Պուտինը կփորձարկի միջուկային զենքը. Բոլորը սպասում են առաջին հարվածողին
Ռուս-ամերիկյան դիմակայությունը հասավ գագաթնակետին: ԱՄՆ-ի քայլերն ու ի պատասխան Ռուսաստանի գործողությունները վկայում են այն մասին, որ Մոսկվան ու Վաշինգտոնը խորը դիմակայության փուլում են:
Լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցը, սակայն պատերազմի վերջը չի երևում, ընդհակառակը, սպասվում են ավելի թեժ մարտեր, ուկրաինական կողմը հակահարձակում է ծրագրում։ Ռուսական կողմն էլ իր հերթին կանգ առնելու որևէ նշան ցույց չեն տալիս, անդադար կրկնում են՝ մարտի դաշտում իրենց հաղթելն անհնար է։
Բայդենի անակնկալ այցը Կիև
Փետրվարի 20-ին ԱՄՆ նախագահը նախապես չհայտարարված կարճատև այցով ժամանեց Կիև։ Ու թեև այդ ժամանակ էլ Կիևում օդային տագնապի ազդանշաններ էին հնչում, բայց, չնայած վտանգներին, Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղեկցությամբ այցելեց Ուկրաինայի պաշտպանների հուշահամալիր։
Ապա հայտարարեց Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին. - «Միացյալ Նահանգները առաջիկայում Ուկրաինային ևս 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, որն իր մեջ կներառի հրետանային միջոցներ, ՀՕՊ ռադարներ և Himars համակարգեր»։
Պատերազմի տարելիցի նախօրեին Զելենսկու հետ համատեղ ասուլիսում Բայդենը կրկին վերահաստատեց, որ Վաշինգտոնը կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի հաղթանակի համար. - «Միացյալ Նահանգները Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոսներ գտնվող պետությունների կոալիցիա է ձևավորել, որպեսզի պաշտպանի Ուկրաինան ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության միջոցով»։
Անցած ամիս ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնել են Ուկրաինային տրամադրել գերժամանակակից տանկեր։ Այսօր Զելենսկին, շնորհակալություն հայտնելով Արևմուտքի աննախադեպ աջակցության համար, հայտարարեց Կիևի նոր ակնկալիքների մասին. - «Խոսեցինք հեռահար սպառազինության և այն զինատեսակների մասին, որոնք դեռ կարող են մատակարարվել Ուկրաինային, թեև նախկինում այն չէր մատակարարվում։ Պարոն նախագահ, ես գիտեմ, որ Ուկրաինային պաշտպանական աջակցության հզոր փաթեթ է սպասվում։ Եվ հենց հիմա, նման կարևոր փաթեթը Ճիշտ ազդանշան է Ռուսաստանին»։
Մինչև Բայդենի այցը Կիև, Միացյալ Նահանգների իշխանությունները կապ էին հաստատել Ռուսաստանի հետ՝ Մոսկվայի հետ հնարավոր կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը։ Նախագահի աշխատակազմը մանրամասներ չէր նշել՝ ասելով միայն, որ այդպիսով ԱՄՆ-ը ցանկանում է «խուսափել սխալ հաշվարկներից, որոնք կարող են հանգեցնել երկու միջուկային տերությունների ուղիղ հակամարտությանը»։
Ավելի ուշ Սպիտակ տունը հաստատել է այս տեղեկությունը։ «Մենք ռուսական կողմին տեղեկացրել ենք, որ նախագահ Բայդենը մեկնում է Կիև։ Մենք դա արեցինք նրա ուղևորությունից մի քանի ժամ առաջ, որպեսզի կանխենք կոնֆլիկտային իրավիճակները», - Washington Post-ին ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Առաջիկա շաբաթները «շատ որոշիչ» են լինելու Ուկրաինայի համար, Bloomberg-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Հարցին, թե, իր կարծիքով, երբ կարող է ավարտվել Մոսկվայի և Կիևի միջև պատերազմը, նախարարը պատասխանել է, թե բարդ է այս հարցում ենթադրություններ անելը՝ հավելելով․ - «Չգիտեմ։ Դա կարող է տևել առնվազն երկու կամ երեք տարի, ինչը, հուսով եմ, չի լինի։ Կամ կարող է ավարտվել մոտակա ամիսներին»։ Պիստորիուսը միաժամանակ կրկին շեշտել է, որ Գերմանիան կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։ Նախարարի խոսքով, Կիևի դաշնակիցների գլխավոր խնդիրը կլինի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ապահովումը, և անհրաժեշտ է առաջիկա երեք ամսում հասնել հուսալի հակաօդային պաշտպանության ստեղծմանը։
Մոսկվան սառեցրեց մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին
Մոսկվան օրերս սառեցրեց մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին, հայտնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատներին ուղղված տարեկան ուղերձում՝ դարձյալ ակտիվացնելով հնարավոր միջուկային պատերազմի մասին մտահոգությունները։ «Հարկադրված եմ այսօր հայտարարել, որ Ռուսաստանը սառեցնում է մասնակցությունը պայմանագրին։ Կրկնեմ՝ ոչ թե դուրս է գալիս, այլ՝ սառեցնում», - ասաց Պուտինը։
Չուշացավ Արևմուտքի արձագանքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «տխուր և անպատասխանատու» քայլ անվանեց Պուտինի որոշումը։ Բլինկենի խոսքով, Միացյալ Նահանգները ուշադիր կհետևի Ռուսաստանի իրական գործողություններին և անհրաժեշտության դեպքում իր ու դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար պատրաստ կլինի միջոցներ ձեռնարկել։ Միևնույն ժամանակ պետքարտուղարը շեշտեց՝ Վաշինգտոնը ցանկացած պահի պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ սպառազինությունների սահմանափակման շուրջ բանակցություններին։
Թե գործնականում ի՞նչ է նշանակում Մոսկվայի այս որոշումը, այս պահին այնքան էլ հասկանալի չէ։ Համենայն դեպս, Պուտինը զգուշացրեց. «Վաշինգտոնը միջուկային զենքի նոր տեսակներ է մշակում է, մտածում է միջուկային զենքի փորձարկման մասին: Մենք էլ պետք է պատրաստ լինենք փորձարկել մեր միջուկային զենքը. Իհարկե, առաջինը դա չենք անի։ Բայց եթե Միացյալ նահանգները փորձարկի, մենք էլ կփորձարկենք»։
Պուտինի որոշումը դատապարտել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով, Ռուսաստանը միտումնավոր ոչնչացնում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը։
ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելի գնահատմամբ էլ՝ Մոսկվան ապամոնտաժում է «սառը պատերազմից» հետո ստեղծված անվտանգության համակարգը։
Հիշեցնենք, որ աշխարհի միջուկային անվտանգության առանցքային պայմանագիրը կնքվել է 2010-ին, հետո երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարը։ Այն նախատեսում է ԱՄՆ-ում և Ռուսաստանում տեղակայված միջուկային մարտագլխիկների քանակի սահմանափակում, ինչպես նաև փոխադարձ ստուգումներ և խորհրդատվություններ:
Ռուսաստանի նախագահն այս հայտարարությունն արեց Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի տարելիցից երեք օր առաջ՝ ոչ մի բառ չասելով հնարավոր բանակցությունների մասին։ Ավելին՝ հարձակումը սկսած Պուտինը Արևմուտքին մեղադրեց պատերազմի համար. - «Երկար տարիներ Արևմուտքը նախապատրաստում էր իր վերահսկողության տակ գտնվող Կիևի ռեժիմը մեծ պատերազմի»։
Ռուսաստանի նախագահի կրկին ասաց, թե Ուկրաինայի այսօրվա տարածքը Ռուսաստանի պատմական հողերն են։ Սեպտեմբերին ռազմի դաշտում ուկրաինական հակահարձակման արդյունքում ավելի վաղ գրավված տարածքների մի մասը, այդ թվում Խերսոն քաղաքը կորցրած Ռուսաստանի նախագահն այսօր պնդել է, թե արևմտյան ռազմական օգնությունը Ուկրաինային չի օգնի. - «Որքան շատ հեռահար սպառազինության համակարգեր գան Ուկրաինա, այնքան շատ հեռուն մենք ստիպված կլինենք հեռացնել վտանգը Ռուսաստանի սահմաններից»։
