Ինքս մենակ 70 հոգու հաշվել եմ, որ գալիս էին մեր մի դիրքի վրա, իսկ բնակիչների մեծ մասը դեռ գյուղում էր. Ճանկաթաղի գյուղապետ
Սեպտեմբերի 19-ին Ճանկաթաղի ուղղությամբ բավականին թեժ մարտեր են ընթացել։ Ադրբեջանի ահաբեկչական ստորաբաժանումները Կաշենի հանք հասնելու համար նախ Ճանկաթաղն են փորձել զավթել։ Մեր ՊԲ-ի ու աշխարհազորի համատեղ ուժերով մեծ դժվարությամբ հաջողվել է մի քանի ժամ կասեցնել թշնամու առաջխաղացումը․ բնակչությունը գյուղում էր․ նրանց կյանքին ուղիղ վտանգ էր սպառնում։
«Որ սկսեցին հրետակոծել, տեղաշարժվելու ոչ մի հնարավորություն այլևս չկար․ անգամ աշակերտներին չենք հասցրել տուն ուղարկել։ Քանի որ դպրոցն ապաստարան չունի, հարևանությամբ գտնվող երկհարկանի բետոնե առաձնատուն են տեղափոխվել երեխաները։ Մինչև երեկոյան 9-ն այդտեղ են եղել։ Ժամը 21-ից հետո մի ֆորդի մեջ մի կերպ խցկել ու հանել ենք երեխաներին դեպի Պողոսագոմեր։ Գյուղի բնակիչների մեծ մասը դուրս գալ չի կարողացել։ Ճանապարհ դուրս գալ անհնար էր․ տների արանքով մի մասը շարժվել է դեպի խաղաղապահների հենակետ, որը Կաշենի հանքի տարածքում էր։ Մի քանի հոգի են միայն կարողացել անտառներով Չլդրան կամ Պողոսագոմեր հասնել»,-«Փաստինֆո»-ին պատմում է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ղեկավար Սասուն Վանյանը։
Թշնամու թիրախում ոչ միայն ճանկաթաղցիներն տներն ու բակերն էին, այլև Ճանկաթաղից դուրս եկող երկու ճանապարհները՝ դեպի Մարտակերտ տանող մայրուղին, և վերին ձորակի գյուղեր տանող ճանապարհը։ Այնտեղով անցնող ցանկացած մեքենայի վրա ադրբեջանցիները կրակում էին։ Բոլոր նրանք, որոնց հաջողվել է դուրս գալ Ճանկաթաղից, ոտքով՝ անտառների միջով են շարժվել՝ առանց մեքենաների։
«Առնվազն 60-70 մեքենա է մնացել գյուղում։ Միայն ես երեք մեքենա եմ թողել։ Որ դուրս եկանք, մոտս միայն վարորդական իրավունքս էր։ Անձնագիրս գյուղապետարանում էր։ Մինչև երեկո գյուղի տղամարդկանցով ՊԲ-ին էինք օգնում, որ թույլ չտանք գյուղ մտնեն ադրբեջանցիները։ Երեկոյան՝ ժամը 9-ի,10-ի կողմերը, տեսնելով, որ թշնամին շատ է մոտեցել արդեն տներին, որոշեցինք ինչ-որ ձևով տարհանել բնակիչներին․ արդեն ծայրահեղ վտանգավոր էր նրանց գյուղում մնալը։ Հետ եկա ու տեսնեմ՝ մոտ 70 հոգի մեր բակում են։ Մեր տունը գյուղի վերևի մասում էր՝ համեմատաբար հեռու թշնամու դիրքերից։ Քանի որ ներքևի հատվածի տներից մինչև ադրբեջանական դիրքեր հեռավորությունը մի 500 մետր է, իսկ մեր մոտից՝ մոտ 1 կմ, էդ ներքևի թաղի ժողովուրդը եկել էր մեր կողմ։ Մի քանի տղամարդկանցով էդքանին անտառներով դեպի Վարդաձոր՝ հարևան գյուղ ենք տարհանել։ Աննկարագրելի էր, թե ինչպես է ժողովուրդը անտառների միջով, սոված-ծարավ հասել էնտեղ»,-ասում է բռնի տեղահանված զրուցակիցս։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան, Վանյանը պետք է վերադառնար գյուղ՝ կրկին միանալու աշխարհազորին։ Քանի որ կապի որևէ միջոց չէր աշխատում, բարձրացել էր մի բլրակի վրա, որպեսզի փորձեր վարչակազմի ղելավարի հետ կապ հաստատել։
