Գյումրիում «ԳԱԶ-3110»-ը վրաերթի է ենթարկել հարս ու սկեսուրի, սկեսուրը մահացել է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ֆերդինանդ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: Դեպքի պահին Ֆերդինանդը 23 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրված երկու հետիոտնի վրաերթի ենթարկելու, մեկին անզգուշաբար՝ մահ, մյուսին՝ ծանր վնասվածքներ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Ֆերդինանդ Գ.-ն իր վարած «ԳԱԶ-3110» մեքենայով Գյումրիի Տիգրան Մեծ փողոցով ընթացել է դեպի կայարանամերձ հրապարակ: Տիգրան Մեծ փողոցի 8-րդ շենքի դիմաց նա խախտել է ՃԵԿ համապատասխան կետերի պահանջները, ավտոմեքենան վարել է 49,3 կմ/ժ արագությամբ ու վրաերթի է ենթարկել հետիոտներ Կարինե Ն.-ին ու Անահիտ Գ.-ին: Վրաերթի հետևանքով Կարինեն մահացել է, իսկ Անահիտի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Անահիտն ու Կարինեն  հարս ու սկեսուր էին: Վրաերթը կատարվել է Կարինեի ամուսնու՝ Անահիտի սկեսրայրի աչքի առաջ… Դատարանում ամբաստանյալ Ֆերդինանդ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքը: Ֆերդինանդը հայտնել է, որ ամուսնացած է, ունի մեկ մանկահասակ երեխա: Աշխատանք չի ունեցել, ընտանեկան հոգսերը հոգացել է իրեն պատկանող «ԳԱԶ-3110»-ը որպես տաքսի վարելով: Դեպքի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ն անց 30-ից  19-նն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում՝ «Բասեն» խանութի մոտակայքում վրաերթի է ենթարկել երկու կանանց: Զղջացել է կատարածի համար: Ըստ Ֆերդինանդի նախաքննական ցուցմունքի՝ նա եղբոր ու երկու ընկերների հետ իր վարած մեքենայով երթևեկել է Գյումրիի Սայաթ-Նովա փողոցով: Ցանկացել է ընկերներին տանել «Բարաքներ» կոչվող թաղամասը: Իրենք սթափ էին: Արդեն մթնել էր, ինքը մեքենան վարել է մոտակա լույսերը վառած վիճակում: Սայաթ-Նովայից թեքվել է դեպի Տիգրան Մեծ փողոց: Մեքենան վարել է մայթեզրից մոտ 3 մետր հեռավորությամբ: «Բասեն» խանութի դիմացի հատվածում ճանապարհը սառած էր: Ինքը մեքենան վարել է 40-50 կմ/ժ արագությամբ: Երբ «Բասեն» խանութն անցել է, իր երթևեկելի գոտում՝ 4-5 մետր հեռավորության վրա, պատահական նկատել է մեկ մարդու: Ինքը հա՛մ արգելակել է, հա՛մ էլ մեքենան թեքել է դեպի աջ, որ խուսափի այդ մարդուն վրաերթի ենթարկելուց: Երբ արգելակել է, մեքենան սահելով գնացել է առաջ ու ձախ մասով հարվածել է այդ մարդուն: Վրաերթից հետո մեքենան անցել է կես մետրից մինչև մեկ մետր ու կանգ է առել: Բոլորն իջել են մեքենայից: Ինքը տեսել է, որ մեքենայի ձախ կողմում՝ մեքենայի մեջտեղի մասից մոտ կես մետր հեռավորության վրա ընկած են մի կին ու մի աղջիկ: Ինքն օգնություն է կանչել: Մոտեցել է այնտեղ կանգնած «ԲՄՎ»-ի վարորդը, ում ինքը չի ճանաչել, և ով վրաերթի ենթարկվածների հարազատն էր: Իր եղբայրը վրաերթի ենթարկված աղջկան դրել է այդ  մարդու   մեքենայի մեջ, իսկ կնոջը դրել են իր մեքենայի մեջ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Ինքը վրաերթից առաջ իր երթևեկելի գոտում նկատել է մեկ հետիոտնի, բայց երբ իջել է մեքենայից, տեսել է, որ վրաերթի են ենթարկվել երկու կին: Ըստ Ֆերդինանդի՝ վրաերթի ժամանակ փողոցի լույսերը միացված չեն եղել: Վրաերթին նախորդող պահին համընթաց երթևեկող մեքենա չի եղել, եղել է հանդիպակաց ընթացող մեքենա, որի լույսերի տակ էլ  տեսել է հետիոտնին՝ իր ճանապարհին: Այդ մեքենայի լույսերից ինքը մի պահ շլացել է: Թեթև սեղմել է արգելակը ու նորից ընթացել է 40-50 կմ/ժ արագությամբ: Երբ տեսել է հետիոտնին, չի հասկացել՝ նա կանգնա՞ծ է, թե՞ քայլում է: Հետիոտները փողոցը հատում էին ձախից աջ: Նրանց վրաերթի է ենթարկել արգելակած վիճակում, բայց մեքենան միանգամից կանգ չի առել: Ինքը հետիոտնին տեսնելով՝ ձայնային  ազդանշան չի տվել… Իր մեքենան սարքին վիճակում էր… Վրաերթից հետո կոտրվել է իր մեքենայի առջևի ձախ կողմի լուսարձակիչը ու ձախ կողմի դռան հայելին… Տուժող Անահիտ Գ.-ն հայտնել է, որ իր հետ կատարված դեպքը չի հիշում, իրեն պատմել են հարազատները: Ինքն աշխատանքից հետո տուն էր վերադառնում… Տուժողի իրավահաջորդը՝ մահացած Կարինեի ամուսինն ու ծանր վնասվածքներ ստացած Անահիտի սկեսրայրը հայտնել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ի սահմաններում կնոջ՝ Կարինեի հետ դիմավորել է բանկում աշխատանքը վերջացրած հարսին՝ Անահիտին: Իր մեքենայով գնացել են Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Բասեն» խանութ: Կինն ու հարսը ցանկանում էին գնումներ կատարել: Ինքը մեքենան կանգնեցրել է «2×2» սրճարանի դիմաց: Կինն ու հարսն իջել են մեքենայից, գնացել են խանութ: Ինքն էլ է իջել ու վարորդի դռան մոտ կանգնած՝ սպասել է նրանց: Քիչ անց Կարինեն ու Անահիտը դուրս են եկել «Բասենից» և հանգիստ քայլերով անցել են փողոցը: Երբ նրանք իր մեքենայից գտնվում էին մեկ մեքենա լայնությամբ հեռավորության վրա, դեպի կայարանամերձ հրապարակ տանող երթևեկելի գոտիով ընթացող սև «ԳԱԶ-3110» է հայտնվել՝ մոտ 50 կմ/ժ արագությամբ: Նա իր աչքի առաջ վրաերթի է ենթարկել կնոջն ու հարսին: Մեքենան Անահիտին շպրտել է դեպի ձախ ու անցել է՝ իր հետ տանելով Կարինեին… Այդպես անցել է 3-4 մետր ու կանգ է առել: Այդ մեքենան ձայնային ազդանշան չի տվել… Երբ մեքենան կանգ է առել, իջել է վարորդը, ով շատ վախեցած էր: Ինքն այդ վարորդի հետ կնոջը դրել է նրա մեքենայի մեջ, իսկ հարսին դրել են իր մեքենան: Տարել են հիվանդանոց: Այդ վարորդին ինքը նախկինում չի ճանաչել… Հիվանդանոցում կինը մահացել է, իսկ հարսին տեղափոխել են Երևան՝ Էրեբունու հիվանդանոց, որտեղ նա բուժվել է: Կնոջ հետ կապված արարողությունների ժամանակ ինքը ծախսել է 1 միլիոն 500  հազար դրամ… Դեպքի վայրում վրաերթից հետո թափված էին ապակու կտորտանք ու կոնֆետներ, որ տուժողներն էին գնել խանութից… Դատարանը Ֆերդինանդ Գ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով ու դատապարտել է 2 տարի ազատազրկման՝ 1 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Պատժի սկիզբը կհաշվվի Ֆերդինանդին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե ներկայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի: Ֆերդինանդ Գ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի  1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես մահացած Կարինեի հուղարկավորության ծախսերի հատուցում, իսկ հօգուտ տուժող Անահիտի կբռնագանձվի  1 միլիոն 141 հազար 800 դրամ՝ որպես բուժման ծախսերի հատուցում: Անահիտի ներկայացրած քաղհայցի մնացած մասը թողնվել է առանց քննության: Ֆերդինանդ Գ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 67 հազար 200 դրամ՝ որպես դատական ծախսի՝ կատարված փորձաքննության արժեքի հատուցում: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ միջնորդելով իր երիտասարդ պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան: Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանը ներկայացրեց բողոքը: Դեռևս ազատության մեջ գտնվող ամբաստանյալը միացավ իր պաշտպանին: Դատարանը հարցրեց տուժողի և տուժողի իրավահաջորդի վնասների հատուցման մասին: Ֆերդինանդը կցկտուր ասաց, թե տուժողի իրավահաջորդն առաջին ատյանի դատաքննության ժամանակ իրենից գումար չի պահանջել, դատարանում ասել է՝ «ԱՊՊԱ-ն ինչ-որ բան տվել է»: Ըստ Ֆերդինանդի՝ տուժողի իրավահաջորդը ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չէ և իրենից գումար չի պահանջում: Ինչ վերաբերում է տուժող Անահիտին, ապա վերջինս իր ներկայացուցչի հետ վերաքննիչ դատարան էր եկել, չնայած վերաքննիչ բողոք չէր ներկայացրել: Ֆերդինանդ Գրիգորյանը կցկտուր արտաբերեց, որ իրենք գումար են առաջարկել տուժող Անահիտին, բայց նրա ընտանիքը գումարը չի վերցրել, ավելին է պահանջել: Հստակություն մտցրեց տուժող Անահիտի ներկայացուցիչը՝ մայրը, ով ասաց, որ իրենց կանխիկ գումար չեն առաջարկել, այլ առաջարկել են պարտավորագիր՝ որ պարտավորվում են վճարել դատարանի որոշած գումարը: Պարտավորագիրը վերցնելուց իրենք հրաժարվել են: Անահիտի մայրը զգացմունքային ելույթ ունեցավ՝ նշելով, որ վթարի պատճառով դստեր երջանկությունը փլուզվել է: Անահիտը երկու բարձրագույն կրթություն է ստացել, լավ մասնագետ է դարձել, աշխատել է