Գեղաշեն գյուղում բախվել են Toyota RAV4-ը և Opel Astra-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ վիրավորները վարորդներից մեկի մայրն ու կինն են
Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։18:20-ի սահմաններում՝ Գեղաշեն գյուղի առաջին փողոցի 8-րդ տան դիմաց բախվել են նույն գյուղի բնակիչներ 63-ամյա Մերուժան Հայրապետյանի վարած Toyota RAV4 մակնիշի և 42-ամյա Բենիկ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Հեղինե Մինասյանն ու 63-ամյա Սոնա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել համագյուղացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Opel-ի վարորդի մայրն ու կինն են։