Կազմաքանդում են բոլոր համակարգերը. Թադևոս Ավետիսյան

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս տարի Հայաստանում արձանագրված տնտեսական ակտիվության աճի առյուծի բաժինը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է: Այդ փաստացի արդյունքով Հայաստանը տնտեսական դրական արձանագրումներ է ունեցել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով տնտեսության դինամիկային, ներկա ռիսկերին ու հնարավորություններին:

«Մասնավորապես, էապես աճել է պահանջարկը՝ պայմանավորված դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների այցելությունների աննախադեպ աճով, ինչպես նաև արտարժույթի ներհոսքով: Էական դեր ունեն նաև առանձին ոլորտները:Օրինակ՝ ՏՏ ոլորտի որոշ ձեռնարկություններ տնտեսական սահմանափակումներից, պատժամիջոցներից խուսափելու համար իրենց գործունեությունը ժամանակավորապես Հայաստանում են ծավալել: Այսօրվա կառավարությունը այս պատահական և արտաքին գործոնի հետ կապված աճի հետ որևէ աղերս չունի: Ընդհակառակը, այս իրավիճակից օգտվելու իրական հնարավորություն կար, որը չարեցին: Օրինակ՝ կարող էին օգտվել այս իրավիճակից, ըստ որի, որոշակի դրամական հոսքեր կկապիտալացվեին ներդրումների ձևով, ինչը չեղավ: Եվ ինչպես այդ, պատկերավոր ասած, տաք փողերը պատահական գործոնի ազդեցությամբ եկել են Հայաստան և արդյունքներ են ապահովել, այդկերպ էլ, երբ նշված պատահական գործոնը վերանա, դրանից հետո հակառակն է տեղի ունենալու. մենք տնտեսական առումով նոր էական դժվարություններ և ռիսկեր կունենանք»,-ասաց Թ. Ավետիսյանը:

Նա հիշեցրեց՝ 2021 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը չկար:

«Մինչդեռ այսօրվա դրությամբ տարածաշրջանի վեց երկրից, այդ թվում՝ հարևան պետություններից միայն Հայաստանն է, որ 2021-ի անկումը չի վերականգնել: 2021թ.-ին 5 տոկոսից մի փոքր ավելի տնտեսական աճ ենք ունեցել՝ 2020-ի 7,5 տոկոս անկման դիմաց: Իսկ ի՞նչ են ասում օրվա իշխանությունները. ասում են այն, ինչը բխում է իրենց էությունից ու բնույթից: Մեծ հաշվով՝ մանիպուլացնում են: Վերոնշյալ՝ իրենցից անկախ հանգամանքը փորձում են որդեգրել, իրենց վերագրել: Մինչդեռ իրենց այն ձախողումների համար, որոնք արտահայտվում են նաև աճող աղքատության, մարդկանց իրական եկամուտների նվազման ձևով, փորձում են ինչ-որ մեղավորներ, սին պատճառներ գտնել: Լավ, եթե այդքան լավ է մեր տնտեսության աճը, և իրենք դա տնտեսության իրական աճ են համարում, կարծում են, որ այն նաև կայուն բնույթ ունի, այս բարձր գնաճի ֆոնին ինչո՞ւ գոնե գնաճի չափով չբարձրացրին նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը, սոցիալական նպաստները: Ակնհայտ է, որ իրենք ևս լավ գիտեն, որ այս ցուցանիշը պատահական ազդեցության արդյունք է, և որքան կարողանում են, պոպուլիզմի ամբողջ գործիքակազմով այն իրենց են վերագրում: Նշվածը բացառապես իրենց նեղ քաղաքական շահից բխող հերթական դրսևորումն է, չունի իրական հիմք: Բնական է նաև, որ այդ աճը չի կարող կայուն բնույթ ունենալ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո դեպի ՀՀ մարդկային նոր հոսքերին, նշվածից բխող ռիսկերին ու հնարավորություններին՝ Թ. Ավետիսյանը նկատեց. «Սա բերելու է լրացուցիչ գնաճի, որովհետև պահանջարկը կավելանա: Մեր երկրում արդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից: Արդեն լրանում է երրորդ տարին, ինչ Կենտրոնական բանկը չի կարողանում ապահովել թիրախավորված 4+-1 % գնաճը: Մենք արդեն երկնիշին մոտ միջին գնաճ ունենք: Իսկ ամենավտանգավոր ու սոցիալական հետևանքներով հղի հանգամանքը նվազագույն սպառողական զամբյուղի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն է, որը միայն այս տարվա տասը ամիսներին 15 տոկոս և ավելի աճ է գրանցել: Նախորդ ամսվա կենսապահովման նվազագույն զամբյուղը շուրջ 83 հազար դրամ է: Այսինքն, այս տեմպերով շարունակվելու դեպքում մինչև տարեվերջ մենք մինչև 85 հազար դրամ նվազագույն սպառողական զամբյուղ կունենանք: Հաջորդ տարին նույնպես գնաճային բարձր ճնշումներով է լինելու, ինչն արդեն ակնհայտ է: Այս պայմաններում իրենք մյուս տարվա հունվարի 1-ից առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ: Ակնհայտ է, որ անգամ մեկնարկի պահից՝ 2023-ի հունվարի 1-ից բարձրացված նվազագույն աշխատավարձն էապես ցածր է լինելու մեկ անձի՝ այդ պահին առկա նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից»:

Մեր զրուցակցի խոսքով, սա է իրականությունը, որից բխող այլ մարտահրավերներ ևս կան. «Այսօր կան անվտանգային և աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք գնալով խորանում են: Եվ ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում նվազագույն անվտանգային երաշխիքներ ապահովել: Մինչդեռ մենք այդ ռիսկերի արտացոլումներն ու դրանց արձանագրումներն ամեն օր ենք տեսնում: Դրանք լինում են ռազմական գործողությունների տեսքով, նաև ՀՀ սուվերեն տարածքների շարունակական կորուստների ձևով: Սրանք բոլորը հաշվելի ու չափելի են տնտեսական իմաստով: Վստահաբար դրանք էական հարված են հասցնում Հայաստանի ներդրումային միջավայրի վրա ոչ թե կարճաժամկետ, այլ անգամ երկարաժամկետ իմաստով»:

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում իշխանությունների կողմից տնտեսական յուրաքանչյուր խնդիր բացառապես համաշխարհային հանգամանքով պայմանավորելուն, տնտեսագետը շեշտեց. «Դրանք պրիմիտիվ արդարացումներ են: Այո, գնաճ աշխարհի տարբեր երկրներում, նաև մեր տարածաշրջանում կա: Այն 2020-ից սկսած շարունակվել է նաև 2021, 2022 թվականներին ու գնալով ավելի է ահագնանում: Բայց այլ երկրներում կարևոր ցուցիչը հետևյալն է. պետական իշխանությունները բարձրացրել են սոցիալապես անապահովների վճարները՝ կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը: Այդ երկրների թվում նաև Ռուսաստանն է: Այդ վճարները բարձրացրել են առնվազն այն չափով, որը լիարժեք չեզոքացրել է գնաճային ճնշումները: Այսինքն, մարդիկ նախկինից ավելի վատ չեն ապրել այդ գնաճի պայմաններում, որովհետև պետությունների կառավարությունները սոցիալապես խոցելի խմբերի թիկունքին են կանգնել՝ հասկանալով բարձրացումներ են արել»:

Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց իրենց խմբակցության ավելի վաղ արված առաջարկի մասին. «Մենք առաջարկում էինք նման մոտեցում կիրառել և ինդեքսավորել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակն ու նպաստները, ինչը, սակայն, այս իշխանությունները մերժեցին: Եվ ակնհայտ է, որ Հայաստանում նախորդ երկու տարվա ահագնացող գնաճի այս բարձր ֆոնին մարդկանց իրական եկամուտները նվազում են, նույնիսկ միջին աշխատավարձն է նվազում: Պարզ արձանագրումն այն է, որ յուրաքանչյուր հաջորդ օր միջին ՀՀ քաղաքացին ավելի վատ է ապրել, քան նախորդ օրը: Նշվածի հետևանքով մեր երկրում շեշտակի բարձրացել է աղքատության մակարդակը, շարունակաբար ավելանում է նաև թերսնվող մարդկանց թիվը: Մեր երկրում քաղաքացիների արդեն 60 տոկոսը չափավոր աղքատ է»:

Իսկ թե ի՞նչ քաղաքականություն է տեսնում նշվածը շտկելու ուղղությամբ, Թ. Ավետիսյանն արձագանքեց. «Անկարողություն: Իրենք ուղղակի տապալել են կառավարման համակարգը, կազմաքանդում են բոլոր համակարգերը: Ի վերջո, չեն կարողանում ապահովել այն, ինչ խոստացել են, և ամեն օր իրենց խոստումների և իրականության միջև խզումը խորանում է: Բացի այդ, ապաշնորհությունն ու անկարողությունը, ի վերջո, համակարգային բնույթ ունեն, ինչի վկայությունն այն է, ինչ հիմա ունենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 311 անգամ
Լրահոս
ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am