Գյումրիի բանկերից մեկում, բացի այդ՝ ամուսնացել է սիրած տղայի հետ ու գտնվել է երջանկության գագաթնակետին: Իսկ Ֆերդինանդ Գրիգորյանի կողմից կատարված վրաերթը փլուզել է Անահիտի երջանկությունը: Նա կորցրել է առողջությունը: Մոտ քսան օր գտնվել է կոմայի մեջ, սկզբում հույսեր չեն տվել, թե նա կապաքինվի: Երբ ուշքի է եկել պարզվել է, որ ոչինչ չի հիշում: Նրա հիշողությունը վերականգնվել է աստիճանաբար, երկու ամիս Անահիտը գտնվել է հիվանդանոցում, բայց ներկայումս էլ ունի առողջական խնդիրներ, դրա վերաբերյալ առկա է բժշկական հանձնաժողովի եզրակացություն: Բացի այդ, դժբախտությունից հետո չի պահպանվել նաև Անահիտի նորաստեղծ ընտանիքը… Դուստրն ու նրա սկեսուրը խանութից դուրս են եկել, փողոցը հատել են հետիոտնային անցումով: Մի մեքենա նրանց զիջել է: Հանկարծ որտեղից որտեղ՝ հայտնվել է ամբաստանյալի՝ արագ ընթացող մեքենան, ու կատարվել է ողբերգական վրաերթը… Տուժող Անահիտի մայրն ասաց, որ դստեր բուժման ու ապաքինման գործընթացում իրենք մեծ ծախսեր են արել՝ ծախսել են բնակարան ձեռք բերելու համար իրենց ընտանիքին տրված գումարը՝ հրաժարվել են բնակարան գնելուց: Ֆերդինանդ Գրիգորյանից  իրենք պահանջել են 7 միլիոն 300 հազար դրամ՝ որպես Անահիտի բուժման ու ապաքինման ծախսերի հատուցում: Քանի որ Անահիտի բուժման ընթացքում իրենց ընտանիքը գտնվել է սթրեսային վիճակում, իրենք չեն պահպանել բոլոր անդորրագրերը, և դատարանը իրենց պահանջը բավարարել է մասնակիորեն՝ 1 միլիոն 141 հազար 800 դրամի չափով: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության, և իրենք պատրաստվում են իրենց  պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով: Անահիտը, առողջությունը կորցնելով, դեռևս անկարող է աշխատել իր մասնագիտությամբ, նա կորցրել է աշխատանքը… Ֆերդինանդ Գրիգորյանի ընտանիքի կողմից իրենք ոչ մի դրամ  փոխհատուցում չեն ստացել: Ահա թե ինչու՝  ինչպես տուժող Անահիտը, այնպես էլ նրա ներկայացուցիչը՝ մայրը, առարկեցին ամբաստանյալի շահերի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքի դեմ և պահանջեցին, որ Ֆերդինանդ Գրիգորյանն իրական պատիժ կրի, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառվի: Ստեղծված իրավիճակում, երբ առաջին ատյանի դատարանի դատական ակտից հետո ևս ամբաստանյալը չէր հատուցել տուժողին պատճառած վնասը, չէր հատուցել նաև տուժողի իրավահաջորդին պատճառած վնասը՝ պատճառաբանելով, որ մահացածի ամուսինը բավարարվել է ԱՊՊԱ-ի տվածով, վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ անփոփոխ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 2 տարի իրական ազատազրկումով և տրանսպոտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի զրկելով: Պատժի սկիզբը կհաշվվի Ֆերդինանդ Գրիգորյանին փաստացի արգելանքի տակ վերցնելու պահից:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ. Բագրատ Սրբազան Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան Պարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքը «Էնքան ասեցինք հեծանիվ չես քշում, գնաց հեծանիվ քշելու: Ասե՞նք գնա լողալու» Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում են Հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի. Դավիթ Անանյան Եթե այդ մարդկանց վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, դա ծիծաղելու է իմ համար. Լևոն Արոնյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Ժամը 19:00-ին բոլորին սպասում ենք.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների. Գարեգին Բ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ․ փաստաբան Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դրա ընթացքը բարոյականության վրա. քաղաքագետ Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության պատիվը չհայտնաբերվեց, փոխարենը` հայհոյանքներ Բոլոր 28 բերման ենթարկվածները դեռեւս գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում.Արսեն Բաբայան «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները» Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am