Դաժան «բարքեր». Այն, ինչ չէր կարելի հայկական կողմին՝ 44-օրյա պատերազմում, այսօր կարելի է Ուկրաինային
Բարդ իրավիճակ Խերսոնում
Ուկրաինական բանակը oրեր առաջ հայտարարեց, որ վերագրավել է որոշ բնակավայրեր: Կիևի իշխանությունները նշում էին, որ Խերսոնի շրջանի Միրոլիուբիվկա և Արխանհելսկե բնակավայրերի վերահսկողությունը կրկին Ուկրաինայի ձեռքում է։
Ռուս-ուկրաինական պատերազմը բարդ շերտերով է ընթանում: Արևմուտքը հստակ պատերազմում է Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի միջոցով: ՌԴ-ն դեմ հանդիման է կանգնած հավաքական Արևմուտքին: Իրադրությունն, անշուշտ բարդ է:
«Ելնելու ենք խաղաղ բնակչության և զինծառայողների կյանքը առավելագույնս պահպանելու անհրաժեշտությունից»
Ռուսական նորագույն գերձայնային «Կինժալ» հրթիռներն իրենց լավ են դրսևորել հատուկ գործողության ընթացքում, նրանց համար սարսափելի չեն ՀՕՊ համակարգերից և ոչ մեկը, այս մասին լրագրողներին հայտնել է հատուկ գործողությունների անցկացման շրջանում զորքերի միավորված խմբավորման հրամանատար, փոխանցում է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը։ Նա հավելել է, որ օդից արձակված ռազմավարական թևավոր հրթիռները բարձրագույն ճշգրտություն են ցուցաբերել։ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը մարտական օգտագործման որակով առանձնացրել է նաև հինգերորդ սերնդի «Սու-57» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռը։ «Ունենալով սպառազինությունների լայն տեսականի, այն յուրաքանչյուր թռիչքի ժամանակ լուծում է օդային և ցամաքային թիրախներին խոցելու բազմակողմ խնդիրներ»,- ասել է Սուրովիկինը: Նա հավելել է, որ ավելի քան 8000 թռիչք է իրականացվել անօդաչու թռչող սարքերի միջոցով, իսկ ուկրաինացի զինվորականների ավելի քան 600 օբյեկտ ոչնչացվել է գրոհային անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Նրա խոսքով՝ հակառակորդի օրական կորուստները կազմում են 600-1000 սպանվածներ և վիրավորներ։ «Մենք այլ ռազմավարություն ունենք։ Այս մասին արդեն խոսել է գերագույն հրամանատարը։ Մենք չենք ձգտում առաջխաղացման բարձր տեմպերի, մենք պաշտպանում ենք յուրաքանչյուր զինվորի և մեթոդաբար «ջախջախում» առաջացող հակառակորդին»,- ասել է հրամանատարը։
Նրա խոսքով՝ Կիևը հավաքում է բոլոր ռեզերվները՝ ՌԴ պաշտպանությունը, այդ թվում՝ թույլ պատրաստված տարածքային պաշտպանությունը ճեղքելու համար։ «Իրականում Ուկրաինայի ղեկավարությունը նրանց ոչնչացման է դատապարտում։ Առաջնագծից փախուստը կանխելու համար ուկրաինական իշխանությունները օգտագործում են ազգայնականների ջոկատները, որոնք գնդակահարում են բոլորին, ովքեր կփորձեն լքել մարտի դաշտը»։
Ընդհանուր առմամբ, իրավիճակը հատուկ ռազմական գործողության գոտում, ռուսական կողմը բնութագրում է որպես՝ լարված։ ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտնեց նաև, որ ռուսական բանակը կապահովի Խերսոնի մարզից խաղաղ բնակիչների ժամանակին հեռանալը։ «Այս պայմաններում մեր առաջնահերթ խնդիրը խաղաղ բնակիչների կյանքի և առողջության պահպանումն է։ Ուստի առաջին հերթին ռուսական բանակը կապահովի բնակչության անվտանգ, արդեն հայտարարված հեռանալը ՌԴ կառավարության կողմից նախապատրաստվող վերաբնակեցման ծրագրով»,- ասել է նա՝ խոսելով Խերսոնի մարզում տիրող իրավիճակի մասին՝ կապված ուկրաինական զորքերի ծրագրված հարձակման հետ:
Խոսելով բուն շրջկենտրոնի` Խերսոն քաղաքի մասին, Սուրովիկինն ընդգծել է, որ ՌԴ Զինված ուժերի պլաններն ու գործողությունները դրա առնչությամբ կախված կլինեն զարգացող ռազմամարտավարական իրավիճակից։ «Կրկնում եմ՝ այսօր արդեն շատ դժվար է։ Ամեն դեպքում, ինչպես արդեն ասացի, մենք ելնելու ենք խաղաղ բնակչության և մեր զինծառայողների կյանքը առավելագույնս պահպանելու անհրաժեշտությունից։ Մենք գործելու ենք գիտակցված, ժամանակին` չբացառելով բարդ որոշումների ընդունումը»,- նշել է գեներալը։
