«Պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչի՞ ուրիշները կարող են, իսկ մենք ոչ, և ինքներս մեզ «թասիբի գցենք»». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին և հանդես է եկել ելույթով: Ստորև ներկայացվում է վարչապետի խոսքն ամբողջությամբ. «Հարգելի հայրենակիցներ, Ողջունում եմ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը, պլանավորել մեր անելիքները՝ առաջ նայելով մեր ապագային և հաշվի առնելով անցյալի դասերը: Նախ և առաջ իմ համոզմունքն է, որ Հայաստանը ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին և արտաքին մարտահրավերներին: Այսօրվա աշխարհը, այդ թվում և Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով: Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում: Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար: Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, և այս ամենին հասնելու համար մեզ պետք են մտածելակերպ և գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ: Այս ամենի իրականացմանն է ձեռնամուխ եղած մեր թիմը և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք բոլորս միասին չենք կարող հաջողել: Հարգելի հայրենակիցներ, Դարերի ընթացքում մենք մղել ենք պայքար և մեր ուժերն ենք համախմբել հիմնականում այն պահին, երբ վտանգ ենք զգացել մեր գոյությանը… մենք հպարտանում ենք այն փաստով, որ մեր ազգը, ի տարբերություն բազմաթիվ այլ ազգերի, պահպանել է իր ինքնությունը և կարողացել է մշտապես զարգանալ և արարել: Մենք անցել ենք կռիվների, հալածանքների, ճնշումների, ցեղասպանության և բնաջնջման փորձերի միջով… Բոլոր դժվարությունների պարագայում մեր ազգը երբեք չի կորցրել իր ինքնասիրությունը, արժանապատվությունը, չի հրաժարվել անկախ Հայաստան ունենալու երազանքից: Մեր դժվարությունները անհամեմատելի են այն դժվարություններին, որի միջով անցել են մեր նախնիները: Արդյունքում մենք այսօր կանք, մենք ունենք մեր ԱՆԿԱԽ պետությունը: Սա գերագույն արժեք է: Համոզված եմ, որ ժամանակակից, արդյունավետ, տրամաբանական, զարգացող, պատմության լավ ավանդույթների վրա հիմնված երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել: Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք թե ինչպես կարող ենք մասնակցել և ինչպես կարող ենք ծառայել այդ նպատակին: Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչի՞ ուրիշները կարող են, իսկ մենք ոչ, և ինքներս մեզ «թասիբի գցենք»: Համոզված եմ, որ այսօր բոլորիս նպատակն է հանդիսանում Ազատ, Անվտանգ, Արդար և Խելացի Հայաստան ունենալը, և բոլոր նախապայմանները ունենք դրա համար։ Այսօր 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն ենք, ամուր կանգնած ենք մեր Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության: Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք: Շատ-շատերը, անկախությունից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում են աշխարհի բոլոր ծայրերում, տարբեր ձևաչափերով մասնակցում են մեր երկրի կառուցման գործընթացին: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց և գնահատում ենք այդ մոտեցումը: Փաստ է նաև, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ: Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա: Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել: Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար: Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից»։ Այս ճանապարհին պետք է լինենք ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվենք բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատենք թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը: Պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատենք մեր թերությունները, լավատեսորեն նայենք առաջ, տրամադրվենք և համառ գործենք: Մեր զարգացման և բարեփոխումների գործընթացի մեջ ուղիղ և անմիջական դերակատարում կարող է ունենալ յուրաքանչյուրս, անկախ քաղաքացիությունից, կացությունից, մասնագիտությունից և անկախ նրանից, թե քանի օր է անցկացնում Հայաստանում, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ և ցանկություն ունեն մասնակից լինելու հայրենիքի ապագայի կառուցմանը: Հարգելի գործընկերներ, Մի քանի խոսքով ուզում եմ խոսել այն բարեփոխումների մասին, որ ներկայումս իրականացնում ենք, մեր քայլերի և տրամանության մասին: Մենք համոզված ենք, որ հաջողակ են այն երկրները, որտեղ արարող, հավելյալ արժեք ստեղծող, աշխատասեր, երկրի համար անհանգիստ մարդը զգում է իր պահանջվածությունը: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել հենց այդպիսի երկիր: Դրան է ուղղված մեր Կառավարության հնգամյա ծրագիրը: Ներկայումս մշակում ենք Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030-ը, մշակում ենք Հայաստանի թվային օրակարգը, առանց որի հնարավոր չէ ապահովել արդյունավետության աճ և զարգացում, իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ, մասնավորապես՝ Կառավարությունը վերանայում է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ մեր քաղաքացու համար հնարավորություն ստեղծելով ստանալ այն գիտելիքները, ունակությունները և հմտությունները, որոնք կենսական նշանակություն կունենան ժամանակակից աշխարհում: Մենք նախաձեռնել ենք հանրային կառավարման ոլորտի ռեֆորմներ՝ բարելավելով որոշումների կայացման մեխանիզմները, զարգացնելով կառավարման ինստիտուտների կարողությունները` դարձնելով ավելի արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ և ներառական: Արդեն մի շարք ծրագրեր ենք նախաձեռնել, որոնք հնարավորություն կտան մեր սփյուռքին ավելացնելու իրենց մասնակցությունը թե՛ պետական կառավարման մեջ, և թե՛ բիզնեսում: Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը և անաչառությունը ապահովելու համար։ Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա: Իրականացնում ենք առողջապահության ոլորտի կառավարման արդիականացման ծրագիր՝ ավելի բարձրակարգ և որակյալ բուժսպասարկում ապահովելու, իսկ համակարգը՝ ավելի արդյունավետ դարձնելու համար: Գյուղատնտեսության ոլորտում շեշտը դնում ենք ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման վրա՝ միաժամանակ ֆերմերային տնտեսություններին ապահովելով արտոնյալ ռեսուրսներով՝ տարեկան 2 տոկոսանոց վարկ գյուղտեխնիկայի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ձեռք բերման համար, ինչպես նաև այլ արտոնյալ վարկեր: Ամբողջովին վերանայել ենք մարզերի և համայնքերի զարգացման տրամաբանությունը՝ շեշտը դնելով չափելի և պրագմատիկ հնգամյա զարգացման ծրագրերի վրա: Մենք աշխատում ենք գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, որը պետք է նաև իր դրսևորումը ստանա Հայաստանի Doing Business վարկանիշի դիրքերի բարելավման մեջ: Հետևողականորեն բարելավում ենք հարկային և մաքսային վարչարարությունը՝ արագ և արդյունավետ դարձնելու համար բիզնեսի հետ փոխգործակցությունը: Հայաստանը գործարարության և ներդրումների արդյունավետ և ճկուն հարթակ դարձնելու աշխատանքները կլինեն շարունակական: Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն իր շուկայով, այլև որպես հարմար հարթակ մեծ շուկաներ ներթափանցելու համար: Այսպես՝ ԵԱՏՄ- 180 միլիոնանոց շուկա, որին մուտք գործելու համար հայկական ձեռնարկություններն ունեն առավելություններ և արտոնություններ, Հարևան ԻՐԱՆ- 80 միլիոնանոց շուկա, սահմանին ազատ տնտեսական գոտի, իսկ ԵԱՏՄ մակարդակով վարվում են բանակցություններ՝ առևտրային հատուկ ռեժիմներ ունենալու վերաբերյալ, Եվրամիություն և ԱՄՆ- GSP+ համակարգ, որը հնարավորություն է տալիս հայկական ապրանքներն արտոնյալ ռեժիմներով հասցնել ԵՄ և ամերիկյան շուկաներ։ Ավելին ասեմ, Եվրամիության հետ այս նոյեմբերին ստորագրվող համաձայնագիրն առավել կխորացնի այդ համագործակցությունը։ Հարևան ՎՐԱՍՏԱՆ- ազատ առևտրի համաձայնագիր: Մենք ուզում ենք, որպեսզի Սփյուռքի մեր գիտության և մշակութային գործիչները, կառավարիչները, ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցները մասնակից դառնան երկրում ընթացող բարեփոխումներին՝ կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը մեր համազգային նպատակներին ծառայեցնելու համար: Մեջբերեմ այն փաստը, որ Սիրիայի դեպքերից հետո Հայաստան ժամանած մեր հայրենակիցները իրենց աշխատասիրությամբ, գործին նվիրվածությամբ և բիզնես մշակույթով որակապես փոխել են Հայաստանի ծառայությունների ոլորտը: Հարգելի գործընկերներ, Մենք ճիշտ ուղու վրա ենք, որի մասին խոսում են ընթացիկ ցուցանիշները. տնտեսական ակտիվության աճ՝ 6.2 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ոլորտի աճ՝ 12.7 տոկոս, պետական բյուջեի մուտքերի աճ՝ 6 տոկոս, իսկ ավելացված արժեքի հարկի վերադարձի պայմաններում՝ 9.3 տոկոսի աճ՝ միաժամանակ նվազեցնելով ձեռնարկությունների ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 47.8 տոկոսով, արտահանման աճ՝ 21.6 տոկոս, ներմուծման աճ 28.5 տոկոս, և որի կառուցվածքն է մեզ հուսադրում, մոտ 24.3 տոկոսով ավելացել է դեպի Հայաստան այցելությունների քանակը։ Այլ թվերի մասին կխոսեն իմ գործընկերները: Գիտակցում ենք, որ մեկ տարվա աշխատանքի այս արդյունքները դեռ բավարար չեն Հայաստանի բնակիչների կյանքը որակապես փոխելու համար։ Պետք է ակտիվ շարունակենք այն ամենը՝ միաժամանակ մշակելով և իրականացնելով նոր ծրագրեր։ Վստահ եմ, որ նախանշված հաջողություններին ավելի շուտ կհասնենք հայության բոլոր հատվածների հետ համատեղ աշխատանքը ընդլայնելու և ավելի առարկայական և արդյունավետ դարձնելու միջոցով, քանի որ միասին այստեղ ունենք հսկայական առավելություն: Մասնավորապես, սփյուռքահայությունը շատ լավ հասկանում է, թե ինչպիսի միաջավայր է ակնկալում օտարերկրյա ներդրողը, և կարող է մեզ ուղղորդել։ Այդ խնդրի լավագույն լուծումը բազմաֆորմատ համագործակցության խորացումն է: Խիստ կարևոր է նաև ընդհանուր և առարկայական, կոնկրետ ծրագրերի քննարկումը: Դրա համար, հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական և ներդրումային ֆորում Հայաստանում, որի հարթակներում կխոսենք Հայաստանի վաղվա օրվա մասին, Հայաստանի տեսլականի մասին, կներկայացնենք արդեն իսկ հաջողած և ընթացքի մեջ գտնվող նախագծերը, ինչպես նաև ամբողջովին նոր բիզնես նախագծեր՝ թե մասնավոր և թե հանրային-մասնավոր ձևաչափով: Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա: Հարգելի գործընկերներ, Ինչպես արդեն նշել եմ տարեսկզբին՝ դիմելով Սփյուռքի մեր հայրենակիցներին, Հայաստանը եւ Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ: Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելը եւ հզոր ու բարեկեցիկ Հայրենիք ունենալը: Սա մեզ թույլ է տալու ամուր դիրք ունենալ և մեր երկրի շահերը թելադրել և հաջողությամբ առաջ տանել ապագայի աշխարհում: Եվ ևս մի միտք եմ ուզում հնչեցնել և ուզում եմ ճիշտ հասկացված լինել. ցանկացած հայանպաստ, հայապահպան գործի նյարդերն ու թելերը, անկախ նրանից, թե որտեղ է այդ գործը սկսվել և ով է այն նախաձեռնել, անպայման պետք է կապված լինեն Հայաստանի հետ՝ այն հնարավոր ձգողական ուժի հետ, որի մասին քիչ առաջ խոսում էի: Առանց այս կապի դժվար է իրականացնել համակարգված հայանպաստ գործունեություն: Իմ գործընկերնեը պատիվ կունենան մանրամասն ներկայացնելու ՀՀ Կառավարության կողմից իրականացվող մի քանի կարևոր նախաձեռնությունների մասին: Առաջարկում եմ մասնակից լինել այդ նախաձեռնությունների քննարկմանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն մեր համաժողովին»:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am