Պուտինն ընդդեմ բոլորի. նա վերցրել է իրեն նետված ձեռնոցը

Պուտինը վստահեցնում է, որ Մոսկվան հաշվի կառնի ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունները, ՄԱԿ-ը բանաձև ընդունեց, և չնայած այդ բանաձևը կատարելու պարտադիր ուժ չունի, այնուամենայնիվ, այն ընդգծում է Ռուսաստանի մեկուսացումը և պատերազմը դադարեցնելու՝ միջազգային հանրության բացարձակ մեծամասնության դիրքորոշումը։

Իսկ Պուտինն արձանագրեց, որ Արևմուտքը ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի է, այլև` նախկին Խորհրդային Միության: Հետևաբար Պուտինը վերցրել է իրեն նետված ձեռնոցը և ուղենշում, որ պայքարում է բոլորի դեմ` հանուն Ռուսաստանի և Ռուսաստանի դաշնակիցների:

Ռուսաստանը պետք է հաշվի առնի ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հայտարարեց, որ Ռուսաստանն այլ ելք չունի, քան հաշվի առնել ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունները, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքը ձգտում է պարտության մատնել Ռուսաստանին: «Այսօրվա պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի բոլոր առաջատար երկրները իրենց հիմնական նպատակն են հայտարարել մեզ ռազմավարական պարտության հասցնելը, որպեսզի մեր ժողովուրդը տուժի, ինչպես իրենք ասում են, ինչպե՞ս կարող ենք այս պայմաններում անտեսել նրանց միջուկային հնարավորությունները», - ասել է Պուտինը։

Արևմուտքը, Պուտինի խոսքերով, ցանկանում էր լիկվիդացնել Ռուսաստանը: «Նրանք մեկ նպատակ ունեն՝ լուծարել նախկին Խորհրդային Միությունը և նրա հիմնարար մասը՝ Ռուսաստանի Դաշնությունը»,- նշել է Պուտինը։ Արևմուտքը, նրա պնդմամբ, անուղղակի մեղսակից է եղել Ուկրաինայի «հանցագործություններին»։

Ռուսաստանն այս տարի կմեծացնի միջուկային զինանոցը

Օրերս առաջ, Ուկրաինայի դեմ սկսած լայնածավալ պատերազմի տարելիցի նախօրյակին, Պուտինը, շնորհավորելով ռուսաստանցիներին «Հայրենիքի պաշտպանի» օրվա կապակցությամբ, հայտարարել է, որ Ռուսաստանը այս տարի կմեծացնի միջուկային զինանոցը։ «Այս տարի մարտական հերթապահություն են մտել «Սարմատ» հրթիռային համակարգի առաջին արձակողները՝ նոր ծանր հրթիռով։ Մենք կշարունակենք «Կինժալ» օդային արձակման հիպերձայնային համակարգերի սերիական արտադրությունը և կսկսենք «Ցիրկոն» ծովային հիպերձայնային հրթիռների զանգվածային մատակարարումները», - ասել է նա։ Բացի դրանից, առաջիկա տարիներին Ռուսաստանի ռազմածովային ուժերը կհամալրվեն միջուկային էներգիայով աշխատող ևս երեք սուզանավերով, խոստացել է Պուտինը, իսկ զորքերը կստանան նաև «հարվածային նոր համակարգեր, հետախուզական և կապի սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր և հրետանային համակարգեր»։ Միջուկային զինանոցը մեծացնելու խոստումներից երկու օր առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը միջուկային զենքի սահմանափակման պայմանագրին, խորհրդարանն էլ շատ արագ հաստատել էր օրինագիծը։

Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը սահմանում է միջուկային մարտագլխիկների առավելագույն քանակը, արգելում է Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին ռազմավարական միջուկային զենք տեղակայել իրենց տարածքներից դուրս, պարտավորեցնում է նրանց չթաքցնել միջուկային հրթիռները հետախուզական սարքավորումներից և ապահովել միմյանց տեսուչների մուտքը այն ռազմաբազաներ, որտեղ միջուկային զենք կա։

