վրա։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի