Բաքուն «լրտեսական ցանց է բացահայտել», Թեհրանն էլ մեղադրում է՝ խոշոր ահաբեկչության կազմակերպիչներն ադրբեջանցիներն են

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, երեկ՝ կիրակի օրն, ընդունել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին: Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը ժամանակ Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև զարգացող հարաբերությունների առնչությամբ՝ ասելով, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը «կարևոր գործնական քայլ էր երկու երկրների կողմից տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ և քայլ դեպի գոհացուցիչ հեռանկար»։

Հայաստանի փոխարտգործնախարարը նույնպես հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջերս կատարած այցին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությանը բացմանը, ասելով, որ դա մեծ զարգացում և շրջադարձային իրադարձություն էր երկկողմ հարաբերություններում։

Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի հիմնարար և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ առկա են համապատասխան կարողություններ և ենթակառուցվածքներ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար, և հավելել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն՝ հիմնվելով համատեղ ջանքերի և ձգտումների վրա։

Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն այս հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն դեռևս չի տարածել:

Միևնույն ժամանակ շարունակվում են թեժ մնալ Թեհրան-Բաքու որոշակի լարված հարաբերությունները...

Անցյալ շաբաթ Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել էին երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հրատապ հարցեր: Նախարարները նշել էին, թե հարկ է երկխոսության և փոխըմբռնման մոտեցումներով կարգավորել վերջին շրջանում առաջացած հարցերը և մտահոգություն են հայտնել այսօրվա հանրային հռետորաբանության կապակցությամբ: «Այդ համատեքստում կարևոր են համարվել երկու արտաքին գերատեսչությունների մամլո վարչությունների շփումները, որոնք կարող են օգտակար դառնալ», - նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունում:

Հատկանշական է, որ վերջին ժամանակաշրջանում Թեհրանը և Բաքուն մեղադրանքներ են փոխանակում։ Ադրբեջանը հայտնում է Իրանի օգտին լրտեսող ցանց բացահայտելու և կասկածյալներին կալանավորելու մասին: Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ Շիրազում խոշոր ահաբեկչությունը կազմակերպել են ադրբեջանցիները:

Իրանի ու Ադրբեջանի լարված հարաբերությունները նոր թափ են հավաքում․ Բաքուն անցյալ շաբաթ հայտարարեց, թե Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և ձերբակալել է Ադրբեջանի հինգ քաղաքացիների, որոնք լրտեսություն են իրականացրել հօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության։ Նրանց մեղադրանք է առաջադրվել դավաճանության համար:

Ձերբակալվածների շարքում էր Կասպյան նավթային նավատորմի նավերից մեկի նավապետ Զահիր Ասկեֆրովը, ով ըստ ադրբեջանական ԱԱԾ-ի, հավաքագրվել է Իրանի գաղտնի ծառայությունների կողմից, և դրամական պարգևի դիմաց իրանական հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցել Կասպից ծովում անցկացվող զորավարժությունների, Ադրբեջանում գործող օտարերկրյա ընկերությունների ու նավահանգիստներ բերվող բեռների մասին:

Քննությունը պնդել էր, թե իրանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված երկու այլ ադրբեջանցիներ լուսանկարահանել են նավթային ու գազային երթուղիները, Պաշտպանության նախարարության ու Սահմանային ծառայության անօդաչու թռչող սարքերը և ռազմական օբյեկտները։ Դավաճանության ու լրտեսության մեջ մեղադրվող չորրորդ կասկածյալն, ըստ ադրբեջանական ԱԱԾ-ի, իրանցիներին տեղեկություն է փոխանցել Ադրբեջանում գործող արտասահմանյան կառույցների, երկրում տիրող հասարակական ու քաղաքական իրավիճակի, զորամասերի ու դրանց հրամանատարական կազմի մասին։ Մյուս ձերբակալվածն էլ ռազմական նշանակության այլ տվյալներ է փոխանցել՝ «Տելեգրամ»-ի օգնությամբ։

Լրտեսական ցանցը, ըստ նույն՝ պաշտոնական աղբյուրների, գործել է 2018-ից, բացահայտվել է, սակայն, հիմա՝ Բաքվի և Թեհրանի միջև շաբաթներ շարունակվող փոխադարձ մեղադրանքների ֆոնին, վերջին օրերին երկու երկրները իրենց Արտգործնախարարություն էին կանչել միմյանց դեսպաններին ու բողոքի նոտաներ փոխանցել՝ թշնամալից հայտարարությունների ու ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ։

Ավելի վաղ՝ այս ամիս, Բաքուն հայտարարել էր, թե բացահայտել և ձերբակալել է իրանի կողմից Ադրբեջանի տարածքում հիմնադրված ապօրինի զինված խմբի 17 անդամների։ Թեհրանն էլ պնդել էր, թե ադրբեջանական հետք է գտել շաբաթներ առաջ Շիրազ քաղաքում իրականացված արյունալի ահաբեկչության ետևում։

Նկատենք, որ Իրանի ու Ադրբեջանի միջև առանց այն էլ ավանդաբար խնդրահարույց հարաբերություններ ունեցող հարևանների միջև լարվածությունն էլ ավելի խորացավ ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը սկսեց փակել Իրանից Հայաստան տանող ճանապարհը, հետո էլ պահանջեց Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Թեհրանը մի քանի անգամ և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, թե տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է համարում, հետո էլ լայնածավալ զորավարժություններ անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

Կրքերն էլ ավելի թեժացան, երբ անցած շաբաթ՝ Թյուրքական երկրների գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահը թափանցիկ ակնարկներով դիմեց Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիներին։ «Թյուրքական երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը պետք է լինի մեր օրակարգում, և այդ ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։ Ցավոք, ադրբեջանական պետությունից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիների մեծ մասը զրկված է այդ հնարավորությունից», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

Թեհրանում անմիջապես հասկացել էին՝ ում էին ուղղված Ալիևի խոսքերը․ Մեջլիսի պատգամավորներն այսօր մեղադրել են հարևան երկրի առաջնորդին պատմություն չիմանալու մեջ և հիշեցրել, որ հենց Ադրբեջանն է անջատվել Իրանից, ոչ թե հակառակը։ «Առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին կարդալ Գյուլիստանի պայմանագիրը։ Եթե այն չիրագործվեր, Ադրբեջանը կլիներ Իրանի կազմում, և Ալիևը չէր կարող լինել այդ երկրի նախագահը», - նշել էր Պատգամավոր Սեյյեդ Ալբորզ Հոսեյնին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1322 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am