Երկու օր առաջ Դաշնային ժողովին հղած իր ուղերձում Պուտինը շեշտել էր՝ Մոսկվան ոչ թե դուրս է գալիս պայմանագրից, այս սառեցնում է իր մասնակցությունը, հաջորդ օրն էլ Կրեմլի խոսնակը պարզաբանել էր՝ Մոսկվան կվերադառնա պայմանագրին, եթե ՆԱՏՕ-Ն ու Միացյալ Նահանգները հաշվի նստեն Ռուսաստանի շահերի հետ։
Ռուսաստանի այս քայլն արժանացավ Արևմուտքի կոշտ քննադատությանը, արևմտյան առաջնորդները հայտարարեցին, որ Պուտինը միտումնավոր ոչնչացնում է միջազգային անվտանգության համակարգը։

Ամերիկացի փորձագետ Ջասթին Բրոնքի համոզմամբ՝ Մոսկվան ժամանակ առ ժամանակ կիրառում է միջուկային զենքի սպառնալիքը, քանի որ Արևմուտքը դրան ցավոտ է արձագանքում․ - «Միջուկային զենքի շուրջ ընդհանուր առմամբ հետաքրքիր դինամիկան այն է, որ դրանց կիրառման սպառնալիքը դեռևս օգտակար քաղաքական գործիք է ռուսների համար, քանի որ մենք դեռևս արձագանքում ենք դրան: Իրականում միջուկային զենքի օգտագործումը գործնականում բացարձակապես ոչ մի օգուտ Ռուսաստանին չի բերի»։

Բացելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգը նիստը՝ միջուկային սպառնալիքին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը. - «Այսպես կոչված մարտավարական միջուկային զենքի կիրառումը լիովին անընդունելի է, ժամանակն է նահանջելու եզրագծից։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն ականատես եղանք տառապանքների և ավերածությունների, այլ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ իրավիճակը կարող է դեպի ավելի վատը փոխվել»։

ՄԱԿ-ը ՌԴ-ին կոչ արեց դուրս բերել զորքերը Ուկրաինայից․ Հայաստանը ձեռնպահ երկրների շարքում է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում բանաձև ընդունեց՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս հանել իր զորքերը։ 141 երկիր կողմ է քվեարկել, 32-ը` ձեռնապահ, այդ թվում` Հայաստանը։

Ձեռնպահների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՊՀ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները։ Ընդամենը 6 երկիր է կանգնել Ռուսաստանի կողքին՝ նրա հետ դեմ քվեարկելով բանաձևին` Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Մալին, Էրիթրեան ու Նիկարագուան։ Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, բացակայել են՝ քվեարկությանը չեն մասնակցել։

Մինչ քվեարկությունը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ այս քվեարկությունը կմնա պատմության մեջ։

«Հակամարտության մեկամյա տարելիցին մենք կտեսնենք, թե աշխարհի ժողովուրդները որտեղ են կանգնած Ուկրաինայի խաղաղության հարցում», - նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը։

