19-ամյա զինվորի մարմինն Ադրբեջանը փոխանցել է մեկ շաբաթ անց՝ անճանաչելի վիճակում
Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերն Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը հետ մղելու ժամանակ զոհված տղաների թվում էր նաև 19-ամյա Ազատ Ներսիսյանը: Թշնամու առաջխաղացումն ամեն կերպ կասեցնել փորձող ժամկետայիններից շատերը հետքայլ չեն էլ փորձել անել: Դիրքի գրեթե ամբողջ անձակազմը կռիվ է տվել մինչև վերջ ու իրենց պահած դիրքում էլ՝ զոհվել:
«Ինչքան գիտեմ՝ Ազատենց դիրքից ընդամենը երկու հոգի են ողջ մնացել: Նրանցից մեկը, ով վիրավորվել էր, հենց ինքն է պատմել, թե ինչպես է վիրավորվելուց հետո Ազատը պնդել, որ ծառայակից ընկերներն իրեն թողնեն ու նահանջեն՝ պատճառաբանելով, որ իրեն տեղափոխելն անհնար է: Միայն որովայնից երեք վիրավորում ուներ Ազատը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը և հավելում, որ դա, ըստ երևույթին, արդեն լուսադեմին՝ թեժ մարտերից հետո է եղել:
Դիրքը, որտեղ տղաները հերոսաբար մարտնչել են, թշնամին կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել՝ թույլ չտալով հանել անգամ զոհերի մարմինները: Ազատի մարմինը սեպտեմբերի 20-ին հայկական կողմին փոխանցված 95 մարմինների թվում էր:
«Երբ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել զինծառայողների մարմինները, Ազատի ծնողներին կանչել են, որ գնան տեսնեն նույնականացվո՞ւմ է: Գնացել են, բայց չեն ճանաչել, անճանաչելի էր մարմինը: ԴՆԹ էլ հրաժարվել են տան, քանի որ հույս էին պահում, որ ողջ կգտնվի: Երբ որոշ ժամանակ անցավ, հույսները գնալով մարեց ու ԴՆԹ տվեցին, պարզվեց՝ Ազատն այն նույն 95-ի մեջ էր…»,-ասում է Մանուկյանը:
Լուսաղբյուրի վարչական ղեկավարը շեշտում է՝ Ազատը շատ կշռադատված, համեստ, աշխատասեր երիտասարդ էր, ընտանիքն էլ օրվա հացն անասպահանությամբ ու հողագործությամբ է վաստակում:
«Ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում: Իրենց տունը որ տեսնեք, ընտանիքի սոցիալական վիճակի մասին պատկերացում կկազմեք: Շատ սուղ պայմաններում են ապրում՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով»,-ասում է մեր զրուցակիցը:
Ազատը տան կրտսերն էր. իրենից մեծ քույր ու եղբայր ուներ: Վերջին անգամ սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 7-ի կողմերը քրոջ հետ էր խոսել, բայց պատերազմի հավանականության, սահմանային լարվածության մասին, համագյուղացու պատմելով, ոչ մի բառ չէր ասել:
