Ինչո՞ւ է Ալիևն անտեսում կոչերն ու փակ պահում միջանցքը, ինչո՞ւ ԱՄՆ-ն չի դիմում կոշտ քայլերի

«Բանավոր պայմանավորվածությունը կա, գրավոր ձևակերպումն այս պահին ՀՀ-ին չի բավարարում»

Հումանիտար իրավիճակը Արցախում օր-օրի է վատթարանում: Հաց չկա ու մեծ հարցական է՝ վաղը կլինի, թե՝ ոչ։ Մարդկանց նոր կտրոններ են բաժանվում, սակայն, թե վաճառքը երբվանից կկազմակերպվի, ոչ մի կոնկրետություն։

Չնայած հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակին ու զինտեխնիկայի կուտակումներին՝ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ շարունակում են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով», - կառավարության երեկվա նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս լարվածության ֆոնին՝ Հայաստանը նախօրեին ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Ադրբեջանի նոր առաջարկները, որոնց վարչապետն այսօր խոստացավ պատասխանել առաջիկայում։ «Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները», - վստահեցրեց նա։

Չնայած խաղաղության օրակարգի շուրջ շարունակվող գործընթացին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ Աժ-ում ափսոսանք հայտնեց, որ էական հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են բավական հեռու լինել միմյանցից. - «Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ չեն եղել այս ընթացքում՝ հունիսից հետո։ Դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»։

Առաջարկների փոխանակման 5 -րդ շրջափուլում ո՞ր հարցերի շուրջ են ամենասուր տարաձայնությունները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Արուսիկ Ջուլհակյանը որոշ փակագծեր բացեցին։ «Դրանք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչումն է, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների անվտանգության իրացումն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սուվերենության պահպանումն է», - ասաց Հովհաննիսյանը։ Ապա պարզվեց. «Այո, բանավոր պայմանավորվածությունը կա, համենայն դեպս գրավոր ձևակերպումն այս պահին Հայաստանի Հանրապետությանը չի բավարարում», - հավելեց Ջուլհակյանը։ Հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը փորձում է այնպիսի մի տեքստ մատուցել, որը թույլ կտա հետագայում կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պատգամավորն ասաց. - «Մեզ առնվազն ձևակերպումն այս պահի դրությամբ վստահություն չի ներշնչում, որ երաշխավորված կլինի, այսինքն՝ բավարար երաշխիքներ կունենանք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ սադրիչ գործողություններ չեն լինի»։

Լաչինի միջանցքի վերաբացման շուրջ բանակցություններում ներգրավված են նաև ԼՂ ներկայացուցիչները

Արցախից հայտարարում են՝ Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունը։ Ռուսական մեկ բեռնատար օգնության համար Աղդամի ճանապարհի բացումից 3 օր անց Լաչինը շարունակում է փակ մնալ Հայաստանից մարդասիրական մատակարարումների համար։ Չնայած, երբ Արցախի իշխանությունը համաձայնեց ընդունել Աղդամով ռուսական բեռը, հայտարարեց Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի կողմից վերականգնվելու հարցով պայմանավորվածության մասին։

Ըստ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի` «Պայմանավորվածությունը եղել է հետևյալը՝ ռուսական կողմն իր հումանիտար բեռն ուղարկեց Արցախ, դրա փոխարեն Ադրբեջանը պետք է բացեր նաև Բերձորի միջանցքը, բայց մենք տեսնում ենք՝ հերթական անգամ, փաստորեն, Ադրբեջանն իր պարտավորությունները չկատարեց»:

«Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասել, բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակության գտնվում է մերձակա հատվածում», - ասաց Փաշինյանը:

Արցախում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր գնահատող Փաշինյանը երեկ ասում էր՝ 1000 փաթեթ պարունակող ռուսական բեռը չի կարող իրավիճակի վրա տեսանելի ազդեցություն ունենալ։ «Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հետագա մատակարարումներն ապահովելու համար: Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները», - նշեց նա:

