Հայաստանի քաղաքացիները արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում
Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Նրանց տվյալներն օգտագործվել են եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար, գրում է «Հետքը»:
Այդ ընկերութունները օգտագործվել են փողերի լվացման տարբեր մեխանիզմներում` հանցագործություններ կոծկելու և քաղաքական գործիչների համար քարոզչություն հովանավորելու նպատակներով:
45-ամյա Մուշեղ Ջաբախջուրյանն ապրում է Երևանի ծայրամաս համարվող թաղամասերից մեկում` Նորքի 1-ին նրբանցքի համեստ մի տանը: Մուշեղը «Արարատբանկի» ինկասացիայում է աշխատել, բայց հիմա ի վիճակի չէ որևէ գործ անելու: 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նա Մատաղիսում է եղել, վիրավորվել է որովայնից և ականջից։ Աղիների մի մասը որովայնից դուրս են հիմա, լսողությունն էլ խաթարվել է: Նրա բուժումն արտերկրում կազմակերպելու համար բավարար ֆինանսական միջոցներ չունեն: Մուշեղը, սակայն, եվրոպական ընկերության, մասնավորապես` Լեհաստանում 2017թ. գրանցված Equimach Sp Zoo-ի հիմնադիր է, ինչպես նաև՝ այդ ընկերության խորհրդի նախագահը: Պարզապես նա չգիտի, թե այդ ընկերությունն ինչ նպատակով է հիմնադրվել և ինչ գործարքներ է անում:
Մուշեղը մեկն է տասնյակ այն ՀՀ քաղաքացիներից, որոնց տվյալներն օգտագործվել են եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար: Այդ անձինք տեղյակ են այնքանով, որ իրենց ծանոթ մարդկանց միջոցով հրավիրվել են եվրոպական տվյալ երկիրը, իջևանել լավագույն հյուրանոցներում, ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, մի քանի օր շրջել այդ երկրներում, լավ ժամանակ անցկացրել և վերադարձել տուն: Թե ինչի համար են հիմնադրվել այդ ընկերությունները և ինչ գործարքների մեջ ներքաշվել հետո՝ նրանց այլևս չի հուզել:
Եվրոպական իրենց ճամփորդությունների մասին պատմել կամ խոստովանել, թե ովքեր են իրենց հրավիրողները, և ինչ նպատակներով են այցելել տվյալ երկիր, այդ անձինք չեն ցանկանում:
Փողերի լվացման մասնակից ընկերությունները հիմնականում միմյանց բաժնետեր են, և գրեթե բոլորն ունեն նույնանման կայքեր, որոնք ստեղծվել են նույն երկու անձանց` Օրեսթ Բեքմենի (Orest Backman) և Անդրեյ Վաստորի (Andery Vastor) կողմից:
Forensic News-ի և «Հետքի» լրագրողները զրուցել են հիմնադիրների և տնօրենների մեծ մասի հետ, վերլուծել ֆինանսական փաստաթղթերը, դատական գործերը և բանկային փոխանցումները` հասկանալու համար, թե ինչպես է աշխատել այդ սխեման:
Ընկերություններից շատերը գրանցված են Կենտրոնական Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում: Դրանք օգտագործվել են փողերի լվացման տարբեր մեխանիզմներում` հանցագործությունները կոծկելու և քաղաքական գործիչների համար քարոզչություն հովանավորելու նպատակներով:
Forensic News-ի մեր գործընկերները զրուցել են արտասահմանյան մի շարք բանկային փորձագետների հետ, ովքեր պատմել են, որ Բալթյան բանկերը, նախորդ սկանդալներից հետո, ավելի ուշադիր են դարձել այն ընկերությունների նկատմամբ, որոնք հաշվեհամարներ ունեն իրենց բանկերում: Արդյունքում հանցագործները տեղափոխել են իրենց բիզնես-գործունեությունն այլ երկրներ: Այս սխեմայում դերակատարություն ունի Չեխիան: Տնօրեն հանդես եկող անձինք հենց Չեխիա են մեկնել այդ ընկերությունների համար բանկային հաշիվներ բացելու համար:
Չեխիայի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ավագ վերլուծաբան Մարեկ Քրոմին (Marek Chromy) մեր գործընկերների հետ զրույցում նշել է, որ Չեխիայի իրավապահ մարմինները կարող են բավականին անփույթ լինել ընկերությունների գրանցման պահանջների հարցում, ինչը բացեր է ստեղծում օրենքների կիրառման գործում:
Մեր առաջին այցելության ժամանակ Մուշեղը հերքեց, որ երբևէ եղել է Եվրոպայում և ինչ-որ ընկերություն է հիմնադրել: Սակայն երկրորդ այցելությանը, երբ ցույց տվեցինք իր իսկ հրապարակած սոցիալական ցանցի լուսանկարները` արված Եվրոպայում, ասաց, որ պատերազմում վիրավորվելուց հետո հիշողության հետ խնդիր ունի, գուցե նախորդ անգամ չի կարողացել հիշել և առհասարակ հիմա չի ուզում խոսել այդ մասին:
Մեր հարցերին, թե ինչ նպատակով է այցելել, ով է հրավիրել, ինչ ընկերություն է հիմնադրել և արդյոք ճանաչում է իր ստորագրությունը` հիմնադրման և մի շարք այլ փաստաթղթերի տակ, Մուշեղն անակնկալի եկավ և հուզված պատասխանեց.
«Ես եմ առել տոմսերը, գնացել եմ: Մտել եմ աերոպորտ, գնացել եմ: Մտել եմ դեսպանատուն, տոմսը առել, գնացել եմ,- արձագանքեց և հրավիրողների մասին մեր հարցից հետո բորբոքվեց,- չգիտեմ, ցավդ տանեմ, ինձ հանգիստ թողեք, ինձ հարցեր մի տվեք»:
Մուշեղն այդ ուղևորություններին միայնակ չի եղել: Նրա հետ է եղել նաև հարևան Գևորգ Սեթյանը: Մուշեղն ասում է, որ Գևորգը բանակի իր ծառայակիցն է, իրար հետ են մեծացել: Գևորգի անունով էլ գրանցված է լեհական Agrofusion Sp z.o.o. ընկերությունը:
Նորքի 1-ին նրբանցքի իր տան մոտ` մեքենայի ղեկին, շարժիչը միացնելու պահին կարողանում ենք հասնել Գևորգ Սեթյանին, որ մի քանի բառ փոխանակենք: Առաջին այցելության ժամանակ վերջինս տանը չէր, հեռախոսահամար էինք թողել դստեր մոտ, որ փոխանցեր հորը` մեզ հետ կապ հաստատելու և որոշ տարօրինակ հանգամանքներ պարզաբանելու համար: Գևորգը չէր զանգահարել մեզ և չէր ցանկացել մեզ հետ զրուցել: Մեր երկրորդ այցելությունն էլ նրա սրտով չէր, քանի որ մեր հարցերին հիմնականում պատասխանում էր` ձեր գործը չէ:
Գևորգ Սեթյանը 45 տարեկան է: Իր հետ մի քանի բառ փոխանակելուց հետո հասկացանք, որ որպես վարորդ է աշխատում, տաքսի է վարում, իր ասելով` օրական 3000 դրամի դիմաց: Թե ինչպես է այդ պայմաններում, սուղ միջոցներով ճանապարհորդել Եվրոպայում, կարողացել ընկերություն գրանցել Լեհաստանում, Սեթյանն այդպես էլ չցանկացավ մանրամասնել:
Սեթյանը եղել է Վարշավայում և Պրահայում ընկերության բանկային հաշվեհամարները բացելու համար: Նրա՝ սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարները ևս ապացուցում են, որ նա ճամփորդել է այդ քաղաքներ: Սակայն երբ նրան հարցրինք, թե ինչ նպատակով էր այցելել Լեհաստան կամ Չեխիա, միայն ասաց, որ «գնացել է ման գալու»: Ինչ առնչություն ունի կամ ինչի համար է հիմնադրել Լեհաստանում Agrofusion Sp z.o.o.-ն, Սեթյանը այս հարցին այդպես էլ չպատասխանեց: Անընդհատ ասում էր, որ շտապում է և մեզ հետ զրուցել չի ցանկանում: Պարզ էր, որ Սեթյանը մասնակից է եղել ընկերության հիմնադրման հետ կապված ինչ-որ գործողությունների, սակայն ինքն էլ, թերևս, չգիտեր, թե ինչի մեջ է ներքաշվել:
Այսպիսով, մեր ձեռքի տակ գտնվող պայմանագրերի և հաշիվ-ապրանքագրերի համաձայն, Agrofusion Sp z.o.o. ընկերությունը, որը բանկային հաշիվներ ունի լեհական ING Bank Slaski և Bank Ochrony Środowiska S.A բանկերում, ուղարկել և ստացել է միլիոնավոր դոլարներ ռուսական, ուկրաինական և մոլդովական ընկերություններից: Օրինակ` 2018-ի մարտին Agrofusion-ն ուղարկել է 446 հազար դոլար ExecuJet ընկերությանը, որը մասնավոր չարտերային ընկերություն է:
Agrofusion-ի վերաբերյալ մեկ այլ փաստաթուղթ վկայում է, որ այդ վճարումը կատարվել է Մեն կղզում գրանցված Almondine Limited-ի անունից, որին պատկանում է բիզնես դասի Dassault Falcon 7X jet-ը: Այդ փաստաթղթին կից պայմանագրում նշվում է, որ Agrofusion-ը գործում է Mountain Group Limited-ի անունից, որի վերջնական շահառուն ռուսաստանցի օլիգարխ, ազգությամբ հրեա Ալեքսանդր Մամուտն է, որը Ուկրաինայի նախագահի հրամանով սանկցիայի է ենթարկվել:
Մամուտի որդի Նիկոլայը նույնպես ներքաշված է այս սխեմաների մեջ: Նիկոլային է պատկանում Lynwood Capital Management Fund Limited ընկերությունը, որը բաժնետոմսեր ունի հանքարդյունաբերական ոլորտում գործունեություն ծավալող ռուսական Polymetal ընկերությունում: Հիշեցնենք՝ Polymetal-ը նաև որոշ ժամանակ ակտիվներ ուներ Հայաստանում` մինչև 2019-ը շահագործում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Բանկային փաստաթղթի համաձայն՝ 2020թ. ապրիլին Lynwood-ը սարքավորումներ ձեռք բերելու համար փոխանցել է $395,590 Մալայզիայում գրանցված մեկ այլ ընկերության` Protech Distribution Sdn. Bhd.: Protech-ի սեփականատերն էլ ՀՀ մեկ այլ քաղաքացի է` Արշավիր Արզումանյանը:
Արշավիրի տուն այցելելիս զրուցեցինք նրա մոր և կնոջ հետ: Երկուսն էլ հերքեցին, որ Արշավիրը երբևէ եղել է Մալայզիայում:
Արշավիրի կնոջ խոսքով՝ եթե իրենք նման ընկերություն ունենային, ապա ինչո՞ւ պիտի առավոտից գիշեր աշխատեին։
Սեթյանի հիմնադրած Agrofusion-ը նաև տրանսպորտային ծառայությունների համար 2018թ. մարտ և ապրիլ ամիսներին վճարում է կատարել Overstar Trade LLP ընկերությանը: Overstar-ի սեփականատերը Օլեքսի Վեկլան է, ուկրաինական Windrose Airlines-ի աշխատակիցը: Windrose Airlines-ն էլ իր հերթին պատկանում է ուկրաինացի օլիգարխ, Դնեպրոպետրովսկի մարզի նախկին ղեկավար Իգոր Կոլոմոյսկուն (Ihor Kolomoisky), որը ԱՄՆ-ի կողմից սանկցիայի է ենթարկվել և մեղադրվում է կոռուպցիայի և միլիոնավոր դոլարներ լվանալու մեջ:
Լվացքատուն կազմակերպող ընկերություններից մի քանիսը գումար են ստացել բանկերից, որոնց ակտիվները յուրացրել են սեփականատերերը:
Agrofusion-ը ստացել է 1.78 մլն դոլար Կիպրոսում գրանցված Volandia Reserve Limited ընկերությունից: Volandia-ն ստացել է ռուսական պորտֆոլիո Լիտվական Bankas Snoras-ից, որի սեփականատեր Վլադիմի Անտոնովը ձերբակալվել էր բանկի «ակտիվները դուրս հանելուց» հետո:
Ֆինանսական փաստաթղթերից մեկում Մուշեղի հիմնադրած Equimuch ընկերությունը 2018-ին դիմել է լեհական մեկ այլ` Worldtex Sp z o.o ընկերությանը, վճարել 410 եվրո վարձակալության ծառայությունների դիմաց:
Worldtex Sp z o.o- ի տնօրենը ՀՀ քաղաքացի Ռոզա Գրիգորյանն է: Ընկերության հաշվետվության համաձայն, Worldtex-ի բանկային հաշիվներն արգելափակվել են 2019թ. հունվարին Լեհաստանի գլխավոր դատախազության կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածանքով:
Ընկերություններից շատերը ստեղծվել են ArranConsult ծառայություններ մատուցող ընկերության կողմից, այս provider-ի կողմից ստեղծվել են նաև այլ ընկերություններ, որոնք ներգրավված են եղել մոլդովական սկանդալի մեջ։
ArranConsult-ի արխիվացված վեբկայքում երևում է ևս երկու ընկերություն` Dackon LP-ը և Balfern LP-ը, որոնց համասեփականատերը ևս Ռոզա Գրիգորյանն է։