«Որ բարձրացա բլուրը, մեկ էլ տեսնեմ՝ ադրբեջանցիներն արդեն Վարդաձոր են մտնում։ Արդեն պարզ էր, որ Ճանկաթաղն իրենց վերահսկողության տակ է անցել, անգամ Կաշենի հանքի մոտ էին հասել։ Փաստորեն, գյուղի ներքևի մասով ճանապարհը կտրել՝ դուրս էին եկել հանք։ Անմիջապես ժողովրդին տարհանեցինք դեպի Դրմբոն։ Այդ ամբողջ ճանապարհը ժողովուրդը ոտքով, անտառների միջով է գնացել»,-պատմում է Վանյանը։
Կրակի ինտենսիվությունն ու մեր դեմ կիրառվող զինատեսակների բազմազանությունն աննախադեպ էր։ Զրուցակիցս շեշտում է՝ Ճակաթաղի դիմացի ամեն մի դիրքի վրա հարյուրներով ադրբեջանցիներ էին գալիս․ «Ինքս մենակ 70 հոգու հաշվել եմ, որ գալիս էին մեր մի դիրքի վրա։ Իսկ մեր ամեն մի դիրքում առավագույնը 10-11 զինվոր էր։ Այսինքն՝ մեր մի զինվորի վրա առնվազն 7-8 ադրբեջանցի էր գալիս՝ վարվող ինտենսիվ կրակն էլ հետը․․․»։
Վանյանը հիշում է՝ Ճանկաթաղից նույն անտառներով 1992 թվականին էլ են դուրս եկել։ Ինքը դեռ փոքր էր, բայց լավ հիշում է՝ եղանակը վատն էր․ մեքենաները ցեխի պատճառով անտառների միջով շարժվել չէին կարողանում․ տրակտորներով քաշել-հանել էին․․․
Գյուղը1992-93թթ․ երկու անգամ մերոնք ազատագրել են։ Առաջին անգամ ադրբեջանցիները որ գրավել են, գյուղի բոլոր տները հրի էին մատնել, սակայն 1993 թվականի մարտի 18-ին, երբ վերջնականապես ազատագրվում է Ճանկաթաղը, բնակիչները վերադառնում ու զրոյից նորից գյուղ են կառուցում։
«Խոտի վրա կրակ էինք վառում․․․ Մի տուն անգամ չէին թողել, լրիվ վառել էին, բայց մարդիկ նորից սարքեցին, տուն դրեցին․․․ 44-օրյա պատերազմից հետո էլ բոլորը վերադարձել էին․ ընդամենը մեկ ընտանիք է արտագաղթել։ Շուրջ 300 բնակիչ ունեինք մինչև 2023թ․ չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը․․․»,-ասում է Ճանկաթաղի գյուղապետը։
Մազապուրծ փրկված ճանկաթաղցիները հիմա սփռված են Հայաստանով մեկ։ Գրեթե բոլոր մարզերում գյուղի բնակիչներից կան։ Թիվ մեկ խնդիրը, որ անելանելի վիճակում է դրել բռնի տեղահանվածներին, տան խնդիրն է։ Գյուղապետը նշում է՝ վարձավճարներն ահավոր բարձր են, աշխատանք էլ չկա, որ աշխատեն, վարձը մուծեն։ Ստիպված ով մի փոքր հնարավորություն ունի դուրս գալու, դուրս է գալիս երկրից։
«Եթե այսպես շարունակվեց, ապա բոլորն արտագաղթելու են։ Գոնե տանիքի հարցը պետք է հրատապ լուծվի»,-նկատում է բռնի տեղահանված զրուցակիցս։
