Ալիևի ցինիզմի ստուգման թեստն ու պաշարված Արցախը

Այսօր նախատեսվում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցը Կոռնիձոր: Ալիևը որոշել է աշխարհին ապացուցել, որ թքած ունի բոլոր կոչերի, պահանջների վրա:

Թե ինչով կավարտվի ամբողջ աշխարհի աչքի առջև ադրբեջանական համառության այս ցուցահանդեսը` դժվար է ասել:

Իսկ Երևան-Բաքու դիվանագիտական փոխհրաձգությունը շարունակվում է...

Երևանի դիրքորոշումը «չի փոխվել ո՛չ Լաչինի միջանցքի, ո՛չ միջազգային ներգրավվածությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում»

ՀՀ իշխանությունը պնդում է՝ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել ո՛չ Լաչինի միջանցքի, ո՛չ էլ միջազգային ներգրավվածությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում։
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ասել էր՝ Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին «անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»։ Իսկ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցը, դատելով Լավրովի խոսքից, քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատման համատեքստում։ Ինքնորոշման իրավունքը պնդող Արցախից երեկ պահանջեցին, որ Երևանը հերքի, թե ՀՀ-ն իջեցրել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»։

Պաշտոնական Երևանը մինչև այժմ չի արձագանքել Ստեփանակերտին, փոխարենը հրապարակվել են արտգործնախարար Միրզոյանի գրավոր պատասխանները լրատվամիջոցների հարցերին։ «Ազատությունը» խնդրել էր Արտգործնախարարությանը մեկնաբանել՝ ի՞նչ ասել է «համոզել», ու արդյոք Բաքվի հետ բանակցող Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը։

«Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավվածության և գործուն մեխանիզմի միջոցով», - նշել է նախարարը։

Միրզոյանը նաև պնդել է, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու Երևանի դիրքորոշումն անփոփոխ է, իսկ այլ ճանապարհներով Արցախ բեռների տեղափոխելու հարցեր քննարկելու իրավասություն Հայաստանը չունի։ Այս դեպքում հարցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններին էր վերաբերում, որին հղում անելով ադրբեջանական կողմը պնդել է, թե առաջնորդների բրյուսելյան հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխման շուրջ։

Միշելը, մասնավորապես, «Ադրբեջանի տարածքով՝ Աղդամով» Ստեփանակերտ հումանիտար բեռներ հասցնելու ադրբեջանական առաջարկն էր կարևորել։

«Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր», - ընդգծել է նախարար Միրզոյանը։
Պաշտոնական Երևանը կրկին հիշեցրել է Լաչինի միջանցքը բացելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի արդեն հինգ ամիս չկատարվող որոշումը։

ԼՂ հայերի իրավունքների հիմնախնդիրը չի կարող փոխկապակցվել ժամանակին Հայաստանում բնակված ադրբեջանցիների հարցի հետ

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը չի կարող փոխկապակցվել այլ, այդ թվում, ինչպես ձևակերպել էր Ռուսաստանի արտգործնախարարը, Հայաստանում «բնակվող քաղաքացիների» իրավունքների հարցի հետ։ Ըստ էության, չհերքելով բուն քննարկման փաստը, պաշտոնական Երևանը հայտարարում է՝ մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել։

Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը», - ընդգծել է արտգործնախարարը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում նախօրեին կայացած եռակողմ բանակցություններից հետո Սերգեյ Լավրովի խոսքից տպավորություն էր ստեղծվել, թե Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը բանակցությունների ընթացքում դիտարկվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում։
«Ադրբեջանական կողմը, փոխադարձության սկզբունքից ելնելով, պատրաստ է համանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում», - նշել էր Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Միրզոյանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը, ըստ էության արձանագրված է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները: «Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին», - ընդգծել է Միրզոյանը:

Մինչ Երևանը վստահեցնում է, որ Հայաստանում ժամանակին բնակված ադրբեջանիների ու Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը չի դիտարկում նույն հարթության մեջ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը այսօր կրկին հայտարարություն է տարածել, որում դարձյալ կոչ է անում Հայաստանի իշխանություններին հնարավորություն ընձեռելու իրենց վերադարձի համար և այդ նպատակով երկխոսության սկսել իրենց հետ։

Ադրբեջանի իշխանությունների, անձամբ նախագահ Ալիևի հովանավորչությունն ու անվերապահ աջակցությունը վայելող կազմակերպությունը հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած առաջնորդների բանակցություններից հետո պնդել էր, թե իրենց՝ Հայաստան վերադարձի հարցը նաև Բրյուսելում է քննարկվել։

Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակեց պատճառաբանությամբ, թե իբր Հայաստանը այն օգտագործում է «ռազմական նպատակներով»։ 400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվեց դեպի Արցախ, հասավ Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել գրեթե 230 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Սակայն, այն դեռևս միայն հայկական անցակետն է անցել ու կանգնել։ Չնայած դեսպանների ներկայությամբ դրա պարունակությունն ստուգվել է, պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ նշելով, որ դա արվում է «մարդասիրական բեռի» անվան տակ։

Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահը։ «Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը՝ հավատացնելով, թե բաց է Լաչինի միջանցքը՝ դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար», - գրել է նա Թվիթերում։

«Եթե Երևանն իրոք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չպիտի խանգարի վերաինտեգրմանը»

«Եթե հայկական կողմը իրոք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չպետք է առարկի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհով բեռների տեղափոխմանը և չպետք է խոչընդոտի վերաինտեգրման գործընթացին», - Բաքվում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։ «Այս առումով շատ կարևոր է միջազգային հանրության պատասխանատվությունը։ Հայկական կողմի շահարկումներին տրվելուց և հայտարարություններով հանդես գալուց առաջ պետք է մտածել, թե ինչ նպատակի են ծառայում դրանք։ Հարկավոր է նաև բացառել այն քայլերը, որոնք հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Դրանց թվում է նաև սխալ տերմինաբանության օգտագործումը», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

«Առանց Բաքվի հետ համաձայնեցնելու է մարդասիրական բեռի անվան տակ ավտոշարասյուններ ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ»

Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու փորձի վերաբերյալ հայտարարությանը, պնդել է, որ հայկական կողմը «առանց Բաքվի հետ համաձայնեցնելու է մարդասիրական բեռի անվան տակ ավտոշարասյուններ ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ»։
Ադրբեջանը վերստին այդ քայլը «անընդունելի սադրանք» է որակել ընդդեմ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»։ «Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, այդ թվում՝ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է խուսափի նման սադրիչ քայլերից, աջակցի ադրբեջանական կողմի առաջարկած Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) և մյուս այլընտրանքային ճանապարհներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը պաշտոնական Երևանից պահանջել է նաև «չխոչընդոտել հայ բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»։ Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետը։

400 տոննա մարդասիրական օգնությունը հուլիսի 26-ին առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվեցին դեպի Արցախ, հասել Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:

Արցախի ԱԺ-ն ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ արեց «ճանաչել ԼՂՀ անկախությունը»

Արցախի Ազգային ժողովը ուղերձով երեկ դիմեց ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ «կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը»։ Հղած ուղերձում Արցախի խորհրդարանը հղում է անում մի շարք փաստաթղթերի ու սկզբունքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի, 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։

«Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը», - ասված է ուղերձի մեջ։

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) ճանաչումը ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։

«Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա», - կոչ է անում ԱԺ-ն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1104 անգամ
Լրահոս
Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am