Երկու բնական թշնամի ունենալով` Մոսկվային հակառակվելը ծանր է նստելու Փաշինյանի վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երեկ ելույթ ունենալով Անկարայում անցկացված թյուրքական երկրների կազմակերպության գագաթնաժողվում, հիշեցրել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի օգնությունը։ «Քաղաքական, դիվանագիտական և բարոյական աջակցությունը, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին օրը մեր երկրին ցուցաբերվեց Թուրքիայի ու անձամբ նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից, մեզ նոր ուժեր էին հաղորդում։ 44-օրյա պատերազմի ընթացքում ամբողջ թուրքական ժողովուրդը Ադրբեջանի կողքին էր»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։ Ըստ «Ազատության», նա նշել է, որ 2021թ. հունիսին Շուշիում ստորագրված հռչակագրով Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են դաշնակցային մակարդակի։

Հայ-ադրբեջանական առկա իրավիճակի մասին Ալիևն ասել է, որ Հայաստանը չնայած 2022թ. «Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռ ամբողջովին դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից»։ «Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրյան միջանցքը բացելու պարտավորությունից՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի հայտարարության պայմանները և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»,- հայտարարել է Ալիևը։

Նկատենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում, սակայն, «Զանգեզուրյան միջանցք» արտահայտությունը չկա, խոսքը Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհները վերաբացելու մասին է։ Այս տարվա սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներին տված մեծ հարցազրույցում Ալիևը ասել էր, որ «Զանգեզուրյան միջանցքը» ինքն է շրջանառության մեջ դրել։

Անկարայում ունեցած ելույթում Ալևն ասել է, որ «ազատած» տարածքների վերականգնման մեծ աշխատանքներ են տարվում, զրոյից կառուցում են ինը նոր քաղաքներ ու 300 գյուղեր։ 2021-2022թթ. Ադրբեջանի կառավարությունը 4 միլիարդ դոլար է ծախսել, այս տարի պլանավորված է 1,7 միլիարդ դոլար հատկացնել։

Նրա խոսքերով՝ Ադրբեջանը «մեծ վերադարձ ծրագիր է իրականացնում հարկադրաբար տեղահանվածներին» վերադարձնելու համար։ Ենթակառուցվածքային շատ ծրագրերին ակտիվորեն մասնակցում են թուրքական կապալառու ընկերություններ։ Թուրքական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը այսօրվա դրությամբ անցնում են երեք միլիարդ դոլարը։ Ալիևը նշել է, որ Թուրքայի նախագահը երեք անգամ այցելել է այդ շրջաններ, լինելով Շուշիում, Վարանդայում (Ֆիզուլիում), Զանգելանում և Ջրականում (Ջաբրայիլում)։

Վերադարձի նպատակ ունեն նաև «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիները», ասել է նա: Ալիևի խոսքերով՝ ինչպես Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, այնպես էլ Հայաստանը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա։

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո անցկացվող հանդիպման զգալի մասը, բնականաբար, Թուրքիային համերաշխություն հայտնելու, օժանդակելու, թուրքական աշխարհի միասնության և համագործակցության մասին է։ Գագաթնաժողովը կոչվում է «տարերային աղետների կարգավորում և հումանիտար օգնություն»։ Էրդողանն իր ելույթում հայտարարել է, որ գագաթնաժողովը հերթական անգամ ցուցադրում է թուրքալեզու երկրների միասնությունը, ներկայացրել է երկրաշարժի աղետալի հետևանքների մասշտաբները, վերականգնման աշխատանքների ծավալները։
Թյուրքալեզու երկրների կազմակերպության մեջ մտնում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Թուրքմենստանը, Հունգարիան և միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսը, որի ղեկավար Էրսին Թաթարը նույնպես ժամանել է Անկարա։ Թուրքական Կիպրոսը անցյալ տարի է այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստացել:

Գագաթաժողովի ավարտին ընդունված Անկարայի հռչակագրում թուրքալեզու երկրները դատապարտել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչութունը և կոչ անում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար արագ ու բազմակողմանի հետաքննություն անցկացնել:

Ալիևի Անկարայի ելույթին պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ն...

Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի ելույթը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր, հայտարարեց ՀՀ ԱԳՆ-ն, շեշտելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Իլհամ Ալիևը կոպտորեն խախտում է միջազգային հռչակագրեր ու կանոնադրություններ, Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները ևս, որոնց, Ալիևը հղում է անում հենց իր ելույթում:

«Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները: Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչպես նաև. «Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը»:

Հայաստանի ԱԳ նախարարությունը ընդգծում է, որ Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան. «Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ»։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք այսօր ունենք Ադրբեջանի առավել կոշտ դիրքորոշում: Այս վիճակում պետք է կայանա Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան, բանակցություններ` Լավրովի հետ:

«Պե՞տք է արդյոք Ռուսաստանը պաշտպանի Լեռնային Ղարաբաղը նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը ցանկանա խաղաղապահների պատասխանատվության գոտում նոր տարածքներ գրավել». - մոսկովյան "Коммерсантъ"-ի թղթակցի այս հարցը հնչեց նախօրեին՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ: Հստակ պատասխան, սակայն, ռուսական դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարն այդպես էլ չտվեց՝ պնդելով, թե ենթադրյալ սցենարների մասին խոսակցությունները վնասից բացի ուրիշ ոչնչի չեն կարող հանգեցնել:

«Կարող ենք մեկնաբանել միայն այն, ինչ տեղի է ունենում: Պատմել, թե սա կամ նա ինչ տեսք կարող է ունենալ, երբ ինչ-որ բան տեղի ունենա, այս դեպքում տեղին չէ, սխալ է և շատ վնասակար: Դա կհանգեցնի տարատեսակ շահարկումների և զրպարտիչ պնդումների ի հայտ գալուն: Կլինի ինչ-որ իրավիճակ, որին հարկավոր կլինի արձագանքել, մենք կարձագանքենք: Այժմ նման մոդելավորմամբ զբաղվելն, ինձ թվում է, ծայրահեղ վտանգավոր է», - հայտարարում էր Զախարովան:

Մեկնաբանելով Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, թե այժմ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Մարիա Զախարովան խորհուրդ է տվել մեկ անգամ էլ ընթերցել երեք երկրների ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունը: «Մեր երկրի բոլոր պարտավորությունները հստակորեն արձանագրված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի էսկալացիա թույլ չտան և կայունացնեն իրավիճակը տեղում, դա անում են իրենց պատասխանատվության գոտում: Այստեղ, իհարկե, շատ բան է կախված ներգրավված բոլոր կողմերի գործողություններից ու հայտարարություններից: Այնպես որ, որևէ նոր բան հորինելու կարիք չկա, պարզապես հարկավոր է բացել այդ փաստաթուղթը և նայել՝ ինչ պարտավորություններ է մեր երկիրը ստանձնել և ինչ պարտավորություններ չի ստանձնել», - հայտարարում էր Զախարովան:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները լիովին տեղավորվում են քաղաքական այն կուրսի մեջ, որ որդեգրել է պաշտոնական Երևանը նախորդ տարվա աշնանից: «Հայաստանի ղեկավարության այս հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որ նրանք որդեգրել էին Եվրամիության հովանու ներքո Պրահայում 2022թ. աշնանն անցկացված գագաթնաժողովի ընթացքում: Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Մարիա Զախարովան արձագանքեց վարչապետ Փաշինյանի մեկ այլ հայտարարության ևս, թե «կան մտահոգություններ, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից»։ «Չգիտես ինչու ես Բուլգակովին հիշեցի՝ «ով ում վրա էր կանգնած», ու Ստանիսլավսկուն՝ «սիրեք արվեստը ձեր մեջ, և ոչ թե ձեզ արվեստի մեջ»։

Ահա այդ պատճառով ես անմիջապես մտածեցի՝ հարցի այս հատվածը կթողնեմ ձեր հայեցողությանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», - հեգնեց Զախարովան՝ հիշեցնելով, որ անցած տարի ՀԱՊԿ-ը Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ առաքելություն էր ուղարկել Հայաստան, մոնիտորինգային առաքելություն ծավալելու ծրագիր կար, բայց «հայկական կողմի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին դաշինքի մյուս անդամների համար, դիտորդներ ուղարկելու որոշումը չհաջողվեց ընդունել»։

Ահա, Փաշինյանի իշխանությունը ոչ միայն պետք է փորձի Ադրբեջանի իշխանությունների ապօրինի պահանջների «տակից դուրս գա», այլև ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հրապարակայնորեն արդեն քննարկվող խնդիրները պետք է կարգավորի:

Եթե իհարկե, նման խնդիր Փաշինյանի իշխանությունն առհասարակ դրել է իր առջև: Եթե պաշտոնական Երևանի օրակարգում ռուսական կողմի հետ խնդիրների շարքն ավելացնելն է, ապա, այս պահի դրությամբ, կարելի է ասել, որ Փաշինյանի իշխանությունն անշեղորեն առաջ է ընթանում հենց այդ ուղով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1850 անգամ
Լրահոս
Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am