ՀՊՏՀ-ն զբաղվում է մասնավոր ընկերության գովազդով
ՀՊՏՀ նախկին դասախոս Արփենիկ Մուրադյանը, որն աշխատանքից ապօրինաբար հեռացվել է ներկայիս ռեկտոր Դիանա Գալոյանի կողմից, ահազանգում է՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Հարգելի՛ տիկին Անդրեասյան,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Էփրիքոթ Կապիտալ մասնավոր ներդրումային ընկերությունն իր անվանումով և իր բրենդինգով լսարան է բացել պետական բուհում: Հղումը այստեղ։
Հաշվի առնելով այսպիսի հստակ թիրախային գովազդի արդյունավետությունը, ամենամեծ պետական բուհերից մեկի տարածքում հազարավոր ուսանողների շրջանում սեփական ընկերությունը տարիներ շարունակ տեսանելի ու գրավիչ դարձնելու բացառիկ արտոնությունը՝ նմանատիպ գովազդի շուկայական արժեքը կարող է կազմել տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ (առանձին գնահատման ենթակա է, թե կոնկրետ քանի տասնյակ):
Քանի որ այսպիսի գործարքը պարունակում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր, խնդրում եմ տեղեկացնել՝
- Ըստ պայմանագրի ինչքա՞ն գումար է ՀՊՏՀ ՊՈԱԿ-ին Էփրիքոթ Կապիտալ ընկերությունը հատկացրել տարեկան հազարից ավելի ուսանող և տարատեսակ բազմամարդ միջոցառումներ ընդունող ամենամեծ լսարաններից մեկում սեփական ընկերության անվանումը հսկա տառերով գրելու և պետությանը պատկանող բուհի ամենամեծ լսարաններից մեկը ամբողջությամբ մասնավոր ընկերության բրենդինգով կահավորելու իրավունք ստանալու համար համար:
- Եթե մասնավոր ընկերությունը սահմանափակվել է միայն հովանավորելով սեփական բրենդինգով ու գովազդային գրառումով լսարանի վերանորոգումը, ապա արդյոք ՀՊՏՀ-ի հետ համագործակցող յուրաքանչյուր ընկերություն կարող է նման իրավունք ստանալ՝ պետական բուհի լսարանները վերածել խայտաբղետ գովազդային սենյակների՝ յուրաքանչյուրն իր բրենդային գույներով և անվանումներով:
- Եթե ոչ, ապա ինչո՞ւ է այդ իրավունքը տրվել կոնկրետ մասնավոր կազմակերպությանը, երբ ՀՊՏՀ-ի հետ համագործակցում են մի քանի հարյուր մասնավոր ընկերություններ:
Լսարանի վերանորոգման հովանավորումը ողջունելի կլիներ և զերծ առերևույթ կոռուպցիոն չարաշահումից, եթե պահպանվեին ՀՊՏՀ-ի բրենդային գույններն ու ձևավորումը, և դա չվերածվեր վերանորոգման չնչին գումարի դիմաց տարիներ շարունակ տասնյակ միլիոններ արժեցող բացահայտ գովազդի՝ մասնավոր ընկերության անվմանման անհագ մեծությամբ գրառումներով:
Արփենիկ Մուրադյան,
ՀՀ քաղաքացի»։