Դիվերսիֆիկացիան իրականացնում են ոչ թե ի հաշիվ եղած ռեսուրսների, այլ ի լրումն եղածի, այնինչ այսօր մենք կորցնում ենք Ռուսաստանը և չենք ստանում Արևմուտքը․ Արմեն Աշոտյան
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հերթական զեղումները, այս անգամ՝ Մյունխենում, երկար-բարակ քննարկվում են Հայաստանում: Նման «ռեզոնանսի» պատճառները պարզ են: Նա ոչ թե խելացի, իմաստալից, խորքային ինտելեկտուալ օրակարգ է առաջ մղում, այլ պատասխան պահանջող, մերկացման կարիք ունեցող, երբեմն` գարշահոտ և զազրելի ստերի, «կռուտիտների», «մուտիտների», «ֆռթոնների» և որևէ ղեկավարի պատիվ չբերող այլ պրիմիտիվ մեթոդներով շարունակում է կենաց-մահու կռիվը հայի և Հայրենիքի դեմ:
Օրինակների պակաս Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից չկա:
Իր հեռանալու առաջարկին արձագանքելով, օրինակ, Նիկոլը կրկին խաբեց: Իրականում 2018-ից հետո Հայաստանում երբեք նորմալ ընտրություն չի եղել: Հերիք չէ, որ թե՛ 2018թ. դեկտեմբերի, թե՛ 2021թ. հունիսի ընտրությունները արտահերթ էին, դրանցից առաջինը՝ էյֆորիայի, իսկ երկրորդը՝ ցավի ընտրություններ էին: Նիկոլի օրոք ժողովուրդը երբեք սթափ վիճակում ընտրություն չի կատարել, այլ հայտնվել է կամ եռման ջրի, կամ սառը ցնցուղի տակ: Էլ չասեմ, որ 2021-ին Նիկոլի մասնակցությունն ընտրություններին շառաչուն ապտակ էր ժողովրդավարության գրված և չգրված օրենքներին:
Իր բորբոքված ուղեղում հորինելով պետություն-հայրենիք տգետ հակադրությունը՝ նա խրտնում է «կորսված Հայրենիք» ձևակերպումից՝ կրկին դիմելով դեմագոգիայի հարուստ փորձին: «Սիրենք այն, ինչ ունենք» և «Մոռանանք այն, ինչ չունենք» զրուցարանի մակարդակի պլստոցներում նա «մոռանում է» հիշատակել, որ այն, ինչ այսօր չունենք, դեռ երեկ մերն էր, որ այն դադարել է մերը լինել հենց ի՛ր պատճառով: Պետությունը հայրենիքի փոխարեն սիրելու իր նոր ցնորքի մեջ նա խուսափում է հիշատակել այն փաստը, որ հայը 2018-ի մայիսի 8-ին ուներ երկու պետություն, որից մեկը կործանվեց հենց իր պատճառով, իսկ մյուսը նա շարունակում է հանձնել մանիակալ սևեռվածությամբ: Այսօր ասում է՝ «Մոռանանք Արարատը, սիրենք Արագածը», վաղն արդեն կասի՝ «Մոռանանք Արագածը, սիրենք Արա լեռը», հաջորդ օրն էլ դա կորցնելուց հետո կասի՝ «Մոռանանք Արա լեռը, սիրենք Պլանի գլուխը»: Նրա պատկերացմամբ՝ պետությունն այն է, ինչ կմնա Հայաստանից նրա մոլագարությունից հետո:
Մի ուրիշ նոր խաղալիք, որով նա սիրում է հրապարակավ խաղալ, դիվերսիֆիկացիան է արտաքին և անվտանգային ոլորտներում: Իրականում քանիցս ապացուցել եմ, որ այն, ինչ անում է Նիկոլը դիվերսիֆիկացիայի անվան տակ, ֆիասկո է, որի արդյունքում Հայաստանը վերածվել է գեոպոլիտիկ բոմժի (без определенного места жительства՝ համաձայնեք, իսկը մեր այսօրվա վիճակի մասին է): Դիվերսիֆիկացիան իրականում լավ բան է, և մեր իշխանությունը դա, օրինակ, արել է` ստորագրելով Եվրոպական միության հետ CEPA-ն: Դիվերսիֆիկացիան իրականացնում են ոչ թե ի հաշիվ եղած ռեսուրսների, այլ ի լրումն եղածի, այնինչ այսօր մենք կորցնում ենք Ռուսաստանը և չենք ստանում Արևմուտքը (դիվանագիտական bla-bla-bla-ն հաշիվ չի):