Բայց թե ովքե՞ր, Փաշինյանի հայտարարությունից պարզ չի դառնում: Արցախի նախագահի խորհրդականը հաստատեց, որ բանակցություններ կան ու արցախցիները ներգրավված են։ Միակ բանը, որ Բաբայանի հայտարարությունից պարզվեց՝ դրանք Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումներ չեն. - «Հանդիպումներ չեն լինում, իսկ խաղաղապահների հետ հանդիպումներ, իհարկե, լինում են, բայց Ադրբեջանի հետ մենք հանդիպումներ չունենք»:

Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի բռնապետի դեմ

ԱՄՆ-ում դարձյալ լսումներ են Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ, այս օրերին կրկին բռնապետ Ալիևի բացահայտման արշավ է...

Ալիևը ցեղասպան մտադրություններ ունի, Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի բռնապետի դեմ, - Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն է հայտարարել: «Սարսափելի իրադարձություններ»․ - ամերիկացի ազդեցիկ քաղաքական գործիչն այսպես է սկսել իր մոտ 15-րոպեանոց ճառը՝ այն հասցեագրելով Սպիտակ տան ղեկավարին:

Մանրակրկիտ ներկայացնելով Արցախի պաշարման հետևանքները՝ սննդի, հիգիենայի պարագաների բացակայություն, տեղաշարժի արգելանք, մարդկանց՝ այդ թվում ծանր հիվանդի, ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգման դեպքեր, թերսնված բնակչություն․․․ Մենենդեսը ցուցադրել է Արցախում սովամահության առաջին զոհի լուսանկարները և հատուկ ընդգծել՝ լուսանկարն արխիվային չէ, այդ մարդն օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության զոհերից չէ, Հոլոքոսթի վերապրածներից չէ, կամբոջացի չէ․ - «Ընդամենը մի քանի շաբաթվա լուսանկար է Լեռնային Ղարաբաղից», - ասել է քաղաքական գործիչը: «Ալիևի կառավարությունը սարսափելի բռնությունների արշավ է իրականացնում, որոնք ունեն Արցախի հայերի դեմ ցեղասպանության բոլոր նշանները։ Նրանք նպատակային և չարամիտ կերպով շուրջ 120 հազար քրիստոնյա հայերի արգելափակել են Ղարաբաղի լեռներում․․. Ալիևը և նրա վարչակարգը փորձում են այս մարդկանց սովի մատնել՝ ստիպելով մահանալ կամ ենթարկվել քաղաքական հպատակեցման», - ընդգծել է Մենենդեսը:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև պաշտոնական Բաքվի դիրքորոշումն է վկայակոչել, ըստ որի՝ «մտահոգվելու պատճառ չկա» , միաժամանակ Ալիևի աղմկահարույց հայտարարությունն է մեջբերել, որով նա սպառնում էր «շների պես վռնդել» հայերին, հետո էլ՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո հավաստիացնում, թե էթնիկ զտումներ չի իրականացնում։ «Այս պահին ԱՄՆ-ը ձախողվում է։ ԱՄՆ-ը չի բավարարում հումանիտար կարիքները և հրապարակայնորեն բավականաչափ ճնշում չի գործադրում Ալիևի վրա՝ դադարեցնելու էթնիկ զտման արշավը», - հայտարարել է Մենենդեսը՝ իր կուսակից նախագահին կոչ անելով դադարեցնել անվտանգության ապահովմանն ուղղված ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին:

