Սպասելով Յուրի Գալստյանին. ընթերակայի անձնական տվյալները շարունակում են առեղծվածային մնալ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի («Երրոդմասցի Լյովիկ») եւ նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով նիստը կրկին չկայացավ, քանի որ բացակա էր ընթերական: Ինչպես հայտարարվեց՝ նշված հասցեում Յուրա Գալստյան անունով անձ չի բնակվում: Նախորդ նիստին Արտուշ Գաբրիելյանը հարց թր բարձրացրել, որ նիստերից մեկում վկաներից մեկը հայտնել էր, թե դատակոչված ընթերակա Յուրի Գալստյանն իր հարեւանն է, որն այժմ Ռուսաստանում է եւ դատարան գալ չի կարող։ Իսկ ոստիկանությունից հայտնել էին, որ 1957 թվականին ծնված եւ այդ հասցեում գրանցված Յուրի Գալստյանը ՀՀ սահմանը չի հատել վերջին տարիներին։ Նույն անուն-ազգանունով՝ սակայն 1956 թվականին ծնված եւ մեկ այլ անձ ՀՀ սահմանը հատել է։ Տեղեկություն կա 1957 թվականին ծնված, նույն անուն-ազգանունով անձի մասին, ով հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է ՌԴ: Այս անձի ոչ միայն ծննդյան տարեթիվն էր ուրիշ, այլ նաև՝ բնակության վայրի հասցեն՝ երկու Յուրի Գալստյաններն էլ Նուբարաշենի խճուղում են բնակվում, բայց՝ տարբեր շենքերում: Պետռեգիստրում 1956 թվականին ծնված Յուրի Գալստյան հաշվառված չէ, բայց հենց ա՛յդ տվյալներով Յուրի Գալստյանն է, ըստ մեքենայի խուզարկության արձանագրության, որպես ընթերակա մասնակցել քննչական գործողությանը: Դատարանը նախորդ նիստին որոշել էր մեկ անգամ ևս ծանուցել քննչական գործողությանը մասնակցած Յուրի Գալստյանի հասցեով: Բայց այս դատական նիստին ծանուցման պատասխանը չէր ստացվել: Մեղադրող-դատախաղ Արամ Արամյանը կարծիք հայտնեց, որ կարելի է կրկին սպասել, գուցե հաջորդ նիստում նրան հաջողվի գտնել ու ծանուցել: Ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց՝ ասելով, որ պետք է առաջ անցնել, ոչ թե անտեղի ձգձգել գործի քննությունը: «Խնդրում ենք դատարանին արձանագրել փաստը, որ նման անձնավորություն գոյություն չունի, եւ անցնենք առաջ»,- ասաց Լուսինե Սահակյանը: Մեղադրող կողմը առարկեց. «Մեղադրանքի կողմի համար ակնհայտ է, որ քրեական գործով քննչական գործողությանը մասնակցած ընթերական բացակայում է ՀՀ-ից: Պետք է սպասենք ծանուցումների պատասխանին»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ որոշեց սպասել ծանուցումների պատասխաններին: Նիստը հետաձգվեց:
