Շանտաժներ, մեղադրանքներ, սադրանքներ ռեժիմում. Հայաստանը` համատարած սպառնալիքների մեջ

Վաղ առավոտյան ժամը 6-ից հրետանային կրակի տակ են Վարդենիսի Սոթք գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն էր տրամադրում իրավիճակի մասին, և այս պահին հաղորդվում է, որ լարվածությունը նվազում է։

Կեսօրի դրությամբ իրավիճակն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ։ Հայկական կողմը 4 վիրավոր ունի, առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ բեկորային վնասվածքներ են:

Ադրբեջանական ստորաբաժանումները, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, վիրավոր զինծառայողներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ են կրակ բացել:

Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ այսօրվա մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին՝ պնդում են՝ դեռ երեկ երեկոյից է հայկական կողմը կրակում և ադրբեջանցի մի զինծառայող էլ ծանր վիրավորում է ստացել։ Սա Փաշինյանը հորինվածք անվանեց: «Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար», - ասաց Փաշինյանը:

Օրվա առաջին կեսին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում, թե հայկական կողմը նոր գործողության է նախապատրաստվում, կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է՝ բանակը պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, իսկ իրանական անօդաչուներ հայկական սպառազինության մեջ չկան։

Պաշտոնական Երևանը կոչ է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը: Սոթքում ադրբեջանական այսօրվա գործողությունները Հայաստանի արտգործնախարարությունը սադրիչ է որակում՝ ընդգծելով՝ սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հերթական խախտում է, որն ի ցույց է դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:

Ադրբեջանի այս քայլերը որակելով իրավիճակի ապակայունացմանը միտված գործողություններ՝ Հայաստանի ԱԳՆ-ն շեշտում է՝ դրանք բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:

Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, այսօր կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ Սոթքում Ադրբեջանի այսօրվա գործողությունները սադրիչ որակելով։ Նրա խոսքով՝ Սոթքում սադրանքը նպատակ ունի նաև խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա», - ասաց Փաշինյանը։

Բաքուն այս կերպ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է նաև Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստից, ասաց Փաշինյանը՝ նկատելով՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության են փորձում տալ հինը։ Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։

«Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ շատ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են Պրահայում և Սոչիում։

Պաշտոնական Երևանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
Հետաքրքիրն այն է, որ օրեր առաջ հայկական կողմն ասում էր, թե Վաշինգտոնում առանձնապես մեծ արդյունքներ չեն գրանցվել: Այսօր արդեն Փաշինյանն ասում է, թե Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

Մի շարք հարցեր օդում կախված են մնում.

Ո՞ր հարցրերում է առաջընթաց գրանցվել Վաշինգտոնում:

Ինչո՞ւ էր Ալիևը սկզբից գոհ Վաշինգտոնի բանակցություններից, այսօր ընդդեմ Հայաստանի սադրանքի է դիմում` արևմուտքի և ռուսական կողմի առաջիկա կազմակերպվող բանակցություններից առաջ:

Ինչո՞ւ է Թուրքիան դժգոհում, որ արևմուտքը չի ցանկանում որպեսզի Ադրբեջանի դրոշը ծածանվի Լեռնային Ղարաբաղում (այդ մասին նախօրեին բողոքել է Թուրքիայի արտգործնախարարը):

Ինչո՞ւ է դարձյալ Մոսկվան Երևանին ու Բաքվին նույնանման պահանջներ հղում: Այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե ակնկալում են և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից զսպվածություն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1490 անգամ
Լրահոս
Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am