Ծավալված քննարկումներում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, թե արևմտյան ճամբարի համար շատ ավելի դժվար է դարձել մոբիլիզացնել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ աջակցելու Ռուսաստանի դեմ իրենց «խաչակրաց արշավանքին»: Նա պնդել է, որ քվեարկության դրվող բանաձևը հակառուսական է և վնասակար։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ՄԱԿ-ի ամբիոնից ասել է, որ նորագույն պատմության մեջ երբեք այսքան հստակ չի եղել բարու և չարի սահմանը. - «Մի երկիր պարզապես ցանկանում է հեռանալ, մյուսն ուզում է սպանել ու ոչնչացնել»։ «Արդյոք այս սրահում կա՞ մեկը, ով պատրաստ է իր տարածքի մեկ քառակուսի մետրը նվիրել արյունարբու հարևանին։ Պատասխանը բոլորս գիտենք՝ չկա։ Ուկրաինան ձեզանից մեկն է։ Աշխարհը կընկղմվի քաոսի մեջ, եթե մենք թույլ տանք ուժով փոխել սահմանները՝ քողարկվելով քաղաքական նպատակահարմարության կամ ագրեսորի նկատմամբ համակրանքի քողի տակ։ Աշխարհի աջակցությամբ Ուկրաինան կարող է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի Կանոնադրության հանդեպ հարգանքը և կանի դա», - ասել է Կուլեբան: «Ամբողջ տարին Գլխավոր ասամբլեան, գլխավոր քարտուղարը և միջազգային հանրությունը հետևողականորեն և բարձրաձայն կոչ են արել դադարեցնել այս պատերազմը և հարգել ՄԱԿ-ի Կանոնադրությունն ու միջազգային իրավունքը։ Այսօր ևս հարկ է կրկնել՝ ագրեսիան անօրինական է, հարևանների տարածք ներխուժելն անօրինական է, բռնազավթել ուրիշ երկրի տարածք՝ անօրինական է» ,- իր ելույթում ասել է ՄԱԿ-ի նստաշրջանը նախագահող Չաբա Կյորոշին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ասել է, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու տարելիցը մռայլ հանգրվան է Ուկրաինայի ժողվորդի և միջազգային հանրության համար․ - «Այդ ներխուժումը վիրավորանք է մեր հավաքական խղճին։ Դա ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային օրենքի խախտում է։ Այն հումանիտար և մարդու իրավունքների դրամատիկ հետևանքներ ունի, իսկ ազդեցությունը զգացվում է Ուկրաինայից շատ հեռու»։ Գուտերեշն ասել է, որ ռուս - ուկրաինական պատերազմը նաև հրահրում է տարածաշրջանային անկայունություն, գլոբալ լարվածություն և տարաձայնություններ, ուշադրությունն ու ռեսուրսները շեղում մյուս ճգնաժամերից ու հրատապ գլոբալ խնդիրներից։

«Մինչդեռ մենք լսել ենք միջուկային զենք օգտագործելու անուղղակի սպառնալիքներ։ Միջուկային զենքի այսպես կոչված տակտիկական կիրառումը բացարձակապես անընդունելի է։ Ժամանակն է նահանջել եզրագծից», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ թեև այսօր հեռանկարները կարող են մռայլ թվալ, բայց բոլորը պետք է աշխատեն՝ գիտակցելով, որ իրական կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։ «Որքան երկար շարունակվեն մարտական գործողությունները, այնքան դժվարին կլինի այդ աշխատանքը։ Մենք ոչ մի րոպե չպետք է կորցնենք», - ըստ «Ազատության», նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

«Մեկ տարի առաջ այս օրը առավոտյան հասկացա՝ պատմության էջը շրջվում է», ասում է ԵՄ պաշտոնյան

«Մեկ տարի առաջ առավոտյան ժամը 5-ին զանգ եմ ստանում՝ «Կիևը ռմբակոծում են»: Հասկացա, որ պատմության էջը շրջվում է, և մենք մտնում ենք դրամատիկ իրավիճակ», - Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պատմել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում: Ռուս - ուկրաինական պատերազմի լույսի ներքո վերլուծելով անցած մեկ տարին՝ Եվրամիության պաշտոնյան փաստեց՝ զոհվում են ուկրաինացիներն ու ռուսները, բայց նաև եվրոպացիներն են տառապում գնաճի հետևանքով: Երբ է ավարտվելու պատերազմը՝ Բորելը չգիտի, բայց վստահ է՝ պատերազմի ավարտից հետո էլ Ռուսաստանը չի վերանա, և Եվրոպան պետք է մտածի՝ ինչպես կառուցել հարաբերություններն այդ երկրի հետ:

Վերահաստատելով, որ Եվրամիությունը երրորդ համաշխարհային պատերազմ չի ուզում, Ժոզեպ Բորելն ընդգծեց. - «Մենք պատերազմող կողմ չենք, մենք աջակցում ենք մեկ կողմին, բայց չենք մասնակցում պատերազմին»։

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարեց՝ դաշինքը պետք է շարունակի իր աջակցությունն Ուկրաինային և թափ հաղորդի, քանի որ երկիրը պայքարում է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից իրեն պաշտպանելու համար։ Բորելի խոսքով՝ դաշինքի աջակցությունն Ուկրաինային պետք է լինի ավելի շատ և ավելի արագ, բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսական, ռազմական, հումանիտար, զինծառայողների պատրաստում, դիվանագիտական կապերի հաստատում երրորդ կողմերի, այլ երկրների հետ՝ զրկելու Ռուսաստանին պատերազմը ֆինանսավորելուց. - «Սա ենք մենք փորձել անել և պետք է շարունակենք անել»: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է՝ այդ մոտեցման համար եվրոպացիները, հատկապես՝ էներգակիրների և պարենի գնաճի տեսանկյունից, թանկ են վճարել. - «Մենք դրա համար վճարել ենք, բայց շատ ավելի ցածր, քան այն գինը, որ վճարում են ուկրաինացիները և, կներեք, որ սա ասում եմ՝ նաև ռուսները»։

Բորելը տեղեկացրեց, որ առաջիկայում Մոսկվայի դեմ սահմանված Եվրամիության պատժամիջոցների մի քանի փաթեթ կսկսի ուժի մեջ մտնել, միևնույն ժամանակ խոստովանեց՝ չնայած նախկինում սահմանված պատժամիջոցներին, անցած մեկ տարվա պատերազմի ընթացքում Ռուսաստանը կարողացել է շահույթ ապահովել։

Այդուհանդերձ, ինչպես պնդեց Բորելը, Ռուսաստանը կորցրել է բնական գազի իր հիմնական գնորդին, և արդեն այս տարվա հունվարին երկրի պետբյուջեի պակասուրդը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14 անգամ մեծ էր: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի համոզմամբ՝ դա արևմտյան պատժամիջոցների հետևանքն է, բայց, ասաց՝ ցանկալի արդյունքի հասնելու համար ժամանակ է պահանջվում։ Դիվանագետի կարծիքով՝ բացի տնտեսական կորուստներից, փոքր չեն նաև պատերազմի դաշտում Մոսկվայի կորուստները՝ այդ թվում 1600 ոչնչացված տանկ․ - «Սա Պուտինը երբեք չէր էլ կարող պատկերացնել ։Բայց, դժբախտաբար, երևում է՝ նրանք պատրաստ են շարունակել այս պատերազմը, 300 հազար զինվոր են կենտրոնացրել շփման գծում, ինչը կրկնակի ավելի է այն անձնակազմից, որը սահմանին էր մեկ տարի առաջ՝ պատերազմի մեկնարկի նախաշեմին»:

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավարը դժվարացավ կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները և այն, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները պատերազմի ավարտից հետո: «Դե, Ռուսաստանը չի վերանա», - շեշտեց դիվանագետը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է սկսի մտածել, թե ինչպես կարելի է վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում։ «Մեկ տարվա՞, թե՞ առաջիկա տասնամյակների մասին է խոսքը», - լրագրողի այս հարցին Բորելն արձագանքեց. - «Անկեղծ ասած չգիտեմ: Ձեր հարցին ես չեմ կարող պատասխանել»։

Չինաստանը հրապարակեց «Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու» իր դիրքորոշումը

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ Պեկինը հրապարակեց Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու 12 կետից բաղկացած իր դիրքորոշումը։ Արտգործնախարարության հրապարակած փաստաթուղթը կոնկրետ առաջարկներից չի ներկայացնում, ինչը սպասվում էր Մյունխենում Չինաստանի ներկայացուցչի ելույթից հետո, ավելի շուտ շարադրված են Չինաստանի մոտեցումներն ու կոչերը։

