«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը՝ կոմբինատի կատարած աշխատանքների մասին

Իր գործունեության յոթ տասնամյակը բոլորած Զանգեզուրի կոմբինատը շարունակում է աշխատանքային երթը դժվարություններով լեցուն մեր օրերում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով երկրի պետական գանձարանում և Սյունիքում սոցիալ-տնտեսական ներդաշնակություն ապահովելու գործում:

Հանքարդյունաբերական հսկայի հավասարակշռված և արդյունավետ գործունեությունը պայմանավորված է նաև ընկերության նոր բաժնետերերի, ղեկավար թիմի ողջամիտ աշխատանքով:

Ուստի և կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով կարևոր համարեցինք զրույցների շարքը ընկերության ղեկավարների հետ:

Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, ով շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ունի լեռնամետալուրգիայի ոլորտում։

Արժանացել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանի (2009 թ.)։

2021 թվականին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ նշանակվելուց առաջ (2017 թվականից) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ վարչական տնօրենն էր։ Մինչ այդ նույն ընկերությունում զբաղեցրել է գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը (2011-2017 թթ.)։

Ստանձնել է մի շարք վարչական պաշտոններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայկական համայնքների վարչության պետ (2009-2011 թթ.), «Ակունք ֆիրմ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ (2006-2009 թթ.), «Բելուգա» ՍՊԸ գործադիր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 2005-2006 թթ.), «Ար ընդ Ար» ՍՊԸ գլխավոր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 1998-2005 թթ.)։ Աշխատել է Լեռնամետալուրգիայի ինստիտուտում՝ ինժեներ (1996-1998 թթ.)։

Արթուր Նիկողոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի մագիստրոսի որակավորում է ստացել 2019 թվականին, ուսանել է նախ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական բաժնում, այնուհետև՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում (1996-1998 թթ.)։

- Պարոն Նիկողոսյան, Ձեր ներկայիս կարգավիճակում առաջին հարցազրույցն է մեր պարբերականին, և չենք կարող չօգտագործել առիթն ու մեր երախտագիտությունը չհայտնել. Ձեր աջակցությամբ 2021-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ Շուշիին նվիրված համարը, Ձեր աջակցությամբ 2022-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր» թերթի բացառիկ համարը՝ նվիրված Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված 228 սյունեցիներին: Դրանք իսկապես մնայուն գործեր են, որոնք պահվում են նաև մեր ազգային պահոցներում ու ընթերցվելու են գալիք սերունդների կողմից նույնպես: Մի խոսքով՝ հարգանք Ձեզ այդ ամենի համար:

- Ձեզ նույնպես շնորհակալ եմ՝ այդ կարևոր գործերը նախաձեռնելու համար։ Մենք մասնակցել ենք ուժերի ներածին չափով։ Կարծում եմ, իսկապես, կարևոր նախաձեռնություններ էին։

- Լրացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակը: Դա իրադարձություն է ոչ միայն հանքագործների սյունիքյան ընտանիքում, այլև ամբողջ հանրապետության տնտեսական ու գործարար աշխարհում: Ձեր շնորհավորական խոսքն ընկերության աշխատակիցներին, վետերաններին և բոլոր նրանց, որոնց նվիրումի շնորհիվ կերտվել է արարման 70-ամյա ուղին:

- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իսկապես Հայաստանի տնտեսության գոհարն է։ Այս ձեռնարկությունը կրթել է աշխատանքի, գիտության, արդյունաբերության իրական արժեքն իմացող պրոֆեսիոնալների մի քանի սերունդ։ 70 տարին պատկառելի տարիք է նույնիսկ հանքարդյունաբերական հսկայի համար։ Կոմբինատն այդ տարիքին է հասել բազմաթիվ ձեռքբերումներով, հպարտ անցյալով, և վստահ եմ՝ էլ ավելի մեծ ձեռքբերումներով լի ապագայով, ու դրանում ոչ միայն մեր կոլեկտիվի, այլև Քաջարան և Կապան համայնքների մեծ ավանդը կա։ Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին մենք բոլորս հպարտորեն կարողանանք ասել՝ ԶՊՄԿ-ն նաև աշխարհի ամենամոդեռն, ամենաառաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, օրինակելի արդյունաբերողների շարքում է։

- Մեզանում քչերը գիտեն, որ Ձեր նախնիները, դեռևս 20-րդ դարասկզբին, անմիջական մասնակցություն են ունեցել մեր երկրամասի ու հատկապես Կապանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այդ մասին կուզենայինք մի փոքր ավելի հանգամանալից իմանալ:

- Սյունիքը մայրական կողմիս հայրենիքն է, և մեր ընտանեկան պատմությունները 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի Սյունիքի պատմության հետ սերտորեն կապված են։ Մայրս Խոջամիրյանների (Խոջամիրովների) գերդաստանից է։ Մորս պապը Սմբատ Խոջամիրովն է, ով 19-րդ դարի երկրորդ կեսին Սյունիքի հանքարդյունաբերության պատմության կերտողներից էր։ Մասնավորապես՝ Կավարտի հանքի հայտնագործողը և դրանից սկիզբ առած մի քանի այլ հանքարդյունաբերական ծրագրերի սեփականատերը։ Ընտանեկան պատմությունը, ինչպես այդ շրջանի բոլոր ձեռնարկատերերինը, հետագայում տրագիկ շրջադարձ է ունեցել՝ կուլակաթափություն, աքսոր, և այլն։ Բայց մորս ընտանիքում հպարտությամբ էին հիշում, որ մեր նախնիները Հայաստանի ինդուստրիացման ակունքներում են կանգնած եղել։

Ես հանքարդյունաբերության ոլորտում պատահական մարդ չեմ, հայրս այս ոլորտում մեծ ավանդ ունի, կրթությունս նույնպես այս ոլորտում եմ ստացել։ Բայց այն, որ ճակատագիրն ինձ 2011 թվականից բերեց Սյունիք՝ սկզբում Ագարակի կոմբինատ, հիմա նաև՝ ԶՊՄԿ, ինձ համար խորհրդանշական է և պարտավորեցնող։

- Երբ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի մեծ մասն անցավ նոր սեփականատիրոջը, երբ ընկերության ղեկավարումը վստահվեց Ձեր թիմին, անմիջապես ասեկոսեներ շրջանառվեցին, թե իբր աշխատողների կրճատումներ են լինելու, թե իբր ինչ-ինչ գործող սոցիալական ծրագրերից եք հրաժարվելու...

Իհարկե, ընկերությունն անմիջապես հերքեց այդ խոսակցությունների հավաստիությունը:

Ընկերությունը միշտ էլ սոցիալական որոշակի պատասխանատվություն է կրել մարզի և մասնավորապես ազդակիր Քաջարան, Կապան, համայնքներում:

Հետաքրքիր է՝ որքա՞ն ներդրումներ է կատարել ընկերությունը նշված համայնքներում իրականացվող սուբվենցիոն (և ոչ միայն) ծրագրերում՝ ասենք՝ 2022-ի կտրվածքով:

Ներկայումս սոցիալական ի՞նչ ծրագրեր է իրականացնում ընկերությունը Սյունիքի մարզում և մասնավորապես ազդակիր համայնքներում:
Առավել ուշագրավ ծրագրերից մի քանիսը...

- Եթե խոսենք թվերով, ապա անցյալ տարվա կտրվածքով համայնքներում իրականացվել է ավելի քան 3 միլիարդ դրամի ծրագիր, ներառյալ՝ մարզային սուբվենցիոն ծրագրերում ԶՊՄԿ մասնակցությունը։ Չկա ոլորտ, որտեղ ներդրում արած չլինենք։ Անցյալ տարի հիմնանորոգվեց Կապանի մարզադաշտը, իրականացվեցին բնակելի շենքերի նորոգման, մարզային ենթակառուցվածքների բարեկարգման մի շարք ծրագրեր։ Ինձ համար առանձնապես գնահատելի են կրթական ոլորտում մեր ներդրումները, երիտասարդ տաղանդների աջակցությունից մինչև մարզական և մշակութային ծրագրերը, մեր նպատակը երկարաժամկետ արժեքների ստեղծումն է։

Ընդհանրապես, ես կուզեի, որ սոցիալական ներդրումների արդյունավետությունը չափվեր ոչ թե գումարով, այլ ստեղծած սոցիալական, տնտեսական արժեքով։ Սոցիալական ծրագրերը չպետք է ինքնանպատակ լինեն։ Կարելի է պարզապես փող բաժանել բնակիչներին, բայց դա ոչ միայն սոցիալական արժեք չի ստեղծում, այլև վնաս է թե՛ համայնքի, թե՛ երկրի համար, քանի որ արժեզրկում է աշխատանքը։ Մենք պետք է բարեգործական ծրագրերից անցում կատարենք դեպի երկարաժամկետ արժեք, տնտեսական հնարավորություններ ստեղծող ծրագրերի։ Հայտնի այլաբանության օրինակով՝ ձուկ բաժանելու փոխարեն ձուկ բռնել սովորեցնենք։

- Դուք համեստորեն շրջանցում եք չափազանց կարևոր մի հարց կամ մի երևույթ, որից արդարացիորեն հրաժարվեցիք ...Զանգեզուրի կոմբինատը փաստորեն դադարեց քաղաքական գործիք կամ մահակ լինելուց այս կամ այն խմբի կամ ուժերի ձեռքում, որին մարզը բախվեց 2015-16-ից սկսած: Դա իսկապես դրվատելի է, և լիահույս ենք՝ շարունակական է լինելու՝ որքան էլ դժվար լինի նման «վարքագիծը»:

- Չէի ցանկանա որևէ քաղաքական ենթատեքստ քննարկել։ Ընդհանրապես, կարծում եմ, բիզնեսը՝ արդյունավետ լինելու համար, պետք է ապաքաղաքական լինի։ Միակ արդյունքը պետք է լինի արդյունավետ աշխատանքը՝ բաժնետերերի, պետության, աշխատակիցների և համայնքի համար արժեքների ստեղծումը։

