Անկարան Սյունիքը վերցնելու պայման է դրել

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանեց իրեն ուղղված հարցին, կապված վերջերս ի հայտ եկած մի նորության, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

Նրան հարցրել էին, թե ինչ փուլում է գտնվում հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունը, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը:

Միրզոյանը նշել է, որ վերացվել է երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումների արգելքը և դա գնահատել է որպես` «բավականին դրական քայլ և էական առաջընթաց մեծ երկխոսության գործընթացում»: «Մենք լիահույս ենք, որ առաջիկայում նաև մյուս պայմանավորվածությունները, մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում իրականություն կդառնան: Իրականում բավականին երկար ժամանակ է արդեն մեր երկու հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենն արդեն փորձագետների մակարդակում ավելի գործնական քննարկումներ են եղել, հանդիպումներ են եղել: Եվ կրկնում եմ, քայլը դրական է, սպասում ենք մյուս թեմաների մարմնականացմանը, այսպես ձևակերպեմ»:

Մոտակա ժամանակահատվածում նախատեսվում են արդյոք բարձրաստիճան շփումներ երկու երկրների պաշտոնյաների միջև, այս հարցին պատասխանելիս Միրզոյանը նշել է. «Հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին առայժմ նախատեսված չէ, այսինքն պայմանավորվածություն դեռևս չկա: Բայց ես ուզում եմ տեղեկացնել, որ ես կրկին, ինչպես և անցած տարի, Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և, ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Ես կարծում եմ, սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ, առարկայական արդյունքների հանգեցնելու համար»:

Այսպես, Միրզոյանը մարտին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Հայ-թուրքական երկխոսությունը շարունակվում է` չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան շարունակում է Բաքվին աջակցել ընդդեմ Հայաստանի ու Արցախի վարվող ագրեսիվ քաղաքականության, իսկ ավելի կոնկրետ` Արցախի նկատմամբ իրականացրած բլոկադայի պայմաններում:

Ավելին, Ադրբեջանն այսօր պարտադրել է Երևանին` ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը՝ նախքան հայ-թուրքական հարաբերությունների բարեկարգումը։ Իսկ Անկարան դեմ չի դրան:

Էրդողանը հայտարարեց Թուրքիայում վաղաժամ՝ մայիսին նախատեսված ընտրությունների մասին, մինչ այդ նրանք պետք է աշխարհին ցույց տան, որ Հայաստանի հետ հարևանություն անելու քաղաքական գիծ են բռնել:

Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի վերջին՝ 4-րդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարի հուլիսին՝ Վիեննայում։ Հայ-թուրքական կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումը նախատեսված էր դեկտեմբերի վերջին, սակայն այն հետաձգվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել Կովկասի, Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացների մասին։ Չավուշօղլուն և Բլինքենը Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Ըստ Ermenihaber-ի` դրանում նշված է․ «Երկու նախարարները համաձայնության են եկել մեծացնել համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջ մղման ուղղությամբ»։ Արտգործնախարար Չավուշօղլուն այնուհետև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը հանդիպում է ունեցել Թուրքիայի քաղաքացիների հետ։ Նշելով, որ Թուրքիան ամրապնդում է հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ՝ Չավուշօղլուն խոսել է նաև արևելք-արևմուտք միջին միջանցքի հարցում եռակողմ և քառակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան կամ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան մեխանիզմների մասին, որոնցում ներգրավված է նաև Վրաստանը։ «Հուսով եմ՝ Հայաստանն էլ կներգրավվի այս գործընթացում։ Այսինքն, խաղաղության ճանապարհին անկեղծ քայլեր կանի։ Վերջերս, ցավոք, բանակցությունների ուղղությամբ հետքայլեր նկատեցինք։ Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- նշել է Չավուշօղլուն՝ վերահաստատելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց կա։

Իսկ անցյալ տարեվերջին, հիշեցնենք, Էրդողանը վերստին պայման դրեց Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցում:

Անցյալ նոյեմբերի վերջին պաշտոնական Անկարան վերստին հայտարարում է՝ Երևանի հետ հաշտեցումը կախված է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ռեջեփ Էրդողանը, սակայն, պնդեց՝ այդ ուղղությամբ Հայաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում: «Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական կանդրադառնան նաև մեր քայլերի վրա», - ասել էր Թուրքիայի առաջնորդը, ով ամիսներ առաջ վստահեցնում էր, թե Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Էրդողանի կարծիքով, սակայն, գործընթացին խոչընդոտում են նաև արտերկրում ապրող հայերը։

«Հայկական սփյուռքը՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ Միացյալ Նահանգներում, դեմ է հանդես գալիս երկխոսությանը, ինչը բացասական ազդեցություն է թողնում գործընթացի վրա։ Ներկա պահին մենք Երևանից բավարար քայլեր չենք տեսնում Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում», - ասել է Թուրքիայի նախագահը և շեշտել՝ Փաշինյանի կառավարությունը կարող է նվազեցնել սփյուռքի բացասական քայլերը: Էրդողանի փոխանցմամբ՝ ինքն այդ մասին խոսել է Հայաստանի վարչապետի հետ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը: «Ես նրան հստակ հասկացրել եմ Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսության փոխկապակցվածության վերաբերյալ։ Երևանից գործուն քայլեր ենք ակնկալում: Ներկա պահին ես չեմ կարող ասել, որ որևէ մակարդակի [կարգավորման ] ենք հասել։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ և նվազագույնի հասցնել սփյուռքի բացասական քայլերը», - հայտարարել է Էրդողանը։

Պրահայում Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների՝ վերջին 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց, թե կողմերը քննարկել են կարգավորման ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Հանդիպմանը հաջորդած ասուլիսին էլ Ռեջեփ Էրդողանը հայտնեց, թե որոշ պահանջներ են ներկայացվել հատուկ նեկայացուցիչներին, և արտգործնախարարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ։ Մանրամասներ կողմերը չեն հայտնել:

Հայ - թուրքական գործընթացի մասին խոսելիս, հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը չի թվարկել Երևանին ուղղված Բաքվի պահանջները, թուրք պաշտոնյաները, այդուհանդերձ, բազմիցս են հայտարարել՝ եթե Հայաստանը ուզում է հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, ապա պետք է Ադրբեջանի հետ սահմանները ճշգրտի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականացնի և խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ:

Էրդողանն ու թուրքական ողջ իշխանությունը, սակայն, երբեք չի խոսում Բաքվի ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ հայ գերիների, որոնք մինչ օրս մնում են ադրբեջանական բանտերում, Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերման մասին։

Անթալիա մեկնել պատրաստվող Միրզոյանն այս հարցերը բարձրացնելո՞ւ է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6560 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am