Մեծ պրոյեկտի մանր խորամանկությունները

Արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է, և Արցախը զրկված է գազից, Տեղեկատվական շտաբն Արցախի բնակիչներին կոչ է անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը։

Դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ այն համարելով «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»

Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է ցեղասպանության քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Մինչ մենք այս քննարկումն ենք անցկացնում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Միրզոյանը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում, ըստ ԱԳ նախարարի, կբերի աղետի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Բրյուսելը, Վաշինգտոնը, Փարիզը, Օտտավան, Լոնդոնը Ադրբեջանին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը։

Այսօր թեմային անդրադարձավ նաև Փաշինյանը:

Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է, այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության «ուղղակի և կոպիտ» ոտնահարման մեջ։ Շեշտելով, որ Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքն, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը, վարչապետը դրանք սադրիչ գործողություններ որակեց, որի հետևանքով, ինչպես Փաշինյանը շեշտեց, Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում, առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկվել են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։

«Հազարավոր մարդիկ շրջափակման մեջ փաստացի հայտնվել են պատանդի կարգավիճակում», - ասաց Հայաստանի գործադիրի ղեկավարը՝ շեշտելով ․ - «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել, ընդ որում այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով»։

Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում, ըստ վարչապետի, նման բան չի ենթադրում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ «Բնականաբար, անհեթեթ և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկին», - ասաց նա՝ վերահաստատելով՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը՝ հիշեցնելով՝ այդ կետը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։
Այսօր, ըստ Փաշինյանի, Հայաստանի հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը։ «Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային քաղաքական գնահատականի արժանանա», - նշեց վարչապետը։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը՝ միևնույն ժամանակ տարօրինակ համարելով «մի շարք բարեկամ երկրների լռությունը»։

Իսկ արդյոք Թուրքիային ու Ադրբեջանին բավարար չեն այն հայտարարությունները, որ Փաշինյանը չի վիրավորվում, երբ իրեն «թուրք են ասում»: Եթե Հայաստանը բանավոր որևէ խոստում չի տվել, ուրեմն Հայաստանի իշխանության դիրքերը բանակցություններում պետք է ամուր լինեն, և ոչ մի երկիր Հայաստանից «միջանցք» չի պահանջի: Հետևաբար, պետք է մեղավորի նման արդարանալ: Իսկ եթե, խոստում չեն տվել, բայց այսօր Թուրքիան ու Ադրբեջանը «միջանցք» են պահանջում, ուրեմն այսօրվա իշխանությունը պետք է բացատրի, թե ինչու են հենց իրենից անվերջ զիջումներ պահանջում, այն էլ չնախատեսված:

Եվ հաջորդը: Փաշինյանն այսօր դարձյալ առիթը բաց չի թողել, որպեսզի անուղղակիորեն քննադատի Ռուսաստանին, ակնարկելով, թե՝ «միևնույն ժամանակ տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը»...

Իսկ գուցե հենց այդ ծրագիրն է, որն այս իշխանությունն իրականացնում է՝ անուղղակիորեն կամ ուղղակիորեն նպաստելով տարածաշրջանից Ռուսաստանի հեռացմանը: Ի դեպ, այդ պլանը դեմ չեն լինի Բաքվում ու Անկարայում, որոնք ամեն առիթով հիշեցնում են, որ խաղաղապահները Ղարաբաղում են ժամանակավոր:

Հետևաբար, եթե Փաշինյանի իշխանությունն էլ արևմտյան ծրագրի մի մաս է, ուրեմն, ուրեմն Երևանն էլ իր մասով է ընդգրկվել ընդդեմ Ռուսաստանի հակաքարոզչության:
Մի կողմից Փաշինյանը փորձում է երկրի ներսում՝ Ռուսաստանին քննադատող համարձակ իշխանություն ներկայանալ, մյուս կողմից՝ իր արևմտյան հովանավորներին է լսեցնում, որ ինքը մի իշխանություն է, որը կարող է քննադատել Արցախի անվտանգությունն այսօր պահող Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2572 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am