Ալիևի ասածը «հալած յուղի» տեղ անցնում է. Ցնցող արդարացումներ Արևմուտքից

Հաագայի դատարանի որոշման անտեսումից երկու շաբաթ անց ԵՄ-ն հասցեական կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ու բոլոր պատասխանատուներին երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

Հայտարարությունը տարածել է ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպությունները Եվրամիության պատվիրակությունը։ «Եվրամիությունը շարունակում է մտահոգված լինել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքների: ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք ակնկալում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած խաղաղ գործընթացի շարունակություն», - ըստ «Ազատության», ասված է հայտարարության մեջ։

Հաագայի դատարանը Հայաստանի դիմումն Ադրբեջանի դեմ բավարարեց փետրվարի 22-ին՝ պարտավորեցնելով Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն ավելի քան 2 շաբաթ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն:

Սակայն Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ հանդես է եկել ուշագրավ մեկնաբանություններով...

Նա հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելության դերը խաղաղ գործընթացին աջակցելն է, և ոչ թե այլընտրանք կամ փոխարինող։ Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Կլաարը նշել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է խաղաղ գործընթացի կատալիզատորի դեր խաղա, ինչպես նաև պետք է օգնի հայկական կողմին, որն իրեն, ինչպես որոշակիորեն անվստահ է զգում, ավելի ակտիվ ներգրավվելու խաղաղ գործընթացում։ «Մենք Ադրբեջանի իշխանությունների հետ բաց ենք վարվել. մենք համաձայնության չենք եկել Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ այն (ԵՄ դիտորդական առաքելությունը/խմբ.) գտնվում է Հայաստանի տարածքում։ Բայց մենք լիովին թափանցիկ ենք եղել, թե որն է այս առաքելության գործունեությունը:

Առաքելության նպատակը մենք տեսնում ենք թե՛ նրանում, որ վստահություն ձևավորվի հայկական համայնքներում հայ-ադրբեջանական և միջազգային սահմանի ողջ երկայնքով, և թե՛ նրանում, որ խթանի խաղաղ գործընթացին, որը շատ կարևոր տարր է»,- Բաքվում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Որ Բրյուսելը սկսել է արդարանալ, բացատրել Ալիևին, որ իրենցից վտանգ չկա` տարօրինակ է: Ալիևն իր քաղաքականությամբ Արցախում ցեղասպանություն է իրականացնում` կեղծ պնդումներով ու պահանջներով: Ու Բրյուսելը այս իշխանության առջև պարզաբանումներո՞վ է հանդես գալիս...

Ավելին, պարզվում է, որ Տոյվո Կլաարը իրավաչափ է համարում Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման պահանջը, Բաքվում՝ «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։ «Մենք չենք ուզում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»,-ասել է Կլաարն ու հավելել. «Կարծում եմ՝ այդ թափանցիկությանը հասնելը բանակցելու հարց է։ Դա անելու մի քանի տարբերակներ կան, որոնցից մի քանիսը նախկինում քննարկվել են։ Դրանցից մեկն է, օրինակ, այն, որ անցակետում լրացուցիչ սարքավորումներ լինեն, որպեսզի ռուսները կարողանան վերահսկել այնտեղով իրականացվող փոխադրումները»։ Կլաարը նաև ընդգծել է. «Իհարկե, թափանցիկության պահանջն իսկապես օրինական է, և միևնույն ժամանակ կարևոր է ժողովրդի, ղարաբաղահայության համար, որ նրանք ունենան անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում»։

Այսինքն, ԵՄ պաշտոնյան հավատո՞ւմ է Բաքվի պնդումներին, թե` «Հայաստանը ապօրինի զենք-զինամթերք է ուղարկում Արցախ»:

Թե՞ եվրոպացի պաշտոնյան էլ է կողմ Ալիևի` անցակետեր տեղադրելու գաղափարին, պարզապես դա քողարկվում է «թափանցիկության» մասին մտահոգություններով:

Նշենք, որ երեկ հանդես է եկել նաև ամերիկացի բանագնացը: Հայաստանը և Ադրբեջանը կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար փաստաթղթում պետք է ներառեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ «Ազատության»-ը տված հարցազրույցում։

Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել։ Եթե այո, ի՞նչ կարգավիճակով: Բոնոն պատասխանել է. «Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից:

Եվ երբ ասվում է, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երևանը և Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու, հարցին, Բոնոն պատասխանել է. «Նախևառաջ, Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք՝ որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն»։

Այսինքն, Ալիևի «ասածները», կարելի է ասել` «հալած յուղի» տեղ դնող արևմտյան գործիչները սպասո՞ւմ են, որ 2 ամսից ավելի Արցախը շրջափակման մեջ պահող Ալիևը կառուցողական համաձայնությունների գա հայկական կողմի հետ բանակցություններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2257 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am