Եթե ուզում է քննադատել հռչակագիրը, պետք է հրաժարական տա և հանդես գա որպես «հպարտ քաղաքացի» կամ լրագրող

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ՝ Անկախության հռչակագրի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը բուռն քննարկումների, քննադատությունների առիթ դարձավ։ Քննադատների հավաքական տպավորությունն այն էր, որ Փաշինյանը, մեր բոլոր դժբախտությունները բարդելով այդ ուղերձի վրա, մտադիր է փոխել այն եւ հատկապես հռչակագրից օրենսդրական ճանապարհով վերացնել այն դրույթները, որոնք վերաբերում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությանը, ինչպես նաեւ Արցախին` որ այն փաստացի ճանաչվի Ադրբեջանի մաս։ Ասենք՝ հռչակագրի կետերից մեկով Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Հիշեցնենք․ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը: Այս հիմնարար փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, մեր երկիրն ունեցավ պետության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան: Ամրագրվեց, որ Հայաստանն ունենալու է սեփական զինված ուժեր, բանկային համակարգ: Հռչակագիրը փաստացի Հայաստանի ծննդյան վկայականն է: Այն «կադաստրի վկայականը», որը Փաշինյանն ուզում է ստանալ թշնամի պետություններից:


Քանի դեռ չունեինք Սահմանադրություն, Անկախության հռչակագիրը նաեւ Սահմանադրության դեր էր կատարում. ընդունվել էր սահմանադրական օրենք, ըստ որի՝ ցանկացած օրենք Հայաստանում գործում է, եթե չի հակասում հռչակագրի դրույթներին: Անկախության հռչակագրին հղում կա մեր Սահմանադրության մեջ, ուրեմն հռչակագիրը ոչ միայն կարեւոր պատմական փաստաթուղթ է, այլեւ գործող հիմնարար օրենք:

Մինչդեռ պետության ղեկին հայտնվածը հռչակագրի ընդունումից 33 տարի անց հայտնաբերել է, որ մեր դժբախտությունների պատճառն այդ փաստաթուղթն է, եւ հասկացնում է, որ պետք է այն փոխվի՝ խորամանկելով, թե դա անկախության ու ինքնիշխանության օգտին կատարվող ընտրություն է։ «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ եւ բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձեւը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարեւանների հետ: Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայցեւ փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է թե՝ 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձեւ, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»,- նշված է նրա ուղերձում:

Փաշինյանի համոզմամբ՝ հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ունի խոր քննության․ «Եվ հիմա, Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի օրը, ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է, որովհետեւ, եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

1990-ին ընդունված հռչակագրի տեքստի մշակմանն ու ընդունմանը մասնակցած ԳԽ պատգամավոր Սուրեն Զոլյանը չի ցանկանում բովանդակային քննարկման ենթարկել Փաշինյանի ուղերձի տողատակերը: Նրան հիշեցնում է՝ հռչակագիրը, կարեւոր պատմական փաստաթուղթ լինելուց առաջ, ՀՀ գործող հիմնարար օրենքն է, իրավական ակտ, որը բոլորը կարող են քննարկել, բայց ոչ պետության գլուխը, որը պարտավոր է առաջնորդվել դրանով․ «Գիտեք՝ ոչ թե զարմանալի է, այլ անհավատալի, որ պետության գլուխն է այդ ուղերձի հեղինակը, նա պետք է հասկանա, որ ոչ թե խոսում է ինչ-որ գեղարվեստական-փիլիսոփայական տեքստի մասին, այլ պաշտոնական ընդունված սահմանադրական օրենքի ուժ ունեցող տեքստի։ Որպես լրագրող, իրավաբան, փիլիսոփա՝ Փաշինյանն իրավունք կունենար գնահատականներ հնչեցնելու, բայց որպես պաշտոնյա՝ պարտավոր է հետեւել Սահմանադրության թե՛ ոգուն, թե՛ բառին, հակառակ դեպքում, եթե ուզում է շեղվել, պետք է հրաժարական տա եւ հռչակագիրը քննարկի ոչ թե որպես վարչապետ, այլ, ասենք, հպարտ քաղաքացի, պատմափիլիսոփա եւ այլն»։ Փաշինյանի այսօրինակ պահվածքն ախտորոշում է մեր իշխանության ներկայիս վիճակը, Զոլյանի բնորոշմամբ՝ մենք ունենք կիսագրագետ գործիչներ, ոչ թե պետականամետ այրեր․ «Դուք հասկանո՞ւմ եք, որ խոսքն այն փաստաթղթի մասին է, որով պետությունն է ստեղծվել, նաեւ՝ վարչապետի պաշտոնը»։ 

