Բոլոր փաստարկները հիմնված են ստի ու կեղծիքի վրա․ Սուրեն Մանուկյան (video)
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ տուժողներ Գրիշա եւ Խաչատուր Քոքոբելյանները նշել են, որ վնաս չեն կրել։ Սակայն մեղադրող կողմն ու տուժող կողմի լիազոր ներկայացուցիչը գույգային պահանջ են ներկայացրել» ,- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
Նիստի ավարտին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին ևս 3 ամիս թողնել անազատության մեջ։Դատարանն այդպիսով չի բավարարել փաստաբանների ներկայացրած՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել եւ քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու եւ նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, եւ 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։
Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որեւէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետեւություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։