Նկատենք, որ Կիևում Միացյալ Նահանգների առաջնորդը դատապարտել էր Ռուսաստանի հարձակումը ինքնիշխան պետության վրա և իր լիակատար աջակցությունը հայտնել Ուկրաինային երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում։ «Երբ Պուտինը սկսեց ներխուժումը մոտ մեկ տարի առաջ, նա կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ մասնատված է: Նա կարծում էր, որ կարող է հաղթել մեզ: Բայց նա շատ սխալվեց», - ասել էր Բայդենը։
Պուտինը սրա հետ, սակայն համաձայն չէ․ - «Սակայն նրանք չեն կարող տեղյակ չլինել, որ Ռուսաստանը չի կարող պարտվել մարտի դաշտում»։
Այս շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն
«Արդեն այս շաբաթ Միացյալ Նահանգներն ու դաշնակից պետությունները կհայտարարեն Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների մասին», - օրերս Վարշավայում, դիմելով քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում հավաքված հազարավոր մարդկանց, հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։ Սպիտակ տան ղեկավարը Լեհաստան էր ժամանել Կիև կատարած անակնկալ այցից հետո, և առաջինը, ինչ արեց Բայդենը Վարշավայում, այդ ուղևորությունից ստացած տպավորություններով կիսվելն էր։ «Մեկ տարի առաջ աշխարհը սպասում էր Կիևի անկմանը։ Ես, սակայն, նոր եմ վերադարձել Կիևից և կարող եմ ձեզ զեկուցել՝ այն կանգուն է, հպարտ է և ամենակարևորը՝ այն ազատ է», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։
Ջոզեֆ Բայդենի խոսքով` Ռուսաստանի նախագահի նախապատերազմական հաշվարկներից որևէ մեկն այդպես էլ չարդարացավ՝ նախևառաջ ուկրաինացիների համառ դիմադրության և Հյուսիսատլանտան դաշինքի միասնության շնորհիվ։ «Պուտինն այլևս որևէ կասկած չունի մեր կոալիցիայի ուժի մեջ։ Նա, սակայն, դեռևս կասկածում է, թե որքանո՞վ ենք մենք նվիրված այս գործին, արդյո՞ք Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակական կլինի, և արդյո՞ք ՆԱՏՕ-ն միասնական կմնա։ Կասկածները, սակայն, անհիմն են։ Ուկրաինային ցուցաբերվող մեր աջակցությունն անսասան է, ՆԱՏՕ-ն չի պառակտվի, մենք էլ չեն հոգնի», - վստահեցրեց ԱՄՆ նախագահը։
Վարշավայում ունեցած ելույթում Միացյալ Նահանգների նախագահը ոչ ուղղակիորեն անդրադարձավ պատերազմի ավարտի հնարավորությանը՝ նշելով, որ «պաշտպանական հաղթանակները հեշտությամբ չեն տրվում»։ Դրա հետ մեկտեղ, Սպիտակ տան ղեկավարը նշում էր՝ Ուկրաինային աջակցող արևմտյան պետությունները Ռուսաստանի պահանջներին չեն ընդառաջելու։ «Ավտոկրատ առաջնորդին չի կարելի խաղաղեցնել, հակառակը՝ նրանց հարկավոր է ընդդիմանալ։ Այդպիսի առաջնորդները միայն մեկ բառ են հասկանում՝ ոչ։ Այնպես որ, Ռուսաստանը Ուկրաինայում հաղթանակի չի հասնի», - հայտարարում էր Բայդենը։
Ընդհանուր առմամբ, ըստ Ջո Բայդենի, Ռուսաստանի նախագահն իր առջև դրված գլոբալ խնդիրներին ևս չի կարողացել հասնել։ «Նրան թվում էր, թե Ուկրաինայի դեմ հարձակմամբ Արևմուտքը թուլանալու է, սակայն տեղի ունեցավ հակառակը», - համոզված է Միացյալ Նահանգների նախագահը։
«Նրան թվում էր, թե կարող է հասնել ՆԱՏՕ-ի «ֆինլանդիզացիային», փոխարենը, սակայն, տեղի է ունենում Ֆինլանդիայի և Շվեդիայի նատօիզացիան», - հայտարարեց Բայդենը։
