Պուտինն ու Պետրոս Առաջինը
«Եթե Արևմուտքը շարունակի ռազմական օգնությունը Ուկրաինային, այդ երկիրը կոչնչանա», Պուտինի զգուշացումը
Ռուսաստանի նախագահն օրերս կրկին սպառնաց, որ եթե Արևմուտքը շարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ապա այդ երկիրը կոչնչանա։ «Մի քանի տարի Արևմուտքն անամոթաբար խլել և շահագործել է Ուկրաինայի ռեսուրսները, խրախուսել ցեղասպանությունն ու ահաբեկչությունը Դոնբասում, փաստացի վերածել է երկիրը գաղութի և այժմ ուկրաինացի ժողովրդին ցինիկաբար օգտագործում է որպես թնդանոթի միս։ Շարունակելով Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել, վարձկաններ ուղարկելով՝ Արևմուտքը Ուկրաինային տանում է ինքնասպանության», - նշեց Պուտինը։
Ե'վ ուկրաինական, և' ռուսական աղբյուրները օրեր առաջ հայտնեցին Լուգանսկի շրջանի Կրիմիննայա քաղաքի մոտ կատաղի մարտերի մասին։ Այս քաղաքը Ռուսաստանի պաշտպանության հենակետն է Խարկովի շրջանից նահանջելուց հետո։ Երկու կողմերն էլ փորձում էին իրականացնել տեղական հարձակողական գործողություններ, և երկուսն էլ հայտնում են, թե պայքարում են միմյանց հարձակումների դեմ։ Ծանր մարտերը շարունակվում էին նաև Բախմուտ քաղաքի մոտ։ Միաժամանակ, շարունակվում էին նաև ուկրաինական բնակավայրերի ռմբակոծությունները։ Հրթիռային հարձակման թիրախում էր, մասնավորապես, Խարկովը։ Ավերվել են շինություններ, կան վիրավորներ։
Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, թե կարողանում են խոցել ռուսական հրթիռների մեծ մասը, խնդրում են դաշնակիցներին օգնել ամբողջությամբ փակել ուկրաինական օդը։ «Ռոյթըրսն» այսօր գրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 275 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հակաօդային պաշտպանության միջոցներ։ Պաշտոնական հայտարարությունը կարող է արվել արդեն այսօր։
Ուկրաինայի նախագահն ահազանգում է պատերազմական մեկ այլ սարսափելի երևույթի մասին. - «Ահաբեկիչները միտումնավոր փորձում են թողնել հնարավորինս շատ մահվան թակարդներ՝ թաղված ականներ, ականապատ շենքեր, մեքենաներ և ենթակառուցվածքներ։ Սա ավելի քան 170 հազար քառակուսի կիլոմետր վտանգավոր տարածք է։ Սա ավելի դաժան ու ստոր է, քան հրթիռային հարձակումը, քանի որ չկա հակաականային համակարգ, որը կարող է ոչնչացնել սպառնալիքի գոնե մի մասը, ինչպես դա անում է մեր հակաօդային պաշտպանությունը»։
«Ես աշխարհին կոչ եմ անում չվախենալ Ռուսաստանի փլուզումից», ասում է Ուկրաինայի ԱԳ նախարարը
Շուրջ տասն ամիս տևող պատերազմի վերջը դեռ չի երևում։ Սակայն աշխարհում արդեն քննարկում են, թե ինչպիսին է լինելու հետպատերազմյան Ռուսաստանը։ Ուկրաինային արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ամերիկյան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, թե արևմտյան երկրները չպետք է վախենան Ռուսաստանի փլուզումից, ինչպես ժամանակին դադարել էին վախենալ Խորհրդային Միության փլուզումից. - «Ես աշխարհին կոչ եմ անում չվախենալ Ռուսաստանի փլուզումից։ Փոխանակ մտածելու, թե ինչպես օգնել Ռուսաստանին գոյատևել և դառնալ միջազգային հանրության նորմալ անդամ, ժամանակն է ընդունել այն փաստը, որ Ռուսաստանը չի կարող լինել միջազգային հանրության նորմալ անդամ։ Չեմ կարծում, որ աշխարհը կքանդվի, եթե Ռուսաստանը քանդվի։ Ռուսաստանը կկործանվի սեփական քաղաքացիների կողմից, ինչպես եղավ Ռուսաստանյան կայսրության հետ»։