Ամերիկացի օրենսդիրը պնդել է՝ Վաշինգտոնը կարող է և պարտավոր է ակտիվ դեր խաղալ հակամարտության լուծման գործում, հատկապես երբ, ինչպես շեշտել է, ռուս խաղաղապահներն ապացուցել են, որ արդյունավետ չեն: Բոբ Մենենդեսի կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է փոխի մոտեցումը, միջնորդությունից բացի նաև հետամուտ լինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները, անվտանգությունը, արժանապատվությունը երաշխավորված լինեն, նաև միջնորդի Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ քննարկումները: «Բնականաբար, ազնիվ միջնորդությունը ենթադրում է, որ մենք պետք է ճշմարտությունն ասենք Ադրբեջանի վայրագությունների մասին։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք այն անձանց, որոնք իրականացնում են էթնիկ զտումների այդ արշավը: Մենք պետք է պատժամիջոցներ սահմանենք նրանց նկատմամբ՝ այդ թվում նախագահ Ալիևի։ Մենք պետք է արգելափակենք նրանց թաքցրած հարստության ու նավթային փողերի, զբոսանավերի և Եվրոպայով մեկ նրանց առանձնատների հասանելիությունը», - հայտարարել է ազդեցիկ սենատորը: ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականը իր ծավալուն ելույթի ավարտին հավաստիացրել է՝ այդ դաժան արշավը կազմակերպող և իրականացնող տղամարդիկ չեն խուսափի պատասխանատվությունից: «Մենք ձեզ պատասխանատվության կենթարկենք ձեր հանցագործությունների համար, նույնիսկ եթե դա տևի մի ամբողջ կյանք: Դուք գին կվճարեք։ Դուք կկանգնեք արդարադատության առաջ», - հայտարարել է Մենենդեսը։

ԱՄՆ-ն չի հանդուրժի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ

Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ «Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ և այն հետևանքներով, որ այդ արգելափակումը ունենում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Այս հարցում ստատուս քվոն մեզ համար բացարձակ անընդունելի է, և մենք չեն դադարեցնի մեր աշխատանքը, մինչև լուծում չունենանք», - ասել է բարձրաստիճան դիվանագետը։

Յուրի Քիմը շեշտել է՝ Նահանգները մշտապես պնդել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի հումանիտար և մասնավոր փոխադրումների համար՝ հավելելով, որ այդ ուղերձը հասցրել են Ադրբեջանի կառավարությանը և՛ հրապարակային հայտարարություններում, և՛ մասնավոր զրույցներում բազմաթիվ առիթներով։ «Պետքարտուղարը, Հարավային Կովկասի գծով նրա ավագ խորհրդականը, ես ու մի շարք այլ գործընկերներ անմիջականորեն ներգրավված ենք, որպեսզի առաջ մղենք Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միաժամանակ բացումը։ Նախագահ Ալիևը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հրապարակավ հայտնել են, որ համաձայն են այս պայմանավորվածությանը։ Այդ պայմանավորվածությունը այլևս չպետք է հետաձգվի», - ասել է նա։

Պաշտոնյան հայտարարել է նաև՝ բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն, և որ սա ցանկացած կայուն ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առանցքային բաղադրիչ է։ «Ադրբեջանը պետք է միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի, որ հարգում է նրանց իրավունքները, և որ նրանք կարող են ապրել իրենց տներում առանց վախի։ Ուզում եմ հստակ մի բան հայտարարել՝ Միացյալ Նահանգները չի հանդուրժի որևէ գործողություն, լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ, որ էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ իրականացվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», - ընդգծել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը։

«Մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսի և մյուս սենատորների հարցերին պատասխանել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Սենատորները Քիմին բազմաթիվ հարցեր են ուղղել, ահա դրանցից մի քանիսը՝ 2020-ի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարությամբ վիճակը պետք է հսկեին ռուսները, սակայն նրանք ոչինչ չեն անում, ինչպե՞ս կարող է Վաշինգտոնը միջամտել: Ինչո՞ւ գործադիրը չի քննարկում 1992թ. Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի գործողությունը վերականգնելու հարցը: Ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարտադրել բացել Լաչինի ճանապարհը:

Յուրի Քիմն, ով անձամբ է ներգրավված բանակցային գործընթացում և հեռախոսով քննարկումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սենատորներին ասել է, որ Պետական դեպարտամենտը կողմերին ակտիվորեն օգնում է արժանապատիվ և հարատև խաղաղություն հաստատելու գործում: Դա բխում է նաև ԱՄՆ-ի շահերից:

Նա նշել է նաև, որ հայ - ադրբեջանական պատերազմն ավարտված չէ, և պետք է ամեն բան արվի երկու երկրների միջև խաղաղություն ապահովելու համար: Նրա փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները Բաքվին փոխանցել է երկու շատ հստակ ուղերձ: Առաջինն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է անվերապահորեն և անհապաղ բացել: «Երկրորդ՝ մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»,- ասել է Քիմը:

Լսումների ընթացքում խոսել է նաև վետերան սենատոր Բեն Քարդինը: Նա նշել է, որ այս առճակատումը շատ երկար է տևում, ինքը խնդրին ծանոթ է դեռ 1990-ականներից: Պատմությունը վկայում է, որ Միացյալ Նահանգները կարողացել է վճռական քայլերով նպաստել երկարատև հակամարտությունների կարգավորմանը: «Միացյալ Նահանգների առաջնորդող դերը չափազանց կարևոր է այս երկարատև առճակատումը լուծելու համար», - ասել է Քարդինը:

Լսումներին ավարտին նախագահող Մենենդեսը հարց է տվել, թե ինչո՞ւ է Ալիևն անտեսում բոլոր կոչերը և փակ պահում միջանցքը, ինչո՞ւ ԱՄՆ գործադիրը չի ցանկանում դիմել ավելի կոշտ քայլերի, արծարծել նրա նկատմամբ անձնական սանկցիաներ սահմանելու և պատասխանատվության կանչելու հնարավորությունը: Քիմը պատասխանել է, թե գերադասում է այդ մասին չխոսել բաց լսումներում, դա կարելի է քննարկել դռնփակ ռեժիմով:

«Ինչո՞ւ»,- առարկել է Մենենդեսը և շարունակել. - «Ես կարող եմ տալ գաղտնիություն չենթադրող պատասխան: Նա չի բացում Լաչինը, որովհետև ուզում է սովամահության մատնելով, կամ սովամահության սպառնալիքով հպատակեցնել և իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, գաղտնիք դարձնելու կարիք չկա»: Մենենդեսը նաև դառնությամբ ավելացրել է. - «31 տարի եմ այս գործն անում, երբեմն ինձ զարմացնում են Պետական դեպարտամենտի ներկայացուցիչների մեկնաբանություններն այս հանձնաժողովում»:

Վաշինգտոնի նոր արձագանքը. «Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի, մենք դա հստակ ենք ասել»

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է զբաղվել Լաչինի միջանցքի վերաբացման հարցով, որը Վաշինգտոնի կարճաժամկետ առաջնահերթությունն է, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի Երևան այցին՝ սեպտեմբերի 14-ի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։ Միացյալ Նահանգների երկարաժամկետ առաջնահերթությունն է, ըստ Մեթյու Միլլերի, «որքան հնարավոր է շուտ հասնել ընդհանուր խնդրի խաղաղ կարգավորման»։

Պատասխանելով հարցին, թե «ո՞րն է Պետդեպարտամենտի ուղերձը տառապող հայ քրիստոնյաներին», Միլլերն ասել է. - «Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ենք ասել։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»։

Երեկ Երևանում ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին ընդունել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրանք, ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկել են Արցախի շուրջ իրավիճակը։ Նրանք խոսել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի մասին։

Մինչև ե՞րբ ենք կոչեր լսելու

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների համար։ «Շնորհակալություն, սենատոր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումն անցկացնելու համար։ «Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման միջոցով»,- գրել է կոնգրեսականը:

Եվ, ի՞նչ... Մինչև ե՞րբ է արցախցին լսելու կոչեր, ու մինչև ե՞րբ է Ալիևը մնալու անպատիժ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1591 անգամ
Լրահոս
Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am