Ռաֆայել Հովհաննիսյան․ Ինքս ինձ խոսք եմ տվել, որ կդառնամ աշխարհի չեմպիոն

Երազանքս է դառնալ աշխարհի չեմպիոն: Ես հասկանում եմ, որ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը մի քանի անգամ բարձր է, բայց ինձ համար աշխարհի չեմպիոնությունն այլ բարձրության վրա է: «Աշխարհի չեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան»՝ լավ է հնչում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը:

2022 թվականին Երեւանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բեկումնային եղավ երիտասարդ բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանի համար: Նա հաստատուն քայլերով եւ տպավորիչ հաղթանակներով հայտարարեց իր մասին ազգային հավաքականում եւ նվաճեց իր առաջին մեդալը մեծահասակներում: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննիսյանին անվանեց «Գլադիատոր»:

Մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Ռաֆայել Հովհաննիսյանն առաջին փորձն ունեցավ նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությունում: Մեդալ չնվաճեց, բայց զբաղեցրեց 5-րդ տեղը եւ IBA միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացավ պարգեւատրման:

Տաշքենդի ռինգում երկու տպավորիչ հաղթանակ տանելուց հետո Եվրոպայի փոխչեմպիոնը քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի չեմպիոն, Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռաֆայել Հովհաննիսյանը պատմել է բռնցքամարտում իր առաջին քայլերի, անհաջողությունների եւ մեծ սպորտում մեծ երազանքի մասին:

Ռաֆայել, քանի տարեկանից ես հաճախել բռնցքամարտի, ո՞ւմ հետ ես առաջին անգամ այցելել մարզադահլիճ:

5-րդ դասարան էի, երբ մայրիկս ինձ տարավ բռնցքամարտի: Մեր դպրոցում խմբակ կար, եւ ես առաջին անգամ այնտեղ հաճախեցի բռնցքամարտի: Չէի ուզում գնալ, չէի սիրում բռնցքամարտը: Մի քանի տարի այդպես հաճախեցի եւ դուրս եկա: Ես ուղղակի չէի ցանկանում զբաղվել որեւէ մարզաձեւով: Տարիներ անց որոշեցի նորից փորձել ուժերս բռնցքամարտում: Սկսեցի մարզվել, բայց բավականին երկար ժամանակ անհաջողություններ էի ունենում: Առաջին լուրջ հաջողությունս գրանցեցի 2017 թվականին՝ դարձա Հայաստանի չեմպիոն: Այս հաղթանակով, կարծես, սկսվեց հաղթանակներիս փուլը: Մինչեւ 2023 թվականը մեկ անգամ եմ պարտվել Հայաստանի առաջնությունում: Մյուս բոլոր առաջնություններում, երիտասարդներում եւ մեծահասակներում դարձել եմ Հայաստանի չեմպիոն:

Ի՞նչը պատճառ եղավ այդ դադարից հետո վերսկսել մարզումները:

Ուժի պակաս չունեի, բայց ինքս ինձ համար որոշեցի, որ պետք է ինչ-որ գծով զարգանալ: Որոշեցի, որ այդ ընտրությունը պետք է լինի բռնցքամարտը եւ այս մարզաձեւը կարող է ինձ հաջողություններ բերել: Նաեւ ինքս ինձ ասացի, որ թեկուզ բռնցքամարտում չհասնեմ հաջողությունների, ամեն դեպքում՝ տղա եմ, տղամարդ եմ, պետք է կոփվեմ:

Ի՞նչն է քեզ գրավում բռնցքամարտում:

Ինձ գրավում է ռինգում հարվածներ չստանալը: Ես ոչ թե տարվում եմ նրանով, որ հարվածներ հասցնեմ, որովհետեւ ուժեղ եմ, այլ այդ ամենը տեսնեմ, զգամ, կարդամ մրցակցիս, միլիվայրկյաններով տեսնեմ մրցակցիս յուրաքանչյուր քայլը, միլիմետրերով անցումներն անեմ եւ չստանամ հարվածներ: Հարված չստանալը բռնցքամարտի գեղեցկությունն է:

Ռաֆայել, ռինգում ունես ընդգծված ձեռագիր՝ մենամարտում ես հեռվից, հիմնականում ձախ ձեռքով: Ինչպե՞ս է ձեւավորվել այն:

