Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու․ Արմեն Աշոտյանի հարցազրույցը ՔԿՀ–ից. news.am

«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.am-ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


– Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով ռուսական հարթակներում հանդիպման առաջարկներից, ՀԱՊԿ-ի նիստերին մասնակցելուց, միաժամանակ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Դրան զուգահեռ վստահեցնում է, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխում, բայց գնում է այն հարթակներ, որոնք իր համար վստահելի են։ Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ում, եթե եւ այդ հարթակը բոյկոտում է, եւ չի վստահում։

– Նախ հարկ է հիշեցնել, որ գործող վարչախումբը վերջին ամիսներին բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ ձևաչափով անցկացված հանդիպումները, այլ նաև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով վերջին հանդիպումները: Այսինքն՝ բոլոր այն կազմակերպությունները, որտեղ Ռուսաստանը առաջնային դերակատարում ունի: Գործ ունենք ՝ «ՀԱՊԿ, քեզ եմ ասում, ՌԴ՝ դու լսիր» պրիմիտիվ շուստրիության հետ: Փաշինյանը Հայաստանը դե-ֆակտո հանում է ՀԱՊԿ-ից, անկախ նրանից, թե դե-յուրե մնալու հայտարարություններ են հնչում: Հաշվարկը շատ պարզ է, հունից հանել ՌԴ-ին, այսպես ասած տակից խաղեր տալով և դրդելով նրան ավելի կոշտ արձագանքների: Մոսկվայում այս խաղը բացահայտել են հեշտությամբ և տվյալ պրիմիտիվ խայծը կուլ չեն տվել:


– Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր քննադատություններին ունեն մեկ պատասխան․ Հայաստանն ամեն ինչ անում է իր անվտանգությունը երաշխավորող գործընկերներ եւ երաշխիքներ ձեռք բերելու համար։ Որտե՞ղ, ի վերջո, Հայաստանը կարող է իրական գործընկերներ ձեռք բերել, որոնք հնարավոր պատերազմի դեպքում կարող են գործուն քայլեր ձեռնարկել։

– Հայաստանը ոչ մի տեղ այդպիսի գործընկերներ ձեռք բերել չի կարող, քանի դեռ ղեկավարվում է այնպիսի իշխանությունների կողմից, որոնց կոպտագույն սխալների, անվստահության, «գցելու» ֆենոմենալ ունակությունների, պատերազմ բերելու և տանուլ տալու հակումների մասին գիտեն ոչ միայն գերտերությունները: Եթե Նիկոլական Հայաստանը ինքն իր անվտանգությունը պաշտպանել չի ցանկանում, ապա ոչ մի այլ դերակատար այդ առաքելությունը չի իրականացնելու: Մնացածը՝ գեոպոլիտիկ ավանտյուրիզմ է: Եթե Փաշինյանը հետևողականորեն արհամարհում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլև իր իսկ ճակատագրական սխալները, որոնք բերեցին այսօրվա աղետի, ապա դրանք այլևս սխալներ չեն, այլ գիտակցված կործանարար քաղաքականություն:

– Արեւմտյան հարթակն էլ Ադրբեջանն է բոյկոտում ու առաջարկում Հայաստանին ուղիղ երկխոսել եւ խաղաղության գործընթացը քննարկել երկու երկրների սահմանին։ Նախ ինչու՞ է այս պահին Ադրբեջանն ուղիղ երկխոսելու առաջարկն օրակարգ բերում, ո՞ր հարցերի լուծումն է հիմա նրա համար առաջնային եւ ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ ունի ռուսական հարթակներից։

– Ադրբեջանը շատ ավելի խորամանկ քաղաքականություն է վարում, ինչը դժվար չէ Նիկոլի վուլգար պրիմիտիզմի ֆոնին: Ռեվերանսները Մոսկվայի ուղղությամբ Նիկոլի սրացած ատլանտիզմը էլ ավելի ընդգծելու, Հայաստանի դեմ օգտագործելու, ՌԴ նախագահին սիրաշահելու նպատակ ունեն, ինչի արդյունքում Հայաստան-ՌԴ առանց այդ էլ սրված հարաբերություններին կարող է հասցվել անգամ մահացու հարված: Ադրբեջանի համար առաջնային է, օգտվելով Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումից և Հայաստանի պերմանենտ սխալներից, մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը: Փաշինյանի բանակցային դիրքերը և հմտությունները միայն հոռետեսություն են ներշնչում, իսկ երկկողմ բանակցությունները, առանց միջազգային միջնորդների, չեն ունենալու անգամ ֆորմալ երաշխիքներ և վերածվելու են գեոպոլիտիկ խարազմենթի:

– Վերջին շրջանում սրվել են Վաշինգտոն-Բաքու հարաբերությունները։ Այս համատեքստում ուշագրավ է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛ Բրայենի այն հայտարարությունը, որ եթե միջանցք բացելու համար ուժ կիրառվի, կոշտ արձագանք կլինի Արեւմուտքի կողմից, եւ որ ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ։ Ի՞նչ ուղերձ է սրանով տալիս ԱՄՆ-ն Ադրբեջանին եւ հարաբերությունների այս սրումը որքանո՞վ է լուրջ։

– Վաշինգտոն-Բաքու հարաբերությունների իրական սրմանը չեմ հավատում: Առհասարակ, Արևմուտքի կոշտացած հայտարարությունները Ադրբեջանի հասցեին իրական անվտանգային երաշխիքներ ոչ պարունակում են, ոչ էլ՝ ստեղծում: Դրանք ընդամենը մի կողմից ծառայում են Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի համար բարենպաստ քարոզչական ֆոն ստեղծելուն, մյուս կողմից՝ Արևմուտքի նյարդային ռեակցիան են Ադրբեջանի կամակոր մաքսիմալիզմին, որը խանգարում է առանց Ռուսաստանի հայ-ադրբեջանական գործարքը ավարտին հասցնել: Կարճ ասած՝ Ալիևը ուզում է ստանալ առավելագույնը, իսկ Փաշինյանը տանուլ է տալիս անգամ նվազագույնը: Արևմուտքին ձեռնտու են անգամ երկկողմ բանակցությունները, որովհետև Փաշինյանը երաշխավորել է Ռուսաստանի դուրս բերումը:

– Այս պահին տարածաշրջանի բոլոր երկրները Հայաստանին կոչ են անում խնդիրները լուծել տարածաշրջանի երկրների հետ եւ այստեղ չբերել արեւմտյան ուժերին։ Մինչդեռ Հայաստանը շարունակում է մեծացնել ԵՄ դիտորդների թիվը, որոնք անգամ Ադրբեջանի սադրանքները չեն կարող կանխել։ Ինչո՞վ է հղի Հայաստանի այս մոտեցումը եւ նոր ռազմական գործողության հավանականությունը որքա՞ն է։

– Թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան միշտ են ունեցել սեփական շահերից բխող պատկերացումներ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում այդ մոտեցումները ստվերվում էին, միաձուլվում և հանգեցնում միասնական առաջարկների: Փաշինյանի ֆունդամենտալ և կանխամտածված սխալը Արցախյան հարցը ուկրաինական պատերազմի պատրվակով գեոպոլիտիկ աճուրդի հանելն էր:

Որքան էլ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված են, կյանքը ցույց տվեց, որ կարևորագույն հարցերի շուրջ նրանք շարունակում են շփվել, նույն Արցախյան հարցով ս. թ. սեպտեմբերին կայացած Ստամբուլյան հանդիպումը վկա: Հետևաբար, պետք էր ոչ թե շտապել և գեոպոլիտիկ կռիվը ներմուծել մեզ մոտ, ինչպես վարվեց Փաշինյանը, այլ արհեստականորեն չարագացնել «խաղաղության» օրակարգը, կենտրոնանալով անվտանգային և դիվանագիտական կորուստները համալրելու վրա: Փոխարենը ՀՀ իշխանությունները շարունակաբար պղտորում են ջրերը, ուստի զարմանալի չէ, որ նման դեպքում առաջանում է ձուկ բռնելու ցանկություն ունեցողների հերթ՝ ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան և այլն:

Ի դեպ, հիշեցնեմ, որ Փաշինյանն էլ էր խոսում «ռեգիոնալիզացիայի» մասին, պարզապես իր պատկերացումներում Հարավային Կովկաս = Թուրքիա բանաձևն է: Ռուսաստանին նա ընդհանրապես չի դիտարկում տարածաշրջանի մաս, իսկ Իրանին՝ այնքանով որքանով: Իսկ աշխարհագրությանը խաբել չես կարող, թե չէ այն սկզբից անիծում է, իսկ հետո՝ վրեժխնդիր լինում: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ ռազմական գործողությունների հավանականությունը միշտ էլ կա:

Խնդիրը այլ է. Փաշինյանի «շնորհիվ» այդ հավանականությունը կտրուկ մեծանում է, իսկ Հայաստանի նոր անհաջողությունները դառնում գրեթե անխուսափելի: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Հայաստանը կգնա «սիրիացման», «ուկրաինացման» կամ «պաղեստինացման» սցենարով: Որքան էլ արյունալի և ողբերգական են այդ սցենարները, սակայն, Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու, քանզի Հայաստանը չունի ոչ Սիրիայի նման վճռական առաջնորդություն, ոչ էլ Ուկրաինայի նման ռազմավարական խորություն և ռեսուրսներ, ոչ Պաղեստինի նման պասիոնար և մարտնչող ժողովուրդ:

դիտվել է 332 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am