«Եվրամիությունը չի ուզում այդ խաղը խաղալ». Պյոտր Սվիտալսկին՝ Հայաստանի իշխանություններին
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Արևելյան գործընկերության ծրագրի ապագային նվիրված քննարկման ժամանակ անդրադարձավ Եվրամիություն-Հայաստան համագործակցության հեռանկարներին: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները չպետք է սպասեն և հենց այսօրվանից պետք է նախապատրաստվեն Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։ «Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական և վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ՝ այդ պահը կգա: Իսկ այժմ եկեք աջակցենք վրացիներին և հաջողություն մաղթենք՝ վիզային ռեժիմի ազատականացումը ներդնելու հարցում, քանի որ դա լավ ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Մենք չենք ուզում, որ մեզ դիտարկեն որպես ոչինչ չտվող խաղի մեջ ներգրավված կողմ: Եվրամիությունը չի ուզում այդ խաղը խաղալ»,- ասաց ԵՄ դեսպանը: Նշենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