Իմ անձնական մարզիչը հավաքականի նախկին անդամ Վլադ Մարգարյանն է: 2018 թվականին, երբ դարձա Հայաստանի չեմպիոն , այդ ժամանակ նա երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչն էր: Ինձ մեկ անգամ ասաց՝ « հեռավորության վրա ձախ ձեռքով լավ ես աշխատում, ասես՝ սուսերամարտիկ լինես»: Օրերից մի օր խոսք բացվեց, ասացի, որ հայրս եւ մայրս սուսերամարտիկներ են եղել: Սուսերամարտում մի ձեռքով են աշխատում, հեռվից հարվածներ հասցնում: Ինձ մոտ էլ է այդպես՝ բարձրահասակ եմ, ձեռքերս երկար են եւ հեռվից մի ձեռքով եմ աշխատում:

Մարզիկների ընտանիքո՞ւմ ես մեծացել: Ստացվում է՝ քո մենամարտելու ոճի վրա մեծ ազդեցություն ունի սուսերամարտը:

Այո, հայրս եւ մայրս սուսերամարտիկներ են եղել, ԽՍՀՄ չեմպիոններ են: Ես մեծացել եմ սպորտային ընտանիքում: Կարծում եմ՝ սուսերամարտն ունի իր ներգործությունը, բացի այդ նաեւ բնատուր հասակս, երկար ձեռքերս: Ինձ համար դժվար է մոտ տարածությունում մենամարտել:

Հաղթանակից հետո մշտապես պատիվ առնելու զինվորական ժեստ ես անում: Որտեղի՞ց է այն եկել եւ ի՞նչ խորհուրդ ունի:

2017 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում պարտվեցի քառորդ եզրափակիչում: Մեկնարկային մենամարտերում հաղթեցի ռումինացի եւ իտալացի մրցակիցներին, քառորդ եզրափակիչում պարտվեցի ադրբեջանցի բռնցքամարտիկին: Շատ ծանր տարա այդ պարտությունը, աշխարհս գլխիվայր շուռ էր եկել: Դուրս էի եկել ռինգ, ես հայ եմ, նա՝ ադրբեջանցի, այսպիսի մտքերով մենամարտ էի անցկացնում: Դեռ այդքան փորձ չունեի ու չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայի առաջնությանը եւ պարտվեցի:

2018 թվականին նորից երիտասարդների Եվրոպայի առաջնությունն էր Իտալիայում: Չէի ցանկանում նույն ադրբեջանցի մրցակցին հանդիպել: Ինքս ինձ ասում էի՝ այս անգամ թող ինձ չընկնի: Առաջին մրցակիցս թուրք բռնցքամարտիկ էր: Շատ լավ մենամարտ անցկացրի եւ հաղթեցի նրան: Հոգեպես սպասում էի, որ հաստատ ինձ հանդիպելու է ադրբեջանցի մրցակիցը: Դրան զուգահեռ նաեւ ինձ համոզում էի, որ ես կարող եմ նրան հաղթել եւ որեւէ միտք ինձ չպետք է խանգարի, որովհետեւ լավ էի պատրաստվել, այդ մեկ տարվա ընթացքում աճել էի, զարգացել էի: Հաջորդ մրցակիցս եղավ հենց ադրբեջանցի բռնցքամարտիկը: Նրան հաղթելու մեծ ցանկությամբ դուրս եկա ռինգ եւ հրաշալի մենամարտ անցկացրի, հաղթանակ տարա: Ուրախությունից ակամայից պատվո ժեստը արեցի ձեռքս բարձրացնելու ժամանակ: Այդ օրվանից հետո որոշեցի, որ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, հաղթանակներս տոնելու եմ այդ ժեստով: Այդ ժետսն ինձ համար մեծ խորհուրդ ունի եւ դրանով իմ յուրաքանչյուր հաղթանակ, չկարեւորելով, թե որ ազգի ներկայացուցիչի եմ հաղթում, նվիրվում է մեր զինվորներին, հայոց բանակին:

Ձախ ձեռքիդ զենքի դաջվածք ունես: Ի՞նչ նշանակություն ունի: Փոխկապակցվա՞ծ է պատվո ժեստի հետ:

Զենքի դաջվածքս չեմ ասոցացնում պատվո ժեստի հետ: 2019 թվականին եմ դաջվածքս արել: Այսպես եմ մեկնաբանում՝ հարվածներս հավասարազոր են զենքի կրակոցին: Սա է խորհուրդը:

Ռաֆայել, Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո միանգամից սիրվեցիր երկրպագուների, հանրության կողմից: Ի՞նչ պետք է անես, որ այդ սերը քեզ չկուրացնի:

Իմ շրջապատում, հեռու, մոտիկ մարդկանց կողմից շատ եմ լսել ինձ ուղղված հարցեր՝ չես փոխվի՞, աստղայինը քեզ չի տանի՞: Անկեղծ, երբեւէ դրա մասին չեմ մտածել: Հաճելի է, ինչ խոսք, երբ քայլում ես, փողոցում քեզ ճանաչում են, բայց երբեւիցե չեմ մտածել, որ այս սերը կարող է ինձ կուրացնել, կարող եմ դրանից փոխվել կամ գոռոզանալ: Դա մարզիկին վայել պահվածք չի լինի: Հայտնի մարզիկ լինելուց զատ էլ, գոռոզությունը, մեծամտությունը լավ մարդու հատկանիշ չի, ինչ էլ ուզում է լինի:

Զգացել եմ, որ իմ նկատմամբ կա հետաքրքրություն: Այս սերը հանրության կողմից սկսեցի վայելել Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո: Ուրախ եմ, որ ինձ ստացվեց մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում հենց Երեւանում: Միշտ ձախողել եմ քառորդ եզրափակիչներում: Չէր ստացվում, գալիս, հասնում էի քառորդ եզրափակիչ եւ պարտվում էի: Երեւանյան Եվրոպայի առաջնությունում այդ սառույցը կոտրվեց: Ինձ օգնեցին տան պատերը, երկրպագուների աջակցությունը: Ես երիտասարդներում էլ մեդալ չէի նվաճել ու ունեի ընկճվածություն, որ եթե երիտասարդներում մեդալ չեմ նվաճել, ինչպես կարող եմ մեծահասակներում նվաճել: Երեւանում ստացվեց եւ երկրպագուների, իմ հայրենիքի, հողի աջակցությամբ հաղթահարեցի անինքնավստահությունս:

Զրույցի սկզբում նշեցիր, որ մայրդ է քեզ առաջին անգամ տարել բռնցքամարտի: Այժմ ինչպե՞ս են ծնողներդ ընդունում քո ընտրությունը:

Մայրս պարբերաբար ասում է՝ երանի այդ օրը քեզ բռնցքամարտի տարած չլինեի... Մայրիկս չի համակերպվում, իմ մենամարտերը երբեք չի դիտում: Վերջում միայն զանգում եմ եւ արդյունքն ասում: Հայրս կողմ է, ինձ աջակցում է: Պարզ է, որ նրա սիրտը եւս ցավում է իմ ստացած յուրաքանչյուր հարվածի, պարտության համար, բայց լավ հասկանում է, որ սա իմ ընտրած ճանապարհն է, կենսակերպը, աշխատանքը:

Ո՞րն է քո մեծ երազանքը մեծ սպորտում:

Իմ մեծ երազանքն աշխարհի չեմպիոն դառնալն է: Մարզիկների մեծ մասը երազում են օլիմպիական չեմպիոն դառնալու մասին: Ես համաձայն եմ, որ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը մի քանի անգամ բարձր է, 4 տարին մեկ է, դա եզրագիծն է բոլոր հաղթանակների, բայց իմ երազանքը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Չեմ ցանկանում վիրավորել որեւէ օլիմպիական չեմպիոնի, բայց ինձ համար աշխարհի չեմպիոնությունն այլ բարձրության վրա է: Ես ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ. Ռաֆայել Հովհաննիսյան՝ աշխարհի չեմպիոն... շատ դուրս կգա, լավ է հնչում (ծիծաղում է):

Ինքս ինձ խոսք եմ տվել, որ կդառնամ աշխարհի չեմպիոն: 2021 թվականին բանակայինների աշխարհի առաջնությունում առաջին մենամարտս ռուս մրցակցի հետ էր: Առաջնությունն անցկացվում էր Մոսկվայում: Պարտվեցի նրան: Նա աշխարհի նախկին չեմպիոն էր, շատ ուժեղ: Այդտեղ էլ դարձավ չեմպիոն: Այդ պարտությունից հետո որոշեցի, որ ես էլ պետք է դառնամ աշխարհի չեմպիոն: Ինձ էլ պետք է այդպես անվանեն՝ աշխարհի չեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան:

Լուսինե Շահբազյան

դիտվել է 535 անգամ
Լրահոս
Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան «Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Արդյոք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Աբովյան Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն ՀՀ կառավարությունը ԱՄՆ հեռացող կառավարության հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեց 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am