Պայթյունավտանգ իրավիճակ և լուրջ ճգնաժամ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում. Ադրբեջանցի իշխանամետը ՌԴ-ին` «անվստահելի և արնախում» է անվանում

Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարման պայմաններում Մոսկվան և Բաքուն սկսում են կոշտացնել փոխադարձ հռետորաբանությունը։ Դա վերջնականապես տեսանելի դարձավ երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի, իսկ Բաքվում Ռուսաստանի դեսպանը՝ Ադրբեջանի ԱԳՆ, նկատում է «Ազատությունը»:

Ռուսաստանում Ադրբեջանի երկարամյա դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ Մոսկվայում հանդիպել էր փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ընդգծելով Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան:

Դրանից քիչ անց, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել էր Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ: Այս զրույցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը հատուկ ընդգծել է, որ Մոսկվայից հնչող պնդումները, թե Լաչինի հսկիչ-անցագրային կետի տեղադրման պատճառով Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակ է ստեղծվել, «խեղաթյուրում են իրականությունը»։

Ռուս-ադրբեջանական դիվանագիտական փոխհրաձգությունը սկիզբ առավ անցած շաբաթավերջին՝ այն նույն ժամերին, երբ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպում էին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ «Ազատությունը» հիշեցրել է, որ հուլիսի 15-ի կեսօրին Ռուսաստանի ԱԳՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որում կոչ էր անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաև պատրաստակամություն էր հայտնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել՝ «խաղաղ պայմանագրի [դրույթների] համաձայնեցման, հետագայում նաև այդ փաստաթղթի ստորագրման նպատակով Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովի անցկացմանը հասնելու նպատակով»։

Պաշտոնական Բաքվի դժգոհության գլխավոր պատճառը, սակայն, ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության առաջին պարբերությունն էր, որի հասցեատերն իրականում առավելապես հայկական կողմն էր։ «2022թ. հոկտեմբերին և 2023-ի մայիսին Հայաստանը ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մի մաս է ճանաչել», - հայտարարում էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է թե՛ այն հիմնարար պայմանները, որոնք առկա էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ, և թե՛ տարածաշրջանում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շուրջ իրավիճակը», - նշված էր հայտարարության տեքստում։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության փորձերը՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայաստանի վարչապետի հայտարարություններով պայմանավորելն ու մեկնաբանելը անընդունելի են», - մի քանի ժամ անց արդեն հակադարձեց Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Այս հայտարարությամբ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը նաև նշում էր, թե ռուսական կողմի՝ հուլիսի 15-ին հրապարակված տեքստում տեղ գտած պնդումները հակասում են 2022 փետրվարի 22-ին ստորագրված «Դաշնակցային գործակցության մասին հռչակագրի» դրույթներին, դրան էլ գումարած՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակառակ չի ապահովվել «հայկական զինված կազմավորումների մնացորդների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից»։
Երկու երկրների միջև դիվանագիտական այս բանավեճը գուցեև ճգնաժամի նշույլներ չստանար, եթե հուլիսի 16-ին աղմկալի հայտարարություններով հանդես չգար ադրբեջանական խորհրդարանի՝ ֆորմալ առումով ընդդիմադիր, իրականում իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը։ Ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում նա մի շարք կոշտ, անգամ վիրավորական հայտարարություններ էր հնչեցրել Մոսկվայի հասցեին՝ Ռուսաստանն անվանելով «անվստահելի և արնախում երկիր», պահանջելով դուրս բերել Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների և պնդելով, թե ռուսական կողմը չի ցանկանում, որպեսզի հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղություն հաստատվի։

Ադրբեջանցի պատգամավորի հայտարարություններին հակադարձելու առաքելությունը Մոսկվայում դրվեց նախկին փոխարտգործնախարար, այժմ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի ուսերին։ «Հուսով եմ, որ նման հակառուսական հայտարարությունները չեն արտացոլում պաշտոնական Բաքվի տեսակետը», - նշում էր Կարասինն իր Տելեգրամ ալիքում արված գրառման մեջ, որով, ի դեպ, արագորեն կիսվեց նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Կարասինը նաև հիշեցրել էր, թե հիմնականում հենց Ռուսաստանի ջանքերով էր, որ «ղարաբաղյան հակամարտության տարբեր փուլերում հնարավորություն էր ստեղծվում դադարեցնել ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և փոխզիջումների հասնել»։ «Իսկ ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման պահանջը գնահատում ենք որպես բացարձակապես անպատասխանատու», - պնդում է Գրիգորի Կարասինը։

«Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել», - գրել է ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը՝ պնդելով, որ սա ռուս-ադրբեջանական հարաբերություններում ծագած ամենալուրջ ճգնաժամն է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։

«Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններից դատելով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին այլևս չեզոք կողմ չեն համարում, և բացառված չէ տարբերակը, որ նրանց ներկայությունն ադրբեջանական բանակին չխանգարի իրականացնել Ստեփանակերտի և հարակից տարածքների զտումը «զինված կազմավորումների մնացորդներից», - գրում է «Կոմերսանտ»-ի մեկնաբանը՝ հավելելով. - «Կրեմլի արձագանքից Բաքվում առանձնապես չեն վախենում։ Այնտեղ, ըստ երևույթին, կարծում են, որ Ռուսաստանը շատ է խրվել Ուկրաինայում և ևս մեկ ճակատ բացելու ոչ ուժ, ոչ հնարավորություն և ոչ էլ ցանկություն չունի»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12037 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Շովիի ողբերգությունից անցել է 3 տարի Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել է «Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am