Հիստերիկ ծիծաղ կարող է առաջացնել Փաշինյանի ցնդաբանությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բավական է ընդամենը բացել նույն Transparency International կազմակերպության վերջին զեկույցը և գրեթե բառացի կարդալ, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ լրջագույն հիմնահարց (մեր բալը 47 է, այնինչ պետք է լինի առնվազն 50+): Որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը Եվրոպայի Խորհրդի երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ: Որ անգամ այն մեկ բալը, որով աճել է Հայաստանի ցուցանիշը, ըստ նույն հեղինակների, ավելի փոքր է, քան վիճակագրական ստանդարտ սխալի չափը (!):
Մի առանձին ախոռ է Արցախյան բանակցությունների մասին Փաշինյանի «զինանոցը»: Մյունխենում «նախկիններն են մեղավոր» զառանցանքը հիմնավորելու համար նա հիմնական շեշտը դրեց 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի վրա, մի քիչ էլ՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի և 2016-ից հետո տեղի ունեցած բանակցությունների վրա: Ափսոս, ներկաներից ոչ ոք նրան չհիշեցրեց 2020թ. հունվարին Կապանի ասուլիսին «Սերժի ժառանգության» ընթերցումը:
2017-ի նոյեմբերի CEPA-ն, 2009-2013 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները, 2011 թվականի Կազանը, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո եռաթուղթ փաթեթը և այլ, այսինքն՝ բոլոր այն միջազգային փաստաթղթերը, որոնք ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակումների և պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով:
Առիթից պիտի օգտվեմ և բանտախցիցս դիմեմ ՀՀ 3-րդ նախագահին. պարոն Սարգսյա՛ն, այսօրվա իրականության համար (թե՛ ներքին, թե՛ արտաքին) Դուք չափից ավելի բարոյական եք: Խնդրում եմ, գտեք ձևը հրապարակելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծն Արցախյան կարգավորման մասին:
Մեկ ուրիշ հիասքանչ «կռուտիտ» Մյունխենում Նիկոլն արեց՝ համեմատելով գլոբալ անվտանգության խնդիրները Հայաստանի գլխին կախված վտանգների հետ (առաջին անգամ այս հնարքին նա դիմել էր The Telegraph-ին տված հարցազրույցում): Պատկերացրեցիք, չէ՞, որքան մանկամիտ պիտի լինել, որ, օրինակ, միջուկային հնարավոր պատերազմի մասին տեսական խոսակցությունները Ռուսաստան-Արևմուտք գլոբալ բախման ֆոնին բերել համեմատել հայ-ադրբեջանական ողջ սահմանին առկա լարվածության, հանձնված գերակա դիրքերի, օկուպացված ինքնիշխան տարածքների և չդադարող զոհերի հետ… Հա, մոռացել էի, որ մենք այնքան անվտանգ ենք, որ սեփական տարածքում կառուցվող գործարանն անգամ տեղափոխում ենք՝ անվտանգությունից ելնելով:
Երևի միակ բանը, որ նա ճիշտ էր ասում, դա անդադար սովորելու անհրաժեշտության մասին էր: Սակայն այստեղ էլ մի բայց կա. Կլինի՞ մեր Հայրենիքի, մեր զավակների, մեր կյանքերի և մեր արժեքների հաշվին չսովորես «վարչապետ աշխատել»: Թող գնա, որ մեզ ղեկավարեն մարդիկ, որոնք քեզանից շոշափելիորեն ավելի սովորած են, ունակ և խելամիտ:
Մի խոսքով, Մյունխենում հայերի հետ Նիկոլի հանդիպման թե՛ բովանդակությունը, թե՛ ֆորմատն ապացուցում են, որ Նիկոլը տոքսիկ է: Իրեն հավատալը՝ տոքսիկ է, իր հետ հանդիպելը՝ տոքսիկ է, իր հետ ասոցացվելը՝ տոքսիկ է:
Կասկած չունեմ, որ հենց «մավրն» ավարտեց իր սև գործը, նրան դեռևս գուրգուրող Արևմուտքն անգամ արագ կազատվի նման թունավոր ակտիվից:
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
22.02.2024 թիվ