Գրեթե բոլոր ոլորտներում խնդիր ունենք, անգամ հուղարկավորություն կազմակերպելու․ արցախցի պատգամավոր

Արցախում շարունակվում է բլոկադան՝ իր բոլոր սարսափելի հետեւանքներով։ Դա դեռ բավական չէ՝ երեկ երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Մարտակերտի ուղղությամբ։

Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անվտանգային հարցերից ելնելով՝ չի կարող շատ մանրամասներ բացահայտել, ամենակարեւորն այն է, որ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումն արձանագրվել է ռուս խաղաղապահների կողմից, եւ հայկական կողմը որեւէ վնաս չի կրել։ Սա ադրբեջանական կողմից հերթական ճնշման գործիքն է` մարդկանց հուսահատեցնելու համար, քանի որ արցախցիները հանձնվելու միտք անգամ չունեն։

Անդրադառնալով, ընդհանուր առմամբ, Արցախի իրավիճակին, Հարությունյանը նշեց, որ իրավիճակը բարդ է, քանի որ արդեն 58 օր է՝ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ՝ Բերձորի միջանցքը փակ է, եւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ էլ կան։ «Բնականաբար, մենք գիտենք, որ սրանք ադրբեջանական կողմի պլանավորած գործողություններն են, վերջին փուլում մեզ համար անհասկանալի է անջատումների տրամաբանությունը։ Նրանք ամբողջությամբ դադարեցնում են գազամատակարարումը, հետո մասնակի վերականգնում, հետո` ամբողջությամբ վերականգնում։ Այս պահին գազամատակարարումը մասնակի է վերականգնված, եւ այդ ծավալը բավարարում է, որպեսզի տներում գազ ունենանք։ Հիմա օպերատիվ շտաբը որոշումներ է կայացնում` եթե ծավալը բավարար է լինում, նաեւ դպրոցներն ու հիվանդանոցներն ենք մատակարարում, առաջին անհրաժեշտության օբյեկտները, հացի փռեր: Եթե մի քիչ ավելի է շատանում ծավալը՝ արդեն գազալցակայաններ։ Իրավիճակային որոշումներ ենք կայացնում, քանի որ ոչ մի կերպ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի»:

Էլեկտրականության հետ կապված խնդիրներ էլ ունեն, քանի որ դեկտեմբեր ամսին վնասվել է նաեւ Հայաստանից Արցախ եկող բարձրավոլտ գիծը, ու փաստացի Արցախը մնացել է սեփական արտադրության էլեկտրաէներգիայի հույսին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի տարածքների զգալի մասը բռնազավթվել է թշնամու կողմից, սեփական արտադրության էլեկտրաէներգիան բավարար չէ երկրում առկա պահանջարկը բավարարելու համար։ Բնականաբար, գազամատակարարման բացակայության պարագայում աճում է էլեկտրականության օգտագործման ծավալը, եւ լրացուցիչ խնդիրներ են ստեղծվում, ցանցն է ծանրաբեռնվում։

«Հիմա հովհարային անջատումներ ենք անում, այսինքն՝ օրվա մեջ 6 ժամ լույս չեն ունենում բնակիչները՝ 2-2 ժամ, 3 անգամ 2 ժամով անջատում ենք էլեկտրամատակարարումը։ Բոլոր խնդիրները միմյանց հետ փոխկապակցված են, ասենք, եթե չենք ունենում լույս եւ գազ, փռերը չեն կարողանում աշխատել, ու արդյունքում հաց չենք ունենում եւ այլն, եւ այլն։ Դպրոցներում աշխատանքն է դադարեցվում, այսինքն՝ երեխաների կրթության իրավունքն է նաեւ կոպտորեն խախտվում»,- նշեց Արամ Հարությունյանը։

Կտրոնային համակարգից դժգոհություններ կա՞ն: Պատգամավորը նշեց, որ կտրոնային համակարգը բավականին կարգավորել է շուկան։ Քանի որ նախկինում առաջին անհրաժեշտության ապրանքների հետ կապված լուրջ խնդիրներ կային, ոմանք մեծ ծավալի գնումներ էին կատարում, եւ մեկի տանը, օրինակ, 10 կիլոգրամ շաքարավազ կար, իսկ մյուսի տանը բացարձակ չկար, կտրոնային համակարգը հնարավորություն տվեց ունեցած պաշարները հավասարաչափ բաշխել բնակչությանը։ «Բացի դրանից, կոնկրետ այն ապրանքների վրա, որոնք տալոնային համակարգում են ներառված, հերթեր այլեւս չկան, որովհետեւ մարդը գիտի, որ ունի տալոն եւ կարող է այսքան ապրանք գնել, եւ ըստ այդ տալոնի՝ կարողանում է ուզած ժամին, ցանկացած խանութից գնել ու այլեւս հերթերում չի կանգնում։ Այսինքն, տալոնային համակարգը բավականին համակարգեց այս հարցը, բայց մենք չենք կարողանում բոլոր ապրանքների վրա տարածել տալոնային համակարգը, որովհետեւ, օրինակ, կաթնամթերքը կամ հավկիթը հնարավոր չէ տալոնային համակարգի տակ դնել, քանի որ չունենք բավարար քանակ, եւ կարծում ենք, որ հակառակ էֆեկտը կլինի, եթե մարդիկ տալոնն ունենան, բայց խանութում այդ ապրանքը չլինի»,- նշեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Հավկիթի հարցն այս պահին կարգավորվել է՝ խաղաղապահների միջոցով կարողացել են ներմուծել, տեղական շուկան էլ է սկսել ավելի շատ հավկիթով ապահովել սպառողներին, սակայն կան մթերքներ, որոնք ընդհանրապես բացակայում են Արցախում։ Օրինակ, միրգ-բանջարեղենը, հատկապես երեխաների պարագայում վիտամինների պակասը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Առողջապահության նախարարությունը համապատասխան ցանկ է տվել, եւ սկսել են մի քանի օր առաջ ցիտրուսային մրգեր ներմուծվել, քանի որ գարնան սեզոնին վիտամին Ց-ն շատ կարեւոր է աճող օրգանիզմների համար։

