«Սև ամպեր»` Ալիևի գլխավերևում

Բաքուն հակադարձում է Ռուսաստանի ԱԳՆ-ին

Ադրբեջանի իշխանություններն բացահայտ մտել են առճակատման փուլ` երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ: Բաքվի քայլերը ապացուցում են, որ Արցախի շուրջ ստեղծվել է մի պահ, որը կարող է շրջադարձային դառնալ:

Մոսկվայի հուլիսի 15-ի հայտարարությանը հաջորդեցին այլ իրադարձություններ:
Բաքուն քննադատեց Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, պնդելով, թե այն հակասում է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխազդեցության մասին հռչակագրին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին հայտարարություններին` ներառյալ Ղարաբաղի շրջանը»: «Անթույլատրելի է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեկնաբանի այն փաստի համատեքստում, թե Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Հիշեցնենք, որ Մոսկվան ուղիղ կոչ էր հղել Բաքվին` հորդորելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը, վերականգնել ազատ տեղաշարժն ու էներգակիրների մատակարարումը: Բաքուն իր հերթին ռուսական կողմին է մեղադրել «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրագործումը չերաշխավորելու համար»:

Որպես հիմնավորում` Ադրբեջանը պնդում է, թե «Լաչինի ճանապարհով ապօրինի գործունեությունը` զենք֊զինամթերքի ու զինված խմբավորումների տեղափոխումը չի կանխվել», «հայկական զինված ուժերի մնացորդները վերջնականապես դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»: «Ճիշտ հակառակը` հայկական զինված ուժերը աջակցություն են ստանում ռուս խաղաղապահ առաքելության առաջնորդության ներքո»:

Ծավալուն հայտարարության մեջ որևէ տեղ չօգտագործելով «Լաչինի միջանցք» եզրույթը՝ Բաքուն ընդգծում է` «Լաչինի ճանապարհին անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ներքին օրենսդրության, ինչպես նաև միջազգային կանոնների համաձայն` ապօրինի գործունեությունը կանխելու և թափանցիկություն երաշխավորելու համար»: Ադրբեջանը միաժամանակ անհիմն որակեց Ռուսաստանի պնդումները տարածաշրջանում խորացող մարդասիրական ճգնաժամի մասին, կրկին նշելով, թե «կան հնարավորություններ հայ բնակիչների հնարավոր կարիքները բավարարել Աղդամ֊Խանքենդի ճանապարհով»:
Ռուսաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, ահազանգել էր` «այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից»։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ

Հուլիս 17-ին տեղեկություն ստացվեց այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի խաղաղության գործընթացը։

Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը, որը բխում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից և Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:

ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների հետ կապված ընդգծվել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին»։

Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության, դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը բազմակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու խնդիրը:

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ կազմակերպելու և վերաբերյալ: Այդ հանդիպմանը կարող են քննարկվել ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը, որին կհաջորդի Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը և դրանում նշված փաստաթղթի ստորագրումը:

Ի դեպ, Ռուդենկոյի և Բյուլբյուլօղլուի հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ այն անցել է փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում, այնուամենայնիվ, այն փաստը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ, արդեն խոսուն վկայություն է այն բանի, որ Մոսկվա-Բաքու հարաբերություններում որոշակի բացասական տեղաշարժ նկատվում է:

Ադրբեջանում խիստ դժգոհ են նաև Փարիզից

Ադրբեջանում համարում են, որ Ֆրանսիան ուզում է մտնել Հարավային Կովկաս... Ադրբեջանում արձագանքում են Ֆրանսիայի սենատի նախագահի հայտարարությանը:

«Փարիզը ուզում է մտնել Հարավային Կովկաս», «Ֆրանսիան չի հասկանում, որ քաջալերում է Երևանի սադրանքներին, որոնց արդյունքում առաջին հերթին հենց Հայաստանն է տուժելու», - ըստ «Ազատության», այս օրերին գրում են ադրբեջանական թերթերը՝ արձագանքելով Ֆրանսիայի սենատի նախագահի վերջին հայտարարությանը։

Ժերար Լարշեն հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Թվիթերում գրել էր, թե «պետք է արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի տրամադրումը Հայաստանին՝ ապահովելու նրա անվտանգությունը»։ «Այսօր Մակրոնը Եվրոպայի քաղաքական դաշտի ամենակոռումպացված գործիչն է, և Ֆրանսիայում տարածվող անկարգություններն ու բողոքի ցույցերը դրա մասին են վկայում», - գրել է Ադրբեջանի պետական Հանրապետություն թերթը, շրջանցելով փաստը՝ ինչ ճակատագրի են արժանանում ցուցարարները սեփական երկրում։

Հակաֆրանսիական այս արշավը, սակայն, նոր չէ, Բաքվից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ջոշուա Կուչերան։ Մոտ տասն օր առաջ, օրինակ, Ադրբեջանը պետական մակարդակով հատուկ համաժողով էր կազմակերպել՝ քննարկելու Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը։ Բաքու էին հրավիրվել ներկայացուցիչներ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Պոլինեզիայից, ակտիվիստներ Կարիբյան ծովում գտնվող Մարտինիկայից ու ֆրանսիական Գվիանայից։ Ակնհայտորեն, մեկ նպատակով՝ Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականությունը քննադատելու։

«Ֆրանսիան բռնապետական երկիր է, և օգտագործում է մեր ժողովրդի հարստությունն ու բնական ռեսուրսները՝ հանուն սեփական շահի», - հայտարարում էր Նոր կալեդոնիայի խորհրդարանի խոսնակը։