Կախովի ՀԷԿ-ի ամբարտակին և քաղաքին ուկրաինական ուժերի կողմից տարերային հրթիռային հարվածներ հասցնելու մասին տեղեկություն կա
Սերգեյ Սուրովիկինը նշել է, որ ուկրաինական զորքը Խերսոնում նպատակաուղղված հարվածներ է հասցնում ենթակառուցվածքներին և բնակելի տներին։ Խերսոնում բնակիչների համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, չեն բացառվում բարդ որոշումները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հատուկ ռազմական գործողության անցկացման շրջանում ՌԴ զորքի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը։ Ինչպես նշել է գեներալը, դժվարացել է պարենամթերքի մատակարարումը, խնդիրներ կան ջրամատակարարման և էլեկտրամատակարարման հետ։
«HIMARS ռեակտիվ արկերը վնասել են Անտոնովի կամուրջն ու Կախովսկայա ՀԷԿ–ի արգելապատնեշը, երթևեկությունն այդտեղ դադարեցվել է, ինչի հետևանքով դժվարացել է քաղաք սննդամթերքի մատակարարումը, որոշակի խնդիրներ են նկատվում ջրամատակարարման և էլեկտրամատակարարման հարցում։ Այս ամենը ոչ միայն զգալի դժվարացնում է քաղաքի բնակիչների առօրյան, այլև անմիջական սպառնալիք է ստեղծում նրանց կյանքի համար», – ասել է Սուրովիկինը։
Ըստ նրա` տվյալ ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել։ Հակառակորդը նպատակաուղղված հարվածներ է հասցնում Խերսոնի ենթակառուցվածքներին և բնակելի տներին։ Միևնույն ժամանակ գեներալը վստահեցրել է, որ ՌԴ բանակը ժամանակին կիրականացնի Խերսոնի մարզից խաղաղ բնակիչների տարհանումը։ «Այս պայմաններում մեր առաջնահերթ խնդիրը խաղաղ քաղաքացիների կյանքի ու առողջության պահպանումն է։ Այդ պատճառով, նախևառաջ ռուսական բանակը կապահովի մարդկանց անվտանգ, արդեն իսկ հայտարարված դուրսբերումը ՌԴ կառավարության նախապատրաստվող վերաբնակեցման ծրագրով», – ասել է նա։
Ինչու Խերսոնի ռուսական իշխանությունը բնակչությանը շտապ տարհանվելու կոչ արվեց
Խերսոնի մարզում ռուսական կողմից նշանակված փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմուսովը զգուշացրեց առաջիկա մարտերի մասին և քաղաքի բնակիչներին շտապ տարհանվելու կոչ է արել։ Նա ասել է, որ իրենց տեղեկություններով ուկրաինացիները առաջիկայում գրոհելու են Խերսոնի վրա, չի բացառվում քաղաքի ու մարզի Դնեպրի աջ ափին ընկած տարածքների հրետակոծումը։ «Խնդրում եմ իմ խոսքերը լուրջ ընդունել և առավելագույնս արագ տարհավել»,- իր տեսաուղերձում ասել է Ստրեմուսովը և նշել:
Այսպիսով, ռուսական կողմն արձանագրել է, որ Խերսոնում իրավիճակը բարդ է, հնարավոր է կայացվեն ոչ սովորական որոշումներ: Սերգեյ Սուրովիկինի խոսքով՝ Ռուսաստանը տվյալներ ունի Կախովի ՀԷԿ-ի ամբարտակին և քաղաքին ուկրաինական ուժերի կողմից տարերային հրթիռային հարվածներ հասցնելու մասին, որոնք կարող են հանգեցնել ենթակառուցվածքների ոչնչացման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի:
Ուկրաինական ուժերը նպատակաուղղված հարվածներ են հասցրել Խերսոնի ենթակառուցվածքային օբյեկտներին և բնակելի տներին, սոցիալական, տնտեսական և արտադրական ենթակառուցվածքների օբյեկտներին։ HIMARS համակարգերի արկերով վնասվել են Անտոնովի կամուրջը և Կախովի ՀԷԿ-ի ամբարտակը, քաղաքում դժվարացել են սննդի, ջրի մատակարարումները, էլեկտրականության հետ կապված խնդիրներ են առաջացել»,- նշել է Սուրովիկինը: Իսկ սրա արդյունքում Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն էլ հայտնել է, որ շրջանի չորս համայնքի խաղաղ բնակչությունը կտեղափոխվի Դնեպրի ձախ ափ:
Խերսոնի համար ճակատամարտը «կսկսվի շատ մոտ ապագայում». Պուտինը ռազմական դրություն հայտարարեց