Պատգամավորը նշեց, որ ապագայում կփորձեն նաեւ Կարմիր խաչի եւ խաղաղապահների հետ համագործակցությամբ ներմուծել եւ բանջարեղենի ու մրգերի կտրոնային համակարգ մտցնել, որպեսզի կարողանան գոնե քիչ-քիչ բոլորին ապահովել։

«Նաեւ լուրջ խնդիրներ ունենք դեղորայքի հետ կապված, այսինքն՝ պետք է արձանագրել, որ գրեթե բոլոր ոլորտներում խնդիր ունենք։ Օրինակ, գարնանացան պետք է անենք՝ սերմացու չունենք, դեղորայքի հետ կապված խնդիրներ ունենք, այնքան վատ ու դժվար դեպքեր են լինում, մարդիկ են դիմել, որ դագաղ չկա, որպեսզի հուղարկավորություն կազմակերպեն։ Շատ լուրջ խնդիր է, հասկանում եք նաեւ, թե ինչ բարոյական ու զգայական մաս ունի, որ մարդ չի կարողանում իր ծնողին կամ զավակին, քրոջը կամ եղբորն իր հայրենիքում հուղարկավորել»,- ասաց Հարությունյանը։

Արցախցիների հոգեբանական վիճակի, տրամադրվածության, բլոկադայից հոգնելու նախանշանների մասին հարցին էլ արցախցի պատգամավորը պատասխանեց, որ Ազգային ժողովն օպերատիվ շտաբի հետ, երկու փուլով, բոլոր շրջաններում եւ Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել բնակչության հետ, որպեսզի վերջիններս առաջին ձեռքից ստանան տեղեկություն, թե ինչ է կատարվում, ինչ զարգացումներ կան, ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանն ու ինչ խնդիրներ է դրել իր առաջ, որոնց Արցախը կփորձի հակազդել։

«Պետք է արձանագրեմ, որ մեր բնակչությունը շատ ուժեղ է այս առումով, մարդիկ պատրաստ են դիմադրել, դիմակայել, զրկանքներ կրել, պատրաստ են իրենց երեխաներին այս դժվար պայմաններում մեծացնել, միայն թե կարողանան ինչ-որ նպատակի հասնել, այսինքն՝ այս պայքարն իմաստազուրկ չլինի, եւ ադեկվատ գնահատական ստանան։ Սա, իհարկե, բարդ խնդիր է, քանի որ մենք հասկանում ենք, որ մեր ձեռքի տակ ունեցած գործիքակազմը չափազանց սահմանափակ է, եւ, այսպես ասած, մեր միակ հույսը միջազգային հանրության ադեկվատ գնահատականն է, համապատասխան գործիքակազմի կիրառումը, ճնշումն Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները»,- շեշտեց պատգամավորը։

Նա կարեւորեց այն, որ Արցախի բլոկադայի 58 օրերի ընթացքում իրենք կարողացան մաքսիմալ միջազգայնացնել Արցախի հարցը, ու եթե Ալիեւը հայտարարում էր, որ Արցախի հարց գոյություն չունի, սա իր ներքին հարցն է, հիմա փաստացի «իր ներքին հարցը» քննարկվում է Եվրախորհրդանում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, եւ մենք հասանք նրան, որ Արցախի հարցը դարձավ լուրջ տարածաշրջանային խնդիր, որը պահանջում է միջազգային լուծումներ, եւ սա նվաճում է։

«Բայց, մյուս կողմից, եթե մենք սահմանափակվենք սրանով, խորհրդատվական բնույթ կրող բանաձեւերով եւ այլն, որոնք վնասում են Ադրբեջանի արտաքին իմիջին, սակայն պարտադիր բնույթ չեն կրում, եւ Ադրբեջանն այս ամեն ինչն անտեսի, ինչքան էլ մենք ուժեղ լինենք, ինչքան էլ անկոտրում լինենք, եթե այս իրավիճակը նույն տեմպով գնա, ապա այս հումանիտար աղետը լավ բանի չի բերելու, եւ մենք ականատեսն ենք լինելու, թե ինչպես է 21-րդ դարում տանջանքների միջով անցնում 120 հազար մարդ, առանց որեւէ դրական տեղաշարժի։ Դրա համար պրագմատիզմը մի օր կհաղթի, եւ բնական է, որ եթե ադեկվատ քայլեր չձեռնարկվեն, ժողովուրդը բավականին վատ վիճակում է հայտնվելու»,- եզրափակեց Արամ Հարությունյանը»։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ հարցեր Իշխանությունների որոշումը՝ արգելել Վեհափառին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը խայտառակություն է Երևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել է մայթին Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից․ Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am