«Ինձ թվում էր՝ ամենաերջանիկ մարդն էի, իսկ հիմա թևերս կարծես կոտրված լինեն»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք ու հանգիստ երեխա էր Արթուրս: Երեք-չորս տարեկանում արդեն բանաստեղծություններ էր արտասանում, չորս տարեկանում տառերն ու գումարում-հանում գիտեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Արթուրի մայրիկը:

Արթուրը ծնունդով Արցախի Հանրապետությունից է՝ Մարտունի քաղաքից: Մարտունիի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ մեկ դպրոցն է հաճախել: «Բոլոր առարկաներն էլ սիրում էր, բայց հիմնականում ավելի «ուժեղ» էր լեզվից: Տատիկը՝ իմ մայրը, լեզվի մասնագետ էր, գուցե Արթուրի մեջ հենց նա է յուրահատուկ վերաբերմունք սերմանել լեզվի նկատմամբ: Բայց արդյունքում Արթուրս ընտրեց մաթեմատիկան: Ընդունվեց Արցախի պետական համալսարան՝ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Մագիստրատուրան էլ ավարտեց, բայց տարբեր պատճառներով չկարողացավ խորանալ իր մասնագիտության մեջ: Արդյունքում ընտրեց զինվորական ծառայությունը: Արթուրը շատ էր սիրում կարդալ, նաև բանաստեղծություններ ընթերցել։ Նրա ընթերցած վերջին գիրքը «Մուսա լեռան 40 օրն» էր: Ասում էր, որ ամեն հայ պետք է կարդա այդ գիրքը, շեշտում՝ այդ օրերը պետք է չկրկնվեն»,-նշում է զրուցակիցս:

Երբ աչքի եմ անցկացնում Արթուրի կենսագրական տվյալները, հասկանում եմ, որ զինվորականի մասնագիտության ընտրությունը բոլորովին էլ պատահական չէր, չէ՞ որ Արթուրի հայրը՝ Գարիկը, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, վիրավորում ստացել և, ավաղ, հաշմանդամություն ձեռք բերել, ու նրանց ընտանիքում մեծացող երեխաները չէին կարող շեղվել հայրենիքի պաշտպանության գաղափարից: Արթուրի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Շուշիի հակաօդային պաշտպանական զորամասում։ 2018 թ.-ին հինգ ամիս սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ հրետանավորի մասնագիտությամբ։ Արթուրը կենտրոնական զորամասի երկրորդ հրաձգային գումարտակի 82 մմ-անոց ականանետային մարտկոցի դասակի հրամանատարն էր։ Նա համատեղում էր կրթությունը և զինվորական ծառայությունը, արդյունքում երկուսից որևէ մեկը չէր տուժում: Սկսվեց 44-օրյա պատերազմը: Արթուրն իր ծառայակից ընկերների հետ մեկնեց պատերազմի թեժ կետեր: Նրանց մարտկոցը մարտեր է մղել ճակատային տարբեր գծերում՝ Մարտակերտ, Շուշի, Մարտունի:

«44 օր դիմադրեց տղաս ու նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ թվում էր, թե պատերազմն ավարտվել է, թշնամու ավիառումբի հարվածից զոհվեց Կարմիր շուկայի մատույցներում: Թշնամին թիրախավորել էր Արթուրի և նրա ծառայակից ընկերների գտնվելու վայրը»: Տիկին Հասմիկը մասնագիտությամբ բուժքույր է, ասում է՝ Մարտունիի հիվանդանոցում բոլոր մեր զինվորներին ու սպաներին առաջին օգնություն են ցույց տվել, անհրաժեշտության դեպքում վիրահատություն կատարել: «Հետո քովիդով հիվանդացա և տասն օր շուտ տեղափոխվեցի Երևան: Այնքան ուշադիր էր, որ անգամ այդ ծանր օրերից մեկում զանգահարեց ինձ՝ մա՛մ, մորքուրի ամուսնու ծննդյան օրն է: Ապշում էի, թե այդ ծանր պահերին ինչպես կարող էր մտածել ուրիշների մասին, նման բաներ հիշել: Բայց այդպիսին էր: Բոլորի տեղը գիտեր, բոլորի մասին մտահոգվում էր, մտածում: Բարի էր, համեստ, հանգիստ, կարգապահ զինվորական»: Մայրիկն ասում է՝ Արթուրին շատ էին հարգում և սիրում:

«Նրա մասին գովասանքով են խոսում նրա մարտական ընկերները, հրամանատարական կազմը։ Աչքի էր ընկնում մեծ պատասխանատվությամբ։ Պահանջկոտ էր, բայց և սիրված իր զինծառայողների կողմից։ Իր ծառայությունը փայլուն էր կատարում: Վերջերս մի տղա ինձ գրեց սոցիալական ցանցերից մեկով, հարցրեց, թե Արթուրի ի՞նչն եմ, պատասխանեցի՝ մայրը, ասաց, որ ուզում է ինձ տեսնել: Այնպես եմ կարոտում Արթուրին, որ իր կարոտը փորձում եմ իր ընկերներից ու զինվորներից ստանալ: Օրերս էլ երազ եմ տեսել, չեմ էլ հիշում, թե ինչ եմ տեսել, բայց Արցախում էի, դա հստակ հիշում եմ: Չեմ կարողանում քնել, կոպերս չեն փակվում, ախր երկու կորուստ միանգամից, ինչպե՞ս դիմանալ»: Մայրիկը լավ է հիշում այն օրը, երբ իմացավ, որ որդին զոհվել է: «Իմ եղբայրներն էլ էին այնտեղ, զանգեցի իրենց, հարցրեցի, թե ուր են, ասացին, որ գալիս են: Ես էլ մտածում էի, որ երեխուս մասին ինչ-որ լուր կբերեն: Արթուրին զանգում էինք, անհասանելի էր, զանգում էինք ընկերներին, ծանոթներին, ոչ ոք չէր ցանկանում մեզ ասել, թե ինչ է տեղի ունեցել: Այդ օրը փոքր տղաս էլ եղբայրներիս հետ էր: Զանգեց՝ մա՛մ ջան, դուռը բաց, գալիս ենք: Ներս մտան, ուրախությունից իրենց գրկել էի, բայց զգացի, որ իրենք ինձ սովորականից պինդ են գրկում: Հետո արդեն ասացին, որ բալես չկա, չգիտեմ էլ, թե ինձ հետ ինչ կատարվեց…»:

Զոհվելուց հետո օրերի ընթացքում Արթուրն արդեն Հայաստանում էր: «Բայց չթողեցին, որ երեխուս տեսնեմ, չգիտեմ՝ դա լավ էր, թե վատ: Վերջին անգամ Արթուրիս չտեսա: Հարսս այդ ընթացքում հղի էր, սպասում էր իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Արթուրը գիտեր, որ աղջիկ են ունենալու, շատ էր սիրում աղջիկ երեխա, անհամբեր սպասում էր դստեր ծննդին, որին, ավաղ, այդպես էլ չտեսավ: Իր զոհվելուց ամիսներ անց ծնվեց իմ Տաթևիկը»: Արցախի համար մարտնչած ու զոհված արցախցի հայորդիներից շատերն իրենց հավերժական հանգիստն են գտել Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այդ փաստը հիմա ծնողներից շատերի համար մխիթարանք է դարձել, քանի որ կարողանում են այցելել իրենց որդիներին ու ամուսիններին, չէ՞ որ շատերը նաև իրենց սիրելիների շիրիմներին այցելելու հնարավորությունից զրկվեցին:

«Շրջափակման օրերին այնքան վատ էր ինքնազգացողությունս: Խնդրում էի հարազատներիս, ծանոթ ու անծանոթներին այցելել տղայիս, գոնե մի ծաղիկ տանել: Հիմա արդեն ինքս եմ գնում իր մոտ: Հաճախ նաև Արթուրի խոսքերն եմ հիշում, ասում էր, որ Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր տանող ճանապարհներն ամեն հայ պետք է աչքերը փակ էլ կարողանա գնալ, նաև հավելում՝ այնպիսի մահով պիտի մահանա, որ ննջի Եռաբլուրում»։ Տիկին Հասմիկն ասում է, որ որդու մասին խոսելիս մշտապես ցանկանում է հիշել ու անուն առ անուն նշել այն տղաներին, որոնք զոհվել են Արթուրի հետ: «Արթուրի դասակից նրա հետ նույն օրը զոհվել է չորս զինծառայող՝ Սարգիս Թոմբուլ յան, Գառնիկ Ղանդիլ յան, Արման Գևորգյան, Դմիտրի Մարտիրոսյան։ Այդ պահին տասից ավելի զինծառայող էլ վիրավորում է ստացել։ Տղաներից երեքի մասին տեղեկություն ունեմ, շփվում եմ ընտանիքների հետ, բացի Դմիտրիից, շատ կցանկանայի որևէ տեղեկություն ստանալ նաև նրա մասին, ծանոթանալ ընտանիքի անդամների հետ, բայց, ավաղ, չեմ կարողանում իր մասին որևէ տեղեկություն գտնել»:Իսկ վերջում ապրելու համար ուժ տվողի մասին: «Ինձ միշտ թվում էր, որ ես ամենաերջանիկ մարդն էի, իսկ հիմա թևերս կարծես կոտրված լինեն: Հիմա մխիթարվում եմ իմ թոռնիկներով՝ Տիգրանով և Տաթևով»:

Հ.Գ. - Ավագ լեյտենանտ Արթուր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով: Ծառայության ընթացքում ևս պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am