Հոկտեմբեր 19-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը վաղ առավոտից ռազմական դրություն մտցրեց Ուկրաինայից բռնազավթած չորս շրջաններում՝ Դոնեցկում, Խերսոնում, Զապորոժիեում և Լուգանսկում: Վլադիմիր Պուտինն այդ մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի նիստում: «Ես հրաման եմ ստորագրել ՌԴ այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին: Այն անհապաղ կուղարկվի հաստատման Դաշնության խորհուրդ և Պետդումա», - ասաց ՌԴ նախագահը:
Մինչ Պուտինը հարևան երկրի տարածքում ռազմական դրություն էր մտցնում, ուկրաինական բանակը շարունակում էր հակահարձակումը Խերսոնում՝ մոտենալով մարզկենտրոնին։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը գրել է, թե Պուտինի որոշումը չի կարող իրենց կանգնեցնել։
Նույնն են պնդել նաև ուկրաինացի զինվորները՝ «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագրի հետ զրույցում: «Մետր առ մետր առաջ ենք գնում դեպի Խերսոն: Կուզենք արդեն այս երեկո, բայց դժվար: Եթե առաջ գնանք նույն տեմպերով, ինչ անցած շաբաթ էինք գնում, մինչև Նոր տարի կգրավենք Խերսոնը», - ասել է ուկրաինացի զինվորականը: Ուկրաինայի Խերսոնի շրջանի Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները, իրենց հերթին, այսօր վաղ առավոտյան հորդորել են տեղի բնակիչներին անհապաղ հեռանալ տարածքից:
Ռուսական իշխանությունների հաղորդմամբ՝ Խերսոնի բնակիչներին Դնեպրի մյուս կողմը տարհանելու համար գործարկվել են լաստանավեր, որոնք մարդկանց տեղափոխում են Ալյոշկի և Գոլայա Պրիստան բնակավայրեր:
Հիշեցնենք, որ Խերսոնը ռուսների վերահսկողության տակ է անցել պատերազմի սկզբում: Աշնան սկզբից Ուկրաինայի զինված ուժերը սկսել են ակտիվ հակահարձակումը:
Ղրիմում, Սևաստոպոլում, Կրասնոդարի երկրամասում, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերում ՌԴ Անվտանգության խորհրդի որոշմամբ տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի օբյեկտների հատուկ ռեժիմ կսահմանվի։ Այդ տարածաշրջանների բնակիչները ժամանակավոր կտեղաբաշխվեն անվտանգ շրջաններ՝ այդպիսի բնակիչներին ստացիոնար կամ ժամանակավոր բնակելի տարածքների պարտադիր տրամադրմամբ: Կսահմանվի տարածք մուտք գործելու և այդտեղից դուրս գալու հատուկ ռեժիմ: Այդ տարածքով տեղաշարժվելու, տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի։
Ռազմական դրության ժամկետները չեն հստակեցվել։
ՌԴ-ն պատրաստվում է արդարացնել Խերսոնի կորուստը. Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտ
Մոսկվան, ըստ ամենայնի, սկսում է նախապես տեղեկատվական ֆոն ստեղծել՝ հիմնավորելով ծրագրված նահանջը և Խերսոնի շրջանում հսկայական տարածքների կորուստը։ Նման եզրահանգման են եկել Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները՝ վերլուծելով ռուս պաշտոնյաների հայտարարությունները Խերսոնի շրջանում իրավիճակի վերաբերյալ։
Ակնհայտ է, որ ռուսական ռազմական հրամանատարությունը դասեր է քաղել Խարկովի մարզում ուկրաինական հակահարձակման ժամանակ նախկին տեղեկություններից և օպերատիվ ձախողումներից և, հետևաբար, փորձում է նվազագույնի հասցնել իր ձախողումների հետևանքները՝ նախօրոք հետ մղելու ուկրաինական հերթական հաջող հարձակումը, կարծում են վերլուծաբանները։
Ռուսական զորքերը նաև տեղեկատվական աջակցություն են պատրաստում Կախովսկայա ՀԷԿ-ում կեղծ դրոշով սադրանքի համար։
Ռուսական հրամանատարությունը կարծում է, որ ամբարտակի ոչնչացումը թույլ կտա ծածկել իրենց նահանջը Դնեպրի աջ ափից և կանխել կամ դանդաղեցնել ուկրաինական զորքերի կողմից ջրային պատնեշի հաղթահարումը,–նշում են ամերիկացի ռազմական վերլուծաբանները։
Ուկրաինայի ԶՈՒ-ն հաստատեց Խերսոնի Անտոնովսկի կամրջին հասցված հարվածի մասին տեղեկությունը
Ուկրաինայի Զինված ուժերը հաստատել են, որ հարված են հասցրել Խերսոնի շրջանի Անտոնովսկի կամրջին, այս մասին հայտնեց «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Նատալյա Գումենյուկը: Ըստ BBC-ի ռուսական ծառայության, Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է, որ Անտոնովսկի գնդակոծության ժամանակ այնտեղ խաղաղ բնակիչներ չէին կարող լինել, քանի որ տարածաշրջանում խիստ պարետային ժամ է սահմանվել։ «Ես բազմիցս ընդգծել եմ, որ մենք չենք հարվածում կարևոր ենթակառուցվածքներին, քաղաքացիական բնակավայրերին և տեղի բնակչությանը», նշել է Գումենյուկը։
ISW. Ռուսական զորքերը սկսել են նահանջել Խերսոնի շրջանի արևմուտքից
Ռուսական զորքերը սկսել են նահանջել Խերսոնի շրջանի արևմուտքից, հավանաբար մտադիր են նահանջը ձգել մի քանի շաբաթ, բայց դրան կարող են խանգարել Ուկրաինայի զինված ուժերը, եթե որոշեն հարձակվել։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) ամենօրյա ամփոփագրում։ Ինստիտուտի փորձագետները նշում են, որ Խերսոնից նահանջն ապահովելու համար ռուս զինվորականները կարող են պայթեցնել Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտնում է, որ ուրբաթ օրը ռուսները «բավականին ակտիվ» լաստանավերով տեխնիկա են տարել Դնեպրի արևմտյան ափից։ Նահանջը պահանջում է, որ այն առաջին գծում ծածկված լինի ուկրաինական հարձակումներից։ Դա պահանջում է լավ պատրաստված զինվորականներ, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց՝ իրենց ծառայակիցներին փրկելու համար, նշվում է ISW զեկույցում։ Բայց, ըստ ուկրաինացի զինվորականների, ռուսական կողմը, ընդհակառակը, փորձում է վտանգավոր գոտուց դուրս բերել իր առավել մարտունակ ստորաբաժանումները։ Բացի այդ, ըստ փորձագետների, որ ռուս զինվորականները կարող են պայթեցնել Կախովկայի հիդրոէլեկտրական ամբարտակը՝ ծածկելու նահանջը և դրա համար մեղադրելու Ուկրաինային, գրում է BBC-ն:
Ո՞ւմ արձագանքից էին հայկական իշխանությունները սարսափել, որ չհարվածեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին
Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ միջազգային ցանկացած սկզբունք, օրենք այլևս չի գործում, կամ գործում է այնքանով, որքանով անհրաժեշտ է Արևմուտքին:
Հիշո՞ւմ եք 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույցներ տվեց, որում հպարտանում էր, որ հայկական կողմը չի կարող հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին...
Նկատի էր առնում, թե նույնիսկ պատերազմի ժամանակ հայկական կողմը չի խախտի միջազգային գրված ու չգրված օրենքներ:
Իսկ ի՞նչ ենք մենք այսօր տեսնում... Արևմուտքի աջակցությամբ ուկրաինական ուժերը, գոնե ՌԴ-ի տվյալներով, պատրաստ են տարերային հրթիռային հարվածներ հասցնել Կախովի ՀԷԿ-ի ամբարտակին և քաղաքին: Արևմուտքն ինչպե՞ս է հանդուրժում նման ընթացքը, որի ուկրաինական ուժերի գործողությունների արդյունքում խաղաղ բնակչություն է զոհվում:
Կամ, հայկական կողմի այդ որոշումները՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին ու ջրամբարներին չհարվածելն, Արևմուտքը ողջունե՞ց հայկական կողմին, դատապարտե՞ց Ադրբեջանին ու Թուրքիային՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմի նկատմամբ ֆոսֆորային զենքեր կիրառելու համար...
Ո՞վ է այսօր հիշում Արցախում ֆոսֆորային զենքերի կիրառության մասին...
Հիմա Արևմուտքից առայժմ միայն լսում ենք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ հայտարարություններ, առայժմ ընդդեմ ալիևյան ռեժիմի գործած պատերազմական հանցագործությունների հստակ պատժամիջոցներ չեն կիրառվել...
Ու դժվար էլ կիրառվեն:
Մետաքսյա Շալունց