Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների մասին։

«Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի կարևոր դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Մեր ամբողջ ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վրա։ Բայց դա արդարացում չէ անտեսելու ևս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին»,- նշել է Ռասմուսենը։


Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։

«Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։ «Amnesty International»-ը զգուշացնում է, որ այն պատճառով, որ «ցուցարարները» արգելափակում են Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առեւտրային փոխադրումները, շուրջ 120 հազար էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը»,- ասել է Ռասմուսենը։


ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի հայտարարությամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհով:

«Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները ՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին որոշում է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար: Բայց անցավ մեկ ամիս, և ոչինչ չփոխվեց։ Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։

Եթե Եվրոպան և ողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի»,- ընդգծել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ ՝ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։

«Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են ՝ առանց նախազգուշացման և բացատրության: Այս ամենի նպատակն ակնհայտորեն հայ բնակչության կյանքն առավելագույնս բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։ Մենք չպետք է հեռացնենք մեր հայացքը այն ամենից, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- շեշտել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց թրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները:

Ռասմուսենն առաջնային խնդիր է համարում Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելը։

«Ադրբեջանը նաև հրաժարվում է միջազգային դիտորդներին հնարավորություն ընձեռել իրավիճակը գնահատելու համար:

Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելության ուղարկելն է: Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների հետ, եթե շարունակի անտեսել միջազգային դատարանի պարտավորեցնող վճիռը:

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ ՝ շնորհիվ այն զենքի, որը նա ձեռք էր բերում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց տարածքներ հենց Հայաստանում, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի մոտ, ընդամենը երկու օր վերսկսված մարտերից հետո։

Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, տարածաշրջանային դաշինք, որը Ռուսաստանը կապում է հինգ նախկին խորհրդային պետությունների հետ, ոչ մի աջակցություն չեղավ, երբ Հայաստանն օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ։ Նա մնաց խոցելի և մենակ։

Ավելի վատ է, որ Ադրբեջանն իր զորքերը թողել է Հայաստանի տարածքում և հրաժարվել է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցությունների միջոցով»,- արձանագրել է Ռասմուսենը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերսկսումը։

«Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը ՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի կարևոր դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Եվ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճանաչել են դա, և այդ հարցում զգալի քաղաքական կապիտալ են ներդրել:

Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի ՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը: Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել Ադրբեջանի տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարողանա կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն դիտորդների ներկայության ավելացումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը բանակցությունները գերադասի ռազմական առճակատումից»,- եզրափակել է Ռասմուսենը։

 

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am