Անդրադառնալով Սահմանադրության հիմք հանդիսացող հռչակագիրը փոխելու մասին խոսակցություններին՝ Զոլյանն ասաց․ «Եթե նա գա նման քայլի, նախ պիտի անվավեր ճանաչի Հայաստանի Հանրապետությունը, դա կլինի նորաստեղծ հանրապետության վերջնական արարը․․․ եւ, ի վերջո, արդեն կասկածներ է հարուցում՝ նման պետություն՝ նման վարչապետով, գոյության իրավունք ունի՞, թե՞ ոչ»։

Խոսելով այն մասին, որ, ըստ Փաշինյանի, հռչակագրում ամրագրված դրույթներն են մեզ մեր հարեւանների հետ անընդհատ կոնֆլիկտների մեջ պահել, Զոլյանն առաջարկեց վերլուծել տարածաշրջանային իրավիճակը վերջին տասնամյակներին. «Գոյություն ունի երկու ռազմավարական ծրագիր՝ պանօսմանիզմի, որի նպատակն է՝ վերականգնել Օսմանյան կայսրությունն ինչ-որ ձեւով․ մենք դա տեսնում ենք Իրաքի, Սիրիայի պարագայում, որոնք նման հռչակագիր չեն ընդունել, բայց ունեն պրոբլեմներ: Երկրորդ ծրագիրը, որը սկսել է գործել, Մեծ Ադրբեջանի ծրագիրն է, այսպես կոչված՝ հարավային, արեւմտյան, այդ թվում` այսօրվա Հայաստանը, որը դարձել է Արեւմտյան Ադրբեջան։ Այսինքն՝ Ադրբեջանն իր ռազմավարական ծրագիրն է իրականացնում եւ ուզում է, որ Հայաստանը չեղարկի իր Անկախության հռչակագիրը, հակաանկախության հռչակագիր ընդունի, այդ ծրագրում Հայաստանի համար տեղ չկա։ Բայց դա չի նշանակում, որ մենք՝ ուզենք-չուզենք, պետք է ենթարկվենք այդ ծրագրին, քանի որ գոյություն ունեն ազդեցիկ ուժեր, որոնք եւս դեմ են այդ ծրագրին, դա Հնդկաստանն է, արաբական աշխարհը եւ այլն։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ բարեգործական բեռներ ուղարկենք Թուրքիա, չենք կարող չեղարկել պանօսմանիզմի ծրագիրը, ոչ էլ՝ Մեծ Ադրբեջանի։ Ուրեմն պետք է դառնալ հուսալի դաշնակից այն ուժերի համար, որոնք դեմ են այդ ծրագրերին։ Առանց հասկանալու, որ մենք ոչ թե մեր հռչակագրով ենք հռչակված թշնամի, այլ ինչ-ինչ ռազմավարական ծրագրերի պատճառով, պարզապես զավեշտ է նման ուղերձ հղելը»։

Զոլյանը նույնպես այն կարծիքին է, որ գործող Սահմանադրությունը Փաշինյանին հնարավորություն չի ընձեռում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, եւ հիմա այն փոխելու համար հող է նախապատրաստում:

 

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am