Միացյալ Նահանգների նախագահի այս բառախաղի հիմքում «սառը պատերազմի» տարիներին միջազգային դիվանագիտական լեքսիկոնում ի հայտ եկած «ֆինլանդացիզացիա» եզրույթն էր։ Դրանով մասնագետները նկարագրում էին այս կամ այն մեծ տերության՝ հարևան ավելի փոքր երկրի վրա ունեցած անհամաչափ մեծ ազդեցությունը՝ վերջինի անկախության և քաղաքական համակարգի պահպանման պայմաններում։
ՌԴ խորհրդարանի երկու պալատները հաստատեցին միջուկային պայմանագրում ՌԴ-ի մասնակցությունը սառեցնելու մասին օրինագիծը
Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում երեկ կայացավ ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցին նվիրված համերգ-հանրահավաքը Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Օրվա առաջին կեսին, Պուտինի հայտարարությունից 24 ժամ չանցած Պետդուման հավանություն տվեց միջուկային զենքի պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման օրինագծին։ Կողմ քվեարկեցին նիստին ներկա բոլոր 401 պատգամավորները, կամ ընդհանուր կազմի 89 տոկոսը։ Ավելի ուշ նախագծին հավանություն տվեց խորհրդարանի վերին պալատը։
Հիշեցնենք, որ Միջուկային անվտանգության առանցքային պայմանագիրը նախատեսում է ԱՄՆ-ում և Ռուսաստանում տեղակայված միջուկային մարտագլխիկների քանակի սահմանափակում, ինչպես նաև փոխադարձ ստուգումներ և խորհրդատվություններ:
Ի՞նչ է գործնականում նշանակում դրա սառեցումը։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, օրինակ, ակնարկում է՝ մոլորակը հայտնվել է համաշխարհային հակամարտության շեմին. - «Բոլոր ողջամիտ ուժերի համար ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք համաշխարհային հակամարտության շեմին ենք։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է հաղթել Ռուսաստանին, ապա մենք իրավունք ունենք պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային։ Եվ ինչպես իրավացիորեն ասաց Վլադիմիր Պուտինը, ռազմի դաշտում անհնար է հաղթել Ռուսաստանին»։
Պուտինն ասում է. «Ամեն ինչ կախված կլինի Արևմուտքի դիրքորոշումից։ ՆԱՏՕ-ն աշխատում է տեղական հակամարտությունը համաշխարհայինի վերածելու ուղղությամբ: Հենց մեր մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամություն լինի, իրավիճակը կփոխվի»։
Այս պայմաններում առաջիկա օրերին հակամարտության հարցում չեզոք դիրքորոշում որդեգրած Չինաստանը պատրաստվում է հրապարակել խաղաղության իր ծրագիրը։
Ըստ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի, ծրագրի մանրամասներն արդեն փոխանցվել են Կիևին և Մոսկվային։ «Բլումբերգի» փոխանցմամբ՝ չինական խաղաղության ծրագիրը կարող է ներառել Կիևին արևմտյան զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջ։
Բայդենը «մեծ սխալ» է համարում միջուկային պայմանագրում Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու Պուտինի որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ սխալ է արել NEW START միջուկային պայմանագրում սառեցնելով Ռուսաստանի մասնակցությունը։ Բայդենն այս մասին լրագրողներին ասել է Վարշավայի նախագահական նստավայրում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ ինը երկրների ղեկավարների հետ հանդիպումից առաջ։ Ռուսաստանի գործողություններից անհանգստացած «Բուխարեստ 9»-ը կոչվող խումբը ձևավորվել էր 2014-ին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը։
Մետաքսյա Շալունց