Մակրոնի քաղաքականությունը ընդունելի չէ անգամ Ֆրանսիայի քաղաքացիների համար, պնդում էր Ֆրանսիական Գվիանայի ներկայացուցիչ Ժան Վիկտոր Կաստորը, հավելելով՝ «Գաղութատիրության առաջին օրից Ֆրանսիան ճնշում է մեզ, ճզմում մեր գոյությունը։ Խորհրդարանի 98 տոկոսը սպիտակ, օսլայած վերնաշապիկներով մարդիկ են, որոնք մեր փոխարեն որոշումներ են կայացնում մեր առողջապահության, կրթության ու շրջակա միջավայրի վերաբերյալ»։ Համաժողովն անցնում էր «Վերջ գաղութատիրությանը» կարգախոսի ներքո, միայն թե մասնակիցները հրավիրվել էին միայն մեկ երկրի պատկանող տարածքներից՝ Ֆրանսիայից։ Դրանից մեկ օր առաջ էլ հրապարակվել էր նախագահ Ալիևի ելույթը, որտեղ վերջինս մանրամասն ու ծավալուն դատապարտել էր Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց հերթին, առիթը բաց չեն թողնում և ամենայն մանրամասնությամբ լուսաբանում են յուրաքանչյուր բացասական իրադարձություն, որը կատարվում է Ֆրանսիայում, կամ՝ կապ ունի այդ երկրի հետ, հաղորդում է «Ազատության» թղթակիցը։ Ընդ որում, հրահանգները գալիս են ամենավերևից։

«Ազատության» տրամադրության տակ են հայտնվել, մասնավորապես, այն հանձնարարականները, որոնք ուղարկվում են ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցների խմբագիրներին, ենթադրաբար, նախագահական նստավայրից։ Դրանցից մեկն, օրինակ, անցած մայիսին հրահանգում էր լուսաբանել՝ «ինչպես է գաղութատիրական Ֆրանսիան խաչակրաց արշավանք իրականացնում Ադրբեջանի դեմ Հարավային Կովկասում», նույն աղբյուրը պահանջում էր նաև «արշավ սկսել Ֆրանսիայի խաղաղասիրական ջանքերի դեմ, խստորեն դատապարտել նախագահ Մակրոնին՝ հարցազրույցներ անցկացնելով տեղի ու օտարերկրյա փորձագետների հետ»։

Այդ օրերին էր, որ Ադրբեջանի պետական բյուջեից ֆինանսավորվող վերլուծական կենտրոններից մեկի ղեկավար Ֆարհադ Մամադովը հայտարարեց՝ Ֆրանսիան իսկական չարիք է Ադրբեջանի համար։ Մյուսն էլ ուղիղ եթերում հորդորեց Մակրոնին սեփական խնդիրներով զբաղվել։ «Չեմ թաքցնում՝ սա մեր պատասխանն է Ֆրանսիային․ եթե Փարիզն ուզում է միջամտել մեր ներքին գործերին, եթե ուզում է մեզ սովորեցնել՝ ինչպես մեր հարաբերությունները կառուցենք մեր փոքրամասնությունների հետ, մենք էլ նույն հարցերը կարող ենք բարձրացնել», - ասել էր Միջազգային հարաբերությունների վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:

Ամիսներ առաջ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությամբ անգամ երեխաներին պատվիրվել էր երգ կատարել, որը բացահայտ վիրավորում ու ծաղրում էր Ֆրանսիայի նախագահին: «Այն ով է, ով է՝, հայամետ է, տալիս է սուտ խոստումներ», - հարցնում էր հանդիսավարը, ինչին ի պատասխան երեխաները միահամուռ Մակրոնի անունն էին վանկարկում։

Ընդ որում, Փարիզի դեմ հարձակումները չեն դադարում անգամ այն ժամանակ, երբ երկու երկրները փաստաթղթեր են ստորագրում հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։ Օրեր առաջ, օրինակ, ֆրանսիական խոշոր ընկերություններից մեկը՝ TotalEnergies-ը հայտարարեց, թե Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ գազի արդյունահանում է սկսում «Աբշերոնի» հանքավայրում։ Երկու երկրները նաև շարունակում են ակտիվ տնտեսական համագործակցությունը, Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ Ֆրանսիան այդ երկրի առաջատար առևտրային գործընկերներից է։
«Սա շատ լավ մշակված ու արդյունավետ խաղ է»,- «Ազատությանն» ասել է Ադրբեջանի անկախ վերլուծական կենտրոններից մեկի ղեկավար Ալթայ Գոյուշովը, մանրամասնելով, - «Ալիևը հակաֆրանսիական հռետորաբանություն է զարգացնում սոցիալական ցանցերում ու աշխատում ներքին լսարանի վրա, միաժամանակ վստահ լինելով, որ Ֆրանսիայի հետ հարաբերություններում դա իրական խնդիրներ չի ստեղծելու»։

Հետաքրքրականն այն է, որ ֆրանսիական աղբյուրները փոխանցել են, որ Փարիզը նաև Ադրբեջանին է առաջարկել Բաքվի դեսպանատանը ռազմական կցորդ նշանակել, ինչպես որ վարվել էր Հայաստանի դեպքում։ «Ազատության» թղթակիցը այս հարցով դիմել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատուն, դիվանագիտական կառույցից, սակայն, հրաժարվել են այդ տեղեկությունը որևէ կերպ մեկնաբանել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4294 անգամ
Լրահոս
Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am