- Հանրությանն ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկը հետևյալն է՝ ի՞նչ սկզբունքով կամ կարգով է կատարվում նոր աշխատողների ընդունելությունը: Տեղյակ ենք՝ հենց սկզբից նախապատվություն եք տվել ՀՀ զինված ուժերից զորացրվածներին, Արցախյան 3-րդ պատերազմի մասնակիցներին, ինչը, միանշանակ գնահատելի է: Բայց, դատելով վերջին իրադարձություններից, դեռևս կան զորացրվածներ կամ 44-օրյա պատերազմի մասնակիցներ, ովքեր կուզենային կենսաթոշակի անցած լեռնագործների տեղը զբաղեցնել, ասել է թե՝ աշխատանքի ընդունվել:

- Անցյած տարվա ընթացքում մոտ 500 նոր աշխատակից է միացել կոմբինատին, որոնցից 45-ը՝ նոր զորացրված երիտասարդներ։ ԶՊՄԿ-ն միշտ եղել է տեղի երիտասարդների համար ամենացանկալի գործատուն, երկարամյա լավ մասնագիտական կարիերա կերտելու լավագույն հնարավորությունը, և դա այդպես է լինելու միշտ։ Սակայն չէի ցանկանա , որ աշխատանքի տեղավորումը դառնար բացառապես սոցիալական խնդիր լուծելու գործիք։ Թե՛ մարզի, թե՛ համայնքի, թե՛ կոմբինատի համար կարևոր է, որ այդ գործընթացը լինի թափանցիկ և հիմնված լինի մասնագիտական արժանիքների գնահատման վրա։ Ես ուզում եմ, որ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է այսինչը կամ այնինչն աշխատում կոմբինատում, լինի այդ մարդու մասնագիտական արժանիքները կամ կրթական հաջողությունները։

Այս պահին աշխատում ենք համապարփակ մարդկային ռեսուրսների քաղաքականություն մշակելու ուղղությամբ, որի հիմնական նպատակը պետք է լինի հենց այն, ինչ արդեն նշեցի։

- Ամիսներ առաջ ընկերությունը հայտարարություն տարածեց առ այն, որ մտադիր եք դպրոցականների ճամբար կառուցել և, եթե չենք սխալվում, շինարարական կազմակերպություն ընտրելու համար մրցույթ հայտարարվեց: Դա շատ կարևոր հարց է, քանզի տասնամյակներ շարունակ կոմբինատի ճամբարում են մարզի փոքրիկները հանգստացել ամառային արձակուրդներին: Ի՞նչ ընթացքի մեջ է դպրոցական ճամբարի կառուցման ծրագիրը:

- Ծրագիրն ընթացքի մեջ է։ Մասնավորապես իրականացվում է նախագծերի մրցույթ։ Ներկայացված տարբերակներից լավագույնն ընտրելուց հետո արդեն կանցնենք հաջորդ փուլին։ Սա այն նախագիծն է, որն իսկապես օգտակար, արդյունավետ և ընդունելի պետք է լինի ողջ համայնքի համար, և շտապողականություն չենք դրսևորում։ Ուզում ենք, որ ներկայացվի և հաղթի իրապես լավագույն նախագիծը։

- Եվ վերջին թեման, որ կուզենայինք արծարծել. մի քանի խոսք, խնդրեմ, ընկերության կողմից անցկացվող մրցույթների մասին՝ և՛ նյութատեխնիական մատակարարման, և՛ բեռնափոխադրումների, և՛ ամենատարբեր ծառայությունների մատուցման առումով. թափանցիկություն, օբյեկտիվություն, տեղական հնարավորությունների օգտագործում...

- Թափանցիկությունը, գնումների, մատակարարումների մրցույթների օբյեկտիվությունը նախ և առաջ անհրաժեշտ են հենց ընկերությանը, հենց աշխատանքի արդյունավետության, լավագույն առաջարկը լավագույն գնով ապահովելու համար։ Դա նախ և առաջ կոմբինատի բաժնետերերի, հետևաբար նաև՝ պետության շահից է բխում, քանի որ որքան արդյունավետ աշխատի ընկերությունը, այնքան մեծ կլինի տնտեսական արդյունքը, այդ թվում՝ հարկային մուտքերի տեսքով։ Այդ առումով մենք մտադիր ենք հիմնավոր լուծում տալ խնդրին և այժմ աշխատում ենք գնումների ու մատակարարումների մրցույթների ավտոմատացված, թվայնացված առցանց համակարգի ստեղծման վրա։ Հույս ունեմ, որ մինչև այս տարվա կեսը կգործարկենք համակարգը, որի արդյունքում հետայսու բոլոր մրցույթները թափանցիկ և հասանելի կլինեն բոլորի համար, իսկ ընտրության չափանիշը կլինի մեկը՝ լավագույն գին-որակ համադրությունը։

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

դիտվել է 463 անգամ
Լրահոս
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան Օրհներգը հնչեցնել նախ կառավարության նիստից առաջ, ոչ թե առաքելահիմն Եկեղեցում Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am