Հույսի ու միասնականության հորդորն ընդդեմ չարագուշակության

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց պատմության մեջ առհավետ եղերական ու սևով նշվելիք 2023-ը Հայաստանը եզրափակեց կամ 2024 մտավ Նիկոլ Փաշինյանի իշխանության հրահրած ևս մեկ խայտառակագույն դրսևորմամբ: Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց եթեր հեռարձակել Ամենայն հայոց կաթողիկոսի Ամանորյա ուղերձը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ, այսինքն՝ կեսգիշերից առաջ, նախքան պետության ղեկավարի ուղերձը: Սա իսկապես էլ աննախադեպ էր:

Աննախադեպ խայտառակություն և վիրավորանք Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ: Ու դա՝ միանշանակ և աներկբա: Այն բանից հետո, երբ անխուսափելի ու համատարած վրդովմունքի ու այպանության ալիք բարձրացավ հանրության մեջ, Հանրային հեռուստաընկերությունն ինչ-որ «պարզաբանմամբ» հանդես եկավ, թե՝ չկա Կաթողիկոսի ուղերձի հեռարձակման օրեսնդրական կարգավորում (կարելի է կարծել՝ վարչապետի կամ ինչ-որ այլ մեկ պաշտոնյայի ուղերձի հեռարձակման նման կարգավորում կա՝ ժամով, տևողությամբ և այլն), թե՝ Մայր աթոռին առաջարկել են, որ լուրերի թողարկման մեջ տեղավորեն կաթողիկոսի ուղերձը և այսօրինակ այլ «բացատրություններ»:

Հասկանալի է՝ Հանրայինը նման որոշում չէր կարող կայացնել, եթե չլիներ իշխանական բուրգի ամենավերին կետից ուղիղ հրահանգ, այսինքն՝ քաղաքական որոշում, որի սկիզբը նոր չի դրվել: 2018 թվականից սկսած այս իշխանությունն ու նրանց սատելիտները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն և, ընդհանրապես, այն ամենին, ինչ հայկական է, ազգային է: Սա այդ արշավի «տրամաբանական» շարունակությունն է: Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը եթեր չհեռարձակելու վերաբերյալ որոշումից, տրված «պարզաբանումներից» էլ ավելի տխուր տպավորություն թողեց Նիկոլ Փաշինյանի ուղերձը (եթե այն կարելի է այդպիսին համարել) և այն, թե ինչպես էր նա չարչարվում՝ ինքն իրեն որպես «հոգևոր առաջնորդ ներկայացնել»: Դրեց, հունվարի 5-ին էլ սաղմոս կարդաց: Ով այդքան նյարդ ու առողջություն ունի՝ Փաշինյանին լսելու, երևի տեղյակ է՝ «թագավորի» մասին: Ենթատեքստերի մասին՝ հետո:

Ինչն է հատկանշական: Այն բանից հետո, երբ 2023-ի ավարտից մի քանի ժամ առաջ տարածվեց Կաթողիկոսի ուղերձը Հ1-ով չհեռարձակելու մասին տեղեկությունը, դա դարձավ թիվ մեկ լուրը գրեթե բոլոր սոցցանցերի ու ցանցային լրատվամիջոցների լրահոսում: Բացարձակ հակառակ էֆեկտ տվեց Կաթողիկոսի դեմ գործադիր իշխանության կատարած սադրիչ քայլը. կարելի է պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը այս տարի ամենից շատ դիտված, տարածված և քննարկված հրապարակումն է: Կա տեսակետ, որ Սուրբծննդյան պատարագներն էլ այս տարի ամենամարդաշատերից են եղել: Քավ լիցի, վստահ ենք, որ մեր ընթերցողներից շատերն անցած տասնօրյակում հասցրել են ծանոթանալ Կաթողիկոսի ուղերձին, ուստի այս հրապարակման մեջ այն չմանրամասնենք:

Նշենք միայն, որ բուն ուղերձի բովանդակությունը միանգամայն հասկանալի դարձրեց, թե հատկապես ինչու կամ ինչից էին «վատացել» իշխանությունները, որ Հանրայինի եթերից դուրս էին թողել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի տարեմուտի խոսքը: Վեհափառը, ի մասնավորի հորդորեց. «Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված»: Ավելին, արդեն Սուրբծննդյան ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար»: Միայն այդ չէր, բայց միայն այսքանը բավական է, որ Հայ առաքելական եկեղեցին ու Ամենայն հայոց կաթողիկոսը փաշինյանական իշխանության կողմից ընկալվեն որպես թշնամի: Մի իշխանություն, որի գործունեության հետևանքով հայությունն Արցախազրկվել է, մի իշխանություն, որի համար Արցախն արդեն անցյալ է դարձել, մի իշխանություն, որը նույնիսկ չի համարձակվում Արցախ բառն արտաբերել, բնականաբար, չէր կարող թույլ տալ, որ իշխանական թիվ 1 հեռուստաընկերությամբ Կաթողիկոսի՝ նման ուղերձ հեռարձակվեր:

Ավելին, Վեհափառը ժողովրդին հույս էր տալիս, ընդգծում միասնականության, Աստծուն հավատալով ու աստվածային պատվիրաններով գործելու կարևորությունը: Դա ևս փաշինյանական իշխանությանը ձեռնտու չէ, քանի որ նրանց ցանկությունն է հանրությանը շարունակական ատելության, չարության, մշտական «իրարուտոցու» վիճակում պահել՝ պահպանելու համար իրենց պաշտոններն ու երկարաձգելու համար իրենց աղետային պաշտոնավարումը: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «շնորհավորական ուղերձին», ապա դժվար է ասել, թե այն կոնկրետ քանի հոգի է «օնլայն», այսինքն՝ հեռարձակման պահին լսել, բայց տողերիս հեղինակը, գործի բերումով, մեկ շաբաթ անց ստիպված էր այն գոնե աչքի անցկացնել:

Ի՞նչ կարելի է ասել Փաշինյանի «շնորհավորական» խոսքի վերաբերյալ: Խայտառակություն: Եթե ավելի մանրամասն, ապա նա 2023-ի մասին խոսելիս առաջինը «տնտեսական աճի» մասին է նշում՝ «մոռանալով» իր կողմից Արցախն ուրանալն ու, հանրագումարում, թշնամու ցեղասպանական հոշոտմանը թողնելը: Խոսում է աշխատանքից, հարկերը վճարել-չվճարելուց, ինչից ասես: Ու մի կեսբերան ներողություն է խնդրում, այն էլ՝ ձևականորեն, նշումով, որ ոչ թե ինչ-որ հանցանք է գործել, այլ... որովհետև գիտի, թե ինչ են զգում «Լեռնային Ղարաբաղից փախստական դարձածները»: Հա, ու Փաշինյանն ասում է, թե՝ «առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք»: Նույնիսկ չենք ցանկանում պատկերացնել, թե ինչ արհավիրքի առաջ է փաշինյանական իշխանությունը դրել Հայաստանը, եթե հենց նա է խոսում նոր փորձությունների, փորձանքների մասին: Չնայած, էլ ի՞նչ պատկերացնես. նման իշխանությունը տեղով մեկ փորձություն է, եթե չասվի՝ փորձանք, որի մեջ, ահա, արդեն 6-րդ տարին է, ինչ ընկղմված են շարունակ արնահոսող ու ծվատվող երկիրն ու ժողովուրդը: Բայց... մեր համար Արցախը երբեք անցյալ չի դառնալու ու, առավել ևս՝ միասին պիտի կարողանանք դուրս գալ այս ծանր վիճակից, քանզի, ինչպես Կաթողիկոսն իր ուղերձում նկատեց՝ խավարը չի կարող արգելք լինել արևածագին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am