Ռոզային առաջին անգամ հանդիպել ենք 2022-ի մայիսին, այդ հանդիպման ժամանակ նա հերքում էր, որ որևէ առնչություն ունի ինչ-որ ընկերությունների հիմնադրման հետ: Նրա խոսքը համոզիչ թվաց: Սակայն ավելի ուշ նրա ֆեյսբուքյան նկարներից պարզեցինք, որ եղել է և՛ Լեհաստանում, և՛ Չեխիայում։
Ռոզայի հետ մեր հաջորդ հանդիպումը այս տարվա հունվարին էր։ Նրան տանը գտնել չհաջողվեց, հեռախոսազրույցի ժամանակ նա պահանջեց հեռանալ իրենց տնից ու այդ հարցով այլևս իրեն չանհանգստացնել։ Ռոզան գեղեցկության սրահում է աշխատում, ուստի նրան հանդիպեցինք հենց աշխատավայրում։ Նրա խոսքով, ինքը ոչ մի կապ չունի այդ ընկերությունների հետ։ Մեր մի քանի հարցերից հետո Ռոզան ասաց, որ եթե ինչ-որ խնդիրներ էլ ունի, դա իր գործն է, ու ինքը կկարգավորի դրանք։
ՀՀ քաղաքացիները` քարոզչություն և լոբբիստական ծառայություններ մատուցող ընկերություններում
Ռոզա Գրիգորյանի տնօրինած ընկերությունը` Balfern LP-ն ներգրավված է ԱՄՆ-ում լոբբիստական ծառայություններ մատուցելու գործընթացներում` ֆինանսավորելով այդ ծառայությունները, ներառյալ ուկրաինացի քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոյի լոբբիստական արշավները:
MKW Group-ը, որը լոբբինգ է արել Տիմոշենկոյի համար, ստացել է 40 հազար դոլար։
Balfern LP-ից, որը ցուցակված էր ArranConsult-ի կայքում (ընկերություններ գրանցող գործակալությունն է) ներգրավված էր ռուսական լվացքատան պատմությունում:
Իրավաբանական Wiley Rein ընկերությունը, որը նույնպես լոբբինգ էր արել Տիմոշենկոյի համար, ստացել է 63 հազար դոլար երեք տարբեր ընկերությունից` Սինգապուրում հիմնադրված Vizientas Pte Ltd և Fenix Invest Pte Ltd, ինչպես նաև չեխական Venus Commercial Sro-ից: Venus Commercial Sro-ի տնօրենը նույնպես ՀՀ քաղաքացի է` Մարինա Ալիխանյանը:
Մարինային նույնպես այս տարվա հունվարին այցելել ենք։ Իմանալով, որ լրագրողներ ենք, նա դուռը չբացեց, խոստացավ զանգել հետո, սակայն որևէ կերպ մեզ հետ չկապվեց և չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Եվ վերջապես Մերիլենդում գրանցված ITBC LLC-ն, որը պատկանում է ուկրաինա-ամերիկյան ծագման Սերգեյ Կրասնիտսկուն, ստացել է 360,000 դոլար Vizientas and Venus Commercial ընկերություններից, կրկին Տիմոշենկոյի քարոզարշավի համար:
ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննիսյանին պատկանող Zeset Sp z o.o լեհական ընկերությունը 2018-ին լոբբիստական ծառայություն է մատուցել ուկրաինացի Վալենտին Նալիվայչենկոյին (Valentyn Nalyvaichenko): Պաշտոնական փաստաթղթերը վկայում են, որ ընկերությունը փոխանցել է 400 հազար դոլար այդ ծառայությունների դիմաց: Հովհաննեսին հանդիպել չհաջողվեց, մեր երկու այցերի ժամանակ էլ նա տանը չէր, հեռախոսահամարին, որը թողել էինք հարևանի մոտ, նա այդպես էլ չզանգեց։
Ի վերջո, Ուկրաինայի նախկին քաղաքական գործիչ Անդրի Արտեմենկոն (Andri Artemenko) ստացել է 74,450 դոլար չեխական Oilprom Sro ընկերությունից: Արտեմենկոն հարցումների տվյալներ էր պատվիրել 2019թ. ուկրաինական նախագահական ընտրությունների վերաբերյալ օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկին պատկանող հեռուստաընկերության համար, ում դստեր կնքահայրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Վճարումը կատարվել էր Oilprom-ի միջոցով. Ընկերությունը պատկանում է ՀՀ քաղաքացի Արման Սիմոնյանին: Վերջինիս հետ կապ հաստատելիս պարզվեց, որ աշխատում է «ՄԻՐ» հեռուստաընկերությունում որպես օպերատոր:
Նրա տունը գտնվում է Երևանի ծայրամասում` ՀԱԹ թաղամասում, բազմաբնակարան շենքի առաջին հարկում: Մայրը և կինն ասացին, որ իրենք ոչինչ չգիտեն այդ ընկերության մասին, իսկ Արմանն աշխատանքի է: Նրա հետ կարողացանք միայն հեռախոսով կապ հաստատել: Արմանը սկզբից ժխտեց, այնուհետև հաստատեց, որ կապ է ունեցել այդ ընկերության ստեղծման հետ, սակայն հրաժարվեց հանդիպել և մանրամասն զրուցել Oilprom Sro-ի գործունեության, դրանում իր ներգրավվածության և գործարքների մասին:
Կարեն Ազարյանը միակն էր, որը պատմեց, թե ինչպես է պատահել, որ դարձել է բրիտանական կասկածելի գործունեություն ունեցող մի ընկերության տնօրեն։ Կարենը կահույքի արտադրամասում է աշխատում, հիշում է, որ 2018թ․-ին հին ընկերներից մեկը (Կարենը հրաժարվեց ընկերոջ անունը ասել), որ Ռուսաստանում է ապրում, կապվել է իր հետ ու շահավետ առաջարկ արել։ Համաձայն առաջարկի` ընկերը հովանավորում է Կարենի ճանապարհորդությունը դեպի Չեխիա, հոգում բոլոր ծախսերը, օգնում ստանալ վիզա, իսկ Կարենից պահանջվում էր գրանցվել որպես դրածո (proxy) տնօրեն բրիտանական Eltex Trade LLP ընկերությունում և բացել բանկային հաշիվ, ինչն էլ Կարենն արել է։ Այդ ընկերության անունը հիշատակվում է Մոլդովայի դատախազության հրապարակած փաստաթղթերում՝ կապված 2014թ․-ին Մոլդովայից 1 միլիարդ դոլար գողության հետ։
Կարեն Ազարյանը մեկն է այն մոտ հարյուր հայերից, ովքեր տարբեր արտասահմանյան ընկերություններում գրանցվել են որպես դրածո (proxy) տնօրեններ։ Բազմաթիվ խոշոր օլիգարխներ օգտագործում են այս ընկերությունները, որ կարողանան միլիոնավոր դոլարներ դուրս բերել Արևելյան եվրոպական երկրներից և խուսափել հարկերից, այլ կարպ ասած՝ փողերի լվացման համար հիմնված ընկերություններ են։ Այս ցանցում ներգրավված հայերը օգնում են այդ մարդկանց՝ թաքցնելու իրենց կապը այդ ընկերությունների հետ, ինչը թույլ կտա խուսափել կասկածներ հարուցելուց։
Համատեղ արված այս հետաքննության ընթացքում մեր գործընկերների հետ այցելել ենք մոտ 100 տնօրենների և բաժնետերերի առնվազն կեսին։ Նրանցից ոմանք սերտորեն կապված էին միմյանց հետ, որոշ դեպքերում միևնույն ընտանիքի մի քանի անդամներ այդ ընկերություններում գրանցված էին որպես տնօրեններ կամ բաժնետերեր։ Ընտրված մարդիկ հիմնականում Երևանից էին, օրինակ` մեկ թաղամասից կամ փողոցից միանգամից մի քանի տնօրեններ կամ բաժնետերեր կային ցուցակում, սրանից կարելի է ենթադրել, որ այն մարդիկ, ովքեր ներգրավել են ընկերությունների համար հանդես եկող կեղծ տնօրեններին, տարածքին ծանոթ են եղել։
