Պուտինի ուղիղ ակնարկն արցախցիներին ու Ալիևին

Արցախի իշխանությունները թույլ տվեցին Աղդամով ռուսական բեռների մուտքը Արցախ

Ռուսաստանյան Կարմիր Խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարն անցել է Աղդամի շրջանով և ուղևորվում է Ստեփանակերտ, այսօր առավոտյան հաղորդեցին ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրապարակվեց նաև տեսանյութ, որում, ըստ Բաքվի, հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան հատում է անցակետը:
ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց. - «Ինչպես նախապես հայտարարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»:

Անցած շաբաթվա վերջին Արցախի իշխանությունները որոշեցին թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Արցախ։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Սրան հետևեց ադրբեջանական արձագանքը, թե ռուսականի բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին պայմանավորվածություն է, չշփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:

Այսպես, այսօրվա դրությամբ, Բաքուն համաձայնել է Լաչինի և Աղդամի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջնորդությամբ: Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ի պատասխան տեղական լրատվամիջոցների հարցերի։ «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ. - խմբ.] ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
«Ռուսաստանի Կարմիր Խաչի ընկերության կողմից Ադրբեջանի հետ համակարգմամբ բեռների տեղափոխումը Աղդամ-Խանքենդի ճանապարհով մենք համարում ենք դրական քայլ և կարևոր առաջընթաց այդ ճանապարհը բացելու ուղղությամբ», նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պուտինը հուսով է՝ Բաքուն Արցախում էթնիկ զտումներ չի իրականացնի

Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունն Արցախում էթնիկ զտումներ չի իրականացնի։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ալիևի վարչակազմն իրենց հավաստիացրել է՝ կողմ են «փափուկ գործընթացների»։ Թե խոսքը հատկապես որ գործընթացների մասին է, Ռուսաստանի առաջնորդը չմանրամասնեց։ «Հուսով եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը, ինչպես միշտ է մեզ ասել և մինչև հիմա էլ ասում է, հետաքրքրված չէ ինչ-որ էթնիկ զտումներով։ Ավելին՝ ընդհակառակը, հետաքրքրված է, որպեսզի այդ գործընթացը փափուկ ընթանա», - հայտարարեց Պուտինը։

Կրեմլի ղեկավարն այս մասին խոսեց Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում՝ արձագանքելով Երևանից Մոսկվայի հասցեին ամենաբարձր մակարդակով հնչող մեղադրանքներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Հակամարտության կարգավորման երկարամյա միջնորդը հիշեցրեց՝ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են խնդիրը լուծել տարածքային զիջումների ճանապարհով, պնդելով, թե կպայքարեն. - «Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ կարելի է խոսել։ Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, մենք առաջարկեցինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի վերահսկողության տակ, նաև՝ Ղարաբաղը, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց դրան, թեև մենք մեկ տասնամյակ փորձել ենք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Երբ հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ կռվելու ենք։ Լավ։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է»։

Այնուհետև Պուտինը հիշեցրեց վերջին շրջանում իր ենթակաների կողմից հնչող պնդումը, թե Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ՝ այդպիսով փակելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Եվ Պրահայի հայտարարությունը սա ֆիքսեց թղթի վրա։ Մենք գիտենք այս մասին։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ «Դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս դրված չէ սեղանին, այն լուծված է»։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը։ Սա մեր որոշումը չէ, այլ՝ Հայաստանի ղեկավարության», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը։

Կրեմլի ղեկավարի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում Մոսկվան այստեղ արդեն անելիք չունի։ «Եթե այդպես է, ասում են մեզ, ապա բոլոր հարցերը, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է մեզ հետ լուծվեն երկկողմանի հիմունքներով։ Դե, ի՞նչ կարող ենք ասել այստեղ։ Այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա մենք ի՞նչ պետք է անենք», - նշեց Պուտինը։

Սրա հետ մեկտեղ, ինչպես հիշեցրեց Վլադիմիր Պուտինը, հայկական կողմն ընդունում է, որ չլուծված են մնում մյուս հարցերը՝ այդ թվում Ղարաբաղի հայերի անվտանգության խնդիրը, ինչպես նաև ռուս խաղաղապահների մանդատը։ «Իհարկե այստեղ այլ հարցեր են ծագում՝ կապված հումանիտար բաղադրիչի և մեր խաղաղապահների մանդատի հետ։ Մանդատը դեռ ուժի մեջ է», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ «Բայց հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ ցանկացած տեսակի էթնիկ զտումներ թույլ չտալը, իհարկե, չեն վերացել, և ես լիովին համաձայն եմ դրան», - հայտարարել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն Արցախում չի դիմի էթնիկ զտումների, ինչի մասին հավաստիացրել է ռուսական կողմին։

Պուտինն անուղղակի մեղադրանքի սլաք է ուղղում դեպի Ալիևը, որ արցախցիները պետք է ապրեն իրենց բնակավայրերում, ոչ մի տեղ չպետք է հեռանան և Բաքուն պետք է ապահովի նրանց անվտանգությունը:

Ինչո՞ւ Պուտինը սա ասաց: Որպեսզի մոտ ապագայում ո՛չ Երևանից, ո՛չ առավելևս Բաքվից հայտարարություններ չհնչեն ռուս խաղաղապահների ներկայության անիմաստ լինելու վերաբերյալ:

Մոսկվան ու Երևանը վստահեցնում են՝ լուրջ խնդիրներ չունեն

Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատելի լարվածության ֆոնին և՛ Հայաստանից, և՛ Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ Երևանն ու Մոսկվան լուրջ խնդիրներ չունեն։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունի։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հետ, քանի որ Հայաստանի վարչապետը սահմանային լարվածության հետ կապված մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ, Վլադիմիր Պուտինն ասաց, թե Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել։ «Մենք նրա հետ շփումների մեջ ենք, որևէ խնդիր մենք Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ չունենք, մենք մշտապես կապի մեջ ենք», - նշեց Պուտինը:

«Առաջին զանգերը հենց Ռուսաստանի նախագահին են եղել», - երեկ էլ իր հերթին Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա էլ վստահեցրեց, թե մշտապես առաջին զանգերը ինքն անում է Վլադիմիր Պուտինին, իսկ անցած շաբաթ զանգահարել է այն երկրների ղեկավարներին, որոնք տեղեկացված չեն «որոշ նրբությունների» մասին։ «Այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որպեսզի նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ Ռուսաստանի նախագահի հետ, ըստ անհրաժեշտության, իհարկե, հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ», - նշեց Փաշինյանը:

Երեկ Փաշինյանը հավաստիացնում էր, որ Երևանը որևէ քայլ Ռուսաստանի դեմ չի անում, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, որ իր կնոջ այցը Կիևը և հումանիտար օգնության տրամադրումը քաղաքական ենթատեքստ չունի և որ հայ- ամերիկյան զորավարժությունները առաջին անգամ չեն Հայաստանում անցկացվում։ Փաշինյանն ասում էր, թե հայկական կողմն ակտիվ աշխատում է, որ Ռուսաստանում ճիշտ ընկալումներ ձևավորվեն. - «Նաև ռուսական մամուլում երբեմն կապվում է Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, բայց Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի. Ինչո՞ւ ենք վավերացնում, որովհետև ուզում ենք, որ մասնավորապես 2022թ. սեպտեմբերի դեպքերը, 2021թ. դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան:

Սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանն այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում, ցավոք սրտի, Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել և ուղղակի ոչինչ չանել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11168 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Գեղարքունիքում․ գյուղապետարանի մոտ վեճի մասնակիցները հարվածներ են հասցրել միմյանց Տուգանքները կաթվածահար են անում առաքման ոլորտը Երևանում ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. Ռոբերտ Քոչարյան Ծաղր երաժիշտների հանդեպ. ում համար էր ԱԱԾ-ն գործիք գնում․ oragir.news Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը Խոսակցությունները, թե ադրբեջանական բենզինի ներկրման շնորիվ է Հայաստանի շուկայում գինն իջել, հիմարություն են․ Քոչարյան TRIPP-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու. Ռոբերտ Քոչարյան Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․փաստաբան Ռազմական ինքնաթիռ է կործանվել Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի առոջղական վիճակը ծանր է Ներքաղաքական առումով ունիկալ իրավիճակ է. հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանը պետք է անի ամեն ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար. Քոչարյան Ներքաղաքան ունիկալ վիճակ է. Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտեր (video) Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց Իրան․ Թրամփը «կարող է պատերազմ սկսել» Իրանի հետ, բայց չի կարող վերահսկել դրա արդյունքը Նիպա վիրուսի պատճառով ասիական երկրներն օդանավակայաններում խստացրել են ստուգումները «Հրապարակ». Եթե նրանք վերարտադրվեն, մենք շատ արագ պատերազմի մեջ կհայտնվի «Հրապարակ». Նախընտրական կրքեր Սյունիքում․ Աննա Հակոբյանի «պրոտեժեին» ՔՊ-ից հեռացրել են Պետական մարմինները չեն գտնում վերահսկողին. ո՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք» ԱՄՆ դաշնակիցները պահանջում են կանխել Իրանի հետ հակամարտությունը Վրաստանը փոփոխություններ կմտցնի՝ անկարգությունների ֆինանսավորումը կանխելու համար «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Նիկոլի հերթական ստերի բացահայտումը․ 100 հազար դրամի խաբեությունը․ սա էլ «խլեցին» ժողովրդից․ Սարգսյան (video) «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am