Մոսկվան դեռ չմարսած մի որոշումը` Հայաստանից ստացավ նոր հարված

Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների:

Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը:

Պարզվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Գուտերեշի հետ զրույցում Փաշինյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 75 օր: Միջազգային հանրությունից առայժմ միայն հորդորներն ու կոչեր ենք շարունակում լսել:

Իսկ ահա նորություն է նաև ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցի շուրջ հրապարակային արձանագրումը: Երբ ակնհայտ է, որ Մոսկվան դեռ չի մարսել ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, Հայաստանի իշխանությունն այժմ էլ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն հարց է դրել:

Ի դեպ, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր հայտնել է, որ վերադառնում է տարածաշրջան՝ այցը սկսելով Հայաստանից: «Վերադառնում եմ տարածաշրջան Մյունխենում առաջնորդների հանդիպումից հետո մի շարք խորհրդակցությունների համար, սկսելով Երևանից: Ակնկալում եմ լավ հանդիպումներ առավոտյան», - Թվիթերում գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում, շաբաթ օրը կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

«Որքանով ես հասկանում եմ կողմերին հրավեր և հնարավորություն է տրվել: Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանը իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե կոնկրետ երբ է կայանալու Բյուսելում սպասվող հանդիպումը:

Նախորդ օրը Փրայսը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում: Դիտարկմանը՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին հատկապես խիստ քննադատում է գործընթացը՝ պնդելով, թե Արևմուտքը տապալում է բանակցային գործընթացը, Փրայսն արձագանքել է. - «Իմ միակ մեկնաբանությունն այն է, որ մենք հուսով ենք տեսնել այն առաջընթացի շարունակությունը, որը տեսանք վերջին շաբաթների ընթացքում, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին, մինչ նրանք բանակցություններ են վարում այս մարտահրավերի համապարփակ լուծման ուղղությամբ»:

Իսկ երեկ նաև լուր ստացվեց այն մասին, որ Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում...

Առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում, հայտնեց Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Սա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ, եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում», - հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը: Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունները կազմակերպած, դրանց նաև մասնակցած ամերիկյան կողմի ներկայացուցիչը, սակայն, չի կոնկրետացրել ոչ օրը, ոչ էլ ձևաչափը՝ արդյոք խոսքը ղեկավարների հանդիպման մասին է։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ բացառապես ղեկավարներն են բանակցել։

Իսկ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական հեռակա նամակագրությունը շարունակվում են։ Ինչպես Փաշինյանն էր ասել՝ նախագծի շուրջ արդեն երեք փուլերով բանակցություններ են եղել, մեկ շաբաթ առաջ էլ հայկական կողմը հերթական առաջարկներն է փոխանցել։ Ոչ փաստաթղթի դրույթները, ոչ էլ իր առաջարկները հայկական կողմը չի հստակեցնում։

Հայաստանի արտգործնախարարը օրերս ասաց՝ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները սկսելիս Ադրբեջանի հետ եղել է պայմանավորվածություն՝ երկու ուղղությամբ վարել բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ու միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ ԼՂ-ի հայության իրավունքների ու անվտանգության հարցով Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ Միրզոյանը, համենայնդեպս, չասաց, որ այդ պայմանավորվածությունները փոխվել են։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3558 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am