Միլիարդատեր խոհարարը` Շոյգուի թշնամի. Ինչպես Պրիգոժինը «պլստաց»

«Մենք հայրենասերներ ենք, կռվել ենք և կռվում ենք»

Հունիսի 23-ի կեսգիշերից Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվում, Մոսկվայում հատուկ հսկողության տակ առնվեցին կառավարական կառույցներն ու ճանապարհները:
Ողջ աշխարհի ուշադրությունը հունիսի 24-ին` մեկ օր Ռուսաստանի ուղղությամբ էր անկախ նրանից, որ մարդկանց մոտ տարբեր զգացողություններ ու կանխատեսումներ էին..

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ հարուցեց «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Ինքը`Պրիգոժինը մեղադրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: Ընդ որում, Պրիգոժինի քննադատությունն ընդդեմ Շոյգուի տևական ժամանակ է շարունակվում:

«Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու`ինչու է երկրում ամենաթողություն տիրում: Ով ուզում է`թող միանա մեզ, պետք է պատժել նրանց, որ կործանել են հազարավոր ռուս զինվորների կյանքեր», - հայտարարեց վարձկանների առաջնորդը`սպառնալով «վերացնել նրանց, որ դիմադրություն ցույց կտան»:

Այսպես, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց։ «Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ: Խնդրում ենք լինել շրջահայաց և հնարավորինս շուտ կապ հաստատել ՌԴ ՊՆ ներկայացուցիչների կամ իրավապահ մարմինների հետ։ Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը», - ասվեց հայտարարության մեջ։

Մինչ աշխարհը հետևում էր Ռուսաստանում անսպասելի իրադարձություններին, Պրիգոժինը հանդես էր գալի ձայնային հաղորդագրություններով, նշելով, թե չի պատրաստվում հանձնվել: «Ինչ վերաբերում է հայրենիքի դավաճանության մեղադրանքներին, նախագահը խորապես սխալվում է: Մենք հայրենասերներ ենք, կռվել ենք և կռվում ենք, ու որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Դաշնային անվտանգության ծառայության կամ ինչ-որ այլ մեկի պահանջով հանձնվել: Որովհետև մենք չենք ուզում, որ մեր երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և խաբեության մեջ», - նշել է նա:

«Ցանկացած ներքին ցնցում մահացու սպառնալիք է մեր պետականության համար»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմեց դաշնության քաղաքացիներին, զինվորականներին և իրավապահներին՝ կապված «Վագների» վարձկանների գործողությունների հետ։ Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թ. հոկտեմբերի հետ։ «Մենք բախվել ենք դավաճանության հետ, չափազանց հավակնությունները հանգեցրեցին դավաճանություն Ռուսաստանին»,- ասել է Պուտինը խոստանալով «անխուսափելի պատիժ»։ «Ցանկացած ներքին ցնցում մահացու սպառնալիք է մեր պետականության համար, մեր գործողությունները կոշտ են լինելու»,- խոստացել է նա։

Նա ասաց, որ Ռուսաստանի զինված ուժերը հրաման են ստացել «չեզոքացնելու նրանց, որոնք կազմակերպել են զինված խռովությունը, և կձեռնարկվեն վճռական, խիստ գործողություններ»։

Ուշագրավ էր, որ Պուտինն իր խոսքում Պրիգոժինի անունը չտվեց։

Պուտինի ելույթից մի քանի ժամ անց Պրիգոժինը պատասխանեց, թե չի պատրաստվում հանձնվել: Ճիշտ հակառակը`վստահ է, որ իրենց շուտով նորանոր զինյալներ կմիանան. - «Ինչ վերաբերում է հայրենիքի դավաճանության մեղադրանքներին`նախագահը (Պուտինը- խմբ.) խորապես սխալվում է: Մենք հայրենասերներ ենք, կռվել ենք և կռվում ենք, ու որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Դաշնային անվտանգության ծառայության կամ ինչ-որ այլ մեկի պահանջով հանձնվել, որովհետև մենք չենք ուզում, որ մեր երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և խաբեության մեջ», - ասել է նա:

Սիրիայում, Ուկրաինայում և այլ հակամարտություններում մեծ դերակատարություն ունեցած «Վագներ»-ի առաջնորդի և Ռուսաստանի ռազմական ղեկավարության միջև տարաձայնությունները նկատելի էին տարեսկզբից. Պրիգոժինը պարբերաբար ուղիղ եթերում քննադատում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը անարդյունավետ քայլերի, մեծ կորուստների ու չհաշվարկված որոշումների համար: Հունիսի 24-ին թեժացած կրքերը հասան կիզակետին. Պրիգոժինը պնդեց, թե անձամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով ռուսական բանակը հրթիռակոծել է իր վարձկանների դիրքերը, ուստի ինքը «արդարության երթ է սկսում» դեպի Մոսկվա`մեղավորներին պատժելու համար:

«Մենք 25 հազար ենք և գնում ենք`պարզելու`ինչու է երկրում ամենաթողություն տիրում: Ով ուզում է`թող միանա, պետք է պատժել նրանց, որ կործանել են հազարավոր ռուս զինվորների կյանքեր»,- հայտարարել էր վարձկանների առաջնորդը`սպառնալով «վերացնել նրանց, որ դիմադրություն ցույց կտան»: Այս ելույթից ժամեր անց արդեն Պրիգոժինը հայտարարեց, թե իր վարձկանները վերահսկողության տակ են առել Ռոստովի և Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները: Դրանք ծառայում էին որպես լոգիստիկ կարևոր կենտրոն Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զինուժի համար:
«Մենք Ռոստովի ռազմական կենտրոնակայանում ենք, առավոտյան 7։30 է, մենք վերահսկողության տակ ենք առել Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում`օդանավակայանը, որպեսզի ռազմական օդուժը իր հարվածները հասցնի ուկրաինական ուժերին, ոչ թե մեզ», - հայտարարել էր նա:

Փաստացի, վագներովցիները սկսել են շարժվել հունիսի 23-ի կեսգիշերից` Ուկրաինայի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Ռոստովից, անցել են Վորոնեժն ու հասել Լիպեցկ, որը գտնվում է դեպի Մոսկվա տանող M4 միջպետական ճանապարհի վրա:

Ով է Եվգենի Պրիգոժինը

Բանտախցից Պուտինի խոհանոց հասած 62-ամյա ռուսաստանցի գործարար Եվգենի Պրիգոժինը հայտնի է Ռուսաստանի նախագահի հետ տասնամյակների ընկերական կապերով:

Նրա հիմնադրած ամենահայտնի ընկերությունը «Վագներ»-ն է՝ վարձկան զինվորներին միավորող կառույց, որը մինչև Ուկրաինայի դեմ պատերազմին միանալը մասնակցել է Լիբիայում, Սուդանում, Մոզամբիկում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Սիրիայում զինված հակամարտություններին՝ ռուսաստանյան կառավարության հովանու ներքո, հիշեցնում է «Ազատությունը»։

Ըստ Bellingcat-ի, The Insider-ի և Der Spiegel-ի հետաքննության՝ Պրիգոժինի գործողությունները սերտորեն կապված են Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Գլխավոր հետախուզական վարչության հետ։ Նրան պատկանող «Կոնկորդ» ընկերությունը Ռուսաստանում զբաղվում էր պետության բարձրագույն պաշտոնյաների սննդի մատակարարմամբ, ինչի շնորհիվ նա լրատվամիջոցներում ստացել է «Պուտինի խոհարար» մականունը։

Պուտինի միլիարդատեր խոհարարը

Խորհրդային տարիներին ոչինչ չունեցած ռուսաստանցի հարուստ գործարարի անցած ճանապարհի մասին ծավալուն հետաքննություն էր հրապարակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը։ Կառույցը պնդում է, որ Պրիգոժինը հսկայական առանձնատների, տասնյակ մեքենաների, սեփական ինքնաթիռի ու զբոսանավի սեփականատեր է: Ընդ որում, հիմնադրամի իրավաբանները նաև մի շարք փաստեր են բացահայտել, որոնք վկայում են, որ Պուտինի միլիարդատեր խոհարարը ստվերային գործարքների միջոցով ապօրինի գերշահույթ է ստանում՝ յուրացնելով նաև բանակին հատկացված միջոցները:

«Նա, իսկապես, ստորին խավից դուրս եկած հասարակ մի տղա է, որին 1979 թվականին նույնիսկ դատապարտել են գողության համար, երկու տարի անց՝ կրկին դատապարտել, այս անգամ՝ առավել ծանր հոդվածով: Ընդհանուր առմամբ, նա 9 տարի է անցկացրել կալանավայրում», - ըստ «Ազատության», անցած տարիներին պատմել էր Նավալնին՝ փաստելով․ - «Հաջողության հասնելու լավագույն ճանապարհը չէ, անշուշտ, սակայն շուտով փլուզվել է Խորհրդային Միությունը, մեր հերոսը սկսել է զբաղվել բիզնեսով: Նախ պարենային խանութի տնօրեն է եղել, հետո՝ սեփական ռեստորանը բացել: Եվ այստեղ բախտը ժպտացել է նրան»:

«2001-ին Պրիգոժինի ռեստորան է եկել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Գործարարը ջանք չի խնայել բարձրաստիճան հյուրին գոհացնելու համար, անձամբ է սպասարկել, կատակել, յուրահատուկ ձևով անձեռոցիկներն ու ափսեները մատուցել, և նրան նկատել են... Սկզբում Պրիգոժինը ընկերացել է Պուտինի վարորդի, հետո՝ թիկնապահի հետ, ապա՝ դարձել պուտինյան ցերեկույթների ու միջոցառումների գլխավոր կազմակերպիչը» , - պատմում էր ընդդիմադիր գործիչը։

Մի շարք հետաքննությունների համաձայն՝ մինչև վարձկանների հավաքագրմամբ զբաղվելը Պրիգոժինը բուռն գործունեություն էր ծավալում համացանցում. նա հիմնադրել էր «թրոլների ֆաբրիկա», որի հազարավոր աշխատակիցներ սոցիալական ցանցերում ոչ միայն գովերգում էին Ռուսաստանի ղեկավարությանը, քարոզում կառավարության տեսակետն ու անխնա քննադատում ընդդիմությանը, այլև, ըստ ամերիկյան իրավապահների, փորձել են ազդել նաև ամերիկացի ընտրողների վրա:

Ուկրաինայի դեմ պատերազմում առանցքային դերակատարում ունեցող վարձու զինվորականների ղեկավար Պրիգոժինը Ռուսաստանի հերոսի կոչում ունի:

Ռուս - ուկրաինական պատերազմի ամենաթեժ օրերին համացանցում էր հայտնվել ենթադրաբար «Վագներ»-ի կողմից հավաքագրված նախկին բանտարկյալ Եվգենի Նուժինի սպանության տեսանյութը։ Նուժինը հանձնվել էր, իսկ հետո անհասկանալի հանգամանքներում կրկին հայտնվել Ռուսաստանում։ Պրիգոժինը, որը բազմիցս հրապարակավ հայտարարել է՝ «դավաճաններին պետք է պատժել», չի թաքցրել՝ ողջունել է իր ենթակա զինվորականին մուրճով սպանելը:

Այդուհանդերձ, «Վագներ»-ի հիմնադիրը շուրջ վեց ամիս է հրապարակավ չափազանց կոշտ քննադատություն է հնչեցնում ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին՝ չխնայելով անգամ Կրեմլի ղեկավարությանը։

Մայիսի 20-ին՝ մոտ տասն ամիս Բախմուտը պաշարելուց հետո, ռուսական ուժերը հայտարարեցին քաղաքի նկատմամբ հաղթանակի մասին: Նախագահ Պուտինն այդ հաջողությունում ընդգծել է «Վագներ»-ի վարձկանների դերը, խուսափելով հնչեցնել, սակայն, Պրիգոժինի անունը։

Իր հերթին Պրիգոժինը, օգտվելով առիթից, կրեմլամետ լրագրողներից մեկին տված հարցազրույցում ռուսաստանյան իշխանությունների հասցեին քննադատությամբ չի բավարարվել, նա ծաղրել է ոչ միայն Շոյգուին, այլև նրա զավակներին, և զգուշացրել հեղաշրջման վտանգի մասին՝ հիշեցնելով 1917 թվականը:

«Վագներ»-ի զինված ուժերի՝ Դոնի Ռոստով քաղաքում դիրքեր գրավելուց և դեպի Մոսկվա գլխավոր մայրուղով դեպի հյուսիս շարժվելուց ժամեր անց Ռուսաստանի նախագահը, հանդես գալով հատուկ ուղերձով, ինքը վկայակոչեց 1917-ը, ինչը հստակ վկայում է, որ Պրիգոժինի ապստամբությունը Պուտինի ամենամեծ մարտահրավերն է երկրի կառավարման ավելի քան երկու տասնամյակի ընթացքում:

Բատկան` հաշտարար

Հունիսի 24-ի երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ կայացվել է փոխզիջում, ըստ որի «Վագները» հրաժարվել է Մոսկվայի ուղղությամբ շարժվելու մտադրությունից և սկսել է հսկողության տակ առած բնակավայրերից վերադառնալ դաշտային ճամբարներ:

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը կմեկնի Բելառուս, նրա դեմ հարուցված քրգործը կկարճվի, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ պնդել է, թե զինված ուժերում կադրային փոփոխությունները ՌԴ նախագահի իրավասությունն են և գրեթե չեն քննարկվել Լուկաշենկո-Պրիգոժին բանակցություններում:

Ապա Բելառուսի նախագահականը հաղորդեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում վերջինս համաձայնել է զինյալների շարժը կանգնեցնելու առաջարկին: Սրան հաջորդեց զինյալների առաջնորդի հայտարարությունը, թե իրենց շարասյուներով վերադառնում են դաշտային ճամբարներ։

Իսկ Մոսկվան որոշեց Պրիգոժինի նկատմամբ գործը կարճել, քանի որ նա հավաստիացրել է, որ կտեղափոխվի Բելառուս: Վագներականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ «իշխանությունները որոշել են հաշվի առնել նրանց մասնակցությունը «հատուկ ռազմական օպերացիային» և մարտական վաստակը»:

Արևմուտքի արձագանքը

Արևմուտքից հունիսի 24-ին պարբերաբար հայտարարում էին, որ ուշադրությամբ հետևում են Ռուսաստանի զարգացումներին...

Սպիտակ տունը հայտարարեց, թե «նախագահ Բայդենը տեղեկացվել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: «Մենք հետևում ենք իրադարձություններին և խորհրդակցություն կանցկացնենք դաշնակիցների հետ», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը:

Ապա, տեղեկություն ստացվեց, որ Բայդենի վարչակազմը արտահերթ հավաք էր կազմակերպել` քննարկելու, վերլուծելու Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

ԱՄՆ հետախուզությունը կարծում է` Վլադիմիր Պուտինը «մեկ օր առաջ» գիտեր Պրիգոժինի ապստամբության նախապատրաստման մասին

The Washington Post օրաթերթի փոխանցմամբ, ամերիկյան հետախուզությունը հունիսի կեսերին տեղեկություն է ստացել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինի ապստամբության հնարավորության վերաբերյալ և անմիջապես այդ մասին զգուշացրել է Սպիտակ տանը, պետական դեպարտամենտին, Պենտագոնին, Կոնգրեսին և կառավարական այլ պատկան կառույցներին:

«Եղել են բավական թվով ազդակներ, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկանա, որ ինչ-որ բան է խմորվում, և անակնկալի չբերվի, երբ դա տեղի ունենա, սակայն Պրիգոժինի հստակ ծրագրի և դրա իրագործման ստույգ ժամկետի մասին տեղեկություն չի եղել»,- ասել է The Washington Post օրաթերթի անանուն աղբյուրը:

Ի դեպ, ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Վլադիմիր Պուտինը «մեկ օր առաջ» գիտեր Պրիգոժինի ապստամբության նախապատրաստման մասին, գրել է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական համայնքի աղբյուրները։

«ՆԱՏՕ-ն և Ռուսաստանի ՊՆ-ն ոչ պաշտոնական քննարկել են «Վագների» շուրջ ստեղծված իրավիճակը

La Repubblica իտալական պարբերականի փոխանցմամբ, նախօրեին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ոչ պաշտոնական կարգով քննարկումներ են անցկացրել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների ակտիվության վերաբերյալ:

La Repubblica-ն ենթադրում է, որ «ՆԱՏՕ-ի համար Մոսկվայում առավել հուսալի զրուցակից է համարվում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն»:

Պարբերականը հայտնում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և եվրոպական առաջատար պետությունների ղեկավարները, որոնց թվում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին չի եղել, «քննարկել են «Վագների» գործողություններից բխող վտանգների ու նախևառաջ միջուկային միջադեպի կանխարգելման հարցը»: Ըստ իտալական թերթի, ՆԱՏՕ-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում եղել է ցանկացած պահին կիրառման պատրաստ ավելի քան 1400 միջուկային մարտագլխիկների հարցը: Արևմուտքը ցանկացել է ռուսներին հասցնել այն միտքը, որ «ՆԱՏՕ-ն բացարձակ առնչություն չունի ապստամբների ազդարարած նպատակների հետ»:

Մինչդեռ Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Եվգենի Պրիգոժինը չի ստացել ակնկալվող աջակցությունն իր ապստամբության համար երկրի ներսում, ուստի նա դադարեց շարժվել դեպի Մոսկվա, այս մասին գրեց Spiegel-ը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4205 անգամ
Լրահոս
Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am