Փողերի լվացման սխեմաները շարունակում են աշխատել
Արաքս Աբրահամյանը մատնահարդար է, նա եղել է ավստրիական Equinto Handels GmbH ընկերության տնօրենը և 2017 և 2018 թթ․-ին մեկնել է Ավստրիա և Չեխիա։ Նրա հետ մեկնել է նաև Նաիրա Վարդերեսյանը, որն էլ եղել է Builmast Handels GmbH ընկերության տնօրենը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Արաքսը մեկնել է նաև Թաիլանդ, ինչից երևում է, որ սխեման շարունակում է աշխատել։
Equinto-ն, Builmast-ը և էլի երկու ավտրիական ընկերություներ, որոնք ներգրավված են փողերի լվացման այս համակարգում՝ Norta Handels GmbH-ը և Tarso Handels GmBh-ը, ուղիղ կապ ունեն կազմակերպված հանցավորության հետ։ Equinto և Norta ընկերությունների լիազորագրերը պատկանում են Կոնստանտին Մակարենկո անունով մի մարդու, որի մասին ավտրիական Profil ամսագիրը մի շարք հոդվածներ ունի։ Մակարենկոն կասկածվում է Ավտրիային 100 մլն դոլարի հարկային պարտք ունենալու և ռուսական կազմակերպված հանցավորության համար փողերի լվացման մեջ։
Արաքսին հանդիպել չհաջողվեց։ Նրանց տունը գտնելուց հետո, երբ հարցրինք, թե կարող ենք խոսել Արաքսի հետ, հայրը՝ Ռուբիկ Աբրահամյանը, իմանալով, որ լրագրողներ ենք, պատշգամբից ասաց, որ Արաքսը տանը չէ, ու միանգամից ներս գնաց։
Ռուբիկ Աբրահամյանը և Արաքսի մայրը՝ Օֆելյա Պապյանը, նույնպես ընդգրկված են այս համակարգում, նրանք բաժնետերեր են գրանցված բրիտանական Dastinway LLP ընկերությունում, որը ներգրավված է կրիպտոարժութային խարդախության մեջ։
Նախորդ տարվա դեկտեմբերին Արաքս Աբրահամյանի հետ Թաիլանդ էր գնացել նաև Արևիկ Միրզոյանը, որը թաիլանդական Electricmost co Ltd ընկերության տնօրենն է։ Արևիկին նույնպես այցելեցինք։ Փորձեցինք տեղեկանալ, թե ինչ կապ ունի այդ ընկերության հետ, բայց Թաիլանդ բառը լսելուն պես Արևիկը միանգամից ասաց, որ երկու անչափահաս երեխա ունի ու խնդիրներ չի ուզում։ Նա ժխտեց, որ երբևէ եղել է Թաիլանդում, սակայն Արաքսի սոցցանցային հրապարակումներից մեկում նրանք երկուսով Թաիլանդում են, նկարը տեսնելուց հետո Արևիկն ասաց, որ դա ինքը չէ։ Խոսակցության ողջ ընթացքում Արևիկի ամուսինը՝ Արմեն Հովհաննիսյանը, փորձում էր փակել դուռը, որ խուսափեր պատասխաններից։ Արմեն Հովհաննիսյանը նույնպես տնօրեն է Սինգապուրում գրանցված Calipso pte Ltd ընկերությունում:
Այդ ընկերություններում գրանցված որոշ տնօրեններ, բաժնետերեր կամ որևէ կերպ ներգրավված անձինք, որոնց հետ մենք հանդիպեցինք, թեև չժխտեցին, որ կապ ունեն այդ ընկերությունների հետ և խոստացան ավելի ուշ մեզ զանգահարել և ավելի հարմար վայրում հանդիպել խոսելու համար՝ այդպես էլ չզանգահարեցին և մեր զանգերին չպատասխանեցին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում