«Վերջնական քանդեք, թող գնան պատմության գիրկը». Ավինյանը՝ Արցախի փողոցի վթարային շենքերի մասին
Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանըտեղեկացրեց, որ 2023 թվականը ներառյալ ունենք 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք. Կենտրոն վարչական շրջանում 1, Էրեբունի վարչական շրջանում՝ 1, Շենգավիթում՝ 5, Աջափնյակում՝ 5, Ավանում՝ 1, Քանաքեռ-Զեյթունում՝ 1:
Նրա խոսքով, 3-րդ աստիճանի վթարայնության շենքերի թիվը 107 է:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռ մեծ հարց է՝ պետք է ամրակայե՞լ 3-րդ կարգի վթարայանության շենքերը, թե՞ նոր թաղամասեր կառուցել: «Վերջերս 40-ից ավելի բնակարաններ հանձնեցինք տարբեր վթարային շենքերի բնակիչների, հիմնականում Արցախի նրբանցքն էր, խնդրում եմ կազմակերպել այդ շենքերի վերջնական քանդումը, որ նորից նույն ցիկլի մեջ չմտնենք, որ ասենք, եւս երեք հոգի եկել ու ապրում է այդ շենքում, եկեք այդ մարդկանց խնդիրն էլ լուծենք: Մարդկանց տեղափոխենք, եւ հենց հաջորդ օրը բոլոր այդ շենքերը քանդենք, թող գնան պատմության գիրկը»,-ասաց քաղաքապետը:
