Մոսկվան փաստաթղթեր է մշակել. Պուտին-Փաշինյան-Ալիև նոր հանդիպում կկազմակերպվի

«Երևանում հասկանում եմ, որ անհրաժեշտ է համոզել Ղարաբաղի հայերին՝ բանակցությունների սեղանի շուրջ նստել Բաքվի հետ», - ըստ «Ազատության», երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Հայկական կողմում առկա է այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ այն իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կողմից ստանձնած)՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաները», - ասաց Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի հետագա խոսքից, սակայն, ստացվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը բանակցությունների ընթացքում ուղղակիորեն շաղկապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։

«Ադրբեջանական կողմը, փոխադարձության սկզբունքից ելնելով, պատրաստ է նույնանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարում էր Լավրովը։

Լավրովը նաև ընդգծում էր, որ կողմերը հասկանում են՝ Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը պետք է ուղղակիորեն կապված լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հետ։ «Ամենազգայուն հարցը նախկինում եղել է և հիմա էլ մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման կոնտեքստում։ Այն ամբողջությամբ պետք է համապատասխանի 1991-ին Ալմա-Աթայում, նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի դրույթներին», - հայտարարում էր Լավրովը, ընդգծելով, որ այդ հռչակագրի վավերականությունը երեկ կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը և որ «խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը կառուցվում է հենց դրան համապատասխան»։

Երեկ ավելի քան երեք ժամ կայացած եռակողմ բանակցություններում չի շրջանցվել Լեռնային Ղարաբաղի շրջափակման թեման: «Մենք մեր զրուցակիցներին ներկայացրեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից ներկայացված զեկույցները։

Ներկայացրեցինք նաև գնահատականներն այն քայլերի մասին, որոնք շատ ցանկալի է, որ ձեռնարկվեն որքան հնարավոր է արագորեն, առանց հապաղման, որպեսզի Ղարաբաղի բնակչությունն ապահովվի սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, վերականգնվի էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։ Այս ամենը բխում է հասարակ մարդկանց, հասարակ հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից», -ասաց Լավրովը՝ ընդգծելով, որ առկա ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այն եռակողմ հայտարարությունների հիման վրա, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները 2020, 2021 և 2022 թվականներին։

Լավրովի խոսքով՝ երեկվա բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև սահմանների դելիմիտացիայի և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման հարցերը: Լավրովը չբացառեց նաև, որ մինչև տարեվերջ կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ եռակողմ հանդիպում։ Ուշագրավ է, ի դեպ, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը երեկ խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններում Ռուսաստանից բացի այլ միջնորդների ներգրավման մասին՝ փոքր-ինչ մեղմացնելով քննադատական տոնայնությունը։

«Ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանն այլև մյուսներին որպես միջնորդ օգտագործելու թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի շահը մենք հասկանում ենք։ Ողջունում ենք այն ուժերի ցանկությունը, որոնք անկեղծորեն շահագրգռված են օգնելու, որպեսզի Բաքուն և Երևանը պայմանավորվածությունների հանգեն, որոնք, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Դրա հետ մեկտեղ, պետք է բացառել այն դեպքերը, երբ փորձ է արվում պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրել՝ ելնելով ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ հանուն լրատվամիջոցներում գեղեցիկ վերնագրերի, աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական նկատառումներից ելնելով», ասաց Ռուսաստանի արտգործնախարարը։

Առավել ուշագրավ էր Լավրովի կողմից մեկ այլ բացահայտում, թե` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում...

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ ի լրումն մինչ օրս ստորագրված հայտարարությունների, երեկ Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի արտգործնախարարին՝ ասաց Լավրովը։ Փաստաթղթերի բովանդակության մասին Սերգեյ Լավրովը որևէ բան չասաց։

Փոխարենը որոշ ակնարկներ արեց Հայաստանի արտգործնախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ․ - «Կարևոր ենք համարում առաջ գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, դելիմիտացիայի ու հասարակական կառույցների միջև երկխոսության։ Պատրաստ ենք դրան ամեն կերպ աջակցել։ Ակնկալում ենք հատուկ շեշտադրում կատարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։ Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք, հուսով ենք, որ անօգուտ չեն լինի»։

Թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկկողմ հանդիպումներում Լավրովն ընդգծեց, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ «Երկրորդ հարցը, որ առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի համար, վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և այն ամենին, ինչ կապված է դրա հետ», - փոխանցեց Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարին։ Ավելին՝ ակնարկեց, թե Բաքվի հետ որոշակի փոխըմբռնում կա Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության հարցում։ Թե երբ և ինչպես է Ադրբեջանը փոխանցել այդ պատրաստակամությունը, Լավրովը չհստակեցրեց։

«Մենք շատ ենք գնահատում, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը։ Սա առանցքային հարցերից մեկն է», - նշեց նա։

Լաչինի միջանցքին ու Ղարաբաղում ստեղծված իրադրությանը Լավրովն անդրադարձավ նաև Միրզոյան հետ հանդիպմանը, մի փոքր այլ շեշտադրությամբ։ Նախ ընդգծեց, որ Մոսկվան ուզում է աջակցել ի հայտ եկած սուր մարդասիրական խնդիրների լուծմանը, հետո հավելեց, որ «դրա համար կան ռուսական խաղաղապահ առաքելության բոլոր հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության դա անելը հեշտ չէ»։
Ապա Լավրովն առաջարկեց քննարկել՝ ուր են հասել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները...

Երկկողմ բանակցություններից հետո մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Լավրովը այստեղ էլ հստակ հայտարարեց՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, այս անգամ, սակայն, հատուկ շեշտելով, որ հակամարտող կողմերն են նման ցանկություն հայտնել. - «Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։ Եվ մենք, կողմերի համաձայնությամբ, ինչը, որքան հասկանում եմ, վերահաստատվել է, կշարունակենք մեր ջանքերը իրավիճակի կայունացման ուղղությամբ թե հայ-ադրբեջանական սահմանի, թե մարդասիրական խնդիրների լուծման, թե տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ»։ «Առաջարկում եմ քննարկել՝ ուր են հասել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները», - հորդորեց Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին։

Բայրամովն իր հերթին պնդեց՝ բանակցային գործընթացը ակտիվ է, արդյունքները՝ ոչ այդքան։ «Բայց, սխալ կլինի ասել, թե արդյունքներ ընդհանրապես չկան», - ասաց նա։
Մոսկվան, այսպիսով, վերադարձնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների, պայմանավորվածությունների և նույնիսկ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ գլխավոր դիրիժորի իր դերակատարումը:

Երեկվա եռակողմ բանակցությունների համատեքստում Լավրովի կողմից հնչեցված հայտարարությունները, գոնե, դրա մասին են վկայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1693 անգամ
Լրահոս
Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am