Առաջին կետում նշված է, որ պետք է խստորեն պահպանել համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքները, ներառյալ ցանկացած երկի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորումը։ Երկրորդ կետը, ըստ էության, ռուսական հռետորաբանության արտացոլումն է, թե իբր Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով սպառնում են իրեն։ «Երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի ուրիշների անվտանգության հաշվին։ Տարածաշրջանի անվտանգությունը չպետք է ապահովվի ռազմական բլոկների ուժեղացմամբ, առավել ևս ընդլայնմամբ»,- նշված է երկրորդ կետում։

Մնացած կետերով Չինաստանը բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, չբորբոքել կրակը և օգնել Ռուսաստանին և Ուկրաինային որքան հնարավոր է շուտ վերականգնել երկխոսությունը։ Անթույլատրելի են համարվում միակողմանի պատժամիջոցները, միջուկային զենք կիրառելու սպառնալիքները։ Կոչեր են արվում հաղթահարել հումանիտար ճգնաժամը, պաշտպանել շարքային քաղաքացիների իրավունքները, չկրակել ատոմակայանների վրա, պահպանել հացահատիկի արտահանման երթուղիները, օգնել վերականգնելու հակամարտության հետևանքները։
Չնայած Պեկինը հայտարարեց իր չեզոքության մասին, արևմտյան մամուլը գրում է , որ Չինաստանը պատրաստվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։

Մասնավորապես գերմանական Spiegel-ը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնեցնում են չինական հարվածային ԱԹՍ-ն մատակարարելու հարցը։ Ըստ հրապարակման՝ արդեն գալիք ապրիլին Չինաստանը պատրաստվում է 100 կամիկաձե դրոններ տրամադրել Ռուսաստանին։ Նախօրեին ամերիկյան մամուլը գրել էր, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է հետախուզական տվյալների հրապարակման նպատակահարմարությունը, ըստ որի Պեկինը ծանրութեթև է անում Ռուսաստանին զենք մատակարարելու կողմ և դեմ փաստարկները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ասել է, որ նման տվյալներ կան նաև ՆԱՏՕ-ի տրամադրության տակ։

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը այսօր ճեպազրույցում ասել է, որ նման հրապարակումներից տեղյակ չէ։ «Այն, ինչ գիտեմ, վերջին շրջանում մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածվել այդ հարցի շուրջ, և մենք պետք է զգոն լինենք դրա ետևում ընկած մտադրությունների հանդեպ։ Չինաստանը միշտ խոհեմ ու պատասխանատու է վերաբերվել զենքի արտահանմանը և որևէ զենքի վաճառք չի իրականացնում հակամարտ տարածաշրջաններում կամ պատերազմող կողմերին։ Այն ամենը, ինչ արել է Չինաստանը, կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ խթանել խաղաղությունը և երկխոսությունը»,- ասել է Վան Վենբինը։ Նա պնդել է, որ Չինաստանը շարունակելու է աշխատել միջազգային հանրության հետ կառուցողական դեր խաղալու Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար՝ հիմնված Չինաստանի հրապարակած դիրքորոշման վրա։

Ի դեպ, Պեկինը մինչ հիմա չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումը հարևան Ուկրաինա։

Մակրոնը կմեկնի Չինաստան

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հայտարարեց, որ ապրիլի սկզբին կայցելի Չինաստան, մասնավորապես, որպեսզի Պեկինից օգնություն խնդրի «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դադարեցնելու հարցում»: «Այն փաստը, որ Չինաստանը մասնակցում է խաղաղության ջանքերին, լավ է»,-Փարիզում գյուղատնտեսական տոնավաճառում լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը: «Չինաստանը պետք է օգնի մեզ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա երբեք չօգտագործի քիմիական կամ միջուկային զենք և որպեսզի դադարեցնի իր ագրեսիան՝ որպես բանակցությունների նախապայման»,-հավելել է նա:

Նա վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորումն անհնար է առանց ռուսական «զորքերի դուրսբերման և Ուկրաինայի ժողովրդի տարածքային ինքնիշխանության պահպանման»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3369 անգամ
Լրահոս
Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am