«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտակն ու Արուսիկը մանկությունից են իրար ճանաչել, միասին մեծացել Տավուշի մարզի Սևքար գյուղում: «Սովորել ենք նույն դպրոցում, Արտակն ինձանից մեկ տարով էր մեծ: Նա քույրիկիս դասընկերն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արուսիկը:

Նշում է՝ շատերն ունեին այն համոզմունքը, որ հասուն տարիքում իրենք ընտանիք են կազմելու: 18 տարին լրանալուն պես Արտակը մեկնում է պարտադիր զինծառայության Քարվաճառ. «Դժվար տարիներ էին, կապ չկար: Երկու տարվա ծառայության ընթացքում երկու անգամ է արձակուրդ եկել: Իր կարգապահության, լավ ծառայության համար Արտակին տասը օր շուտ են զորացրել: Իր քսանամյակը լրացել է գյուղում: 2004 թ.-ին ամուսնացանք, մեկ տարի անց ծնվեց մեր առաջնեկը՝ Նաիրին, իսկ վեց տարի անց՝ մեր երկրորդ որդին՝ Նորայրը»: Արուսիկի խոսքով, ամուսինը շատ աշխույժ էր, ակտիվ, բարի, սիրում էր ուշադրության կենտրոնում լինել: «Բոլորի առաջին օգնությունն էր: Եթե ինչ-որ մեկին ինչ-որ հարցով օգնելու հարց էր լինում, առաջինն Արտակին էին զանգում: Երկար տարիներ տաքսի էր վարում, գյուղից բոլորին քաղաք բերում: Մինչև հիմա էլ մարդիկ ասում են, որ իր նման հոգատար վարորդի չեն հանդիպել:

Տատիկներին, որոնք ձեռքին ծանր իրեր ունեին, պետք է պարտադիր ճանապարհեր տուն, երեխաներին կզբաղեցներ ողջ ճանապարհին, քաղցր էլ կհյուրասիրեր, որ իր հետ հաճույքով ճանապարհ ընկնեին: Հոգատար ու նվիրված զավակ էր, ամուսին ու հայր: Նվիրվող էր, իմ հարազատներն իրեն որպես փեսա չեն ընկալել, այլ որպես տան տղա: Տարիներ առաջ, երբ գյուղում մեծ խաչ տեղադրեցին, արտերկրում ապրողներն Արտակի նկարահանած տեսանյութերով էին տեղեկանում, թե որ փուլում են տեղադրման աշխատանքները, ինչ է կատարվում գյուղում: Հիմա հաճախ են ասում՝ Արտակը չկա, մենք էլ գյուղի անցուդարձից ենք կտրվել»: Արտակը 2020 թ. փետրվարին անցնում է պայմանագրային զինծառայության՝ որպես վարորդ: Արուսիկը պատմում է՝ ամուսինը մեկնում էր արտագնա աշխատանքի, մի շրջան ինքն էլ է երեխաների հետ մեկնել նրա մոտ, սակայն 2018 թ.-ին, երբ արդեն կրտսեր որդու դպրոց գնալու ժամանակն էր, վերադառնում են Հայաստան:

«Վերադարձանք, որ մեր տղան Հայաստանում սովորի: Ասում էր՝ կցանկանանք, էլի կմեկնենք Ռուսաստան, այնտեղ աշխատանքը շատ է, եթե չէ, ուրեմն կմնանք Հայաստանում: Գիտեք՝ գյուղում աշխատանք գտնելը բավական բարդ է: Երբ Հայաստանում էինք, Արտակը ժամանակ առ ժամանակ նորից մեկնում էր արտագնա աշխատանքի: 2020 թ.-ին վերադարձավ, Նոր տարին միասին դիմավորեցինք, ու սկսվեց համավարակը, ճանապարհները փակվեցին: Չկարողացավ մեկնել, առանց աշխատանքի նստել չէր կարող, որոշեց անցնել պայմանագրային զինծառայության, որ ընտանիքի հոգսը թեթևացնի: Ծառայության յոթ ամսվա ընթացքում Արտակը հասցրել էր բոլորի սիրտը գրավել իր պարտաճանաչությամբ, կոկիկությամբ: Հասցրել էր նաև պատվոգրերի արժանանալ: Ընկերները միշտ կատակում էին՝ «դու ամեն ինչը տեղը տեղին անում ես, քեզ գովասանագիր են տալիս, իսկ մեզ՝ նկատողություն»»:

Բայց եկավ պատերազմի օրը: «Սահմանամերձ շրջան ենք, տագնապ էր հայտարարված: Արտակն ու տղաները մեր գյուղի և հարակից գյուղերի դիրքերում էին, տուն չէր գալիս: Անհրաժեշտ ամեն ինչն ուղարկում էինք, կամ գալիս ու տանում էին, իրեն հաճախ էի խնդրում՝ դու էլ արի, նաև տղաներին կտեսնես, հետո էլի կգնաս: Ասում էր՝ չեմ ուզում նկատողություն ստանալ, հանկարծ մեկը գա ստուգելու, և ես դիրքում չլինեմ: Հոկտեմբերի 2-ն էր: Դեղատանն եմ աշխատում, աշխատանքից դուրս եկա, Արտակն ինձ էր սպասում, անգամ զարմացա: Անտրամադիր էր, եկանք տուն, իրեն կարգի բերեց, դուրս գալուց էլ անընդհատ ասում էր՝ երեխեքին ուշադիր կլինես, փաստաթղթերդ մոտ պահիր, խորհուրդներ տվեց ու գնաց: Հաջորդ օրը զանգեց, թե գնում եմ Ղարաբաղ, պետք է օգնություն հասցնենք: Հարցրեցի՝ իսկ ձեր դիրքերից ովքե՞ր են գալու քո հետ, ասաց, որ միայն ինքն է. «Վանաձորից մեզ ուրիշ խումբ է միանալու»:

Մեկ հարց էլ տվեցի՝ մայրիկին տեղյակ պահե՞լ ես, որ գնում ես, մտածելով, որ գուցե նա կկարողանա հետ պահել Արտակին Արցախ մեկնելու մտքից: Պատասխանեց՝ ես իրեն տեղյակ կպահեմ: Իր գնալու լուրն իմանալով՝ մի տեսակ սիրտս ահ էր ընկել, անկախ ինձանից լաց էի լինում, հետո ինքս ինձ վրա բարկանում, որ ոչինչ չի եղել, ինչո՞ւ եմ լաց լինում: Մայրիկն էլ չէր կարողացել ոչինչ անել, Արտակն այդպիսին էր, եթե մի բան որոշում էր, էլ որևէ մեկս ոչինչ փոխել չէինք կարող»: Արուսիկը պատմում է՝ երբ հրամանատարն ասում է, որ պետք է մեկնեն Արցախ և օգնություն տանեն, Արտակը միանգամից հանձն է առնում այդ կարևոր գործը ու ասում, որ ինքը կգնա: «Արտակը միայն նեղսրտել է, որ մեքենան կարող է վնասվել: Մեքենան նոր էր, շատ էր սիրում այն, մաքուր ու կոկիկ էր պահում»: Վանաձորում ոստիկանական խումբն է միանում Արտակին ու մյուս տղաներին, և շարժվում են դեպի Արցախ:

«Հոկտեմբերի 4-ին հասնում են: Շուշին գնդակոծվում էր, այնտեղ արդեն ծանր վիճակ էր: Տեղից տեղ փոխվելով՝ հասնում են Շուշիի մշակույթի տուն: Իր հրամանատարը զանգահարում է իրեն, ասում՝ դու քո պարտականությունները կատարել ես, կարող ես հետ գալ, Արտակը չի համաձայնում՝ տեսնեմ տղաներն ինչ են որոշելու, որ միասին հետ գանք: Արտակն ու ընկերը մեքենայի մեջ են լինում, իսկ ոստիկանները շենքի ներսում ժողով են կազմակերպած լինում: Արտակն ընկերոջն ասում է՝ գնամ ներս, տեսնեմ, թե ինչ որոշեցին, ով է գալիս ինձ հետ, միասին վերադառնանք: Մեքենայից իջնում է, մտնում շենք, ու այն պայթում է»:

Արուսիկը նշում է՝ հիմա շատերն են ասում, թե ինչու գնաց Արտակը, չպետք է գնար, բայց կինը վստահ է՝ ամուսինն այլ կերպ չէր կարող, չէր կարող իր պարտականությունը չկատարել, ոստիկաններից շատերին ճանաչում էր, շատերն իր ընկերներն էին, չէր կարող նրանց թողնել և ուղղակի վերադառնալ: «Ես միշտ ասում եմ՝ եթե նույնիսկ այդ պահին վերադառնար էլ, հաջորդ անգամ էլի էր գնալու: Այդպիսին էր իր բնույթով»: Արտակը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ: «Այդ օրը ժամը 4-ից հետո այլևս զանգերին չէր պատասխանում, զանգում էի ընկերներին, ծանոթներին, որևէ մեկը տեղեկություն չուներ:

Անընդհատ զանգահարում էի, բայց ապարդյուն: Ինձ էին զանգահարում, հարցնում, թե նորություն չունե՞մ: Այդ օրը լուրերով ասել էին մշակույթի տան պայթյունի մասին, բայց մենք չէինք դիտել, տեղյակ չէինք: Հաջորդ առավոտյան մայրիկը գնաց հիվանդանոց աշխատանքի, բուժքույր է, ես էլ էի աշխատանքի գնում: Հասանք գյուղամեջ, բավականին շատ մարդիկ էին հավաքվել, մտածեցինք՝ տեսնես ինչ է պատահել: Մարդիկ մտնում էին դեղատուն, բոլորը մի տեսակ էին, չգիտեին, թե ինչպես իրենց պահեն: Փաստորեն ամբողջ գյուղն արդեն նախորդ երեկոյան իմացել էր նորությունը, սկսել էին ճշտումներ անել: Իր հորեղբոր ու հորաքրոջ տղաները գնացել էին իրեն ճանաչելու և տուն վերադարձնելու, նոր մեզ տեղեկացրել, թե ինչ է եղել»: Իսկ հիմա Արուսիկի «պայքարը» շարունակվում է: «Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար: Իրենց կողքին աշխատում եմ միշտ զգոն լինել, լաց չլինել:Մեծ տղաս 18 տարեկան է, քչախոս, խոհեմ հայացքով, հասուն մարդ է, միանգամից մեծացավ: Փոքր տղաս, երբ տեսնում է՝ անտրամադիր եմ, այնքան է շուրջս պտտվում, մինչև ժպտամ: Հայրիկի մասին էլ միշտ ներկայով է խոսում»:

Հ. Գ. - Արտակ Խեմչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Սևքար գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am