Կուլեբան նաև ասում է, թե չի հասկանում ինչու Ուկրաինան չպետք է խոցի թիրախներ Ռուսաստանի տարածքում։ Ուկրաինան մինչև օրս պաշտոնապես չի ստանձնել Էնգելսի և Ռյազանի ռուսական ռազմավարական օդանավակայանների վրա հարձակումների պատասխանատվությունը։ Կուլեբան նույնպես դրանք չի մեկնաբանել, սակայն շեշտել է. - «Մենք հիմնականում կենտրոնացած ենք Ուկրաինայի օկուպացված տարածքներում տեղակայված թիրախները խոցելու, սեփական տարածքն ազատագրելու վրա, բայց իհարկե այն գաղափարը, որ Ռուսաստանը կարող է տեխնիկապես իրեն հասանելի ամեն ինչ անել Ուկրաինայում, մինչդեռ Ուկրաինան նման իրավունք չունի, սխալ է բոլոր տեսանկյուններից»։
Ուկրաինայի արտգործնախարարը նաև կրկին հայտարարել է, թե Ղրիմը նույնպես պետք է վերադառնա Ուկրաինայի կազմը։ Նրա պնդմամբ՝ Ուկրաինան իր տարածքային ամբողջականության հարցի շուրջ չի բանակցելու։
Ռուսաստանը շարունակելու է ռմբակոծել ուկրաինական ենթակառուցվածքները, վստահեցրեց Պուտինը
Ռուսական ուժերը ռմբակոծում են ուկրաինական ենթակառուցվածքները և շարունակելու են դա անել, անցյալ շաբաթ նշեց Վլադիմիր Պուտինը։
Հարևան երկրի դեմ արդեն տասն ամիս լայնածավալ պատերազմ մղող Ռուսաստանի նախագահը մեղքը, սակայն, բարդեց ուկրաինական կողմի վրա. - «Հիմա մեծ աղմուկ է բարձրանում մեր հարձակումների մասին հարևան երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այո, մենք դա անում ենք: Բայց ո՞վ սկսեց։ Ո՞վ է հարվածել Ղրիմի կամրջին, ո՞վ է պայթեցրել Կուրսկի ատոմակայանի էլեկտրահաղորդման գծերը։ Մեր պատասխան քայլերին՝ աղմուկ, աղմուկ, ճռճռոց ամբողջ Տիեզերքում, ինչի սակայն չի խանգարի մեր մարտական առաջադրանքներին»։
Մինչ Կրեմլը գրեթե ամեն օր հայտարարում է պատերազմը շարունակելու պատրաստակամության մասին, Ուկրաինայի առաջնորդը հավատում է, որ ռազմական գործողությունները կարող են ավարտվել եկող տարի։ Զելենսկին այս մասին խոսել է «Եվրոպայի ամենահզոր մարդը» ճանաչվելու կապակցությամբ հղած ուղերձում։ Politico ամսագիրն է նրան տվել այդ կոչումը իր ամենամյա վարկանիշային ցուցակում։
«Ես հավատում եմ, որ ուկրաինացիներն ամենաազդեցիկն են լինելու հաջորդ տարի, բայց արդեն խաղաղ ժամանակ», - ասել է Զելենսկին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել «Եվրոպայում Ուկրաինայի բոլոր բարեկամներին, ովքեր օգնում են միլիոնավոր ուկրաինացիներին դիմակայել Ռուսաստանի սարսափելի ագրեսիային»։
Politico-ն Զելենսկիին Եվրոպայի ամենահզոր մարդ կոչելու որոշումը այսպես է բացատրում. «Եվրոպան փոխվում է: Մայրցամաքը վերագնահատում է իր ռազմավարական հարաբերությունները՝ ավելի լրջորեն վերաբերվելով պաշտպանությանը, վերանայելով առևտրային քաղաքականությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ոլորտում քաղաքականությունը: Լայն իմաստով սա վերաիմաստավորում է, թե ինչ է նշանակում ընդհանրապես եվրոպացի լինելը...»։
Politico-ն իր ամփոփիչ վարկանիշում ներառել է նաև Ռուսաստանի նախագահին՝ նրան անվանելով «տարվա անհաջողակը»։ «Վլադիմիր Պուտինի երազանքը մեծ Ռուսաստանի մասին դժվար թե իրականանա: Նրա լայնածավալ ներխուժումն Ուկրաինա փլուզվել է գրեթե նույնքան արագ, որքան սկսվել է», - գրում է Politico-ն:
Պուտինն այս գնահատականի հետ համաձայն չէ և նա օրերս իրեն համեմատեց Ռուսաստանի թերևս ամենահզոր ցարի՝ Պետրոս Մեծի հետ. - «Դուք նշեցիք, որ Ռուսաստանի կազմում հայտնվել են նոր տարածքներ։ Սա մեծ ձեռքբերում է Ռուսաստանի համար, սա լուրջ հարց է։ Պետք է խոստովանել, որ Ազովի ծովը դարձել է Ռուսաստանի ներքին ծովը, սա լուրջ բան է։ Պետրոս Առաջինը կռվել է, որ նման արդյունք ստանա»։
Պուտինը նաև հայտարարեց, թե պատերազմը երկար է տևելու։ Որքան՝ չի հստակեցրել, բայց փորձել է հանգստացնել ռուսաստանցիներին՝ ասելով, թե նոր մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկա։
Ռուսական աղբյուրները, մինչդեռ վերջերս գրում են, որ ռուսական բանակն Ամանորից հետո նոր մոբիլիզացիա կսկսի, Կրեմլը սա հերքում է։ Ընդ որում, Պուտինը մինչև օրս չի ստորագրել սեպտեմբերին հայտարարված մոբիլիզացիայի ավարտի մասին հրամանագիրը։ Այսինքն՝ իրավական առումով մոբիլիզացիայի նոր փուլ կարող է սկսվել ցանկացած պահի։
ԵՄ խորհուրդը չկարողացավ համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում
Եվրամիության խորհուրդը երեկ արտգործնախարարների մակարդակով չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ, ըստ «Ազատության», լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Պայմանավորվածությունը դեռ ձեռք չի բերվել նախարարների կողմից, բայց հուսով եմ, որ այն ձեռք կբերվի այս շաբաթ»,- ասել է Բորելը նախարարների հանդիպումից հետո։
Իններորդ փաթեթը սկզբունքորեն նոր լուրջ պատժամիջոցներ չի պարունակում, այն պարունակում է միայն անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ, և, ինչպես բացատրում են եվրոպացի դիվանագետները, հիմնականում Հունգարիայի դիրքորոշումն է խանգարում դրա հաստատմանը։
Հունգարիայի իշխանությունները՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, հակասության մեջ են Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ շատ այլ երկրների հետ, որոնք Օրբանին մեղադրում են Եվրամիության ժողովրդավարական նորմերից, մասնավորապես՝ մամուլի և դատական իշխանության անկախության սկզբունքից շեղվելու մեջ։ Այդ պատճառով Եվրահանձնաժողովը սառեցրել է Հունգարիայի համար նախատեսված գումարը՝ ավելի քան 13 մլրդ եվրո։ Հունգարիան ձգտում է չեղարկել սառեցումը՝ սպառնալով արգելափակել ԵՄ-ի համար այլ կարևոր որոշումներ, միևնույն ժամանակ դժգոհում է, որ մեծապես տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և փոխհատուցման կարիք ունի:
ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն նախատեսում է գալիք տարի Ուկրաինային հատկացնել 800 մլն դոլարի ռազմական օգնություն
Մինչդեռ ԱՄՆ-ն՝ Ուկրաինային օգնելու հարցում հաստատակամ է: Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է հաջորդ տարվա պաշտպանական բյուջեն, որը կկազմի 847,3 մլրդ դոլար, այդ թվում՝ 800 մլն դոլար՝ Ուկրաինային ռազմական օգնության համար։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ այսօր հայտնել է, թե ՆԱՏՕ-ի անդամները կշարունակեն «աննախադեպ» աջակցությունը Ուկրաինային՝ զգուշացնելով, թե մտավախություն ունեն, որ այժմ Ռուսաստանը փորձում է դադար վերցնել՝ գարնանը նոր թափով հարձակվելու համար. - «Այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է կարճ ժամանակով սառեցնել գործողությունները, որպեսզի վերախմբավորվի, վերականգնվի, իսկ հետո հաջորդ գարնանը մեծ հարձակման անցնի»։
Ռուսաստանի արտգործնախարարը մինչդեռ կրկին հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջը. - «Եթե այսօր լինի լուրջ առաջարկ, որը հաշվի կառնի ռուսական կողմի օրինական պահանջները, մենք այսօր էլ պատրաստ ենք բանակցությունների»։
Միացյալ Նահագներն ու դաշնակիցները բազմիցս հայտարարել են, որ շարունակել են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Միաժամանակ պետքարտուղար Բլինքենը, մեկնաբանելով Ռուսաստանում ռազմական օդանավակայանների վրա հարձակումների մասին հաղորդագրությունները, ասում է, թե ԱՄՆ-ը չի խրախուսում և չի օգնում Ուկրաինային Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու հարցում. - «Մենք ուկրաինացիներին չենք խրախուսել կամ հնարավորություն չենք տվել հարվածներ հասցնել Ռուսաստանի ներսում։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչի միջով են անցնում ուկրաինացիներն ամեն օր՝ իրենց երկրի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում: Մենք, ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ միասին, վճռական ենք տրամադրել ուկրաինացիներին այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ պաշտպանվելու, իրենց տարածքն ու ազատությունը պաշտպանելու համար»։
Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվում է Կիևին հեռահար զենք մատակարարել, սակայն, ինչպես իր հերթին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, Միացյալ Նահանգները չի միջամտում նման հարվածային ներուժ զարգացնելու Ուկրաինայի ջանքերին։
Պաշտոնապես Պետդեպարտամենտը ասում է, որ իրենք տեղեկություն չունեն, թե ով է պատասխանատու ռուսական ռազմական օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար։
Օրերս անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Ռյազանի և Սարատովի մարզի օդանավակայաններին, խոցվել էր երկու ինքնաթիռ, երեք զինծառայող զոհվել է, կան վիրավորներ։ Ռուսաստանը կատարվածի համար մեղադրել է ուկրաինական ուժերին։ Երեկ առավոտյան էլ անօդաչու թռչող սարքը հարվածել էր Կուրսկի շրջանի օդանավակայանին, ինչի հետևանքով նավթի պահեստավորման ամբար է բռնկվել։
Ռուսական աղբյուրները հայտնում են նաև, որ վերջին երկու օրը ինտենսիվ ռմբակոծության տակ է ռուսների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկ քաղաքը։
Ռուսներն էլ ռմբակոծության տակ են պահում ուկրաինական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը՝ Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջանները, ինչպես նաև Խերսոն քաղաքը։ Գիշերվա հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, ևս երեքը վիրավորվել են, այդ թվում՝ 15-ամյա աղջիկ։
Կիևը պնդում է, թե ռուսական զինանոցում կրկին իրանական անօդաչուներ են օգտագործվել։ Ռմբակոծություններին զուգահեռ ռուսական զորքերը մի քանի ուղղություններով փորձում են առաջ գնալ Դոնեցկի մարզում։ Մոսկվան երեկ հայտնել էր, թե բանակը մի քանի բնակավայր է գրավել Բախմուտի ուղղությամբ։ Ուկրաինական կողմը հաստատում է՝ թեժ մարտեր են, սակայն ռուսներին չի հաջողվել Բախմուտը ամբողջությամբ շրջափակել կամ գրավել։
Հարավում էլ ուկրաինացիներն են փորձում առաջ գնալ, ինչի ֆոնին Ուկրաինային սահմանակից ռուսական Բելգորոդի շրջանում կազմավորվում են պաշտպանության ջոկատներ։ Ռուսները ամրապնդում են պաշտպանությունը նաև Ուկրաինայի հետ սահմանակից Կուրսկի շրջանում․ այսօր տեղի նահանգապետը սոցիալական ցանցերում հակատանկային պատնեշներով լուսանկարներ է հրապարակել։
Ի դեպ, Ամերիկյան Time ամսագիրը «Տարվա մարդ-2022» կոչումը շնորհել է գրեթե տասը ամիս Ռուսաստանի լայնածավալ ագրեսիային դիմակայող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «ուկրաինական ոգուն»։
Մետաքսյա Շալունց